HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիամ Չախոյան

Զրպարտության համար հայց` ընդդեմ «Կենտրոն TV»-ի

Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մայիսի 11-ին պետք է քննվեր ՔԿՀ-ներում պահվող երկու անձի` Աշոտ Հարությունյանի և Գևորգ Հայրապետյանի հայցերն ընդդեմ «Կենտրոն» հեռուստատեսության:

Հայցվորները «Կենտրոնից» պահանջում են հերքել անցած տերեվերջին «Հետաքննություն» հաղորդաշարի շրջանակներում հեռարձակված տեղեկությունները` հերքման համար անվճար հեռուստաեթեր տրամադրելով և հատուցելով երկուական միլիոն դրամ՝ պատճառված բարոյական վնասի ու դատական ծախսերի համար: Սակայն նիստը նշանակվեց այլ հերթի` պատասխանող կողմի չներկայանալու պատճառով:

Ըստ դատարանի` հեռուստաընկերության ներկայացուցիչը պատշաճ կերպով ծանուցվել էր նիստի մասին, սակայն բացակայելու մասին չէր տեղեկացրել: Հայցվոր կողմի միջնորդությամբ դատարանը որոշեց չհրապարակել վճիռը: Դատավորը հատկապես նշեց, որ լրատվամիջոցներին առնչվող գործերն առանձնակի ուշադրություն են պահանջում, և հապճեպ քայլերն արդարացված չեն:

«Հետաքննություն» հաղորդաշարի լրագրող Արթուր Հակոբյանը, ով պատրաստել էր վիճարկվող երկու հաղորդումները և դատարանում ներկայացնում է «Կենտրոն» հեռուստաընկերության շահերը, «Հետք»-ի հետ հեռախոսազրույցի ընթացքում դատարան չներկայանալը պատճառաբանեց քաղաքից բացակայությամբ: Նա նշեց, որ հեռուստաընկերությունը դեմ չէր լինի առանց իր ներկայացուցչի վճռի հրապարակմանը:

Ըստ երկու գործերով հայցվորների շահերի պաշտպան Սեդա Սաֆարյանի` իր երկու վստահորդների քրեական գործերը գտնվում են բողոքարկման փուլում, և քանի որ դատավճիռներն օրինական ուժի մեջ չեն մտել, վիճարկվող հաղորդումների հեռարձակմամբ խախտվել է նրանց անմեղության կանխավարկածը:

Տեսանյութերը հեռարձակվել են անցած տարվա վերջին` երկու դատական գործերով վճիռների հրապարակումից հետո: Ըստ Սաֆարյանի` նկարահանված տեսանյութերը ուղեկցվել են Գևորգ Հայրապետյանի և Աշոտ Հարությունյանի մասին պատմող տեքստերով, որոնք դիտելիս տպավորություն էր ստեղծվում, թե տեսանյութերն իրական են:  

Մասնավորապես, ըստ Սաֆարյանի, Աշոտ Հարությանյանին վերաբերող տեսանյութում կան  ծեծի տեսարաններ, որոնք միտված են հասարակական կարծիք ձևավորելու, որ երիտասարդին ծեծողը հենց Աշոտ Հարությունյանն է, մինչդեռ իրականում այդպես չի եղել: Իսկ Գևորգ Հայրապետյանին վերաբերող տեսանյութում ցույց է տրվում դրամի գաղտնի փոխանցման տեսարան, և դարձյալ տպավորություն է ստեղծվում, որ կադրում եղած անձը Հայրապետյանն է:

Ըստ «Կենտրոն» հեռուստաընկերության հաղորդած տվյալների` տեսանյութերը կարելի է գտնել ՀՀ Գլխավոր դատախազության կայքէջում:

Անցած տարի այս երկու քրեական գործերն էլ մեծ հնչեղություն ստացան, քանի որ մի գործով քննվում էր Չարենցավանի ոստիկանությունում կասկածելի հանգամանքներում «ինքնասպանության» դիմած Վահան Խալաֆյանի մահվան փաստով հարուցված գործը, իսկ մյուսով ազատամարտիկը մեղադրվում էր հայրենիքի դավաճանության մեջ:

2010 թ. նոյեմբերի 29-ին ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով դատապարտվել է 8 տարվա ազատազրկման պաշտոնեական լիազորություններն անցնելու և  ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկված Վահան Խալաֆյանի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Բացի Հարությունյանից, գործը բողոքարկում են նաև տուժողի իրավահաջորդ Խալաֆյանները և ՀՀ Գլխավոր դատախազությունը: Դատախազությունը գտնում է, որ բացի Աշոտ Հարությունյանից և Մորես Հայրապետյանից, գործում ներգրավված ևս երկու ոստիկան պետք է պատիժ կրեն: Իսկ Խալաֆյանները գտնում են, որ նոյեմբերի 29-ի վճռով իրական մեղավորը մնում է անպատիժ և հույս ունեն, որ վերաքննիչ դատարանին կհաջողվի գործը ճիշտ ուղղությամբ տանել:

Իսկ ազատամարտիկ Գևորգ Հայրապետյանը 2010 թ. հոկտեմբերի 25-ին  հայրենիքի դավաճանության մեղադրանքով դատապարտվեց 12 տարվա ազատազրկման: Նրա մարտական ընկերները, չընդունելով Գևորգի դեմ ներկայացված մեղադրանքը, բողոքի ակցիաներ են կազմակերպում և նույնիսկ սպառնում հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից:

Փաստաբան Սաֆարյանը համոզված է, որ վաղ թե ուշ թե՛ Աշոտ Հարությունյանը և թե՛Գևորգ Հայրապետյանը արդարացվելու են: Սակայն հեռուստաեթերով հաղորդված ոչ համաչափ լուսաբանումը «ծայրահեղ վարկաբեկող է» և ծառայում է մեկ նպատակի` վատաբանել իր վստահորդներին և ազդել վերաքննիչ դատարանի վճիռների վրա:

«Այս երկու տեսահաղորդումները ունեն մեկ նպատակ` ազդել վերաքննիչ դատարանի վրա, կեղծ, բեմականացման օգնությամբ հանրության մոտ ստեղծել թյուր կարծիք երկու անձանց մասին, ովքեր անարդարացիորեն են դատապարտվել,- ասում է Սաֆարյանը և հավելում, - տեսանյութերն ուղղակիորեն պատվիրված էին Գլխավոր դատախազության կողմից»:

Լրագրող Ա. Հակոբյանը չհերքեց այն տեղեկությունը, որ նյութերը տրամադրել է Գլխավոր դատախազությունը` առանց իրենց կողմից դրանց վերաբերյալ հարցում կատարելու:

Սակայն Հակոբյանը գտնում է, որ անմեղության կանխավարկածի իրավունքը «Կենտրոնը» չի խախտել, քանի որ երկու գործերի դեպքում էլ կային դատական վճիռներ: Բացի այդ, իրենք դատարանում նշել են տեղեկությունների ստացման աղբյուրը, և, այս փաստը հաշվի առնելով, դատարանը պետք է մերժի երկու հայցերը:

Փաստաբան Սաֆարյանը շարունակում է առարկել` նշելով, որ դատավճիռները դեռևս ուժի մեջ չեն մտել, և անմեղության կանխավարկածը դեռևս գործում է: Սակայն, հաշվի առնելով հանրության տեղեկացված լինելու իրավունքը, նյութերը կարելի էր ներկայացնել սահմանափակ և համաչափ կերպով: Մինչդեռ դրանք ներկայացվել են այնպիսի համատեքստում, որն ակնհայտորեն, միտումնավոր վարկաբեկում է: Նա շեշտեց, որ իր վստահորդների համար փաստերի հերքումը չափազանց կարևոր է, քանի որ դրանք կարող են լրջորեն վնասել նրանց հեղինակությանը նույնիսկ արդարացման վճիռներից հետո:

«Հերիք չի այս մարդկանց անհիմն դատապարտում են, նրանց վարկաբեկում են հրապարակայնորեն, և որն ավելի վատ է` վարկաբեկում են հարազատների և ընկերների շրջանում,- ասում է փաստաբանը,- Գևորգ Հայրապետյանի մասին թողարկված տեսանյութից հետո հանդիպում եմ նրա մարտական ընկերներից մեկին, ով ինձ մեղադրում է` բա ասում էիք Գևորգն անմե՞ղ է. է՞դ էր ձեր անմեղը: Ինչպե՞ս համոզենք էս մարդուն, որ հեռուստատեսությամբ տեսածը բեմականացում էր»,- ասաց փաստաբանը:

Ըստ Ս. Սաֆարյանի` այս դեպքում հայցի դրամական մասի բավարարումն այնքան էլ կարևոր չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter