HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թաթուլ Հակոբյան

Արկադի Ղուկասյան. «Քաշաթաղում տեսնում եմ լուրջ խնդիրներ»

Լեռնային Ղարաբաղի նախագահի համար պարզ է, թե իրավիճակը փոխելու համար ինչ պետք է անել

Վերջին ամիսներին հայաստանյան եւ սփյուռքյան մամուլում եղել են բազմաթիվ հրապարակումներ այն մասին, որ Լեռնային Ղարաբաղում եւ հարակից տարածքներում վերաբնակեցման քաղաքականություն չի տարվում եւ ընդհանրապես՝ պետական մակարդակով նման քաղաքականություն ուղղակի գոյություն չունի: Ավելին, ըստ արժանահավատ տեղեկությունների, Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը միմյանց կապող Քաշաթաղի (նախկինում՝ Լաչինի, Ղուբաթլուի եւ Զանգելանի շրջաններ) հատվածում տեղի է ունենում հակառակ գործընթացը՝ վերաբնակիչները հեռանում են այնտեղից, քանի որ նրանց նկատմամբ տարվում է, մեղմ ասած' «անտարբերության քաղաքականություն»:

Մի քանի օր առաջ Հայաստանի նախկին վարչապետներից (1993-1996 թթ.) Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ միայն իր ղեկավարության օրոք Քաշաթաղում վերաբնակեցվել է 10 հազար մարդ, որոնց թվում հայ փախստականներ եւ տեղահանվածներ, ովքեր իրենց տունը, կահ-կարասին եւ անցյալը կորցրել էին Խորհրդային Ադրբեջանում: Հետագայում, միայն Քաշաթաղի շրջանում վերաբնակիչների թիվը հասել է 12 հազարի: Մինչդեռ այսօր, ամենալավատեսական հաշվարկներով, այնտեղ ապրում է մոտ 7 հազար մարդ, իսկ արտագաղթն այդ շրջանից շարունակվում է: Մոտ երկու տարի առաջ Լեռնային Ղարաբաղի կողմից վերահսկվող տարածքներում ԵԱՀԿ փաստահավաք առաքելությունը մոնիտորինգ անցկացրեց՝ պարզելու, արդյո՞ք Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի իշխանությունները վերբնակեցման քաղաքականություն են վարում, թե՝ ոչ: ԵԱՀԿ փաստահավաք առաքելության զեկույցում հստակ գրվեց, որ վերաբնակեցման քաղաքականություն պաշտոնական, պետական մակարդակով չի տարվում, իսկ վերահսկելի յոթ շրջաններում բնակվում է մոտ 13 հազար մարդ, որից մոտ 7 հազարը՝ Քաշաթաղում:

Դեկտեմբերի 11-ին, Ստեփանակերտում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում երբ Արկադի Ղուկասյանին հիշեցրեցի, որ նախկինում Քաշաթաղում կրկնակի ավելի մարդ էր ապրում, քան այսօր, նա այդ թվերի հետ չհամաձայնեց: Լեռնային Ղարաբաղի նախագահը համաձայն էր, սակայն, մեկ այլ հարցում: «Իրոք այնտեղ (Քաշաթաղում) տեսնում եմ լուրջ խնդիրներ, եւ ոչ միայն այնտեղ: Բոլոր մեր շրջաններում ունենք այդ կարգի խնդիրներ, ուղղակի այդ շրջանում (Քաշաթաղում) պրոբլեմն ընդգծված է: Մենք պետք է կատարենք անհրաժեշտ քայլեր: Ձեր նշված թվերը չեն համապատասխանում իրականությանը», ասաց Ղուկասյանը:

Նա հավելեց, որ նախագահին կից անվտանգության խորհրդում քննարկվել են այդ շրջանի հետ կապված հարցերը: «Մեզ համար պարզ է, թե ինչ պետք է արվի, որ իրավիճակը փոխվի: Պրոբլեմները ոչ միայն սուբյեկտիվ են, այլեւ՝ օբյեկտիվ: Դուք գիտեք այդ շրջանների վիճակը, քայքայված ճանապարհներ... Մենք կամ պետք է ավելի կոմպակտ վերաբնակեցնենք այն ընտանիքները, որոնք վերաբնակվում են այնտեղ, կամ պետք է կարողանանք կառուցել այն ենթակառուցվածքը, որն անհրաժեշտ է նորմալ կյանքի համար: Դուք պատկերացրեք, մենք ունենք գյուղ, որտեղ ապրում է 4 ընտանիք, եւ այդ գյուղի համար պետք է կառուցել 30 կմ ճանապարհ, որի արժեքը 5 միլիոն դոլար է: Կրկնեմ' կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ խնդիրներ, այն ինչ կապված է սուբյեկտիվ խնդիրների հետ, մենք արագ լուծելու ենք, այն ինչ օբյեկտիվ է, մեզ ժամանակ է պետք, որ Հայաստանի եւ Սփյուռքի հետ համատեղ լուծումներ գտնենք», ասաց Ղուկասյանը:

Լեռնային Ղարաբաղի նախագահը հավաստիացնում է, որ վերաբնակեցման հարցերով զբաղվում են հանրապետության մի շարք հիմնարկներ' ե'ւ անվտանգության ծառայությունը, ե'ւ Ազգային ժողովը, ե'ւ կառավարության որոշ կառույցներ: Ղուկասյանն ասում է, որ ամբողջ ԼՂՀ տարածքում, թեեւ դանդաղ, բայց նկատվում է բնակչության աճ:

Նախագահ Արկադի Ղուկասյանի մամուլի ասուլիսում հարց ուղղվեց նաեւ վերջին հեռուստամարաթոնի եւ համահայկական ազգային տուրքի ընթացքում հանգանակված մոտ 14 միլիոն դոլարի մասին: Լեռնային Ղարաբաղի նախագահն ակնհայտորեն գոհ է վերջին հեռուստամարաթոնի արդյունքներից, բայց համոզված է, որ հնարավոր է ավելի լավ արդյունքներ ունենալ:

«Սփյուռքի հնարավորությունները շատ ավելի մեծ են, եւ եթե մենք կարողանանք ճիշտ բանալին գտնել, ճիշտ հասցեագրված աշխատել սփյուռքի հետ, մարաթոնների արդյունքները կլինեն շատ ավելի մեծ, պոտենցիալ դեռ կա, ուղղակի պետք է գտնել ժամանակ, ճիշտ մարդիկ, որոնք կկարողանան այդ բանալիներով բացել սփյուռքահայության սրտերը». ասաց նախագահը:

Ստեփանակերտ- Երեւան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter