Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Ի՞նչ է ուզում ճշտել տարածքային կառավարման նախարարությունը



Մի մրցույթի առիթով

Օրերս լրատվամիջոցները ծանուցեցին մի մրցույթի մասին, որի հեղինակողներից մեկը Տարածքային կառավարման նախարարությունն է: Լրագրողներին այս անգամ որոշել են պարգեւատրել «Համայնքային կյանքի, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության լավագույն լուսաբանման համար»:

Մեկ այլ դեպքում այս լուրը կարող էր ուրախացնել լրագրողներին, բայց այս դեպքում, երբ խոսքը վերաբերում է տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը լուսաբանելուն, հատկապես, երբ դրանով հետաքրքրվողը նաեւ Տարածքային կառավարման նախարարությունն է, տարակուսանք առաջացրեց: Նախարարության ինչի՞ն է պետք համայնքային կյանքի «լավագույն» լուսաբանումը, ցանկանում է հրապարակումների միջոցով ծանոթանալ համայնքների խնդիրների՞ն, ուզում է իմանալ, թե ինչպե՞ս են աշխատում տեղական ինքնակառավարման մարմինները, իսկ միգուցե հրապարակումներից է ուզում տեղեկանալ, թե ինչ է մտածում գյուղի բնակիչը նախարարության ու նախարարի մասին:

«Հետաքննող լրագրողներ» կազմակերպությունը «Հետք» էլեկտրոնային թերթով եւ «Ազգ» օրաթերթի էջերում ավելի քան 6 ամիս հրապարակում էր համայնքային կյանքն իր բոլոր խնդիրներով, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը ու նրանց առջեւ ծառացած դժվարությունները: Տարածքային կառավարման նախարարության ոչ մի պաշտոնյա գեթ մեկ անգամ չհետաքրքրվեց հրապարակումներում բարձրացված հարցերով:

Ավելին, մեր բոլոր փորձերը, որ նախարարությանը մասնակից դարձնենք բարձրացված հարցերի քննարկմանը, արդյունք չտվեց. երկու ամիս շարունակ փորձում էինք հարցազրույցի հրավիրել Տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանին կամ նրա տեղակալ Վաչե Տերտերյանին: Ասելիք չունեին: Նախարարն անգամ մեր նամակին չպատասխանեց, որով ուզում էինք տեղեկանալ, թե երբ է իրականություն դառնալու «Համայնքային բյուջեների կատարման ընթացքի վերաբերյալ ամբողջական տեղեկատվական համակարգի ներդրումը», որը «Հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման միջոցառումների ծրագրով» ստանձնած պարտավորություն էր եւ, ըստ ժամանակացույցի, տարածքային կառավարման նախարարությունն այն պետք է իրականացներ 2004-06 թթ.-ին :

Այդպես էլ մեզ չհաջողվեց նախարարությունից ստանալ գյուղական բնակչության, համայնքապետերի՝ տարիների ընթացքում բարձրացրած հարցերի պատասխանը, որին նրանք դեռեւս սպասում են.

1. Վարդենիսի վարչատարածքի 27 գյուղերի, Արագածոտնի մարզի մի քանի գյուղերի համայնքապետեր կառավարությունից պահանջել են փոխհատուցել համայնքապետարանների աշխատակիցների տարիներով կուտակված աշխատավարձային պարտքերը: Պահանջում են հրաժարվել նաեւ մի բյուջեից մյուսին փոխանցվող ապառքներից, հակառակ դեպքում, գյուղը չի կարող շարունակական պարտքով գոյատեւել:

2. Մոտ երկու տարի իր գրության պատասխանին է սպասում Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուրի համայնքապետը, որն ուզում է իմանալ, թե երբ պետք է հավասարության բերվեն հողերի կադաստրային արժեքները, քանի որ իրարից որակապես չտարբերվող, իրար կողքի գտնվող հողերից սարեր-ձորեր տարբերվող հարկաչափ է գանձվում, որը սնանկացնում է բարձր հարկ մուծող գյուղացուն:

3. Համայնքապետերն ուզում են տեղեկանալ, թե երբ է իրապես համահարթեցման դոտացիա տրամադրվելու գյուղերին, որպեսզի նաեւ գյուղը զարգանա:

4. Ինչո՞ւ «Սահմանամերձ գոտին ամրապնդելու ծրագիրը» չի իրագործվում:

5. Ի՞նչ ակնակալիք կարող են ունենալ կառավարությունից սողանքային գոտում գտնվող Ճամբարակի վարչատարածքի 5 գյուղերի բնակիչները:

6. Փոխհատուցվելո՞ւ է, արդյոք, Վայոց ձորի մարզում ցրտահարության հետեւանքով այգեգործությանը պատճառված մոտ 1 մլրդ դրամի վնասը եւ այլն:

Համոզված եղեք, որ լրագրողի համար իր աշխատանքը գնահատելու ավելի լավ ձեւ չի կարող լինել, քան նրա բարձրացրած հարցին լուծում տալը: Միայն այդ դեպքում լրագրողն իրեն պարգեւատրված կզգա եւ միայն այդ մտադրությամբ է լրագրողը պատրաստում հոդվածը: Իսկ հիմա, ենթադրենք ընտրեցիք լավագույն հոդվածը եւ լրագրողն էլ ստացավ ձեր շնորհած դիպլոմը, հետո ի՞նչ: Ի՞սկ ինչ եք անելու մրցույթի արդյունքները, թե՞ ձեր պատկերացրած լավագույն լուսաբանումն այլ ոլորտից է՝ գովեստների, օրինակ, թե ընդամենը 10 տարում ինչ արագ կայացան տեղական ինքնակառավարման մարմինները: Արդյոք սա լրագրողին կաշառելու միջոց չէ՞, հակառակ դեպքում, ինչո՞ւ պետք է նախարարությունը գնահատի լրագրողի աշխատանքը, նրանց պրոֆեսիոնալիզմո՞վ է մտահոգված:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ