HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Բախշյան. «Մեր վարչապետն Ամերիկա է հայտնաբերել»

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի հայտարարությունը, որը հեռարձակվելու է «Հ1» հեռուստաընկերությամբ մայիսի 15-ին

Մայիսի 12-ի կառավարության նիստը սկսելուց առաջ մեր վարչապետը խիստ տոնով հայտարարեց, որ «Համաշխարհային բանկի կողմից տարբեր նպատակներով վերցված պետական վարկերով մենք ձեռք ենք բերում սարքավորումներ և ծառայություններ շատ բարձր ու անընդունելի գներով։ Ֆորմալ առումով բոլորը ճիշտ են, ոչ մեկը ոչ մի չարաշահում թույլ չի տալիս, բայց Վերահսկիչ պալատը բացահայտել է, որ որոշ դեպքերում սարքավորումները գնվել են նույնիսկ կրկնակի գներով»:

Նստած լսում էի ու մտածում. «Մեր վարչապետն Ամերիկա է հայտնաբերել», որովհետև ոչ մի նորություն չկար Վերահսկիչ պալատի վերջերս հրապարակած հաշվետվության մեջ:

Ավելին, շատ ավելի ցնցող բացահայտումներ է արել Վերահսկիչ պալատը, բայց դրանք, չգիտես ինչու, վարչապետի հրապարակային զայրույթին չեն արժանացել:

Ափսոս ժամանակ չունեմ մեկիկ-մեկիկ պատմելու, թե ինչպես միայն 2008-ին մանկատների որբ շրջանավարտներին պետության կողմից մեծ դժվարությամբ հատկացված 335 մլն դրամը, մեղմ ասած, անարդյունավետ է ծախսվել, կամ ՀՀ ֆինանսների նախարարության անհետևողականության պատճառով պետական վարկային ծրագրերի շրջանակներում տրամադրված վարկերից 12 մլրդ դրամն անհուսալի վարկային պարտավորություններ են, որից միայն 6 մլրդ 780 մլն-ը բաժին է ընկնում «Հայգազարդ» ՓԲԸ-ին, կամ հանքարդյունաբերությունը, կամ Արմավիրի Գայ և հարակից 4 գյուղի խեղճ գյուղացիներն ինչպես մի օր արթնացան միլիոնավոր դրամների պարտքերով այն դեպքում, երբ 500 դրամ պարտքի դեպքում հոսանքն անջատում են:

Կարող եմ շարունակել թվարկումս, բայց կարծում եմ, որ եթե այդ հաշվետվությունների մասին հրապարակված գրքույկները մշտապես իր աչքի առաջ լինեն, ապա գրված բոլոր ցնցող տեղեկություններից յուրաքանչյուրի առթիվ հրապարակավ ոչ միայն զայրույթ կարտահայտեր, այլև ամեն օր անհրաժեշտ քայլեր կաներ:

Այսօր ես կառավարության մի որոշման մասին էլ եմ ուզում հիշեցնել պարոն վարչապետին, որ որոշ ժամանակ հետո որևէ մեկին զայրացած տոնով չմեղադրի իր ստորագրած որոշման համար:

2010 թ. սեպտեմբերի 9-ի N1258-Ն որոշմամբ բացառիկ' գերակա շահ է ճանաչվել Երևան քաղաքի Նալբանդյան 106/1 հասցեի տարածքը. մեջբերում որոշումից. «նշված տարածքում քաղաքաշինական ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից: Ամբողջ բակային տարածքը պետք է բարեկարգվի, համալրվի կանաչապատ տարածքներով, խաղահրապարակներով: Խարխուլ շենք շինությունների իրացում' տեղում նոր կառույցի իրականացմամբ»:

Նշեմ, որ այս որոշման մեջ, նշված խարխուլ շենք շինություն ասելով, նկատի են ունեցել ոստիկանությանը պատկանող մանկապարտեզի բարեկարգ շենքն իր լողավազանով, որի տնօրենը փոխվարչապետի կինն է եղել: Ստացվում է, որ հարուստ մարդկանց' ոստիկանության, կառավարության, քաղաքապետարանի և այլ մի քանի պաշտոնյաների շահը բացառիկ գերակա է երեխաների, այսինքն' աղքատների շահերից:

Արդյո՞ք վարչապետը տեղյակ է եղել, որ օտարվող սեփականությունը եղել է մանկապարտեզ, սեփականատերը' ոստիկանությունը:

Պարոն վարչապետին տեղեկացնում եմ նաև, որ 2005 թ.-ից Հայաստանում օրենքով արգելված է նախադպրոցական հիմնարկի օտարումը կառավարության որոշմամբ:

Ինչևէ, պարոն վարչապետ, վերոնշյալ տարածքի ամբողջ հասարակության կողմից առաջարկում ենք այս լրջագույն խնդիրը լուծելու նպատակով ստեղծել մի հանձնաժողով, որի կազմում կընդգրկվեն գերատեսչությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, քաղաքացիական հասարակության և բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Խնդրում եմ չբարկանալ, այլ գործել' հանուն արդարության:

Մեկնաբանություններ (1)

arcax
hanrain geraka shahy mijoce unecvacqy urishneric hapshtakelu ev irenc uzac mardkanc veradarcnelu hamar.petqe lini voch te hanrain gerka sha ail petakan geraka shah,ev petutiuny ira kariqneri har piti dzerq beri masnavoric sepakanutiuny ,ain el paimanov ,vor 10 tari da chi karox otarel het masnavori.isk hima et orenqy petqe hanel gorcoxutiunic ev dadarecnel mi qani oligarxi shahi hamar mardkanc sepakanutiunic zrkel.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter