HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սողանքները քանդում են Դիլիջանը

Դիլիջան քաղաքի անտառները երկրաբանները որակել են «հարբած անտառ»: Քաղաքը շրջապատող անտառի ծառերը թեքվել են ցած ու ստեղծել խմած մարդու տպավորություն: «Դա ամենահայտնի նշանն է սողանքների ակտիվ գործունեության»,- ասում է երկրաբանահանքաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Յադոյանը:

Որքան Դիլիջանը գեղեցիկ է իր բնությամբ, այնքան վտանգավոր է երկրաբանական տեսակետից: Դիլիջանը բարդ ռելիեֆ ունի: Մայթերն ու փողոցները կառուցված են թեք լանջերին: Դիլիջանի կենտրոն տանող փողոցը բաժանվում է երկու մասի. մեկը թեքվում է դեպի ձախ, որի աջ հատվածը ընկած է անտառի ստորոտում, մյուսը Մյասնիկյան տանող փողոցն է: Երկու ճանապարհն էլ քարուքանդ են եղել ոչ թե ավտոմեքենաների կամ ժամանակին չնորոգելու պատճառով, այլ՝ սողանքների արդյունքում:

Քաղաքը սողանքավտանգ գոտի է համարվում դեռեւսս 1970-ականներից: Սողանքների առաջացման հիմնական պատճառը մասնագետները համարում են ստորերկրյա ջրերը, որոնք այսօր էլ կուտակվում են Դիլիջանի «հատակում» ու թուլացնում այն: Եթե այս իրավիճակը շարունակվի ու ոչինչ չձեռնարկվի, ապա, ինչպես խորհուրդ է տալիս ժամանակին Դիլիջանի սողանքներն ուսումնասիրած աշխատանքային խմբի ղեկավար Ռուբեն Յադոյանը, «դիլիջանցիները լավ է թողնեն հեռանան»:

«Կարող է հենց հիմա էլ իմանաք, որ քարուքանդ է եղել ողջ Ռոտոնդա թաղամասը. սողանքն իջել, այն քանդել ու տարել է»,- ասում է երկրաբանը:

Ռոտոնդան այն թաղամասն է, որը դեռեւս 1970-ականներին հայտարարվեց բնակության համար վտանգավոր: Ռուբեն Յադոյանը հիշում է, թե հենց այս եւ նրան հարակից Թալա կոչվող թաղամասերում շարքից դուրս էր եկել 150-200 տուն: Դրանց տերերը խորհրդային իշխանությունների օրոք տեղափոխվեցին քաղաքի այլ հատվածներ: «Այն, ինչ կատարվել է 1977թ.-ին Ռոտոնդա թաղամասում, այսօր սկսվել է Մյասնիկյան փողոցում»,- նկատում է Երկրաբանական ինստիտուտի գեոէկոլոգիայի լաբորատորիայի վարիչ Ռուբեն Յադոյանը:

Ալբերտ Հովհաննիսյանի տունը գտնվում է Մյասնիկյան փողոցում: Նա զայրացած ցույց է տալիս տան հենապատը, որը թեքվել է անտառից հոսող ջրերի ճնշումից: Պատերին ճեղքեր են առաջացել, իսկ սողանքի հետեւանքով տան տակով հոսող ջրերը խոնավացրել են պատերը:

«Արեւը նույնիսկ չի փրկում: Անկողինն ահավոր խոնավ է»,- ասում է նա ու հետո ցույց տալիս ավտոտնակի դռները, որոնք ուռել են խոնավությունից ու դժվարացրել դրանք բացել-փակելը: «Փողոցի բոլոր տներն էլ այս վիճակում են»,-ասում է Ալբերտն ու ավելացնում, որ հարեւանի նոր տունն արդեն մեջտեղից ճաքել է:

74-ամյա Կարլեն Գրիգորյանի նորակառույց տունը նույնպես հասցրել է ճաքեր տալ: «Պատճառը անտառից հոսող ջուրն է: Հողը տակից հոսում է»,- ասում է նա ու «Ի՞նչ կլինի» հարցին պատասխանում. «Ի՞նչ պիտի լինի: Հնարավորություն չունենք նոր տուն սարքելու»:

Մյասնիկյան փողոցի մեկ այլ բնակչի' Մելս Հարությունյանի երկհարկանի տան խոհանոցի պատը ճաքել է ու իրարից հեռացել:

Դիլիջանում սողանքների հետեւանքներից բողոքում են ոչ միայն քաղաքի կենտրոնական հատվածի, այլ նաեւ ծայրամասային փողոցների բնակիչները:

Քաղաքապետարանի բնապահպանության, գյուղատնտեսության ու կոմունալ բաժնի մասնագետ Հասմիկ Տոնոյանը մատնացույց է անում Ռոտոնդա թաղամասի փլված հենապատերը, խորդուբորդ դարձած կենտրոնական փողոցը, որի որոշ հատվածներ 30 աստիճանով բարձրացած կամ իջած վիճակում են ու շեշտում տեղական իշխանությունների անզորությունը Դիլիջանը սողանքներից փրկելու գործում:

Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, վտանգավոր համարելով ստեղծված իրավիճակը, ներկայացնում է մի քանի վտանգավոր տեղեր. «Ահավոր վտանգավոր տեղեր ունենք, որտեղ հենապատերը լրիվ փլված են: Հետեւանքը շատ ծանր է ազդելու քաղաքի վրա: Փողոցը եթե քանդվեց, քաղաքի մի մասի կապը մյուսի հետ կտրվում է»: Երկրաբանական ինստիտուտին 5 միլիոն դոլար է հարկավոր Դիլիջանի սողանքների ներկայիս պատկերը ճշտելու եւ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու համար: Առանց այդ ուսումնասիրությունների Ռուբեն Յադոյանը չի կարող որեւէ կոնկրետ առաջարկ անել:

Դեռեւս խորհրդային տարիներին Դիլիջանի սողանքներն ուսումնասիրելու համար Յադոյանի ղեկավարած 120 հոգանոց խումբը քաղաքի տարածքով 350 չափման սարք էր տեղադրել: Դրանց միջոցով մասնագետները սահմանել էին հողի տեղաշարժման պատկերը, կանխարգելիչ միջոցառումների ցանկը:

Վերջին չափումը կատարվել է 20 տարի առաջ: Ռուբեն Յադոյանը անհրաժեշտ է համարում կրկին չափումներ կատարել, որից հետո քարտեզ կկազմվի ու հնարավոր կլինի ասել, թե քաղաքի որ հատվածն է ակտիվացած եւ որտեղ ինչ պետք է արվի: «Տեսել եմ տեղեր, որտեղ շարժումը մետրերի է հասնում, տները քանդվում են արդեն»,- ասում է Ռ. Յադոյանը:

Ժամանակին խորհրդային իշխանությունները կառավարական հատուկ որոշումով հաստատեցին Դիլիջանի սողանքների վտանգավորությունն ու սահմանեցին դրանց ուսումնասիրման անհրաժեշտությունը: Կառավարությունը 11 միլիոն ռուբլի տրամադրեց, որով ոչ միայն ուսումնասիրվեց վիճակը, այլեւ մի շարք կանխարգելիչ միջոցառումներ անցկացվեցին: Ռուբեն Յադոյանի ղեկավարած խումբը եզրակացրեց, որ ստորերկրյա ջրերի մակարդակը մեկ երրորդով բարձրանալու դեպքում կայունության գործակիցը մեկով կնվազի, եւ սողանքը կակտիվանա: Որպեսզի դա տեղի չունենա, հարկավոր է հետեւել ջրերի մակարդակին ու իջեցնել այն թունելների, հորատանցքերի ու այլ միջոցներով: Յադոյանի եզրակացության հիման վրա կառուցվեցին չորս մեծ եւ երկու փոքր թունելներ: Առաջինը կառուցվեց Թալա թաղամասում:

2,2 կմ երկարությամբ թունելախորշից հետո քաղաքի կենտրոնում կառուցվեց երկրորդ թունելը, որը, ըստ Ռ. Յադոյանի, 40 սմ ցածր էր Թալայի թունելից եւ այնպես էր տեղադրվել, որ ծածկի սողանքի ողջ տեղամասը: Երրորդ թունելը Կաղնի խաչ կոչվող թաղամասում կառուցվեց: Սրա շնորհիվ, ինչպես հաստատում է երկրաբանը, տասնյակ հազարավոր խորանարդ մետր կուտակված ջուր դուրս թափվեց: Ռուբեն Յադոյանը համոզված է, որ թունելի շնորհիվ 1988-ի երկրաշարժի ժամանակ թաղամասի տները կանգուն մնացին:

«Եթե թունելը չլիներ, ջրերը դուրս չթափվեին, ապա Կաղնի խաչը կլիներ Աղստեւ գետի ափին: Այն անպայման կպոկվեր, որովհետեւ այդ տարածքը նստած էր ջրով լցված բարձրության վրա ու ցնցման ժամանակ այդ մասը կիջներ ցած»:

Թունելներով, փաստորեն, պետք է իջեցվեր ստորերկրյա ջրերի մակարդակը: Ռուբեն Յադոյանն անգամ հաշվարկել է ջրի քանակը. վայրկյանում 300 լիտր ջուր կարելի է ստանալ ստորերկրյա ջրերից: Խորհրդային կարգերի տապալման պատճառով թունելներն այդպես էլ ավարտին չհասցվեցին: Ռուբեն Յադոյանը նախագծել էր թունելները' դրանք շրջապատելով զուգահեռ փորված հինգ հորատանցքերով, որոնք ջրազերծ կանեին թունելից դուրս եկող ջրերը: Այս առաջարկը այդպես էլ մնաց թղթի վրա: Թղթի վրա մնացին նաեւ թունելների բետոնապատումը եւ մշտական շահագործումը:

«Թունելները փորելուց հետո դրանք պետք է ջրահավաք դառնային: Բայց մնացին որպես թունելներ ու հիմա այնտեղ կարելի է ընդամենը սունկ աճեցնել»,- ասում է Ռուբեն Յադոյանը: Թունելների կիսատ կառուցումից բացի Յադոյանը Դիլիջանի սողանքների դեմ պայքարը հասցրեց մինչեւ քաղաքը շրջապատող ձորակը բետոնատաշտակներով ամրացնելը: Այդ կերպ նվազում է ջրերի թափանցումը, հողի էռոզիան: Դիլիջանի վերին մասում՝ Թալայում, ջրազերծման հոր կառուցեցին, որով նախատեսվում էր կուտակել տեղումներից առաջացած ջրերը:

«Այդ բետոնները քանդել-տարել են: Թունելախորշերի բերանները ինչ-ինչ կառուցումներով են պատել, փակել, եւ ջրերը ազատ դուրս չեն գալիս դրանցից»,-բողոքում է Ռուբեն Յադոյանն ու մտահոգված ասում, թե մյուս կողմից էլ քաղաքի կենտրոնում շինարարություն են անում, ինչը կարող է մոտ ապագայում քանդվել անգամ փոքր ցնցման ժամանակ:

Դիլիջանի քաղաքապետարանը սահմանափակվում է սողանքների հետեւանքների վերացմամբ, ինչի ազդեցությունը Յադոյանը կարող է որակել չափումներ անելուց հետո միայն: Այս տարի կառավարությունը 80 միլիոն դրամ է հատկացրել Հովվաջուր գետի ափերը հենապատելու համար: Չկան գումարներ նույնիսկ թունելները շահագործելու ու պահպանելու համար: Քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը եթե նույնիսկ հայթայթի պահանջվող 5 միլիոն դոլարը սողանքներն ուսումնասիրելու համար, միեւնույն է ի վիճակի չէ 500 միլիոն ծախսել դրանք վերացնելու համար: Ռուբեն Յադոյանը համոզված է, որ եթե հիմա ոչինչ չարվի, ապա հետագայում ավելի շատ գումար կպահանջվի: Ըստ նրա' Դիլիջանի տարբեր հատվածներում ճահիճներ ու լճեր են առաջացել: Անտառը շարունակում է իջնել, փողոցներն ու տները' քանդվել:

«Եթե քաղաքի կենտրոնում սողանքն այնքան է իջել, որ այլեւս շարժվելու տեղ չունի, ապա Թալայում այն զարգանում է, իսկ Կաղնի խաչ թաղամասը հետագա վտանգավոր տարածքն է»,- ասում է Ռուբեն Յադոյանը: Նա այդ մասին բազմիցս տեղեկացրել է կառավարությանը ու մնացել անպատասխան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter