HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բանտից դուրս գալուց հետո կավատները շարունակում են իրենց գործը

Դուբայի մեր աղբյուրները հայտնեցին, որ հայտնի կավատներ Ամալյա Մնացականյանը եւ Մարիտեա Մուսայելյանը կանանց երկու նոր խումբ են բերել Դուբայ:

Այս երկու կավատներն էլ վերջին տարիներին իրենց նմանատիպ գործունեության համար Հայաստանում մի քանի անգամ դատապարտվել են: Երկուսն էլ տարիներ շարունակ հետախուզման մեջ էին Ինտերպոլով: Պատիժը սահմանելիս դատարանը երկուսի նկատմամբ էլ հաշվի է առել մեղմացուցիչ հանգամանքեր եւ ազատազրկել կարճ ժամկետներով: Ազատազրկման վայրից նրանք երկուսն էլ վաղակետ ազատ են են արձակվել:

43-ամյա Ամալյա Մնացականյանը հայտնի է «Նանո» մականունով: Իր «վաստակի» համար իրավապահները նրան անվանում են «մայր կավատ»:

Նանոն 2000թ. օգոստոսի 16-ին կավատությամբ զբաղվելու համար դատապարտվել է պայմանական ազատազրկման: Նշանակված 2 տարի տեւողությամբ փորձաշրջանի ընթացքում եւ դրանից հետո էլ շարունակել է զբաղվել իր նախկին գործով:

Ամալյա Մնացականյանը 2002թ. սեպտեմբերից հետախուզման մեջ էր: 2003թ. երկու տարբեր քրեական գործեր միացվել են մեկ վարույթում. հիմք է ընդունվել այն հանգամանքը, որ հավաքագրված կանանց սեռական շահագործման է ենթարկել Ամալյա Մնացականյանը:

Քննությունը պարզել է, որ 2002-2003թթ. Նանոն նաեւ «կեղծել եւ իրացրել է պաշտոնական փաստաթղթեր, անձանց դրդել եւ օժանդակել է ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելուն»:

Արաբական Միացյալ Էմիրությունների ոստիկանությունը մեր իրավապահների դիմումներին ընդառաջելով' ձերբակալեց Ամալյա Մնացականյանին, եւ 2004թ. մարտի 10-ին նա տեղափոխվեց Հայաստան:

2004թ. հունիսի 2-ից օգոստոսի 25-ը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում տեղի ունեցավ վերոհիշյալ գործի դատաքննությունը:

Նանոյի զոհերից մեկը' Մարինե Վարդանյանը, իր ցուցմունքում գրել էր. «Ինձ ու իմ նմաններին անասելի ձեւով տանջում էին: Ինչ այլասերություն ասես, որ չէին ստիպում անել: Ու էդ ամենը գլխավորում էր Նանոն, նա էր մեր բոսը: Ոչ մեկին չէր խղճում, նույնիսկ հիվանդ ժամանակ ստիպում էր հաճախորդներ ընդունել, որ փողերը վերցնի: Նրա նմաններին ուղղակի պետք է ոչնչացնել»: Իսկ դատարանում վկայություն տալով' նա ասել էր. «Անձնագիրս վերցրին ձեռքիցս ու ստիպեցին ինչ ասես անել: 21 օր եմ մնացել Դուբայում ու ոչ մի կոպեկ չեմ աշխատել: Իսկ ինչ էլ աշխատեի, պիտի տայի Նանոյին: Բայց ես չկարողացա հարմարվել: Ընկա ոստիկանություն, հետո էլ արտաքսվեցի: Եկա Հայաստան սարսափելի վիճակում: Հիմա 3-րդ կարգի հաշմանդամ եմ»:

Քննությամբ պարզվել էր, որ 2000-2003թթ. ընթացքում Ա. Մնացականյանը հավաքագրել է 40-ից ավելի կանանց եւ ուղարկել Էմիրություններ: Ըստ մեղադրական եզրակացության տվյալների' այդ ընթացքում նա աշխատել է 221 000 ԱՄՆ դոլար:

Դատարանում Նանոն հրաժարվել էր ցուցմունք տալ, բայց իրեն մեղավոր է ճանաչել:

Քանի որ հանցագործությունները կատարվել են 1998-2003թթ., պատժաչափը որոշելիս դատարանն առաջնորդվել էր նախկին Քրեական օրենսգրքով: Իսկ նախկին Քրեական օրենսգրքում մարդկանց առեւտրին վերաբերող հոդված չկար, եւ Նանոն ՀՀ Քրեական օրենսգրքի 262 հոդվածով (կավատություն) դատապարտվեց երկու տարի ազատազրկման:

Ազատազրկման վայրում Նանոն մնաց ընդամենը երկու ամիս: Դուրս գալով' նա շարունակեց իր նախկին գործը:

Դեռ այն ժամանակ, մեր տեղեկություններով, Նանոյին հովանավորում էին գեներալներ, այդ պատճառով էլ նա կարճ ժամանակում ազատվեց բանտից եւ առանց վախենալու շարունակեց իր աշխատանքը:

Մարիետա Մուսայելյանի մասին «Հետք»-ը գրել է մի քանի անգամ, նրա զոհերին մենք հանդիպել ենք թե՛ Դուբայում, թե՛ Հայաստանում (տես' Անապատի գիշերներում, Ինչու կավատները չեն պատժվում):

Երեք անգամ ազատազրկված Մարիետա Մուսայելյանին դատարանը միշտ տվել է մեղմ պատիժներ: 2005թ. մայիսին դատարանի որոշմամբ նա վաղակետ ազատվեց քրեակատարողական հիմնարկից (տես' Կավատին աջակցեց նաեւ դատարանը):

Այս անգամ կանանց հավաքագրել է անձամբ ինքը' Մարիետա Մուսայելյանը:

Առաջին խմբում եղել է յոթ կին' հիմնականում մարզերից: Կանանց խմբին նոյեմբերի վերջին Մոսկվայով Դուբայ է հասցրել Մարիետա Մուսայելյանը: Նրան ուղեկցում էր ընկերը' Սերոժ անունով: Նանոն Մոսկվայով Դուբայ իր հետ տարել է երեք կանանց:

Տեղեկատվության մեր աղբյուրը Դուբայում հանդիպելով Նանոյին' հարցրել է. «Ինչպե՞ս եկար, չե՞ս վախենում»: Նա պատասխանել է. «Բոլորից երաշխիք ունեմ, ինչի՞ պիտի վախենամ, փողին մունաթ»:

Մեզ հաջողվել է պարզել, որ Նանոն Երեւան-Մոսկվա-Դուբայ բոլոր տոմսերը գնել է «Դելտա-Արմենիա» ընկերության գրասենյակից եւ մեկնել է նոյեմբերի 18-25-ը ընկած ժամանակահատվածում:

«Նանոն մի քանի աղջիկ գնել է Էրեբունի մասիվի հանրակացարանում բնակվող Անոյից: Նրանց հետ էր նաեւ Անոյի բարեկամուհի Մարինի աղջիկը: Շենգավիթի Սուսանը վաճառել է Գյումրիից մի աղջկա: Սուսանը հիմա Աբովյանի գաղութում է»,-այս մասին մեզ հայտնեց «Հետքի» խմբագրություն այցելած Մարիետա Մուսայելյանի ծանոթներից մեկը, ում բարեկամուհուն նույնպես Մարիետան տարել էր Դուբայ: Մեր առաջարկին' դիմել իրավապահներին, նա պատասխանեց, որ վախենում է քաշքշուկներից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter