HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Արտագաղթը Տաթեւ գյուղում չի նվազում

Տաթեւ գյուղից այս տարի մոտ 30 երիտասարդ է հեռացել, այն էլ մեկ ամսվա ընթացքում: «Ընտանիքներին թողել են գնացել, ամուրիները չեն էլ վերադառնա»,- ափսոսանքով ասում է Սյունիքի մարզի Տաթեւ գյուղի համայնքապետ Յուրիկ Ստեփանյանը: Վերջին 15 տարիների ընթացքում, համայնքապետի վկայությամբ, գյուղից 50 ընտանիք բնակություն է հաստատել Ռուսաստանում:

Գյուղի ավագ սերնդին ահաբեկում է ոչ միայն, նրանց բնորոշմամբ «ահավոր չափերի» հասնող արտագաղթը, այլեւ այն, որ դեռեւս չհեռացած երիտասարդներն էլ չեն ուզում ամուսնանալ: «Կարծես ռիսկի գործոնը կորել է: Ասում են՝ հազիվ ենք մեզ պահում, ո՞նց ամուսնանանք»: Համայնքապետի ասելով պարբերաբար նրանց հետ զրույցներ է անցկացնում այդ թեմայով, բայց իր խորհուրդներն այդպես էլ արդյունք չեն տալիս:

Յուրիկ Ստեփանյանն, իհարկե, հասկանում է, որ նման հարցերը համոզելով չեն լուծվում, երիտասարդությանն իր հողի հետ կապելու համար գյուղում զարգացման հեռանկար պետք է ապահովել: Բայց անգամ այն բարեփոխումները, որոնք պետությունը կատարում է դրական տեղաշարժի հեռանկարով՝ Տաթեւ գյուղում բացասական անդրադարձ է ունենում: Համայնքապետը պատմեց, որ երկար չարչարվել է գյուղի մանկապարտեզը, որը բարեկարգ շինություն է, գործող դարձնելու համար, սակայն մայիս ամսին բացված մանկապարտեզը հոկտեմբերին փակվել է:

«Ձգտում էի գյուղում աշխատատեղ ստեղծել, 22 երեխայի համար 7 աշխատատեղ էի բացել, բայց այս տարի, երբ առաջին դասարան սկսեցին հաճախել 6 տարեկանից, մանկապարտեզում մնացին 7 երեխա, նույնքան էլ աշխատող: Ստիպված ասացի, որ հոկտեմբերի 1-ից չհաճախեն»,- հայտնեց համայնքապետը:

Վերջինս չափազանց ափսոսելով, որ իր լավ նախաձեռնությունը կրկին ձախողվել է, այնուամենայնիվ, չի հրաժարվել մանկապարտեզը գործարկելու մտքից, թեկուզեւ նրա համար, որ գյուղում որեւէ գործող հիմնարկ լինի: Յուրիկ Ստեփանյանի ասելով, եթե որեւէ հովանավոր ամսական 100 դոլար հատկացնի՝ մանկապարտեզը հնարավոր կլինի պահել:

Տաթեւ գյուղում 240 տնտեսություն է գրանցված, բայց հիմա 180 են մնացել: Հեռացողներն իրենցից հետո նոր խնդիրներ են ստեղծել համայնքապետարանի համար՝ հողի հարկը չեն վճարում, սեփականատերերից ոմանք մահացել են, իսկ նրանց ժառանգները չեն գալիս ժառանգությունն ընդունեն, որի հետեւանքով 13 մլն ապառք է գոյացել բյուջեում:

«Նրանց հողերը տարիներով անմշակ են մնացել, նորաստեղծ ընտանիքներին էլ չենք կարողանում հող հատկացնել, որը նրանց գյուղի հետ կապելու մի հույս է»,- ասում է համայնքապետը:

Վերջինս նշեց, որ Տաթեւին բաժին հասած մշակովի հողատարածքը շատ քիչ է ուրիշ գյուղերի համեմատությամբ, այստեղ1 հա հող է սեփականաշնորհվել, 1 հա էլ խոտհարք, հողերն անջրդի են, կլիման գյուղատնտեսության համար անբարենպաստ: Սեպտեմբեր ամսին գյուղում մոտ 20 սմ կարկուտ էր եկել եւ աշնան նման տերեւաթափ արել բերքը դեռ չհավաքված ծառերը, կոտրել մշակույթի տան պատուհանները:

«Մի քանի անգամ գրել ենք մարզպետարան քամու, կարկուտի, երաշտի պատճառած վնասները փոխհատուցելու համար, ասել են, որ անպայման այսքան քմ ապակի ենք ստանալու, բայց անիմաստ է, հոգնել եմ արդեն գրելուց»,- ավելացրեց Յուրիկ Ստեփանյանը:

Բնական աղետները Տաթում միայն գյուղատնտեսությանը չէ, որ սպառնում են: Այստեղ, գյուղի տարեցների ասելով, տարեկան մինչեւ 40% անասունի կորուստ է լինում: «Եթե 300 խոշոր հանում ենք արոտի, աշունը 200 հազիվ է մնում, մեր բարձր ժայռերից շատ են գլորվում, գազաններն են հոշոտում»,- ասում է համայնքապետը, որի գործը դրանից հետո է սկսվում: Անասունների գլխաքանակի հաշվարկը գյուղում կատարում են դեկտեմբերի վերջին ու տվյալները ներկայացնում մարզպետարան, որի հաշվարկով էլ համայնքապետը պարտավոր է գյուղացուց արոտավարձ ու ճանապարհավարձ գանձել: Համայնքապետը նշեց, որ հաճախակի է լինում, երբ մայիս ամսին գյուղացին անասունին հանում է դաշտ եւ 4 կովից 2-ը ժայռից գլորվում են ու սատկում, սակայն ինքը չի կարողանում այդ մարդու անասունը դուրս գրել:

«Տաթեւի համար այս առանձնահատուկ խնդիրը մարզպետարանում հաշվի չեն առնում: Ասում են՝ տարեվերջին ինչ գրել ես, այդպես էլ թող մնա, վարձը հավաքիր: Ստիպված պետք է սատկած անասունի գլխաքանակի համար էլ վարձ հավաքեմ»,- ասում է նա:

Յուրիկ Ստեփանյանը նշեց, որ գյուղացիները նախկինում շատ էին անասուն պահում, բայց այս, ինչպես նաեւ այն պատճառով, որ կաթնամթերքի իրացման հարցում տաթեւցիները բազմաթիվ դժվարություններ ունեն, մանավանդ որ խոտն էլ 15 կմ հեռավորությունից են բերում, որը ծախսերը չի արդարացնում, չկարողացան պահել ու խիստ կրճատել են անասնագլխաքանակը: Սոցիալական հարցերի լուծումը տաթեւցիները միայն արտագաղթի հետ են կապում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter