HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Թրաֆիկինգի հոդվածով դատապարտվածին օգնել են փախչել բանտից

2006թ.-ի փետրվարին Արդարադատության նախարարության եւ դատախազության համատեղ ջանքերով «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից (ՔՀԿ) «փախավ» թրաֆիկինգի հոդվածով դատապարտված Անուշ Զախարյանցը: Հայաստանը լքելուն Ա. Զախարյանցին օգնեցին սահմանապահները: Թե որքան փող է նա տվել սահմանը հատելու համար, էական չէ: Էականն այն է, որ մեր սահմանը փողով կարող է հատել նույնիսկ ժամկետանց անձնագրով դատապարտյալը: 

Անուշի փախուստի գործողությունը բաղկացած էր երեք փուլից: 

1-ին փուլի խնդիրն էր` Անուշին հանել ազատազրկման վայրից: Դա իրականացրել է Արդարադատության նախարարությունը: 

2-րդ փուլի խնդիրն էր` դատախազությունից վերցնել նրա անձնագիրը: Իրականացրել են դատախազությունը եւ Արդարադատության նախարարությունը: 

3-րդ փուլի խնդիրը` հատել ՀՀ սահմանը: Սա ապահովել է ազգային անվտանգության ծառայությունը: 

Յուրաքանչյուր փուլում այս գերատեսչություններից ամեն մեկը կատարել է իրենից կախված ամեն ինչ, որպեսզի Անուշը բարեհաջող լքի Հայաստանը: 

Միմյանց հետ համագործակցե՞լ են, արդյոք, այս կառույցները, դժվար է ասել, բայց այս հարցը պարզելու համար Հայաստանում այլեւս չկա որեւէ իրավասու մարմին: Ինչպե՞ս կարող են իրենք իրենց դեմ գործ հարուցել Արդարադատության նախարարությունը, դատախազությունը կամ Ազգային անվտանգության ծառայությունը, ում ենթակայության տակ են սահմանապահ ուժերը: 

Տեղեկանք 

2004թ. մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ թրաֆիկինգի (մարդկանց առեւտուր) հոդվածով (ՀՀ Քր.օր.132 հոդված) 4 տարի 6 ամսով ազատազրկվեց Ուզբեկստանի քաղաքացի Անուշ Զախարյանցը: Նա Ուզբեկստանից 9 կանանց բերել էր Հայաստան եւ այստեղ նրանց ենթարկել սեռական շահագործման: Անուշն այդ կանանցից վերցրել էր անձնագրերը, նրանց ստիպել իրենց մարմինները վաճառելով փող աշխատել ու տալ իրեն: Դատարանում այս ամենն ապացուցվել է, Անուշը դատապարտվել է, իսկ զոհերը վերադարձել են իրենց հայրենիք` Ուզբեկստան: 

Փուլ առաջին 

Քրեակատարողական հիմնարկը դատապարտյալին ազատ է արձակում 

Անուշն իր պատիժը կրում էր Արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում: Այս տարվա փետրվարին Անուշը հիմնարկից դուրս եկավ եւ այլեւս չվերադարձավ: 

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին ուղղված մեր հարցմանը պատասխանել է Քրեակատարողական վարչության պետ Աշոտ Մարտիրոսյանը. 

«...ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 80 հոդվածի համաձայն` դատապարտյալ Ա. Զախարյանցին սոցիալական վերականգնման նպատակով «Աբովյան» ՔՀԿ-ի պետի որոշմամբ 01.02.06թ. մինչեւ 05.02.06թ. տրամադրվել է կարճաժամկետ մեկնում, սակայն դատապարտյալը նշված ժամկետում չի վերադարձել պատիժը կրելու վայր: 

Նշված փաստի առթիվ «Աբովյան» ՔՀԿ-ի վարչակազմը դիմել է Կոտայքի մարզի դատախազություն, որը դատապարտյալ Ա. Զախարյանցի նկատմամբ հարուցել է քրեական գործ»: 

Առաջին փուլում Քրեակատարողական հիմնարկը պատրաստեց համապատասխան փաստաթղթերը Ա. Զախարյանցին կարճաժամկետ մեկնում տալու համար: Քրեակատարողական վարչության մեր աղբյուրը հայտնեց, որ կնոջը մեկնում տալու հրահանգը տվել է Քրեակատարողական վարչության նախկին պետը` Սամվել Հովհաննիսյանը (չորս ամիս առաջ նրան ազատել են աշխատանքից, բայց, իհարկե, ոչ Անուշ Զախարյանցի փախուստը կազմակերպելու համար): 

«2006թ. հունվարի 31-ին դատապարտյալ Ա. Զախարյանցը դիմել է հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի պետ Հ. Մուրադյանին իր առողջական խնդիրների վերաբերյալ: Վերջինս խորհուրդ է տվել կատարել նեղ մասնագիտական բժշկական հետազոտում, որի մասին տեղեկանքը կցվել է դատապարտյալի անձնական գործին»,- Արդարադատության նախարարության մամլո քարտուղար Անահիտ Ոսկանյանի օգնությամբ մեր հարցին այսպիսի պարզաբանում է տվել «Աբովյան» ՔՀԿ-ի  պետ Արսեն Աֆրիկյանը: 

Դրանից հետո Ա. Զախարյանցին հիմնարկից հնգօրյա կարճաժամկետ մեկնում է տրվել: «Աբովյան» ՔՀԿ-ում Ա. Զախարյանցի անձնական գործում անձնագիրը բացակայում էր: Օրենքով այն դատարանի վճռի հետ պետք է ուղարկվեր Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկ: 

«Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը մեր գրավոր հարցմանը պատասխանել է, որ քրեական գործում անձնագիրը նույնպես բացակայում է, հետեւաբար կարճաժամկետ մեկնում տրամադրելու ժամանակ դատապարտյալը անձնագիր չի ունեցել»,- հայտնել է Արսեն Աֆրիկյանը: 

Ա. Աֆրիկյանը հայտնել է նաեւ, որ իրենց որոնողական աշխատանքները որեւէ արդյունք չեն տվել, եւ իրենք փետրվարի 28-ին դիմել են Կոտայքի մարզի դատախազություն` Ա. Զախարյանցի նկատմամբ հետախուզում հայտարարելու խնդրանքով: Անուշ Զախարյանցը ետ` հիմնարկ, պետք է վերադառնար փետրվարի 6-ին: «Աբովյան» ՔՀԿ-ի ղեկավարությունը 22 օր սպասել ու նոր է միայն դատախազությանը հայտնել Անուշի չվերադառնալու մասին: Ամենայն հավանականությամբ, սա էլ Սամվել Հովհաննիսյանի նախաձեռնությունն էր: Նա, ըստ երեւույթին, սպասում էր, որ Անուշը հասնի Ուզբեկստան եւ լուր տա իրեն այդ մասին: 

Փուլ երկրորդ  

Սամվել Հովհաննիսյանը անձնագիրը հանձնում է դատապարտյալին 

Անուշը «Աբովյան» քերակատարողական հիմնարկից դուրս է եկել առանց անձնագրի: Դեռեւս 2004թ. հունվարին Անուշ Զախարյանցի անձնագիրը գտնվում էր դատախազությունում` քրեական գործի մեջ: Գործն ուղարկվել է դատարան առանց անձնագրի, ինչն օրենքի խախտում է: Անձնագիրը հանվել է գործից եւ պահվել դատախազությունում: Գլխավոր դատախազից փորձեցինք պարզել` անձնագիրը վերադարձվե՞լ է Անուշ Զախարյանցին, թե՞ առայսօր պահվում է դատախազությունում: 

ՀՀ գլխավոր դատախազության մամլո քարտուղար Սոնա Տրուզյանը հայտնեց. 

« ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության նախկին ղեկավարի պաշտոնական հայտարարությունը հիմք ընդունելով` 2006թ. հունվարի 12-ին քննիչը համապատասխան ստացականով Ա. Զախարյանցին է հանձնել անձնագիրը»: 

Պաշտոնական հայտարարությունը, ինչպես պարզաբանեց մամլո քարտուղարը, բանավոր դիմելն է, ուրեմն քրեակատարողական վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանը դատախազության քննիչ Արիստակես Երեմյանից վերցրել է անձնագիրը: Սակայն անձնագիրը մուտք չի գործել Քրեակատարողական վարչություն, այն մնացել է Սամվել Հովհաննիսյանի «գրպանում» եւ փետրվարի սկզբին հանձնվել Անուշ Զախարյանցին, երբ վերջինս ստացել էր կարճաժամկետ մեկնում եւ դուրս եկել կալանավայրից: Թե ի՞նչ վարձատրություն է ստացել Սամվել Հովհաննիսյանն անձնագրի դիմաց, հայտնի չէ: 

Անձնագիրը ստանալուն պես Անուշ Զախարյանցը լքել է Հաաստանը: 

Փուլ երրորդ 

Հայ սահմանապահները ժամկետանց անձնագրով Անուշին ճանապարհել են Վրաստան 

«Հետք»-ը երկու անգամ նամակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանից փորձել է պարզել` Անուշ Զախարյանցը հատե՞լ է, արդյոք, Հայաստանի սահմանը, եթե այո, ապա ինչպե՞ս եւ ի՞նչ անձնագրով: Պատասխան այդպես էլ չի ստացվել: 

Անուշ Զախարյանցի` Ուզբեկստանի քաղաքացու անձնագրի ժամկետը վերջացել էր 2005թ., իսկ դա նշանակում էր, որ նա չէր կարող հատել Հայաստանի սահմանը: 

Սակայն, դա չի խանգարել նրան կաշառել հայ սահմանապահներին եւ հատել սահմանը: 

Սակայն սահմանի հակառակ կողմում վրացի սահմանապահները, տեսնելով անձնագրի ժամկետանց լինելը, Անուշ Զախարյանցին որոշ ժամանակ պահում են իրենց մոտ: Ա. Զախարյանցը Վրաստանի Ներքին գործերի նախարարության սահմանապահների դեպարտամենտի աշխատակիցներից քաղաքական ապաստան է խնդրել: Նրա դիմումն արձանագրվել է Վրաստանի փախստականների հարցերով նախարարությունում: Սահմանապահները Անուշին հանձնել են ՆԳՆ սահմանադրական անվտանգության պահպանության դեպարտամենտի աշխատակիցներին: 

Վրաստանի իրավապահ մարմինների մեր աղբյուրը հայտնեց, որ Անուշ Զախարյանցը վրացի իրավապահների հետ գործարքի մեջ է մտել եւ տեղեկություններ է հայտնել մարդկանց վաճառքով զբաղվող վրացիների մասին, փոխարենը նրան հնարավորություն է տրվել դիմել Ուզբեկստանի դեսպանատուն եւ ստանալ վերադարձի վկայական: Թբիլիսիում Անուշին սահմանադրական անվտանգության պահպանության դեպարտամենտի աշխատակիցները, չգիտես ինչու, տեղավորել են ընտանեկան բռնությունների զոհ դարձած կանանցով զբաղվող մի հասարակական կազմակերպությունում: Մեկ շաբաթ անց Անուշը մեկնել է Ուզբեկստան: 

Դատապարտյալ Անուշ Զախարյանցի փախուստը կազմակերպած կառույցների ղեկավարներին ստիպված եմ մեկ անգամ էլ հրապարակավ տալ այս հարցերը.

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին նորից ուղղում ենք մեկ տարի առաջ տրված հարցը. «Ինչպե՞ս է պատահում, որ թրաֆիկինգի հոդվածով բոլոր ազատազրկվածները վաղաժամկետ ազատ են արձակվում: Ինչու՞ են նրա ենթակայության տակ գտնվող կառույցներն այդքան «հոգատար» ազատազրկվածների այս տեսակի նկատմամբ: Ինչու՞ են այս անգամ այդքան հոգատար գտնվել եւ կազմակերպել Անուշ Զախարյանցի փախուստը»: 

Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին հարցնում ենք. «Ինչու՞ է դատապարտյալ Անուշ Զախարյանցի անձնագիրը երկու տարի շարունակ պահվել Գլխավոր դատախազությունում, ինչու՞ եւ ինչպե՞ս է այն տրվել Սամվել Հովհաննիսյանին: 

Կա՞ն, արդյոք, այլ դատապարտյալների անձնագրեր ՀՀ գլխավոր դատախազությունում»: 

Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանից կցանկանայինք ստանալ հետեւյալ հարցի պատասխանը` ինչպե՞ս է պատահել, որ դատապարտյալը ժամկետանց անձնագրով հատել է Հայաստանի սահմանը: 

Մեկնաբանություններ (2)

Andranik
Where is the law in Armenia??? make money from the power that you have.
armen
hargarjan Edik Bagdasaryan,Glxavor dataxaz@ ev vero hisvac tvyal HKG_qnnich@ vochte patasxan petqe tan, ayn patasxanatvutyan entarkven. tvyal gorc@ voch arajinna vochel verjin@

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter