HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Շահեն Հովասափյանի սպանությունը բացահայտված չէ

Հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզության վարչության պետ Շահեն Հովասափյանը 2006թ. սեպտեմբերի 6-ին սպանվեց իր ծառայողական մեքենայում հեռակառավարման վահանակով ղեկավարվող պայթուցիկ սարքի միջոցով:

Սպանությունն իրականացնելու մեջ մեղադրվում են Արմեն եւ Գուրգեն Վիրաբյանները: 39-ամյա գնդապետ Արմեն Վիրաբյանն աշխատում էր Շահեն Հովասափյանի ենթակայության տակ, 7-րդ վարչության պետն էր: 37-ամյա Գուրգեն Վիրաբյանը գործարար է, ղեկավարում էր իրեն պատկանող «Սեմուր & Կո» ընկերությունը: Սպանության շարժառիթը, ըստ քննչական խմբի, այն է, որ Շահեն Հովասափյանն իբրեւ մտադրվել էր աշխատանքից ազատել Արմեն Վիրաբյանին, վերջինս էլ եղբոր հետ որոշել է սպանել նրան: Այդ նպատակով Ա. Վիրաբյանը վերջին երկու ամիսներին մտերմացել էր Շ. Հովասափյանի վարորդ Անդրանիկ Չարչյանի հետ եւ սեպտեմբերի 6-ին նրա մեքենայի տակ տեղադրել պայթուցիկ սարք:

Արմեն եւ Գուրգեն Վիրաբյանները

 Երբ պետք է լրանար մեղադրանք առաջադրելու համար սահմանված 72 ժամը, առերեսում կատարվեց Շ. Հովասափյանի վարորդ Անդրանիկ Չարչյանի եւ Արմեն Վիրաբյանի հետ: Քննիչի միակ հարցին' «Ու՞մ եք կասկածում սպանության մեջ», վարորդ Ա. Չարչյանը պատասխանել է, թե համոզված է , որ Արմեն Վիրաբյանն է կատարել կամ նրա հանձնարարությամբ ինչ-որ մեկը: Առայժմ սա միակ «ապացույցն» է, որը հիմք է տվել մեղադրելու Արմեն Վիրաբյանին եւ նրա եղբորը: Ըստ Վիրաբյան եղբայրների շահերի պաշտպան Հովիկ Արսենյանի՝ սեպտեմբերի 16-ից հետո որեւէ լուրջ քննչական գործողություն իր պաշտպանյալների մասնակցությամբ չի կատարվել, եւ անհասկանալի է, թե ինչու են Վիրաբյան եղբայրները շարունակում մնալ անազատության մեջ:

Դեպքից անմիջապես հետո ամենակարեւոր ժամանակահատվածը կարելի է համարել բաց թողած, որովհետեւ քննչական խումբը մի կողմ է թողել այլ վարկածները եւ ամբողջ ներուժով կենտրոնացել է այս վարկածի վրա, իսկ այսօր էլ ցանկացած գնով փորձում է նոր «մեղադրանք» սարքել՝ Վիրաբյանների տնտեսական գործունեությունը փորփրելով: Բայց այժմ արդեն հստակ է, որ ինչպիսի հոդվածով էլ փորձեն մեղադրանք ներկայացնել Վիրաբյաններին, այն բացարձակ կապ չի ունենալու Շահեն Հովասափյանի սպանության հետ:

Այս պարագայում նաեւ անհասկանալի է, թե ինչու է առայսօր անազատության մեջ երկրորդ կարգի հաշմանդամ Գուրգեն Վիրաբյանը: Նրա առողջությունը քայքայված է, եւ ազատազրկման վայրում գտնվելու նրա ամեն մի օրը լուրջ հետեւանքների կարող է հանգեցնել: «Գործը փակուղի է մտել»,- այսպես բնութագրեց փաստաբան Հովիկ Արսենյանը նախաքննության ներկայիս ընթացքը: «Որպես պաշտպան ներգրավվելուց մեկ շաբաթ անց ես հասկացա, որ նախաքննական մարմինն այլեւս չի կարողանում առաջ շարժվել:

Արվել եւ սպառված են բոլոր այն քննչական գործողությունները, որ հնարավոր էր կատարել Վիրաբյան եղբայրների նկատմամբ հանցագործության բացահայտման հետ կապված: Հարցաքննություններ, խուզարկություններ, առերեսումներ, ցուցմունքների ստուգում եւ այլ քննչական գործողություններ կատարելուց հետո ես հասկացա, որ նախաքննական մարմինը համոզվեց հաստատապես Արմեն եւ Գուրգեն Վիրաբյանների այլուրեքությունը, որ, իսկապես, նրանք առնչություն, մասնակցություն չունեն կատարված հանցագործության հետ:

Բայց, դժբախտաբար, ինչ-ինչ պատճառներով, որը չեմ կարողանում բացատրել գործող օրենքի տեսակետից, սկսեցին ոտնահարել քաղաքացու սահմանադրական իրավունքներն ու ազատությունները, որովհետեւ մեղադրանքների առաջադրման հիմնավորվածությունը բացարձակապես անհիմն էր թե՛ շարժառիթի առումով, թե՛ ապացույցների»,- ասում է փաստաբանը:

Քննչական մարմինը շարժառիթը համարում է այն, թե իբր Արմեն Վիրաբյանը, տեղեկանալով, որ Շ. Հովասափյանը ցանկանում է իրեն ազատել աշխատանքից, վրեժխնդիր լինելու նպատակով այդպիսի քայլ է կատարել:

Մինչդեռ Արմեն Վիրաբյանը համակարգում համարվել է Շահեն Հովասափյանին նվիրված մարդ: Նրանք հենց միասին էին մշակում եւ իրականացնում տարբեր օպերատիվ գործողություններ: Արդեն իսկ ապացուցվել է, որ դեպքի օրը սպանության ժամին Վիրաբյան եղբայրները գտնվում էին Եղվարդում' «Սեմուր & Կո» ընկերությունում : Իսկ մեղադրանքում գրված է, որ սպանությունը կատարել են նրանք: «Դա բացարձակապես անհիմն է, ֆիզիկապես չէին կարող կատարել' սեղմել վահանակը»,- ասում է փաստաբանը:

Որոշ լրատվամիջոցներ, հղում կատարելով դատախազության իրենց աղբյուրներին, նշել էին, որ Վիրաբյանների Եղվարդի ամառանոցում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք ու զինամթերք: Իրականում այնտեղ հայտնաբերվել էին Արմեն Վիրաբյանի «Կոլտ» մակնիշի ծառայողական ատրճանակը եւ փամփուշտները, որը, ինչպես հետագայում պարզվել է, Ա. Վիրաբյանն ընդհանրապես չի օգտագործել:Հայտնաբերված երկու հեռակառավարման վահանակներից մեկը մանկական մոտոցիկլետինն էր, մյուսը' մեքենայի հեռուստացույցինը:

«Ես նախաքննական մարմնին չեմ մեղադրում, որովհետեւ օպերատիվ հետախուզական աշխատանքն է եղել շատ թույլ, ոչ պրոֆեսիոնալ, չունենալով որեւէ հիմք՝ ընդամենը կասկած, բնական է, որ դեպքը ծանր հանցագործություն է եղել եւ պետք է կասկածեն, բայց նաեւ կասկածելու հիմքեր ունենան, եթե հիմքերը ստեղծվել են, այն, այնուամենայնիվ, չէր տալիս այն հիմնավորվածությունը, որ մեղադրանք առաջադրվեր: Ընդհակառակը, ձերբակալման ընթացքում' 72 ժամվա ընթացքում, այդ նախկին քննչական խմբի ղեկավարն է, որ փորձ արեց կուլ գնալ քրեական հետախուզության աշխատակիցներին, նրանց տվյալներով էր առաջնորդվում, եւ փորձ արվեց նախաքննության ընթացքում ուղղորդել մեղադրանքի համար հիմքեր: Դա էր պատճառը, որ ուղղակիորեն Ա. Վիրաբյանին քննիչը հարցրեց, թե «արդյոք վերջին տաս-տասնհինգ օրվա ձեր մտերմությունը վարորդի հետ նպատակ չէ՞ր հետապնդում, որ պայթուցիկ տեղադրվեր»: Սա ակնհայտ սադրանք էր: Նախորդ օրվա քննիչի կարծիքը հաջորդ օրը հնչեցվել է վարորդի շուրթերից: Նպատակ էին հետապնդում հիմք ստեղծել մեղադրանքը առաջադրելու եւ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար: Ես կարծում եմ, որ այդպես մերկապարանոց ուղղորդված մեղադրական հակվածության գործը տանելը, բնականաբար, պետք է բերեր փակուղու»,- համոզված է Հովիկ Արսենյանը:

Ք ննիչի վերջին որոշումներից մեկում գրված է. «Այդ տեղեկությունները հիմք են տալիս ասելու, որ Վիրաբյանների ընտանիքը իրենց տնօրինման տակ գտնվող ընկերությունների գործունեության ընթացքում թույլ է տվել չարաշահումներ' խուսափելով հարկային եւ այլ պարտադիր վճարումների պարտականությունները կատարելուց»: Թե ի՞նչ կապ ունեն այս վճարումները Շ. Հովասափյանի սպանության հետ, հայտնի է միայն քննչական խմբին: Քննչական խումբը մոռացել է, որ ինքը ստեղծվել է բացահայտելու պետական պաշտոնյայի սպանությունը եւ ոչ թե Վիրաբյանների տնտեսական գործունեությունը: Քննչական խմբի նման գործելաոճը, ըստ երեւույթին, պատճառ է հանդիսացել փոխելու քննչական խմբի ղեկավարին: Այն այժմ ղեկավարում է Հեկտոր Սարդարյանը:

Պաշտպանական կողմն իր պաշտպանյալների անմեղությունը ապացուցված է համարում: Նոյեմբերի 13-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը նորից քննեց դատախազության Վիրաբյաններին կալանքի տակ պահելու ժամկետի երկարացման միջնորդությունը եւ բավարարեց այն: «Դատարանի վրա իսկապես ճնշում կա, դատարանը դարձել է կատարող մարմին»,- եզրակացնում է փաստաբանը:

Առաջին լուսանկարում` Շահեն Հովասափյանը եւ Շահեն Մեղրյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter