HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

Գ. Եգանյանը ուրիշի տարածքը հատկացրել է իր վարորդին

Հայաստանի մանկատների շրջանավարտների իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող «Այգաբաց միաբանություն» բարեգործական ՀԿ-ն ստիպված դադարեցրել է իր աշխատանքները, քանի որ արդեն երրորդ ամիսն է, ինչ նրան պատկանող գրասենյակում Տարածքային կառավարման նախարարության մ իգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանի վարորդը վերանորոգման աշխատանքներ է կատարում:

«Ամռանը 8 օր բացակայելուց հետո գալիս ենք մեր գրասենյակ եւ տեսնում, որ անծանոթ մարդիկ կոտրել են մեր դռան փականը եւ սկսել ինչ-որ վերանորոգումներ եւ ձեւափոխություններ անել սենյակում»,- պատմում է «Այգաբաց միաբանություն» կազմակերպության ներկայացուցիչ Արտակ Սարգսյանը: Մի քանի օր հետո Արտակը տեղեկանում է, որ Միգրացիոն գործակալության պետի' Գագիկ Եգանյանի հրահանգով այդ գրասենյակը, որը գտնվում է Նոր-Նորք 2-րդ զանգվածի ուսանողական հանրակացարանի 2-րդ մասնաշենքի առաջին հարկում, բնակության համար հատկացվել է նրա վարորդին' Խորեն Աբրահամյանին' որպես կարիքավոր անձի:

«Մենք վերանորոգել եւ կահավորել ենք այդ տարածքը' ծախսելով 1600 ԱՄՆ դոլար: Իսկ հիմա դրա դիմաց մեզ առաջարկում են մի նկուղային սենյակ, որը ես չեմ կարող նորից վերանորոգել, բացի այդ, այնտեղ չկան տարրական աշխատանքային պայմաններ,- ասում է «Այգաբաց միաբանության» ներկայացուցիչը,- ի վերջո, այդ սենյակն օրենքով մեզ է պատկանում»:

Միգրացիոն գործակալությունն իր հերթին վստահ է, որ իրավասու է սենյակը տրամադրել մեկ ուրիշին:

1999 թվականին 5 տարի ժամկետով ՀՀ Սոցիալական ապահովության նախարարությունը «Այգաբաց միաբանություն» կազմակերպությանն է հանձնում 42քմ տարածք ունեցող այդ սենյակը: Մեկ տարի հետո կառավարության որոշմամբ այդ շենքի տնօրինման իրավունքները ՀՀ Սոցիալական ապահովության նախարարությունից փոխանցվում են ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի եւ փախստականների վարչությանը (այժմ' ՀՀ Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալություն):

«Երբ լրացավ մեզ համար տրամադրած ժամկետը, մենք չգիտեինք' ինչպե՞ս եւ ո՞ւմ դիմեինք սենյակի վարձակալության պայմանագիրը վերակնքելու համար: Գնացի Գագիկ Եգանյանի մոտ, նա ինձ ասաց, որ ես անհանգստանալու կարիք չունեմ եւ կարող եմ հանգիստ զբաղեցնել այդ սենյակն առանց պայմանագրի վերակնքման: Ես նույնիսկ գրավոր հարցում եմ ուղարկել, բայց պատասխան չեմ ստացել,- ասում է Արտակ Սարգսյանը,- հիմա եմ հասկանում, թե ինչու էր այդպես ասում»:

Այսօր Միգրացիոն գործակալությունն այդքան զիջող եւ բարյացակամ չէ: Գագիկ Եգանյանի տեղակալ Դավիթ Հակոբյանի խոսքերով' այդ կազմակերպությունն այլեւս չի կարող զբաղեցնել սենյակը, քանի որ պայմանագրի ժամկետը լրացել է դեռեւս 2004 թվականին: «Մենք դրա մասին նրանց զգուշացրել էինք,- պնդում է պրն Հակոբյանը:-Նրանք պարտավոր էին մեզ հետ վերակնքել վարձակալության պայմանագիրը, քանի որ այդ մասնաշենքը գտնվում է մեր տնօրինության տակ: Այդ փաստը հաստատում է մասնաշենքը մեզ փոխանցելու' կառավարության որոշումը եւ ընդունման-հանձնման ակտը»:

Սակայն Արտակ Սարգսյանը չի պատրաստվում Միգրացիոն գործակալության հետ կնքել որեւէ պայմանագիր, քանի որ, նրա խոսքերով, արդեն ունի կնքած պայմանագիր օրինական վարձատուների հետ:

«Մենք պարզեցինք, որ այդ տարածքը պետական տարածք է: 2000 թվականին կառավարության որոշումը ոչ միայն պահանջում էր փոխանցել 2-րդ մասնաշենքը Միգրացիոն գործակալությանը, այլ նաեւ երկամսյա ժամկետում ապահովել շենքի պետական գրանցումը, ինչը մինչեւ հիմա չի արվել: Հետեւաբար, եթե այդ շենքը ոչ ոքինը չէ, ապա պետությանն է, եւ այս դեպքում, ըստ կարգի, այն վարձակալելու իրավունքները տալիս է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը: Մենք էլ 2006թ.-ի սեպտեմբերին դիմեցինք Գույքի կառավարման վարչություն եւ ստացանաք այդ իրավունքը»,- ասում է Արտակ Սարգսյանը:

Միգրացիոն գործակալությունում շահարկում են պայմանագրի օրինականության հարցը' չբերելով, սակայն, որեւէ հակակշռող փաստարկ:

«Արտակ Սարգսյանը դիմեց մեզ սենյակը վարձակալելու համար: Մենք «Ազգ» թերթում տվեցինք հայտարարություն սենյակը վարձակալության տալու համար, եւ տասը օրվա ընթացքում մեզ դիմեց միայն «Այգաբաց միաբանությունը», եւ մենք էլ նրանց հետ կնքեցինք պայմանագիր»,- ասում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետական գույքի գույքագրման եւ գնահատման գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Նազարյանը:

«Այգաբաց միաբանություն» կազմակերպության անդամները մանկատների նախկին սաներն են եւ զբաղվում են ՀՀ մանկատների 16 տարին լրացած շրջանավարտների սոցիալական եւ նրանց իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներով: Այժմ նրանք դադարեցրել են իրենց աշխատանքը գրասենյակ չունենալու պատճառով:

«Եթե Միգրացիոն գործակալությունը կարծում է, որ սենյակն իր գույքն է, ապա ինչպե՞ս է հանդուրժում, որ մեկ ուրիշ կառույց ինձ վարձով է տալիս այդ սենյակը եւ գումար աշխատում: Ինչու՞ չեն վիճարկում այդ հարցը: Ես ամեն ամիս վճարում եմ 8 400 դրամ մի սենյակի համար, որից ինձ վտարել են: Միգուցե ավելի հեշտ է ինձ դուրս հանել սենյակից, քան այդ հարցերը միանգամից պարզաբանել Պետական գույքի կառավարման վարչության հետ»,- ասում է Արտակ Սարգսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter