HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ես իսկական տղամարդ էի...»

Ասյա Աղաջանովայի որդին' Գրիշա Աղաջանյանը, եւ հարսը' Մարինեն, բժիշկներ էին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում: Երկուսին էլ 1988թ.-ին ադրբեջանցիները սպանել են: Ասյա Աղաջանովան այս մասին չի խոսում:

Ադրբեջանի Ազգային անվտանգության նախկին աշխատակիցը ամուսնու հետ 1990-ին ստիպված լքեց Բաքուն: 82-ամյա Ա. Աղաջանովան այսօր միայնակ ապրում է Վանաձորում:

Ա. Աղաջանովան ծնվել է Ադրբեջանի Շամախի քաղաքում:

«Հերս վանքապետի տղա էր, իսկ մերս՝ քահանայի աղջիկ: Մեր ընտանիքում մեծ տեղ ուներ հավատքը: Մի օր տեսնեմ հերս մտել է կառավաթի տակ ու ինչ-որ տարօրինակ բաներ է անում: Մորս հարցրեցի, ասեց՝ քո գործը չի, դու չես հասկանա: Հետո տեսա, որ հայրս ամեն անգամ նույն բանն անում է, չդիմացա, մորս խնդրեցի, որ բացատրի: Մերս ականջիս շշնջաց, թե աղոթում է»,- հիշում է Ասյա տատը:

Միջնակարգ դպրոցը գերազանց ավարտելուց հետո Ասյան ընդունվում է Բաքվի բժշկական ինստիտուտ: Երրորդ կուրսում էր սովորում, երբ սկսվեց հայրենական պատերազմը: Նրան ուղարկեցին ռազմաճակատ: Հինգ տարի ռազմաճակատի ամենաթեժ կետերում է եղել, վիրավորվել է, պարգեւատրվել զանազան շքանշաններով:

Պատերազմի ավարտից հետո վերադառնում է տուն, տեսնում է, որ իրենց տանը օտար մարդիկ են ապրում: Հայրը եւ եղբայրները զոհվել էին պատերազմում, իսկ մայրը իմանալով, որ աղջկան բանակ են տարել, մահացել էր սրտի կաթվածից: Երկու փոքր եղբայրներին տեղավորել էին որբանոցում:

«Դիմեցի դատարան, տունս ետ վերցրի,-պատմում է Ասյա տատը, ապա, խորը հառաչ արձակելով, շարունակում,- հետո պարզվեց, որ ինձ ուրիշի փոխարեն են ուղարկել ճակատ: Գնացի ինստիտուտ, թղթերս պատռեցի, դեկանի երեսին շպրտեցի ու դուրս եկա: Ասի' դուք էլ, ձեր բժշկականն էլ»:

Ասյա տատն այդպիսով ավարտում է իր բժշկական կարիերան եւ որոշում իրավաբանական կրթություն ստանալ: Ընդունվում է Բաքվի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ: Հաջողությամբ ավարտելով այն՝ աշխատանքի է անցնում Բաքվի Պետական անվտանգության կոմիտեում, որտեղից էլ սկիզբ է առնում նրա երկարամյա գործունեությունն այդ կառույցում՝ նախ որպես շարքային աշխատող, ապա' որպես բաժնի վարիչ:

Շատ բաներ չի պատմում իր աշխատանքային գործունեությունից: Ասում է միայն, որ շփվում էր ղեկավար մարմինների հետ, լավ հարաբերություններ ուներ իր բոլոր ադրբեջանցի գործընկերների հետ եւ, որ ամենակարեւորն է, վերջիններն էլ իրեն էին անչափ հարգում ու վստահում:

«Ես իսկական տղամարդ էի, է՜, ո՞վ ռիսկ կաներ դեմս մի սխալ բան ասեր: Տեղակալս մի ջահել թուրք էր, ինձ ո՜նց էր հարգում, ո՜նց էր տեղ տալիս: Մինչեւ 1990 թվականը Բաքվում էի: Ինձ գաղտնի էին տանում-բերում գործի: Առավոտ շուտ վարորդը գալիս էր, ինձ վերցնում, իրիկունը նորից բերում: Բայց մի օր ասին' էլ չես կարող մնալ, մենք քեզ էլ չենք կարող պահել, ավելի լավ ա շուտ գնաս: Ամուսնուս հետ իրերս հավաքեցինք, որ ճամփա ընկնենք: Իրերը կապած նստած ենք, էս տեղակալս զանգեց, թե հանկարծ իրերով չգնաք: Ասեց, թե ճանապարհին հայերի ճամպրուկները դատարկում են, մեջը քար լցնում ու ... էդպես ուղարկում: Էդ տեղակալս շատ լավ մարդ էր, ասեց' ես քո իրերը Վրաստան կուղարկեմ, անվնաս կհասնի քեզ: Ըտենց էլ արեց մարդը»,- պատմում է Ասյա Աղաջանովան:

«Ես էլ ամուսնուս հետ եկա Հայաստան: Հասանք կայարան, աղմուկ-աղաղակ, խառնաշփոթ, շվարած կանգնել ենք, չգիտենք ինչ անենք, ուր գնանք: Հանկարծ մի մարդ մոտեցավ ինձ: Զարմացած նայում է, հարցնում է' չեմ ճանաչու՞մ: Ուշադիր նայում եմ, նայում, տեղը չեմ բերում: Վերջը տեսավ, որ չեմ հիշում, ասաց. «Կարեն Դեմիրճյանի վարորդն եմ»: Ես իրան չէի հիշում, բայց ինքն ինձ լավ հիշում էր: Էն ժամանակները, որ Կարեն Սերոբիչը գալիս էր Բաքու, ես էլ էի մասնակցում հանդիպումներին: Վարորդն ինձ էդտեղից հիշում էր: Ասեց, որ Կարեն Սերոբիչն էլ է կայարանում, տարավ մեզ նրա մոտ: Դեմիրճյանր որ ինձ տեսավ, ո՜նց հուզվեց, գրկեց, համբուրեց: Միանգամից խոստացավ, որ անպայման տան հարցը կլուծի: Ու մարդը կատարեց իր խոստումը: Մի քանի օր անց մեզ Կիրովականում մի բնակարան տվեցին: Այ, մինչեւ էսօր էլ էտ բնակարանում եմ ապրում»:

Ասյա Աղաջանովան օրվա մեծ մասն անցկացնում է «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության Վանաձորի մասնաճյուղում: Այստեղ նա ճաշում է, մասնակցում հավաքույթներին, զրուցում հասակակից միայնակ ծերերի հետ:

Ասյա տատն ամուսնուն կորցրել է 1994 թվականին: Թոռներին սումգայիթյան դեպքերից հետո իր եղբայրները Ռուսաստան են տարել' տեսնելով Հայաստանի ծանր վիճակն ու սոցիալական պայմանները: Ասյայի միակ սփոփանքն այժմ թոռների ոչ հաճախակի զանգերն են ու նրանց մասին լուրերը: Դեռ Բաքվում դուստրը ադրբեջանցու հետ նշանված էր, եւ այդ դեպքերի ժամանակ նրա հետ փախչել է Ռուսաստան: Տարիներ հետո նա զանգել է մորը, սակայն չի հայտնել իր տեղը, եւ այսօր ոչ մի լուր չունի նրանից:

«1998 թվականն էր: Թոշակիս հետ խնդիրներ ունեի: Աշխատանքի տեղից ինչ-որ թղթեր էին պետք: Ասի՝ ի՞նչ անեմ, ի՞նչ չանեմ, վերջը որոշեցի զանգել իմ նախկին աշխատանքի տեղը, ոնց էլ չլինի, մի հին աշխատող կլինի, կխնդրեմ ինձ օգնել: Զանգեցի, պարզվեց նախկին տեղակալս իմ տեղն էր զբաղեցնում: Հեռախոսի մոտ կանչեցի: Ասում եմ' ճանաչու՞մ ես ինձ, ասում ա' չէ, ասի՝ մերդ եմ, է՜, մոռացե՞լ ես: Որ ասի՝ մերդ, հասկացավ, որովհետեւ էն ժամանակ ես իր հետ մոր պես էի: Հիմա ո՜նց ա հուզվել, ո՜նց ա լաց լինում: Ասեցի, թե ինչի համար եմ զանգել, ասեց' դու արի, ես քո ամեն ինչն ապահովում եմ, կգաս, անվտանգ հետ կդառնաս, ոչ մի բանի մասին մի մտածիր, դու միայն արի: Պայմանավորվեցինք հանդիպել Բագրատաշենի եւ Սադախլոյի սահմանագլխին: Հանդիպեցինք, ինձ փակ մեքենայով գաղտնի տարան Բաքու: Յոթ օր մնացի Բաքվում, գործերս կարգավորեցի, վերջացրի: Երբ արդեն պիտի հետ գայի, իմ պատվին բանկետ կազմակերպեցին, տարան մի ռեստորան՝ ծովի մեջ, ոնց որ մի իսկական դրախտ, էդպիսի տեղ Հայաստանում չկա, կերանք-խմեցինք, պարեցինք, վերջում իմ նախկին տեղակալն իմ կենացն ա խմում ու ասում ա. «Կեցցե՛ Ստալինը, կեցցե՛ Ստալինը», զարմացած նայում եմ, չեմ հասկանում՝ ինչի՞ ա ասում Ստալին: Վերջում ասեց' Ստալինը դու ես, դու, մենակ դու կարայիր էսքան հերոսական բան անել, դու իսկական տղամարդ ես»:

Որ վերադարձա, ԿԳԲ-ից էկան, սկսեցին գնալ-գալ, գնալ-գալ, թե ի՞նչ էիր անում Բաքվում, խի՞ էիր գնացել, էս, էն, բոլորին իրենց տեղը դրեցի, ընենց ուղարկեցի, որ տեղս էլ մոռացան»:

Անի Գասպարյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter