HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Գետանցին ձիերին չեն փոխում

Օրերս խորհրդարանը հերթական փոփոխությունը կատարեց «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում՝ հանելով համայնքի ղեկավարի ընտրվելու համար դրված սահմանափակումը: 2002թ.-ին ընդունված հիշյալ օրենքի 24-րդ հ ոդվածում ամրագրված էր. «Նույն անձը համայնքի ղեկավարի պաշտոնում կարող է ընտրվել ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ» :

Կառավարության ներկայացրած օրենսդրական փոփոխության նախագծի հիմնավորումը մեկն էր. «Նկատի ունենանով, որ համայնքի ղեկավարի պաշտոնում նույն անձի ընտրվելու համար ՀՀ Սահմանադրությամբ սահմանափակումներ նախատեսված չեն, ուստի նպատակահարմար է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքից եւ «ՀՀ ընտրական օրենսգրքից» հանել՝ նույն անձի կողմից համայնքի ղեկավարի պաշտոնում ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ ընտրվելու մասին դրույթը»: Նպատակահարմարության մասին մեկնաբանություններ չտրվեցին խորհրդարանին, ավելի ճիշտ՝ խորհրդարանը նման պահանջ չներկայացրեց եւ 68 կողմով վավերացրեց առաջարկվող փոփոխությունը:

Համայնքի ղեկավարի ընտրվելու վերաբերյալ օրենսդրական սահմանափակումը ժամանակին արժանացել էր Եվրոպայի խորհրդի փորձագետների դիտողությանը: Եվրոպայի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսը, անընդունելի համարելով համայնքի ղեկավարի, ավագանու ընտրվելու համար արված որեւէ սահմանափակում, իր զեկույցում առաջարկել է հանել դրանք, սակայն նրանց ներկայացրած այս եւ մի քանի էջանոց մյուս դիտողություններին օրենքն ընդունելիս կարեւորություն չի տրվել: Թե ինչու 2002թ.-ին ընդունված օրենքի այդ կետը հատկապես հիմա սկսեց անհանգստացնել կառավարությանը, խնդրով մտահոգ անձինք մ իանշանակ մեկնաբանում են իբրեւ նախընտրական միջոցառում :

«Պատճառը առաջիկա խորհրդարանական ընտրություններն են: Երբ համայնքի ղեկավարը հանձնարարություն է ստանում ինչ-որ բան իրականացնելու, մտածում է, եթե չանի ինչ պատիժ է իր համար նախատեսվում»,- հայաստանյան իրականությունն է բացատրում «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ նախագահ Վահան Մովսիսյանը: Վերջինիս մեկնաբանությամբ համայնքի ղեկավարը, որի պաշտոնավարման ժամկետը մոտ է ավարտին եւ նա իրեն պարտավորված չի զգում կատարելու ինչ-որ հանձնարարություն, այս օրենսդրական փոփոխությամբ նրան ուղղակի ասում են, որ չի գնալու, պետք է մնա եւ կատարի իրենց հանձնարարությունները եւ դրա համար գալու են իր հետեւից: Նրան պարտադրում են, ստիպում, վախեցնում, որ աշխատի իրենց համար»:

Վ. Մովսիսյանը նշեց, որ քաղաքացիական հասարակություն չունեցող երկրներում այդպիսի սահմանափակումները պարտադիր են եւ այդ տրամաբանությամբ է այն ժամանակին ամրագրվել օրենքում: Մեր այն հարցին, թե ինչ հետեւանքների կհանգեցնի այս փոփոխությունը, ՀԿ նախագահը պատասխանեց. «Համայնքի ղեկավարի պաշտոնի համար սահմանափակում չդնելով պատահական անձանց պաշտոն զբաղեցնելը միանգամայն հնարավոր է դառնում: Հետեւողականորեն տեղական ինքնակառավարման բարեփոխումները վատթարանում են, ավելի ճիշտ, բարեփոխում պարզապես տեղի չի ունենում»:

Նույն կազմակերպության ղեկավարներից տնտեսագետ Դավիթ Թումանյանի ձեւակերպումով օրենսդրական այս փոփոխությունը վատ հետեւանքների կբերի, որովհետեւ նորից իշխանության վերարտադրություն է կատարվում:

«Միշտ նոր իշխանությունը փոփոխություններ կատարելու հնարավորություն ունի, բայց, քանի որ, Հայաստանում ընտրություն իրականում տեղի չի ունենում, սահմանափակում չդնելը, բոլոր առումներով, բացասական ազդեցություն կունենա»,-ասաց Դ.Թումանյանը:

Ժողովրդավարության գաղափարախոսությունից ելնելով համայնքի ղեկավարի ու ավագանու ընտրության հետ կապված ցանկացած սահմանափակում՝ պայմանավորված նրանց կրթական, տարիքային ցենզով, «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ նախագահն ու իր համախոհները, բացասական են համարում, քանի որ նման սահմանափակումերի արդյունքում հնարավոր է կորցնեն նաեւ լավ ղեկավարին:

«Սակայն մեր երկրի իրականությունն այլ է, օրենսդրորեն ամրագրված այդ սահմանափակումը դրական բան ուներ: Օրենսդրական այս փոփոխությամբ, մեր երկրի վարչական ղեկավարման պայմաններում, համայնքի ղեկավարին հնարավորություն ենք տալիս այդ հնարավորությունները հօգուտ իրեն աշխատեցնելու»,- ասում է Վահան Մովսիսյանը:

Նրա ասելով, երբ որոշակի վարչական ռեսուրսներ կան համայնքի ղեկավարի ձեռքին, անգամ սոլյարկա, սելիտրա բաժանելը, ընտրություններ կազմակերպելը, բյուջետային միջոցների տիրապետելը, նա արդեն իր վարչական լծակներն օգտագործելու է իր ընտրվելու համար: Սա գյուղական համայնքներում, իսկ քաղաքներում, որտեղ ղեկավարը նաեւ սոցիալական քաղաքականություն է իրականացնում, թույլտվություններ է տրամադրում, հողահատկացում է կատարում, այսինքն, ազդեցության ավելի մեծ լծակներ ունի, նրանից ազատվելը ավելի դժվար է լինելու:

Պրն Մովսիսյանը նշեց, որ այս սահմանափակումը նրա համար էր, որ համայնքի ղեկավարը գոնե 2 անգամ ընտրվի, իսկ երկու անգամը ՀՀ սահմանադրությամբ նշանակում է ղեկավարել 8 տարի: Ներկայումս կան համայնքապետեր, որոնք դեռեւս խորհրդային տարիներից են աշխատում՝ գյուղական խորհրդի նախագահ են եղել եւ այդպես մինչ օրս շարունակում են պաշտոնավարել: Նրանց մեջ, իհարկե, կան մարդիկ, որոնք աշխատում են եւ ժողովրդի համակրանքին են արժանացել:

«Սակայն, որքան էլ որ նա լավ ղեկավար լինի՝ պետք է ինքն իր համար մի ժառանգորդ պատրաստի: Դրա արդյունքում գոնե տասնյակ տարիներ հետո համայնքում տեղական ինքնակառավարումից հասկացող մի քանի մարդ կլինի»,- ասաց ՀԿ նախագահը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter