HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազատամարտիկի բաց նամակ պաշտպանության և առողջապահության նախարարներին

Հարգարժան պարոնայք Օհանյան և Քուշկյան,

Կորցնելով նամակների միջոցով հարցիս լուծումն ակնկալելու վերջին հույսը՝ որպես վերջին միջոց՝ դիմում եմ Ձեզ այս բաց նամակով:

Ես՝ Վարդան Վարդանյանս, 1994թ. մարտին որպես կամավոր զորակոչվել եմ Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանից՝ մասնակցելու Արցախյան մարտերին:

Ծանր վիրավորվել եմ 1994թ. մայիսի 3-ին: Առաջին օգնություն ստացել եմ Մեծ Շենի վրանային (շարժական) հոսպիտալում: Արթիկ տեղափոխվելուց հետո տեղի բուժանձնակազմը, տեսնելով վերքի վտանգավորության աստիճանը, ուղարկեց ինձ Երևանի զինվորական հոսպիտալ, ուր վիրաբույժ Ժամագործյանը կատարեց վիրահատություն և նշանակեց հաշմանդամության երկրորդ կարգ, որը ստացել եմ 1994 թվականից:

1999-ին այն կտրել են՝ պատճառաբանելով, թե «վերքը փակ է», այն դեպքում, երբ բուժող բժիշկները նշել են, որ վերքը գործող է, և բացելուց հետո այն չի փակվի (բժշկական տերմինաբանությամբ՝ «խրոնիկական օստեոմիելիտով, հաճախակի սրացումով»), ինչի մասին ունեմ փաստաթղթեր:

Այս ընթացքում մի քանի անգամ դիմել եմ թոշակավորման համար, սակայն ստացել բացասական պատասխան: Ես ի վիճակի չեմ ծանր աշխատանք կատարել և ընտանիք պահել՝ թեք կպած, անընդհատ գործող վերքից և բեկորներից սուր ցավերի պատճառով:

Խնդրում եմ Ձեր միջամտությունը՝ վերականգնելու թոշակս:

Հարգանքներով՝
Վարդան Վարդանյան
Շիրակի մարզ, Արթիկ

Մեկնաբանություններ (1)

Vahagn
Հետաքրքիրն այն է, որ Հայաստանում վարչարարությունը դարձել է մի անլուծելի երևույթ, ուղեկցվող ամենաբազմազան մանրամասնություններով, եթե չասեմ բյուրոկրատական քաշքշուկով: Ու ամենազավեշտն այն է, որ երբ հարցը քննարկվում է մամուլում, միանգամից անդրադարձ են կատարում, և դա այն դեպքերում, երբ ի սկզբանե իրենք ունեցել են օրենքով պարտավորություն յուրաքանչյուր իրենց իրավասությանը վերաբերող հարցին` գրավոր, թե բանավոր տալ օրենքով սահմանված լուծում, նույնիսկ անդրադառնալ իրենց չվերաբերող հարցին` այն վերահասցեագրելով համապատասխան վարչական մարմնին: Ես կարծում եմ դա նաև նրանից է, որ ցանկացած ՀՀ գերատեսչությունում աշխատողների գերակշիռ մասը անուս է, անտեղյակ է ոլորտը կարգավորող ինչպես օրենսդրական, այնպես էլ ենթաօրենսդրական ակտերից, իսկ քաղծառայությունն էլ ձևականորեն անց է կացնում վերապատրաստում ու մասնագետ, սակայն ըստ իրեն ոչ պետքական մարդկանց դուրս մղում աշխատանքի շուկայից, տեղ ապահովելով ներկայիս անձնակազմերին: Մեղք ենք մենք, բայց ոչ խեղճ, ինչքան պետք է ԶԼՄ-ն հրապարակի այս կամ այն անձի բաց նամակը, որ մարդուն լսեն, ու լուծում տան: Նույն կերպ ինչքան պետք է հարկ չտան, բայց բարեգործություն անեն` չտված հարկերով, կամ, լավ, պակաս վճարված հարկի հաշվին:Կամ հարկի հաշվին աշխատավարձ ստացող գերատեսչական ծառայողը վերևից է նայում իրեն դիմած քաղաքացուն, ուֆ անում, մի հատ էլ մունաթ գալիս, կիսագրագետ հալով անորակ ծառայություն մատուցում, կամ էլվատագույն դեպքում մերժում, իր նման մերժման հիմքում ունենալով զարտուղի ակնարկներ ու ակնկալիքներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter