HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացվում է Հայաստանում գոբելենի արվեստի հիմնադիր Կարապետ Եղիազարյանի գործերի ցուցահանդեսը

Մարտի 21-ին Նկարիչների միության ցուցասրահում (Աբովյան 16) կբացվի վաստակավոր նկարիչ, Հայաստանում գոբելենի արվեստի հիմնադիր Կարապետ Եղիազարյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը՝ նվիրված արվեստագետի 80-ամյա հոբելյանին:

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ անցկացվող ցուցահանդեսում կներկայացվեն վարպետի 100-ից ավելի գոբելենային և գեղանկարչական աշխատանքները, այդ թվում նաև «Առատություն», «Բակային տուրնիր», «Հայ ուխտավորները», «Զինվորի հարսանիք», «Տիեզերական քամելեոն» և այլ հայտնի գոբելեններ, որոնք բերված են Հայաստանի տարբեր թանգարաններից ու մասնավոր հավաքածուներից:

Արվեստագետ, գեղանկարիչ և խճանկարի հմուտ վարպետ Կարապետ Եղիազարյանի անվան հետ է կապված ժամանակակից հայկական գոբելենի զարգացման սկիզբը: Նա առաջինն էր, ով Հայաստանում 1960-ականների սկզբներին անդրադարձել է արվեստի այս նոր ժանրին: Նրա ազդեցությունը իրենց վրա զգացել են Հայաստանի բոլոր նկարիչները, ովքեր աշխատում են դեկորատիվ-կիրառական արվեստի այս ոլորտում:

Կարապետ Եղիազարյանը հեղինակ է բազմաթիվ մեծածավալ գոբելենների, ինչպիսիք են Մարզահամերգային համալիրի վարագույրը (360 մ), Շախմատի տան 4 գոբելենները (յուրաքանչյուրը՝ 20 մ), Գյումրիի Մռավյանի անվան թատրոնի նախասրահի 8 գոբելենները (յուրաքանչյուրը՝ 20 մ), վարագույրներ Ուստ-Կամենագորսկ (440 մ) ու Վոլգոդոնսկ քաղաքներում (160 մ) և այլն: Նա հեղինակ է նաև գեղանկարչական բազմաթիվ կտավների, որոնցից առանձնանում են հատկապես «Հակասուպրեմատիզմ» շարքի աշխատանքները:

«Կարապետ Եղիազարյանի ստեղծագործական ջանքերի շնորհիվ գեղարվեստական գործվածքի արվեստը տարածում է գտել ոչ միայն Հայաստանում, այլև լայն ճանաչման արժանացել միջազգային գեղարվեստասեր հանրության կողմից»,- նշում է ՀՀ մշակույթի նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter