200 դրամանոց ընտրություն (պատմվածք)
Տաիշա Աբելար
Մոտենում էր ընտրություններն, ու ազգս հերթական անգամ խառնված էր: ՏԻՄ ընտրություններ էին, բայց դրանց հետ կապ ունեի այնքան, ինչքան հիմա:
Ես աբստրակտ նպատակ ունեի, որը հընթացս ենթարկվելով տարատեսակ տրանսֆորմացիաների, բովանդակային առումով բազմիցս փոփոխվել է, սակայն վերացարկվելիության առումով` գրեթե մնացել է նույնը:
Պայուսակիս մեջ մոտ քսան դոլարի համարժեք դրամ կար, որը դոլարի վերածելու ու դոշակի տակ պահելու անսահման ցանկությունից տոգորված` գլխապատառ ոտքի տակ էի տալիս Երևանի փողոցները` հույսով, որ ինչ-որ փոխանակման կետում գործարքը կկարողանամ 10 դրամ էժան անել ու նույն չափին համարժեք երջանկության նոպա ապրել:
Դոշակի տակ փող պահելու ավանդույթը սրբության մը պես բան էր իմ համար, որը ծծել էի մորս կաթի հետ. պապս Պարսկաստանից պարկով թուման էր բերել ու քնում էր վրան այնքան ժամանակ, մինչև դրանք դարձան թուղթ ու լցվեցին վառարան:
Մեկ դոլարն արժեր 590 դրամ, իսկ եթե հաջողեցնեիր վաճառողից գնել` 580 դրամ, տարբերությունը 20 դոլարի դեպքում կազմում էր 200 դրամ, որն իմ համար մեծ հարստություն էր:
Էդ մտքերով տարված Աբովյանով քայլում եմ դեպի հրապարակ, երբ ականջալուր եղա ինձ հետաքրքիր խոսակցության:
-Էստեղ որտեղ չեյնջ կա՞,- լսվեց դիմացից:
Մտքի հեղինակը կին էր` ձեռքին բռնված մոտ երեք տարեկանաչափ աղջիկ երեխա: Հարցով դիմել էր Արմոս խանութից դուրս եկած մի երիտասարդի: Ես անմիջապես մեջ ընկա էն բանից հետո, երբ երիտասարդն ասաց, որ չգիտի:
-Իսկ ինչքա՞ն ա պետք,- գործնական հարցրի կնոջը:
Պարզվեց կնոջը 20 դոլարի մանր էր պետք: Մտածեցի, որ ճիշտ ուղղությամբ եմ շարժվում: Թեպետ տարբեր պատմություններ եմ լսել այն մասին, որ նմանատիպ գործարքներով մարդու գլխին սարքում են: Կինն ինձ չէր դիմել, նա լրիվ պատահական հարցնում էր, թե որտեղ կարող է 20 դոլարը մանրել, ես էլ երազում էի վաճառողից 20 դոլար գնել: Երկու փոխադարձ մտքերն իրար էին համընկել: Ամեն ինչ ճիշտ էր ու մտածելու բան չկար:
Կինը պայուսակից հանեց 20 դոլարանոցը, իսկ ես` խնամքով դասավորված դրամները: Դոլարը պետք էր գնել, որովհետև ազգային արժույթը արագորեն արժեզրկվում էր, ու ո՞վ գիտեր, թե մեկ տարի հետո այդ նույն դոլարը 590-ից չէր դառնա, ասենք 700 դրամ:
Կինը հաշվեց դրամները, իսկ ես տնտղում էի դոլարը: Էդ ժամանակ դոլար տեսել էի միայն հեռուստացույցով, ու կասկածամիտ ենթատեքստի հարցեր էի տալիս կնոջը, որի իմաստն էն էր, որ ուզում էի հավաստիացած լինեի ամերիկյան արժույթի իսկությամբ:
Քսան դոլարանոցը ուղղանկյուն կտրվածքի ու բաց կանաչավուն երանգով թղթադրամ էր, որի մի անկյունում կարմիր կնիքով ինչ-որ տառեր էին դրոշմված: «Հաստատ կեղծ է»,- յոթ անգամ շուռումուռ տալուց հետո որոշեցի ես ու դարձա կնոջը:
-Էս ինչ պեչատած թվե՞ր են:
-Չգիտեմ, թվեր են էլի,- պատասխանեց կինը` հեռանալու ակնհայտ նպատակներով:
Կնոջ անտարբեր պատասխանից սիրտս տակն ու վրա եղավ ու մտածեցի, որ 200 դրամի պատճառով` անորոշ հսկայական ժամանակում կուտակած 11600 դրամիցս զրկվելու եմ: Տվյալ պարագայում ենթադրում էի, որ նա պիտի մի 48 անգամ ինձ համոզեր, որ դոլարը կեղծ չէ, այլ ընդհակառակը` նոր է դուրս եկել տպագրական սարքից, ու, ընդհանրապես ասած, էդ 20 դոլարի պես երկրորդն այլևս չկա արար աշխարհում: Քանի որ կինը նման կերպ վարվելու որևէ նպատակ չուներ, այլև պատրաստվում էր շարունակել ճանապարհը, ես արագորեն որոշում կայացրի:
-Կներեք, բայց ես փոշմանեցի: Ձեր դոլարը լավն է, բայց ես հետ եմ ուզում իմ փողերը,- ասացի:
Կինը տարակուսած նայեց դեմքիս, բայց չառարկեց: Պայուսակից հանեց իմ դրամները, հետ տվեց ու նույնիսկ պահանջեց, որ մանրամասն հաշվեմ: Դրամներս հետ ստանալու մտքից հուզված` յոթ անգամ ներողություն խնդրեցի կնոջից, իսկ ընթացքում միջնամատով շոյում էի հետ եկած հինգհազարանոց երկու թղթադրամների ծայրը:
Կինը վերցրեց իր դոլարն, ու մենք բաժանվեցինք:
Արդեն հանգստացած սրտով քայլեցի դեպի հրապարակ, մտքումս նորից վերլուծելով կնոջ դիրքորոշումն ու մտածելով, որ, հավանաբար, դոլարն իսկական էր, ու, երևի չարժեր կայացած գործարքը չեղյալ համարել: Էդ ընթացքում ոտքերս տանում էին դեպի Ամիրյան, որտեղից պիտի իջնեի Մաշտոց: Մաշտոցից ինձ տուն տանող տրանսպորտն արժեր 250 դրամ, մինչդեռ կոնսերվատորիայի մոտ ուսանողական ավտոբուսներ կային, որոնց երթևեկությունն արժեր 100 դրամ:
Սկսեցի մտածել էդ ուղղությամբ, թե ինչու էի հայտնվել Աբովյանում: Սովորաբար, համալսարանից միանգամից իջնում էի ուղիղ դեպի օպերա, որտեղ նստում էի 100 դրամանոց ավտոբուս:
Դեռ ամեն ինչ կորած չէր: Մտածեցի ու քայլերս հետ ուղղեցի դեպի կոնսերվատորիա: Բայց ընտրեցի նույն հետդարձի ճանապարհն ու շատ սխալ արեցի: Որովհետև դեռ նոր էի հասել Մանկական աշխարհ, երբ աչքովս ընկավ կնոջ սֆաթը: Ուղեղիս մեջ միտք կայկծկլտաց, որ ճիշտ դեպք չէր: Մինչ կհասցնեի ուրիշ բան մտածել, կինը արագորեն մոտեցավ ու բռնեց թևիցս:
-Ես էլ հենց քեզ էի ման գալիս,- գոռաց,- ո՞ւր ա պասպորտս:
Հասկացա, որ թունդ խրվել եմ: Ստեղ արդեն 200 դրամն էլ կապ չուներ: Եղածն` եղած էր: Կինը` մարտական տրամադրված, տնկված էր դեմս ու նահանջելու ոչ մի մտադրություն չուներ:
-Ես քո պասպորտի հետ ինչ գործ ունե՞մ,- փորձեցի առարկել,- ես քո պասպորտի երեսը տեսե՞լ եմ:
Թևս ազատեցի ու փորձում եմ ճանապարհս շարունակել: Գլխիս մեջ անմիջապես ծնվեց պատկերը, որ սա լրիվ պայմանավորված ծուղակ է, որի մեջ ընկա հիմարաբար, ու հիմա, հավանաբար, ինչ-որ տեղ մարդիկ են սպասում, որոնք կգան կնոջ իշմարով ու կտանեն գլուխս ուտելու:
-Օգնեցեք, մարդիկ,- լայն բացված աչքերով գոռաց կինն ու դրանց մեջ կարդացի վերջս:
Մի պահ մարդիկ հավաքվեցին, որոնց նա փորձում էր բացատրել միջադեպի էությունը, սակայն ամբոխը շատ արագ ցրվեց: Հավանաբար, մտածեցին, որ լավ կլինի շարունակեն իրենց ճանապարհը, ու լավ էլ արեցին:
Ես քայլեցի, կինը` հետևիցս: Կրկնակոխ գալիս էր` պնդելով, որ ինձ գցելու է ոստիկանի բերանը:
Նույնիսկ չեմ էլ ուզում լսել, թե ինչ անձնագրի մաիսն է խոսքը: Մինչև վերջ համոզված եմ, որ ծուղակ է, որի միակ նպատակը մարդկանց գլխին պատմություն հյուսելն ու փող կորզելն է:
Փնչալով հետևիցս գալիս էր, շարունակաբար սպառնալիքներ տեղալով, որ հիմա, հենց հիմա, մի մութ անկյունում փիս ոստիկան կա թաքնված, որն սպասում է իմ պես հիմար աղջնակի:
Ոստիկանին տեսանք: Մութ անկյունում չէր թաքնված: Ընդհանրապես թաքնված չէր: Այլ բաց ու բոլորի համար տեսանելի տեղում կանգնած էր: Երբեք ոստիկան չեմ տեսել Սայաթ-նովայի` դեպի կոնսերվատորիա տանող հատվածում: Ասես հենց մեզ էր սպասում: Կինը` հևակտուր վազեց դեպի ոստիկանը.
-Միլիցա ջան, միլիցա, էս աղջիկն իմ գլխին սարքել ու պասպորտը ձեռիցս առել ա,- դուրս տվեց նա,- օգնեք ինձ:
Ես հանգիստ փորձում եմ բացատրել միջադեպի էությունը, իսկ ոստիկանն անտարբերությայմբ լսում է ու առաջարկում գնալ քաղմաս: Կյանքիս մեջ առաջին անգամ գործ ունենալով օրենքի պաշտպանի հետ, սարսափեցի քաղմաս անունը լսելով:Մտածեցի, որ դա մի մութ զնդան է, որտեղ զբաղվում են իմ պես հիմար աղջիկների հետ փիս-փիս բաներ անելու համար մեթոդաբանության մշակմամբ:
Փորձում եմ ոստիկանի հետ երկխոսության մեջ մտնել` հղում անելով կնոջ ուղեղի շարիկների պակասության մասին բացահայտ նշաններին. ոստիկանն անտարբերությամբ դիմակայում է իմ փաստարկներին, պնդելով, որ ամեն ինչ հնարավոր կլինի պարզել քաղմասում:
Քաղմաս գնալ, բնականաբար, հրաժարվում եմ, իսկ ոստիկանը ձանձրույթից հորանջելով` առաջարկում է իրար հետ լեզու գտնել: Հասկանում եմ, որ միակ տարբերակը դա է, որովհետև կինը ձեռք չի քաշում:
Միայն այդ ժամանակ եմ նայում կնոջ ճակատին: Մեր հերոսուհին, ուրեմն, հաղթանդամ կին էր, որի տրամադրվածությունից ժայռեր կպայթեին: Դրսում վաղ աշուն էր, ու կնոջ հագին բարակ, թափանցիկ կտորից, բաց մոխրագույն զգեստ էր, որը մեջքի մասում ամբողջությամբ գրկել էր իրանը, իսկ կոնքերից ներքևում ծփալով իջնում էր մինչև ծնկներ:
Բաց մոխրագույն զգեստ հագած կինը նահաջնելու մտադրություն անգամ չուներ ու առաջարկեց գնալ Լեզվի ինստիտուտ, որն այն ժամանակ բակում թաքցրել էր Կաթողիկեին: Հենց նոր ուղեղիս հասավ նրա բարբաջանքի իմաստը, որն ամբողջ ճանապարհին շաղ էր տվել Աբովյանից մինչև Սայաթ-նովա:
Կինը, պարզվում է, ամուսին ուներ Հունաստանում, որը նրան փող էր ուղարկել: Բնականաբար, դոլար: Փաստորեն, Լեզվի ինստիտուտում բանկային մասնաճյուղ, կամ էլ դրա տիպի մի այլ բան կար, որովհետև կինը պնդում էր, որ այնտեղ անձնագրով ստացել է փողը, այնուհետև Աբովյանով բարձրացել դեպի հրապարակ: Հընթացս մտածել է, որ լավ կլիներ դրամ ունենար ու դոլարը դրամի վերածելու փնտրտուքների արդյունքում էլ հատվել էին մեր ճանապարհները: Միջադեպից հետո, երբ ես գնացել եմ, կինը որոշել է ստուգել անձնագրի առկայությունը, որը նրա համար կենաց մահի նշանակություն ուներ, որովհետև պատրաստվում էր քանի մը օրից լքել երկիրս ու այստեղ եկել էր ինչ-ինչ մութ հարցեր լուծելու նպատակով: Պարզվել է` անձանգիրը տեղում չէ, ու կինը որոշել է, որ իր գլխին սարքել եմ` անձնագիրը ձեռքից խլելու նպատակով: Սույն աշխարհացունց հայտնությունից հետո նա խելապատառ արագությամբ սկսել է չափչփել Աբովյանը` հույսով, որ կգտնի ինձ, ինչն էլ եղել է: Ու հիմա, փորձելով հավատալ, որ ես իր անձնագրի հետ ոչ մի կապ չունեմ, ինձ քարշ է տալիս Լեզվի ինստիտուտ, որովհետև ինձնից բացի կասկածի առարկան այն էր, որ, թերևս, փողն ստանալուց հետո, անձնագիրը մոռացել է Լեզվի ինստիտուտում:
-Բայց ես ինչի՞ պիտի ձեզ հավատամ,- հուսահատորեն փորձում եմ առարկել, որովհետև նախ` մոտս ոչ մի անձնագիր չկա, հետո էլ մտածում եմ, որ հենց ինքն է իմ գլխին սարքում ու նպատակադրած ինձ տանում է Լեզվի ինստիտուտ, որտեղ մեզ սպասում են` ըստ պայմանավորվածության, գլուխս ուտելու:- Համ էլ իմ ինչի՞ն է պետք ձեր պասպորտը:
-Ես ինչ իմանամ ինչ ֆոկուսներ եք անում մարդկանց անձնագրերով,- պատասխանում է կինը:
Պարզվում է` երկու օրից ընտրություններ էին լինելու, որի մասին տեղեկանում էի նրանից, ու կինը մտածել էր, թե անձնագիրը խլում եմ` ձայն կեղծելու համար:
-Գոնե էս էրեխուդ մեղք արի,- նոր նկատեցի աղջկա ներկայությունը, որի ձեռքը բռնած քարշ էր տալիս Երևանի փողոցներով մեկ:
Բայց կինը, պարզվեց, հաղթանդամ մարմնին ուղիղ համեմատական անդրդվելի տրամադրվածություն ուներ:
-Եթե պարզվի, որ պասպորտս Լեզվին ինստիտուտում է, ես քեզնից ներողություն կխնդրեմ ու Հունաստանից քեզ նվեր կուղարկեմ,- ուշադրություն չդարձնելով երեխայի մասին ակնարկներիս, շարունակեց նա:
Բոլոր փաստարկներս սպառելով հասկացա, որ ուզեմ-չուզեմ պիտի գնամ Լեզվի ինստիտուտ: Գնացի: Այսինքն` գնացինք: Ես: Բաց մոխրագույն զգեստ հագած կինն ու ձեռքից բռնած մի երեք տարեկանաչափ երեխան:
Քայլում ենք, ուրեմն: Ու էդ ընթացքում զրիցի է բռնվել հետս ու կյանքն է պատմում: Զգում եմ, որ թուլացել է մի փոքր ու ուզում եմ ցվրվելու մասին ակնարկներ անել, բայց հենց խոսքը գալիս է դրան` գլուխը տնկում է առաջ:
Ամբողջ ճանապարհին չի լքում զգացողությունը, որ թունդ խրվել եմ, չնայած հավատում եմ կնոջ անկեղծությանն ու մտածում, որ, իսկապես էլ հնարավոր է, որ անձնագիրը մոռացած լինի Լեզվի ինստիտուտում: Դա անհավատալի չէ, բայց մեկ է` բերանումս գոյացած դառը համը դեպի գլխուղեղ ազդակներ է փոխանցում, որ տիրոջ հետ ամեն ինչ կարգին չէ:
Մոտենում ենք Լեզվի ինստիտուտին, ու դրանից աղիքներս սկսում են փորումս անհանգիստ կծկումներ անել: «Բա՞ որ էդ կնկա պասպորտը հանկարծ էստեղ մնացած չլինի, ես ի՞նչ եմ անելու,- մտածում եմ,- ձեռքից պրծնելու հնար չկա»:
Հասանք: Ուրեմն աստիճաններ կային, որոնք տանում էին դեպի մուտք, իսկ իմ կարծիքով` դեպի դժոխք: Առաջարկում է, որ միասին բարձրանանք վերև: Հրաժարվում եմ: Մտածում եմ, որ էնտեղ մեզ մարդիկ են սպասում:
-Ես էստեղ կսպասեմ,- ասում եմ, բայց մտածում եմ, որ սա հենց մտնի շենք` ես տեղում ցվրվելու եմ:
Կինը, պարզվում է, իմ մթով գնացած տեղերը ցերեկով է գնացել ու մտքերս կարդում էր: Ուրեմն, նախապես որոշել էր անելիքն ու գրկեց երեք տարեկան աղջկան, որն անմռունչ հնազանդվում էր մորն ու ամբողջ Երևանը քարշ եկել մոր ձեռքից բռնված ու տվեց գիրկս:
-Էրեխուս թողում եմ մոտդ, որ չփախնես,- անվրդով ասաց կինն ու չնայելով ապուշ կտրած ճակատիս` քայլեց դեպի աստիճանները:
Ու ստեղ` ոնց ասում են, ես լրիվ թքեցի փայտիկին, որովհետև հասկացա, որ սա ավելի խառը պատմություն է, որ էս կինը երեխային, փաստորեն, քցում է վրաս: Մտքերի բույլը կայծակնային արագությամբ պատկերներ է փոխում գլխումս, որտեղից դուրս են թռչում երկու իրար հակադիր պատկերներ. կամ էս կինը երեխային թողում է վրաս, կամ էլ գնացել է մարդ բերի, թե էս աղջիկը, ուրեմն, իր երեխային ուզում է գողանալ: Դրան վերադիր անձնագրի պատմությունն ու ընտրությունները, որ իր անձնագրի միջոցով զեղծարարությամբ եմ ուզում անել, գումարած 20 դոլարը, ինքը հո գիտեր, որ մոտս 11600 դրամ փող կար. ոստիկանները որ խուզարկեին` կհարցնեին, թե որտեղի՞ց էս կինը գիտի դրամիս քանակը, գումարած էն, որ ամենասկզբից կասկածում էի, թե էս կինը գործ տվող է, որ ոչ մի անձնագրի ու երեխայի հարց էլ չկա, ուղղակի իմ պես հիմարի էր փնտրում, որ ոստիկանությանը գործ տա ու մի կլորիկ գումար վաստակի:
Ու մինչ կինը արագ-արագ քայլերով առաջանում է դեպի աստիճանները, ես` երեխան գրկումս, ապուշ կտրած կանգնած եմ ու ջոկում եմ, որ հենց էս կնիկը բացեց մուտքի դուռը` ես պիտի ստեղից թռնեմ:
-Բա՞ որ հետևիցս հասնեն ու բռնեն,- մտածում եմ,- դա ավելի կծանրացնի մեղքս, որովհետև մաքուր մարդը փախնելու կարիք չունի:
Աղջիկն էլ գրկումս ոչ բվվում էր, ոչ` գվվում: «Կարող է` համր է»,- մտածում եմ ու խիղճս մի կողմից էլ տանջում է, որ, ախր, էս երեխուն մենակ-անտեր ո՞ւր եմ թողնում էստեղ:
Ուրիշ բանի մասին մտածելու ժամանակ չկար: Հենց կնոջ մոխրագույնի զգեստի փեշը կորավ դռան հետևում, ես կայծակնային արագությամբ գրկիցս իջեցրի աղջկան ու թռա:
-Տեղ չեթաս ստեղից, մինչև մամադ կգա,- հասցրեցի շշնջալ երեխայի ականջին, ու հաջորդ պահին արդեն` խելահեղ արագությամբ վազում եմ անհայտ ուղղությամբ:
Ուրեմն, 2000 թվերն էր, ու Երևանի փողոցները` դատարկ: Կարծես գրքի մեջ հայտնված լինեի ու էդ ամբողջ քաղաքի մեջ` չորս հոգի. ես, մոխրագույն զգեստով կինը, երեխան ու ոստիկանը: Փողոցներում մեռելային դատարկություն էր, անգամ ավտո չէր անցնում Սայաթ-Նովայով: Հագս էլ, ուրեմն, ջինսից շորտ-կամբինիզոն էր` ծնկներիցս վերև կարճությամբ, սև զուգագուլպա ու նույն գույնի միջին բարձրության կոշիկ: Վազում եմ ու մտածում, որ եթե կողքից մեկն ինձ տեսնի` հաստատ կմտածի, որ խելագարի հետ գործ ունի:
Ուրեմն, սև բարձրակրունկ կոշիկներով վարգում եմ Երևանի հոկտեմբերյան ասֆալտն ու խելահեղ վազքի ընթացքում հասցնում մտածել, որ էս տեսքով կենտրոնական փողոցներում վազող աղջիկը մարդկանց ուշադրություն կարող է գրավել, ու հետագիծս ծռելով, մտնում եմ ինչ-որ շենքի բակ, որպեսզի խուճուճ-մուճուճ ճանապարհներով գնամ:
Շենքերը հաջորդում են իրար, բայց ես վազում եմ: Հերթական բակի մուտքերից մեկում տղաների խումբ կար. ուշադրություն չեմ դարձնում, բայց կողքով վազելուց հայացքս ընկնում է խմբի կենտրոնում կանգնած բոյլուխի վրա: Լոշտակ Հակոբն է. ուղեղս շաղափում է տարիների հիշողությունն ու ստոպս սեղմում եմ:
Լոշտակ Հակոբը, ուրեմն, բոլորովին էլ լոշտակ չէր: Ինքն ավելի շատ փղի էր նման ու կոնքից դեպի ոտքեր իջնող հատվածը սեղանի կառուցվածք էր հիշեցնում, բայց դա ոչ մեկին հետաքրքիր չէր, որովհետև նրա հորեղբայրը համալսարանում մեծ պաշտոն ուներ, ու բոլոր աղջիկները փորձում էին սիրահարվել նրան: Էն տարիներին, երբ սովն ու ցուրտ պատել էին երկիրս, Լոշտակ Հակոբին սիրահարվելը նորարար ու առաջադեմ գաղափար էր համարվում, ու մեր խմբի Արմինեն աչք էր դրել Հակոբի վրա: Թարսի պես էլ` Հակոբս, խոսելու հետ սեր չուներ: Ինքն էն կարգի մարդկանցից էր, որ գիտեր խոսքի արժեքն ու ամեն մեկի հետ լեզու չէր թրջի: Հապա, հապա: Հորեղբայր ուներ` աշխարհը չուներ: Հո փեսացու չէր, հո փեսացու չէր, սպիտակ, բոյ-բուսաթով, շատ էլ քիթը փղի կնճիթ էր հիշեցնում, ականջներն էլ լոշտո էին:
Ուրեմն, Արմինեն, ասեցի, մտմտում էր Հակոբին ձեռքը գցելու ուղղությամբ, ու միտք էր դրել` հընթացս իրենով անել թե Հակոբին, թե Հակոբի պաշտոնով հորեղբորը: Արմինեն, ուղղակի, միամտություն ունեցավ այդ մասին իմ մոտ ասելու այն ժամանակ, երբ մի անգամ խմբի աղջիկներով մտանք մի լսարան, որտեղից Հակոբենց խումբը դեռ դուրս չէր եկել. իրենք մեզնից մի երկու կուրս բարձր էին:
-Ո՞նց անեմ էս Հակոբի հետ ծանոթանամ,- քրթմնջաց Արմինեն մեր մեջ` սիրազեղ հայացքներ ձգելով Հակոբի կողմը:
-Հակոբ,- ձայն տվի ես` ու բոլորի ուշադրությունը կենտրոնացավ դեպ յուր անձս,- Արմինեն ուզում ա քո հետ ծանոթանա:
Հակոբս ստեղ կարմրեց, Արմինեն ձեռով մի շարժում արեց, իբր, ախչի, էդ ինչ ես անում, բան, իսկ բոլորը համերաշխ ծիծաղեցին:
Արմինեի ու Հակոբի նմանատիպ ծանոթությունից հետո, ինչքան գիտեմ, ոչ մի լուրջ բան չստացվեց, որովհետև Արմինեն ուրիշ տղայի կպցրեց ու հիմա երկու երեխայի վաստակավոր մայր է, սակայն պատմության արդյունքում` Հակոբն ամեն անգամ ինձ միջանցքներում տեսնելիս` պաչյոտնի բարև էր տալիս` հընթացս ամոթխած ժպտալով:
Ուրեմն, Լոշտակ Հակոբին որ տեսա տղաների խմբում կանգնած` հասկացա, որ Աստված Հակոբին ղրկել էր` ինձ փրկելու էս պատմությունից, ու ո՞վ գիտի, թե ժամանակին Արմինեի ու Հակոբի պատմությունը հենց սրա պատճառով չէր մոգոնվել. Աստծո գործերն անքննելի են:
-Հակոբ,- հևակտուր քրթմնջացի` մոտենալով տղաների խմբին,- մի րոպե արի` բան եմ ուզում ասել:
Հակոբս առանց ձայնի հանելու մոտենում է, իսկ տղաները նայում են ջինսից կարճ շորտերիս ու բարձրակրունկ սև կոշիկներից սկսվող ոտքերիս:
-Հակոբ ջան, պատմության մեջ եմ խրվել, իմանաս, մի կնիկ կա, մտքին դրել ա գլուխս ուտի, մութ ու ազգադավ ուժերի հետ գործարք կնքելով` բոլորին հանել ա դեմս, ու հիմի մի կերպ փախնելով կաշիս եմ փրկում, պիտի օգնես,- անիմաստ բարբաջում եմ:
Հակոբս ձայն չի հանում, բայց թեքվում ու տղերքին իշմար է տալիս, թե` գնացինք: Ու գնում ենք: Ես ու Լոշտակ Հակոբը` կողք-կողքի, մնացած տղերքը` մեր հետևից: Ոչ մի բառ չենք խոսում: Հակոբին խոսելուց չեմ հիշում: Ինքը միայն գործով էր զբաղված: Հընթացս ջոկում եմ, որ հուզմունքից կրծքավանդակս ուր որ է` տեղից դուրս է թռչելու: Սիրտս, ուրեմն, արագ-արագ բաբախելուց, ռեզոնանսի մեջ էր ընկել քաղաքի ապրման ռիթմի հետ ու էն եմ տեսնում, որ սրտիս զարկերը համահունչ են դարձել քաղաքի երթևեկությանը, մարդկանց քայլքին. ընդհանրապես ասած` քաղաքի շարժման տակտն ու սիրտս նույն պարբերությամբ էին շարժվում: Ու էդ համատեքստում` աջ աչքիս ծայրն արձանագրում է մոխրագույն զգեստով հաստակող կնոջը, որ ձախ ձեռքում թափահարելով անձնագիրը` գոռում էր, որ միջից առաջին երկու էջերը պակասում են ու դրա համար ես պիտի պատասխան տամ քաղաքային իշխանություններին:
-Ես ո՞նց պիտի Հունաստան գնամ,- գոռում էր նա,- դու մախինացիա ես արել Ռոբի համար, մախինատոր, ինկուբատոր...
Մյուս կողմից գունատված ու մոլորված քայլքով մի երեք տարեկան աղջիկ ընկավ աչքովս:
-Դու ինձ մենակ թողեցիր փողոցում,- տրտում արտասվելով ասաց աղջնակը, որի ձայնից սիրտս ավելի սեղմվեց, բայց գոհունակությամբ արձանագրեցի, որ, այնուամենայնիվ, համր չէ:
Թիկունքիցս լսվում էր ոստիկանական մեքենայի ազդանշանները, որոնք գալիս էին ինձ տանելու, իսկ հորիզոնում երևում էր 20 դոլարանոց թղթադրամն ու դրա ֆոնին` մեկ 200 դրամանոց մետաղադրամ:
Հակոբը լուռ քայլում էր կողքովս ու շուտով հասանք իմ 100 դրամանոց ավտոբուսի կայան:
-Հասանք,- ասացի:
Հակոբը մոտեցավ վարորդին, հարցրեց տոմսի արժեքը, լուռ մեկնեց 100 դրամ, վերադարձավ իմ մոտ ու կնամեծար շարժմամբ ինձ առաջնորդեց դեպի ավտոբուսի ոտնակը: Մի քայլ արեցի ու հետ նայեցի. ինձ հետապնդող պատկերը` ողջ ներկապնակով, մոտենում էր: Դրեցի երկրորդ քայլն ու առաջացա ներս: Ավտոբուսը լիքն էր, բայց ազատ նստատեղ գտնվեց: Կամացուկ նստեցի ու հենվեցի թիկնակին: Աստիճանաբար ավելի հարմարավետ տեղավորվեցի ու թիկունքովս զգացի թիկնակի ամեն մի քառակուսի սանտիմետրը: Պատուհանից նայեցի դուրս, որտեղից երևում էր հեռացող Լոշտակ Հակոբի թիկունքը: Ավտոբուսը շարժվեց, ու ես գնացի տուն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել