HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռիում անտառահատումները շարունակվում են

Լոռու մարզի Արեւածագ գյուղի բնակիչ, անչափահաս Արմեն Սարգսյանը 2006թ. ապրիլի 6-ին տեսնելով, որ տանը վառելափայտ չկա, հորեղբոր տղաների՝ Սամվելի եւ Մանվելի հետ ձին լծել է սայլին, վերցրել է կացինը եւ մի երկբռնանի սղոց ու ճամփա ընկել Արեւածագ եւ Մղարթ գյուղերի ճանապարհաեզրից վառելափայտ հավաքելու:

Այստեղ նրանք Ձախորդ Փանոսի օրն են ընկել՝ սայլը կոտրվել է: Սամվելը սկսել է այն նորոգել, Արմենն ու Մանվելը ցախ են հավաքել: Սակայն հավաքածը քիչ է եղել, տեսնելով, որ ճանապարհի եզրին երկու ցցաչոր ծառ կա, Արմենը առաջարկել է դրանք կտրել: Ծառերը կտրել են, փայտը մանրացրել, բարձել են սայլին ու գնացել գյուղ: Սակայն ինչ իմանար լոռեցի միամիտ, կիսագրագետ Արմեն Սարգսյանը, որ կտրած տանձենի տեսակի երկու ծառերը ՀՀ Կարմիր գրքում գրանցվածներից են եւ իր 0,8խմ փայտը տառապանք է դառնալու իրենց աղքատ ընտանիքի գլխին:

Գյուղ մտնելուն պես սայլի գլխին կանգնում են ոստիկանները, իսկ մի քանի օր հետո Լոռու մարզային դատախազությունը «ձախորդ» փայտահատների դեմ մեղադրանք է առաջադրում ՀՀ Քրեական օրենսգրքի 296 հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերով՝ ՀՀ Կարմիր գրքում գրանցված տանձենի տեսակի 22 սմ եւ 24 սմ տրամագծերով երկու ծառեր հատելու եւ Հայաստանի Հանրապետությանը խոշոր չափի՝ 445.000 դրամ արժողությամբ գույքային վնաս պատճառելու համար:

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը, դատավոր Անի Մխիթարյանի նախագահությամբ, 2006թ. սեպտեմբերի 20-ին քննում է քրեական գործը ըստ մեղադրանքի եւ վճռում է մեղադրյալներ Մանվել Դավթյանի եւ անչափահաս Արմեն Սարգսյանի տնտեսություններից համապարտության կարգով բռնագանձել 448.600 դրամ՝ հօգուտ պետական բյուջեի, որպես պատճառած վնասի հատուցում: ԴԱՀԿ ծառայության կողմից անհապաղ գույքագրվում եւ արգելանքի է վերցվում Արմեն Սարգսյանենց տան գույքը:

«Աճուրդով՝ 25000 դրամով, վաճառվել է մեր հեռուստացույցը, մնացածը՝ գարդիրոֆը, շկաֆն ու մի քանի երկաթե կռավաթները, պիտանի չեն: 1.5 հա հող ունենք, չենք կարողանում մշակել, 9 տարվա հարկի պարտք ունենք: Մենակ հողիս ձեռք չտան, երեխես կմեծանա, կմշակի, մեզ կպահի»,- նեղսրտած ասաց Արմենի մայրը՝ Ռիմա Սարգսյանը:

Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի անտառները, որոնք կազմում են Հայաստանի անտառային գոտիների շուրջ 48 տոկոսը, տարիներ շարունակ ենթարկվում է ապօրինի ծառահատումների ու թալանի: Եվ երկու տանձենին այս պարագայում չարյաց փոքրագույնն են: Դատախազությունն անզոր է պայքարելու խոշոր հատումներ իրականացնողների դեմ, դրա համար էլ պետության վնասը խեղճ ու կրակներից է փորձում վերականգնել:

Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի երեք անտառտնտեսություններից երկուսը տարիներ շարունակ ղեկավարում են Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանի մերձավորները, 2003թ.-ից այստեղ «æիլիզա» անտառտնտեսություն ԴՓԲԸ-ի տնօրեն է աշխատում մարզպետ Հ. Քոչինյանի եղբայր Հովհաննես Քոչինյանը, իսկ ավելի վաղ «Լալվար» անտառտնտեսության ԴՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը ստանձնել է նրա աներձագ Կամո Շահնազարյանը:

Այդ տարիներին æիլիզայի անտառտնտեսության տարածքում ամբողջությամբ հատվել են Շամլուղի «Հանքի ձոր» հանդամասի անտառները, Շամլուղ-Ճոճկան ճանապարհի վրա գտնվող ֆերմայից մինչեւ Ճոճկան գյուղի գլուխը սփռված անտառները, Շամլուղ-æիլիզա ճանապարհին հարող ողջ անտառները, գրեթե ոչնչացվել են Ծաղկաշատ գյուղի սաղարթախիտ անտառները, մերկացվել է Ծաղկաշատին պատկանող «Ժիվանք» անտառածածկ հանդամասը:

Ու, եթե հաշվի առնենք Հենրիկ Քոչինյանի Շնող գյուղի գյուղապետ եղբոր՝ Հայկազ Քոչինյանի ձեռքով ոչնչացված՝ գերանդի քաշած, խոտհարք հիշեցնող Շնողի «Աթոյի դաչից» դեպի Թեղուտ գյուղ գնացող անտառներն ու Ղարաքոթուկ սարի ճամփի' շնողեցիների համար արդեն հիշողություն դարձած անտառները, ապա միանշանակ կարելի է ասել, որ տարածաշրջանի անտառների փայտի մաֆիան առ այսօր վերահսկվել է մարզպետ Հենրիկ Քոչինյանի կողմից:

Փայտով բարձված այս մեքենան մեր այցելության օրը կանգնած էր Թեղուտ գյուղի անտառում: Մեքենան առանց համարանիշների էր: Անտառի երկու տարբեր հատվածներում փայտահատները շարունակում էին «սանիտարական հատումը»' տապալելով լավագույն ծառերը:

Իսկ վայրագորեն ոչնչացված այդ անտառներում ՀՀ Կարմիր գրքում գրանցված քանի~-քանի~ հազարավոր թանկարժեք ծառատեսակներ են ոչնչացվել... Դրանք, պարզվում է, պետությանը վնաս չեն տվել, դրանց հասցրած վնասը վերականգնելու համար Լոռու մարզային դատախազությունն առանձնապես ջանքեր չի գործադրում կամ էլ անտառտնտեսությունների մանր ու միջին մի քանի պաշտոնյաների նկատմամբ քրեական գործեր են հարմարեցնում, կարծես նրանց ապօրինի անտառահատումներից ղեկավարներն անտեղյակ են:

Յոթ ամիս առաջ ալավերդցիները տեղեկացան, որ Հովհ. Քոչինյանը «æիլիզա» անտառտնտեսության տարածքում հսկայածավալ ապօրինի անտառահատման եւ պետությանը հասցրած 60 մլն դրամ վնասի համար ազատվել է աշխատանքից: Այս կապակցությամբ բնապահպանության պետական տեսչությունում մեզ հայտնեցին, որ դա համապատասխանում է իրականությանը, եւ գործին առնչվող նյութերն ուղարկվել են Լոռու մարզային դատախազություն:

Թե ինչպիսի ծանր վիճակ է ստեղծել հովանավորչությունը անտառներում, փաստում է Լոռու մարզի դատախազության կողմից տարածաշրջանի երեք անտառտնտեսությունների երեք տնօրեններին ուղարկված 31. 05. 2005թ. միջնորդագիրը, որտեղ նշվում է. «Ձեր ղեկավարած անտառտնտեսությունների գործունեությունը նպատակաուղղված չի եղել անտառային ֆոնդի պահպանմանը, զանգվածային ծառահատումների կանխմանը: Հսկողություն չի իրականացվում բաց թողնված փայտի քանակի, որակի եւ տեսականու վրա: Հաճախ վառելափայտի փոխարեն տեղափոխվում է որակյալ շինանյութ, միտումնավոր սանիտարական հատման պատճառաբանությամբ հատվում են արժեքավոր ծառատեսակներ: Անհանգստացնող է æիլիզայի անտառտնտեսությունում տիրող վիճակը: Անտառտնտեսությունները չեն կատարում պետբյուջեի նկատմամբ ունեցած պարտավորությունները, որի պատճառով առաջանում են մեծ գումարների ապառքներ, որոնք հարկադրաբար գանձվում են տնտեսական դատարանների միջոցով»: Դատախազության միջնորդագրում հատկապես ընդգծվում է æիլիզա եւ Լալվար անտառտնտեսությունների անբավարար աշխատանքը:

Այս ամենով հանդերձ' դատախազությունը բավարարվում է անհետեւանք միջնորդագրերով: Ապօրինի անտառահատումների վերաբերյալ մեր հարցմանն ի պատասխան' Լոռու մարզի Թումանյանի ՆԳ բաժնի պետ Արտուշ Բոշյանը, ով մարզպետ Հենրիկ Քոչինյանի սանիկն է, ցուցաբերելով բացառիկ զգուշավորություն, բաժնի աշխատակցուհիներից մեկի միջոցով տվեց անստորագիր մի տեղեկանք: Ըստ այդ անստորագիր տեղեկանքի' 2004թ.-ին արձանագրվել են անտառահատման 10, 2005-ին' 17, 2006-ի 8 ամիսների ընթացքում' կրկին 17 դեպք: Անտառահատումները կատարվել են տեղի եւ Լոռու մարզի բնակիչների կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter