HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը` Երևանի պատվավոր քաղաքացի

Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի առաջարկությունը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետի դրույթներով՝ Երևան քաղաքի ավագանին մարտի 16–ին գումարած նիստում միաձայն որոշել է ակադեմիկոս Սերգեյ Ալեքսանդրի Համբարձումյանին շնորհել «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում։ Նիստի ավարտից հետո, հանդիսավոր պայմաններում շնորհավորելով ակադեմիկոսին պատվավոր կոչման համար, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վաստակաշատ գիտնականին է հանձնել Երևանի պատվավոր քաղաքացու շքանշանն ու հավաստագիրը։

Հատկանշական է, որ Երևանի պատվավոր քաղաքացու կոչման շնորհումը համընկել է գիտնականի ծննդյան 90–ամյակին։ Կանխելով իր երկարակեցության մասին  հնարավոր հարցադրումը, ակադեմիկոսը ներկաների համար բացել է գաղտնիքի սեփական բանաձևը.

«77 տարի է ապրում եմ  Երևանում, որից 73 տարին աշխատում եմ։ Արդեն 90 տարեկան եմ ու այսօր կուզեմ ձեզ հետ կիսվել երկար ապրելու իմ հնարած սխեմայով: Առաջինը` պետք է սիրել  երկիրը, ժողովրդին,  տղամարդիկ սիրեն  կանանց, կանայք` տղամարդկանց: Սերը, ինչպես դասականներն են ասում, փրկում է ժողովրդին: Երկրորդը` պետք է անընդհատ աշխատել ու ստեղծագործել: Երրորդը շատ բարդ հարց է` պետք է ոչ մեկին չնախանձել: Եթե նախանձը մտավ մարդու մեջ, այդ մարդը ուշ թե շուտ կործանվում է: Չորրորդը` պետք է ապրել  գեղեցիկը տեսնելու և գնահատելու ձգտումով: Ամենավատ բանի մեջ էլ պետք է փնտրել և գտնել գեղեցկություն: Դրա վառ օրինակն է Էսմերալդայի և Քվազիմոդոյի սերը: Վատն են այն մարդիկ, ովքեր ամեն ինչի մեջ փնտրում են վատը, ոչ թե գեղեցիկը, - իր խոսքում նշել է Սերգեյ Համբարձումյանն ու ավելացրել,- ու այսօր արդեն որպես  Երևան քաղաքի պատվավոր քաղաքացի`  խոսք եմ տալիս բարձր պահել Երևանի պատիվը»:

Մեկ անգամ ևս շնորհավորելով հոբելյարին պատվավոր քաղաքացու կոչման և ծննդյան օրվա կապակցությամբ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել հայ և համաշխարհային գիտական ասպարեզում նրա ներդրած ավանդի, սերունդների կրթության ու դաստիարակության գործում ունեցած մեծ վաստակի համար. «Մեզ համար իսկապես մեծ պատիվ է Ձեր նման վաստակաշատ պատվավոր քաղաքացի ունենալը և մենք հպարտ ենք, որ Ձեր ժամանակակիցն ենք»,– նշել է Տարոն Մարգարյանը։ 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter