HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

«Անփորձանք ծառայեն եւ զգույշ լինեն, ամենակարեւորը էդ է»

Օգոստոսի տապը չորացրել է խոտածածկույթը: Դրսում ջերմաստիճանը քառասուն է, բլինդաժներում' մի քիչ ավելի ցածր: Մի քանի հարյուր մետր այն կողմ հակառակորդի դիրքերն են:

Ղարաբաղի հարավային սահմանում իրենց ծառայությունն են անցկացնում տասնութ-տասնինը տարեկան երիտասարդները' Հադրութի զորամասի զինվորները:

Այդ օրը հերթափոխի օր էր. դիրքերում հերթապահություն անող զինվորներին փոխարինելու են նորերը: Շարքային Լեւոն Ավետիսյանը դեռ դիրքում է, բայց շուտով կհանձնի իր հենակետը: Մենք Լեւոնի հետ զրուցում էինք հենակետում, առանց իմանալու, որ այդ օրը նրա ծննդյան օրն է: Եւ հետո միայն հասկացանք, որ գումարտակի հրամանատարը Լեւոնին որպես լավագույն զինվորներից մեկը մեզ ներկայացրեց նաեւ հենց այդ պատճառով: Երբ վերադարձանք զորամաս, իմացանք, որ Լեւոն Ավետիսյանի հարազատները այցելության են եկել, Լեւոնին տարել զորամասից դուրս:

Զինվորները պահակակետում կանգնում են երկու ժամ, որից հետո նրանց փոխարինում են բլինդաժում հանգստացողները: «Երկու ժամը մեկ փոխարինումն ավելի զգոն է դարձնում սահմանը պաշտպանողներին»,-ասաց մեզ ուղեկցող Մավրիկ (Մավո) Օհանյանը' դիվիզիայի հրամանատարի տեղակալը: Մավոն պատերազմի տարիներին կռվում էր Ղարաբաղի հերոս Մոնթե Մելքոնյանի հրամանատարությամբ:

«Մեր բանակը, իսկապես, էս տարածաշրջանում ուժեղագույնն է: Գիտենք, թե ինչ վիճակում են դիմացինները: Տեսնում ենք նրանց հագուկապը, նրանց հերթափոխը, պատրաստվածությունը, ամեն մի քայլը, տարբերությունը սարուձոր է: Մեր էս տղաներով ցանկացած ազգ կարող է հպարտանալ»,- ցույց տալով զինվորներին' ասում է նա:

Մինչեւ սահմանում հերթապահության գալը նորակոչիկները մի քանի ամիս անցկացրել են տեսական եւ գործնական պարապմունքներ, տիրապետել զենքի տարբեր տեսակների, հանձնել քննություններ: Նախապատրաստելուց հետո են միայն զինվորներին վստահում սահմանի պաշտպանությունը:

Հերթափոխը հանձնելուց հետո զինվորները վերադառնում են զորամաս: Հաջորդ հերթափոխը լինելու է յոթ օր հետո:

Հադրութի զորամասը Ղարաբաղի բանակում համարվում է լավագույնը:

Զորամասն ունի հետախույզների մի խումբ, որին անպայման ուզում էին ներկայացնել: Այդ զինվորները երկուսուկես ամսվա ծառայողներ են: Նրանք զորակոչվել են Ղարաբաղի տարբեր բնակավայրերից:

Վարժությունները, որ ներկայացնում էր խումբը, անցնում են բոլոր զինվորները, սակայն տասներկու հոգանոց դասակում ընտրվել են լավագույնները: Նրանք արդեն տիրապետում են ձեռնամարտի եւ զանազան հնարքների: Զինվորներին մարզում է դասակի հրամանատարը' Հայկ Կարապետյանը:

«Ձեռնամարտի ծրագիրն է, որը որ յուրաքանչյուր զինվոր անցնում է, իսկ հետախույզների համար մի քիչ խտացված է: Հնարքները էդքան էլ բարդ չեն, էդքան էլ դժվար հնարքներ չեն, սպորտաձեւն էլ բարդ սպորտաձեւ չէ, բոլորն էլ կարող են անել, ուղղակի մի քիչ զինծառայողները կոփված պիտի լինեն, ձիգ զինծառայողներ են ընտրվում հետախույզների համար»,- ասում է դասակի հրամանատարը :

Եւս երեքուկես ամիս պարապելուց հետո դասակը կդառնա պրոֆեսիոնալ հետախույզների խումբ եւ, ինչպես հրամանատարն է ասում, կարող է կատարել իր առջեւ դրված ցանկացած խնդիր, ընդհուպ մինչեւ թշնամու թիկունքում տարբեր գործողությունների իրականացում:

Լեւոնի ծնողները զորամասից քիչ հեռու ծառերի տակ սեղան էին գցել եւ նշում էին որդու 19-ամյակը: Հայրը պատմեց, թե առավոտյան կինը զարթնել է ու ասել, որ երազ է տեսել եւ որդին' Լեւոնը, տխուր էր: Հետո որոշել են ընտանիքով այցելել որդուն: «Մերը երազ տեսավ, մեծ տղուն, միջնակ տղաս ա: Միջնակ տղես աշնանն է զորակոչվել բանակ, էսօր էլ տղուս ծնունդն է: Երեխուս ծնունդն է, ժամը 9-անց կես երեխես ծնվել է, էդպես ընտանիքով հավաքվանք, ասինք' էթանք համ երեխու ծնունդը նշենք, համ էլ երեխուն տեսնենք: Ես պրիսյագին էլ եմ եկել, հիմա պրիսյագի համեմատ ահագին փոփոխություն կա։ Առաջ չէր գրում, բայց էս վերջերս էնքան շատ նամակ է գրում: Սաղ նամակները պահել եմ: 2 ամիս սկզբից չէր գրում: Ասում է' շատ եմ կարոտել, ամբողջ նամակները բացում ես, նույնիսկ ինձ է խորհուրդ տվել' պապա, մի քիչ քիչ աշխատի, մենք գյուղում ենք ապրում, մի քիչ շատ ենք ծանրաբեռնված, մինչեւ անգամ երեխաս ինձ խնդրել է քիչ ծխել: Ինքը գյուղում ծխում էր, այստեղ չի ծխում»,- պատմում է Լեւոնի հայրը' Արմեն Ավետիսյանը:

Լեւոնն ունի երկու եղբայր: Մեծը' Հրաչը, արդեն ծառայել է բանակում, այժմ սովորում է Երեւանի Աճառյանի անվան համալսարանում, իսկ փոքրը' Բենիամինը, կզորակոչվի գարնանը: Լեւոնին հարցնում ենք ծառայության մասին: Նրա մեջ ամենաշատը տպավորվել են ծառայության առաջին օրերը:

«Առաջին օրերը շատ դժվար էր, պադիոմ, շատ էին չլում, ֆիզոն էր: Ժամը հինգ անց կես հանում էին, մոտ երեք կիլոմետր վազում էինք, ժիմ էինք անում պտտաձողերի վրա, վարժություններ: Կամաց-կամաց ընտելացանք: էդքան դժվարություն չկա արդեն, ընտելացել ենք»,- ասում է Լեւոնը:

Լեւոնի համար այդ դժվարությունները ետեւում են մնացել, նա արդեն սովորել է առավոտվա մարզանքներին, շուտ զարթնելուն: Գերադասում է դիրքերում մնալ, քան զորամասում. «Հիմա պոստերում ավելի լավ է, քան չաստում: Երկու ժամ պոստ ես կանգնում, երկու ժամ գալիս, հանգստանում ես: Դիրքերում ավելի լավ է, քան չաստում, առավոտները ֆիզո չես անում, չես շարվում ճաշարանում»,- ժպտալով ասում է Լեւոնը:

Երբ Լեւոնին հարցնում եմ պատերազմի վերսկսման մասին, նա միանգամից պատասխանում է. «Աստված չանի պատերազմ լինի... բայց որ լինի, մենք պատրաստ ենք կռվելու»:

Իսկ վերջում հարցնում եմ' ի՞նչ խորհուրդ կտա նորակոչիկներին եւ եղբորը' Բենիամինին, ով մի քանի ամսից զորակոչվելու է. «Անփորձանք ծառայեն եւ զգույշ լինեն, ամենակարեւորը էտ է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter