HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«...Որ ժողովրդին էսքան մզում ես, վերջը էս ո՞նց ա լինելու»

Լոռու մարզի Ալավերդի քաղաքի եւ Թումանյանի տարածաշրջանի համայնքների քաղաքական դաշտում ԱԺ ընտրությունների նախընտրական վաղաժամ քարոզչությունը համառորեն շարունակում են իշխանական «Հանրապետական» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններն ու ՀՀ նախագահի խորհրդական Սերգո Երիցյանը: Վերջինիս' ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրվելու մտադրությունը վաղուց հայտնի է ինչպես Ալավերդու, այնպես էլ թիվ 31 ընտրատարածքի մյուս համայնքների ազգաբնակչությանը: Ս. Երիցյանը Ալավերդու կենտրոնում' Սայաթ-Նովա հրապարակին հարող շենքերից մեկի առաջին հարկում, «Մանես» հիմնադրամի գրասենյակի անվան տակ վերանորոգում է իր նախընտրական շտաբը: Ս. Երիցյանը Վալերի Մեջլումյանի ստեղծած այդ հիմնադրամի հոգաբարձուներից է:

Ակնհայտ է, որ Ս. Երիցյանը նախընտրական թիմ է ձեւավորում Ալավերդու «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի (ACP) գլխավոր տնօրեն Վալերի Մեջլումյանի ֆինանսական եւ մարդկային ռեսուրսների շուրջը: Նրան հարում են նաեւ «Օրինաց երկիր» կուսակցության Ալավերդու տարածքային կազմակերպության որոշ անդամներ, ովքեր Ս. Երիցյանի կողմից աշխատանքի են տեղավորվել նորաստեղծ պրոֆտեխուսումնարանում: Վերջիններիս, ըստ հավաստի աղբյուրների, կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը հրահանգել է վտարել կուսակցությունից:

Սակայն վաղաժամ քարոզչությունը թեկնածուի համար արդեն ունենում է անցանկալի հետեւանքներ: Նրա հանդիպումները քաղաքի ուսումնական հաստատությունների եւ համայնքների բնակիչների հետ գրեթե անհասկանալի են մնում, իսկ տեղական հեռուստաընկերության ուղիղ եթերում Ս. Երիցյանի անտեղյակ գնահատականներով ու անիրատեսական խոստումներով հագեցած հաճախակի ելույթները պարզապես նրա վրա են սեւեռում հասարակության անբարյացակամությունը: Որպես ԱԺ պատգամավորի հավակնորդ' Երիցյանին ազգաբնակչության լայն շրջանակներում առայժմ այնքան էլ լուրջ չեն վերաբերվում:

Վերջերս Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերության 50 տոկոս բաժնեմասը 18 մլն դրամով գնել է «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը: Ըստ մեր աղբյուրներից մեկի տվյալների' այս գաղափարի հեղինակը հենց Ս. Երիցյանն է: Նա է առաջարկել Վ. Մեջլումյանին գնել հեռուստաընկերության բաժնեմասը, որպեսզի նախընտրական շրջանում քարոզչության համար կարողանան օգտագործել:

«Հանրապետական» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջեւ մրցակցությունը դրսեւորվում է միմյանց նկատմամբ թույլ արտահայտված հոխորտանքներով: Աժ ընտրությունների նախապատրաստական աշխատանքներում «Հանրապետականի» կողմից ամբողջությամբ գործի են դրվել կուսակցության ձեռքի տակ եղած վարչական լծակները: Անվերապահորեն «հանրապետականացվում են» Լոռու մարզպետարանի ենթակայության առողջապահության եւ կրթության ոլորտների, համայնքների բյուջետային հիմնարկների աշխատողները: Աշխատանքն այս մարդկանց գլխին օգտագործվում է որպես մահակ, ինչը վարկաբեկում է առանց այդ էլ տարածաշրջանում հեղինակության լուրջ կորուստներ ունեցող Հանրապետական կուսակցությանը:

Ալավերդու Սայաթ-Նովայի անվ. դպրոցի տնօրեն Ալվարդ Բաբայանը, կոլեկտիվի անդամներին պարտադրելով Հանրապետական» կուսակցությանը անդամագրվել, նրանց խրախուսել է' խոստանալով, թե 50 հոգի անդամագրվելու դեպքում տոմսերը նրանց դպրոցում հանձնելու է անձամբ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Կոլեկտիվի անդամները անկանխատեսելի տնօրենի պահանջից ու աշխատանքը կորցնելու վախից հայտնվել են անելանելի վիճակում: Դպրոցի ուսուցչուհիներից մեկը, որն արդեն նկարվել էր կուսակցական տոմսի համար, մեր հարցին, թե կամովի՞ է դառնում «Հանրապետական», վրդովված պատասխանեց' «Բայց ո՞վ է մեր կամքը հարցնում»:

Նույն ոճով «հանրապետականացվել» են տարածաշրջանի 44 դպրոցների մանկավարժները: «Հանրապետականացման» գործում մեծ ջանքեր է գործադրում նաեւ Ալավերդու «Պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն Սվետլանա Քառյանը: Այստեղ էլ կոլեկտիվի շուրջ 70 անդամներից 50-ը արդեն Հանրապետական կուսակցության շարքերում են: Անդամագրվածներին տոմսերը հանձնել է Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը: Այդ օրը համաբուժարանի աշխատողների հիշողության մեջ վառ կմնան տոնականորեն զարդարված դահլիճի փուչիկները, որոնք փչել էին սանիտարուհիները:

Գյուղերում «հանրապետական» համայնքապետերն ավելի հեռու են գնում: Հաղպատում, Օձունում, Շնողում, Աքորիում, ինչպես նաեւ Թումանյան քաղաքում համայնքապետերի մարդիկ շրջում են տնետուն եւ բնակիչներին պարտադրում ընդունվել այս կուսակցության շարքերը: Ասենք, որ անվերապահորեն մարզպետ Հ. Քոչինյանին են ենթարկվում եւ նրա կայուն թիմն են կազմում համայնքապետերը, մարզպետարանի ենթակայության հիմնարկների տնօրենները եւ ամենակարեւորը' մարզի ուժային կառույցները:

Այս իրավիճակում հասկանալի է օրեցօր հեղինակազրկվող Հ. Քոչինյանի շտապողականությունը վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ ուս-ուսի, Հանրապետական կուսակցության մարզային կառույցները ամեն գնով ամրացնելու, սակայն դրանք իր ձեռքում կենտրոնացնելու համար, քանի որ կյանքը ցույց է տվել, որ նա վճռական պահերին միշտ էլ կարողացել է շրջանցել Անդրանիկ Մարգարյանին եւ այդ կառույցներն օգտագործել իր համար որպես հաղթաթուղթ:

Թե այս անգամ ու՞մ է ներկայացնելու հաղթաթուղթը Հենրիկ Քոչինյանը' Ռոբերտ Քոչարյանի՞ն, Սերժ Սարգսյանի՞ն, թե՞ ընդդիմությանը' ցույց կտա կյանքը: Կարեւորը հաղթաթուղթը իր ձեռքում պահելն ու լուսանցքում չհայտնվելն է:

Լոռու տարածաշրջանում միանշանակ չընդունվեց նաեւ նորաստեղծ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից համայնքներում կուսակցության շարքերն ընդունվելու պայմանով ցորեն, կարտոֆիլ ու տուկի թել բաժանելը: Նախ' պայմանը վրդովմունքով ընդունվեց ցորենի մեծ պահանջարկ ունեցող գյուղական բնակչության մեծ մասի կողմից, խամրեց Գագիկ Ծառուկյանի' բարերարի մեծ համբավը' էլ ի՞նչ բարերար, որ շահարկում է աղքատ ժողովրդի վիճակը,- այսպես էին ըմբոստանում տեսակետ ունեցողները, իսկ անտեսակետները դիմումով ներկայանում են կուսակցության գրասենյակ եւ մեկ կգ-ը 80 դրամով 50կգ ցորեն ստանալուց հետո ընդունվում «Բարգավաճի» շարքերը:

Օձուն գյուղի 86-ամյա բնակիչ Փաշիկ Միսկարյանին մերժել էին առանց նախապայմանի ցորեն տալ, դրա համար էլ նա վրդովված ասաց.

«Ախր ես ուզում եմ մարդ ընտրել, ոչ թե, ուրեմն, իշի քուռակ, հասկանու՞մ ես, իշի քուռակ ընտրեմ, որ օրեկան ժողովրդին մզի, մզի, տանի՞, ախր որ ժողովրդին էսքան մզում ես, վերջը էս ո՞նց ա լինելու»:

ԱԺ ընտրությունների շեմին իշխանական կուսակցություններից տարածաշրջանում գրեթե անգո է համայնքների կյանքին անհաղորդ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը, այնպես որ, եթե Վահան Հովհաննիսյանն ու Արմեն Ռուստամյանը «Հ1»-ի եւ «Հ2»-ի հեռուստաէկրաններին չերեւան, Ալավերդիում հաստատ կարող են մտածել, որ Դաշնակցությունը գոյություն չունի:

Միավորված աշխատանքային կուսակցության տարածքային կազմակերպության ակտիվիստները չեն թաքցնում, որ նոր գումարվող Աժ մտնելը կախված է իրենց կուսակցության ղեկավարության' իշխանության վերնախավի հետ ձեռք բերվելիք պայմանավորվածությունից:

ՀՀ ԱԺ ընտրությունների շեմին ակնհայտ է, որ մայրաքաղաքի քաղաքական կյանքում շատ թե քիչ նշանակալից կուսակցությունները, որոնք ԱԺ-ի ամբիոնից ճառում են երկիրը խեղդող անօրինականությունների ու ժողովրդի աղքատության մասին, համայնքներում չունեն տարածքային կառույցներ, որոնք կարող էին տեղում պայքարել իշխանությունների ոտնձգությունների դեմ, եղածներն էլ չեղածին հավասար են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter