HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Մայրաքաղաքին իրատեսական կարգախոս է պետք

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը օրեր առաջ հրավիրած քննարկման ժամանակ գնահատում էր վարչական շրջանների ղեկավարների աշխատանքը: Ինձ հետաքրքրում էր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին տրված գնահատականը, որտեղ նաեւ ես եմ բնակվում, սակայն նրա անունը չհանդիպեցի դրական եւ բացասական գնահատականի արժանացած շրջանների ղեկավարների ցանկում:

Նրա հարցում քաղաքապետը թերեւս լիովին չէր կողմնորոշվել, ուստի անկեղծ ցանկություն ունեցա օգնելու նրան՝ իր իսկ կիրառած չափանիշները ելակետ ունենալով: Ըստ պաշտոնական լրատվության՝ գնահատման համար հիմք են հանդիսացել վարչական շրջաններում սեփական եկամուտների հավաքագրումը եւ դիմում-բողոքների արձանագրման ու փաստաթղթաշրջանառության իրականացումը:

Ինքս էլ Նոր Նորք վարչական շրջանի եկամուտների հավաքագրման ցուցանիշներին չեմ տիրապետում, բայց մի օրինակը բավարար է, որպեսզի պատկերացում կազմեմ հավաքագրման ցուցանիշի եւ ընդհանրապես այս շրջանի ղեկավարության աշխատաոճի մասին: Ուզում եմ ներկայացնել այն՝ քաղաքապետին թողնելով գնահատման սանդղակում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղը որոշելու իրավունքը: 

2011թ.-ի նոյեմբերի 20-ին Նոր Նորքի Նանսենի 17 շենքի մի քանի բնակիչներս քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղված դիմումով տեղեկացրել էինք, որ շենքի որոշ բնակիչներ ինքնակամ փոխել են տանիքի ջրահեռացման խողովակի հունը եւ ջրահեռացումը տեղափոխել մեկ սենյականոց բնակարանների կոյուղու խողովակի միջով:

Դրա հետեւանքով անելանելի վիճակ է ստեղծվել բնակարաններում, քանի որ սառցակտորները, անձրեւի բերած քարը, հողն ու ավազը լցվելով խցանում են առաջացնում կոյուղատար խողովակում: Սառույցներից խցանված կոյուղատարից կեղտաջրերը բարձրանալով լցվում են բնակարանները:

Մեր գրությունը վերահասցեագրվել էր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին: Վարչական շրջանի աշխատակիցները տեղում լինելով համոզվել են դիմումում նկարագրվածի իսկության մեջ, սակայն վթարի պատճառները վերացնելու փոխարեն 30 օր բնակիչներիս խնդրանքը մերժելու պատճառներ էին որոնել: 

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալ պրն Ա. Թովմասյանի պատասխանում նշված է. «2005թ. մուտքի բնակիչների դիմումի հիման վրա, նրանց համաձայնությամբ, Նոր Նորքի թաղապետարանի կողմից  տանքի ջրահեռացման խողովակը միացվել է մեկ սենյականոց բսնակարանների կոյուղագծին»:

Այս յուրօրինակ խոստովանությամբ պրն Թովմասյանը հաստատում է, որ տարիներ առաջ շենքի ջրահեռացման խողովակի վթարայնությունը վերացնելու եւ ջրահեռացումը բնականոն հունով տանելու փոխարեն թաղապետարանը հարցը «լուծել» է  շենքից ջրահեռացումը մեկ սենյականոց բնակարանների կոյուղատար խողովակ տեղափոխելով:

Իբրեւ համայնքի վարչական կառույց նրանք պետք է արգելեին ցանկացած ինքնագործունեություն, սակայն իրենք են կատարել անօրինականությունը: Սույն  գրությունը բողոքարկել էինք քաղաքապետին եւ խնդրել՝ պարտավորեցնել վարչական շրջանի ղեկավարին՝ իրենց իսկ միջոցներով վերացնել վթարայնությունը, քանի որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալի խոստովանություն-գրությունը փաստում է, որ ստեղծված վիճակի մեղավորը հենց իրենք են:

Երկրորդ գրությունից հետո վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանի հրավերով հարցը քննարկվեց նրա աշխատասենյակում եւ մեզ թվաց, որ մեր պարզաբանումները գոնե նրա համար ընկալելի են: Պրն Գասպարյանը համոզիչ տոնով հայտնեց, որ եղանակների տաքանալուն պես հարցը կլուծվի, «իհարկե, դա չի կարելի այդպես թողնել»:

Քանի որ այդ հարցով գրավոր էինք դիմել քաղաքապետին, ուստի պատասխանն էլ գրավոր էինք ակնկալում, որը ուշանում էր: Միայն զանգերից հետո, խախտելով օրենքով նախատեսված բոլոր ժամկետները՝ 2012թ. հունվարի 12-ի գրությանը Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարի տեղակալը պատասխանեց մարտի 3-ին: Ուղարկվեց մի պատասխան, որում խնդիրը լուծելու մեր բանավոր համաձայնությունը տեղ չի գտել, այլ կերպ ասած, դիմումը մերժվել է:

Տեսնել էր պետք հարցին լուծում տալու կոչված մանր ու միջին չինովնիկների տեսքը, որոնք դիմումիս ծանոթանալուց հետո միայն ափսոսանքի խոսքեր էին ասում ինձ, որից հետո կշտամբում՝ «ախր ինչո՞ւ ես ցածր հարկում բնակարան գնել»: Նրանց դեմքի խղճուկ արտահայտությունը եւ որեւէ հարց լուծելու անկարողությունը ինձ մոտ էլ էր խղճահարության զգացում առաջացնում ... նրանց նկատմամբ: Պատասխանս մեկն էր. «Երեւի այն պատճառով, որ շենքի ճակատին գրված չէր՝ թաղապետարանի մեղքով ցածր հարկերը հանրային զուգարանի են վերածվել»: Չնայած այս դեպքում բազմահարկ շենքի վերին հարկերի մասին էլ այլ բան չես կարող ասել:

Գրության մեջ վարչական շրջանի ղեկավարի տեղակալը նշում է, որ հիշյալ շենքի երկրորդ մուտքը 5 մլն դրամի պարտք ունի: Սա, իհարկե մեր դիմումի պատասխանի շրջանակում չէր տեղավորվում եւ անհասկանալի էր, թե ինչ նկատառումով էր այն գրված նամակում՝ որպեսզի ե՞ս հավաքեմ այդ պարտքը, թե՞ հրաժարվեմ պահանջ ներկայացնելուց: Նշված պարտքը, եթե կապ ունի մեր բարձրացրած խնդրի հետ, ապա այն առկա է եղել նաեւ 2005թ.-ին, երբ խողովակի վթարայնության խնդիրն առաջացել է: Ուրեմն ինչո՞ւ այն ժամանակ պարտքերի հավաքագրումով չեն պայմանավորել հարցի լուծումը, ինչո՞ւ են թույլատրել անօրինականությունը, չէի՞ն գիտակցում, որ դրանով ոտնահարում են տասնյակ ընտանիքների սեփականության իրավունքը:

Եթե հարցը կարող էր լուծվել «համապատասխան վճարումներ կատարելու դեպքում», ինչպես ասվում է պատասխան գրության մեջ, ուրեմն ինչո՞ւ է ժամանակին անգործություն դրսեւորել թաղապետարանը եւ վճարները չի հավաքագրել:  Առհասարակ, եթե հավանական են համարում, որ անցած 20 տարիների պարտքը հնարավոր է հավաքել ինչո՞ւ հիմա չեն նախաձեռնում:

«ԺԵԿ»-ի տիկինը, ով առանցքային դերակատարում էր ունեցել այդ ապօրինությունն իրականացնելու հարցում, ջանք չէր խնայում համոզելու, որ չնայած բնակիչները սպասարկման վարձը չեն վճարում, բայց հարկ եղած դեպքում իր գրպանից է դնում ինչ-որ աշխատանք կատարելու համար:

Չգիտեմ, վարչական շրջանի ղեկավարի համար համոզիչ էր իր աշխատակցի անձնուրացությունը, բայց ես մտածում էի, թե ի՞նչն է հարկադրում տիկնոջը նման ինքնազոհության գնալու: Նա, եթե պատրաստակամ է աշխատելու, ուրեմն ինչո՞ւ բնակիչներից չի հավաքագրում գումարները, որպեսզի իրականացնի իր պարտավորությունները, այլ որոշել է իր ինչքը զոհել այլոց խնդիրները լուծելու համար: Ընդամենը հուշեցի, որ ոչ ոք չի ներկայանա համատիրություն եւ խնդրի ընդունել իր վճարը շենքում առնետների առատությունը տեսնելուց հետո, ամեն աղբահանումից հետո հարկերում աղբի ավելի մեծ կույտեր տեսնելուց հետո:

Իհարկե, տիկինը տեղյակ էր իրավիճակին եւ անմիջապես վրա բերեց, որ ինքը սանէպիդկայանի հետ պայմանագիր ունի եւ նրանք «դեղ են դնում»: Տեսնես քանի՞ առնետ է սատկել այդ միջոցառման արդյունքում, ցավոք, շենքում նման վիճակագրություն չեն պահում, բայց տիկնոջն ուզում եմ ասել, որ ամեն աշխատանք իր արդյունավետությամբ է գնահատվում: Այս շենքում միայնակ շրջելը, հատկապես երեխաներից ու երիտասարդ աղջիկներից մեծ համարձակություն է պահանջում:

Շքամուտքում օգնության կանչեր լսելիս ոչ ոք իրարանցում չի առաջացնում, այլ փայտը ձեռքին դուրս է գալիս մտածելով, որ առնետները շրջապատել են ինչ որ մեկին եւ օգնության պետք է հասնել: Տեղյակ չէ՞ այդ մասին իր աշխատասենյակում անցկացնող տիկինը, ով գումարները հավաքագրելու միայն մի տարբերակ ունի՝ սպասում է հերթական բնակչին, ով ներս կմտնի մի տեղեկանք ստանալու համար եւ նրան անմիջապես կհիշեցնեն, որ չի վճարել բնակվարձը: Կամ՝ «բրոկերին» կտեղեկացնի, որ ինչ-որ մեկը բնակարան է վաճառում ու դիմացը միջնորդավճար կստանա եւ այլն: Դե, գումար վաստակելու հազար ու մի տարբերակ կա:

Իսկապես, ճիշտ է քաղաքապետը, որ որոշել է աղբահանության վճարները զատել մյուս հարկատեսակներից, այն ժամանակ պարզորոշ կերեւա հավաքագրման ցուցանիշը: Բայց, մինչ կգա այդ օրը եւ նոր թվական ցուցանիշներով քաղաքապետը նորովի կգնահատի վարչական շրջանների ղեկավարների կառավարման արդյունավետությունը, ես այլ կարգախոս կառաջարկեի հերթական ընտրություններում բացարձակ իշխանության ձգտող քաղաքական ուժի ներկայացուցչին, մանավանդ որ ընտրված կարգախոսը ոչինչ չի ասում մարկանց: Օրինակ, «21-րդ դարում մայրաքաղաքն առանց ժանտախտի»: Հավատացեք, այս կարգախոսն ամենաարդիականն է այսօր մեր քաղաքի համար, պրն քաղաքապետ, «հավատացե՛ք, որ փոխեք»:

Դատական վիճակագրությամբ վարչական դատարաններն ամենածանրաբեռնվածն են այսօր եւ համեմատական վիճակագրությամբ ամեն տարի հայցադիմումների թիվն աճում է, դատարան դիմողների դժգոհությունն էլ հետը, քանի որ խախտվում է ողջամիտ ժամակետներում քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը:

Դատարանում հարցի լուծումը դատավորների թվաքանակի ավելացումն են համարում, իսկ գործադիրը դրանից հետեւություն չի անում, որպեսզի դատական ակտերի վերլուծություն կատարի եւ պարզի, թե որտեղ են թերանում պետական բյուջեից վարձատրվող հազարավոր չինովիկները, ի՞նչ խնդիր պետք է լուծեն, որը չեն անում, իսկ ինքը նրանց վարձատրելու հետ մեկտեղ դատավորների թվաքանակը պետք է ավելացնի, որպեսզի դատավորը նրանց հարկադրի կատարել ստանձնած պարտավորությունները:

Պարզե՞լ եք, թե տարեկան գանձապետարանից որքան գումար է ծախսվում անգործություն դրսեւորած չինովնիկի մեղքով դատական ծախսերը փոխհատուցելու եւ վարչական տուգանքներ վճարելու համար: Միգուցե դատավորների թվաքանակն ավելացնելու փոխարեն կառավարման որակը բարելավելու մասին մտածե՞ք:

Մեկնաբանություններ (2)

Նազիկ
Փոխվեք,որ հավատանք,պ-ն նախագահ,մենք մի անգամ հավատացել ենք:Հիմա հերթը Ձերն է:Եթե այսպես շարունակվի Ձեզ հավատացողները կլինեն միայն հանցագործները,ուրիշի սեփականության դեմ ոտնձգություն կատարողները,այն բուտիկների տերերը,ովքեր իրենց տանը հանգիստ նստած են,իսկ իրենց սեփականության պաշտպանության համար ամբողջ ոստիկանական համակարգն է աշխատում:Այն դեպքում,երբ որևէ օրինախախտին կարգի հրավիրելու համար ոստիկան ենք կանչում,չեն բարեհաճում ժամանել:Այնպես որ,պ-ն Սերժ Ազատի,փոխվեք,որ հավատանք:
Nazik
Հարգարժան Սառա,ես ամբողջովին համամիտ եմ Ձեզ հետ:Պատկերացնու՞մ եք,որ եթե դուք լինելով մայրաքաղաքում,ունենալով համայնքատիրություն,այդքան փորձությունների միջով եք անցնում,բա ինչ անեն այն մարդիկ,ովքեր բնակվում են հեռավոր Նոյեմբերյանում,մայրաքաղաքից 200 կմ հեռավորության վրա,ու չգիտես որ օրենքով նրանց շենքերը տեր չունեն,համայնքատիրություն չկա,որ մեկի կոկորդից բռնես ու պահանջես,որ մարդկանց իրավունքները պաշտպանեն:Չգիտեմ որ խելոքի մտքով է անցել բազմաբնակարան շենքերի մասին օրենքում գրել,որ տանիքները համարվում են ընդհանուր սեփականություն ու մարդկանց գցեն կրակի մեջ:Դե երևի այդպես են գրել,մտածելով որ իրենց կողմից տեղադրված ալեհավաքներն էլ օրինականացնեն,հաշվի չառնելով,թե դա ինչքան ծանր կարող է նստել տանիքի անմիջապես տակ ապրող մարդկանց վրա:Հաշվի չի առնվել նաև այն փաստը,որ քաղաքներ կան,որտեղ ընդամենը մեկ ժամ ջրամատակարարում է տեղի ունենում և կարող է ներքևում ապրողների մտքով անցնել քանդել տանիքը,ջրի բաք տեղադրել,ազբոշիֆերները ջարդելով:Դե խեղճ վերրևի ապրող ինչքան ուզում ես դռնեդուռ ընկի,բողոքներ գրի,վերջում էլ գցում են դատարան,այնտեղ էլ ասում են իբր չես կարում ապացուցես,որ տվյալ հարևանն է փչացրել տանիքը,հլա դատական ծախսերն էլ դնում են վզիդ ու եթե չես կարողանում մուծես,բնակարանդ հանում են աճուրդի:Դե պ-ն Սերժ Սարգսյան,ինձ հավատացրու, որ ընդունակ եք փոխվելու:Եթե 6 տարիների ընթացքում չփոխվեցիք,էլ ե՞րբ եք փոխվելու:Հավատա՞մ Ձեզ,եթե Ձեզ էլ եմ դիմել և ձայն բառբառո......

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter