HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչի՞ վրա է ծախսվել 250 մլն դրամը

Ձորագետ-Աթան 33 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերանորոգմանը Լոռու մարզի Քարինջ, Մարց, Լորուտ, Շամուտ, Աթան և Ահնիձոր գյուղերի բնակիչները երկար են սպասել: Սակայն նրանց սպասումներն այսօր արդեն վերածվել են հիասթափության:

Մոտկորի 6 գյուղերի զարգացման համար ստրատեգիական նշանակություն ունեցող ճանապարհի վերակառուցման նպատակով 2011թ. պետբյուջեից հատկացված 250 մլն դրամը, փաստորեն, նպատակին չի ծառայել. ճանապարհը շարունակում է մնալ  սողանքային և անանցանելի: 

Թումանյանի  ճանապարհաշինարարության տեղամասի պետ Սամվել Տիտանյանից տեղեկացանք, որ ճանապարհի վերանորոգման պատվիրատուն տրանսպորտի և կապի նախարարությունն է:

Ձորագետ-Աթան ճանապարհի վերանորոգման աշխատանքները սկսվել է 2011թ. հունիսին: Այն իրականացրել է Վանաձորում գրանցված «Ուկրշին» ԲԲԸ-ն: Դեռ 2011թ. հուլիսի 3-ին «Ուկրշինի» ենթակապալառու «Վլհագ» ՍՊԸ-ի տնօրեն Հովհաննես Քենցյանը «Հետքին» հայտնել էր, որ ճանապարհի վերանորոգման աշխատանքները պետք է ավարտվեն մինչև տարեվերջ: Ըստ ճանապարհի վերանորոգման պատասխանատու շինարարի՝ մինչ վերանորոգման աշխատանքների սկսելը «Ուկրշինը» և «Վլհագը» կատարել են աշխատանքի բաժանում: «Ուկրշինը» պետք է կատարեր «գաբիոնային» աշխատանքները, իսկ  փլվածքների վերացման և ճանապարհի երեսապատման աշխատանքները կատարելու էր «Վլհագ» ՍՊԸ-ն: 

«Ձորագետ-Աթան հատվածում կառուցվելու էր գրունտային ճանապարհ. «վեսմայլերով» աղացվելու է ճանապարհի հին ասֆալտը, որից հետո այն 25-30 սմ  սփռվելու է ճանապարյի վրա: Դրանից հետո «գրեյդերով» կատարվելու է համահարթեցում»,- ասել էր Հ. Քենցյանը: Թե «Վլհագի» տնօրենի ներկայացրած պարտավորություններից ով ինչ է կատարել, այսօր Ձորագետ-Աթան ճանապարհահատվածում չի երևում: «Գրեյդերով» հարթեցված լինելու մասին խոսք լինել չի կարող, որովհետև ճանապարհի վրա ասֆալտի փոխարեն սփռված հողը ձյան հալվելուն պես դարձել է ցեխակույտ, որն էլ ճանապարհը դարձրել է գրեթե անանցանելի: Լայնահուն փոսերի պատճառով ճանապարհի առանձին հատվածներով անցնելիս թվում է, թե ավտոմեքենան ընթանում է աստիճանների վրայով: Փոսերի անձրևաջրերը ստիպում են ավտոմեքենաներին կասեցնել ընթացքը:

«Հետքի» հետ զրույցում ճանապարհի վիճակից դժգոհում են նաև Լորուտի գյուղամիջում հավաքված գյուղացիները. «Հիմա գարնանը հենց որ անձրևները սկսվեցին, էդ ճանապարհով  երթևեկելը կդառնա անհնարին: Բերել են ոնց որ գլխառադ արել: Ո՞ւմ ասենք՝ խի ես տհե գլխառադ արել, մեզնից ներդրո՞ւմ ենք արել, որ ասենք՝ մեր փողը կերել ես, կամ ինչ ես արել: Ինչ արին, անորակ կատարեցին, էլի: Լսեցինք, ասին՝ ճանապարհը չեն էլ ընդունել»,- ասում է լորուտեցի Վոլոդյա Զարինյանը: 

«Բերին հող լցրին, հող լցնելով ճամփա՞ են սարքում: Գոնե մի տարի առաջ ճանապարհի հիմքը խայիմ էր, բայց հմի բերել են հողը վրին լցրել են, ստիան մինչև հասնում ես Ձաղիձոր, պտի ավտոն անպայման լվանաս, թե չէ վրիդ 5 հատ ակտ են գրում,- նեղսրտած ասում է Սեդրակ Սարգսյանը եւ հավելում,- ինչից պտի լավ ըլենք` ղեկավարությունի՞ց, թե՞ ինչից»:

Հովհաննես Քենցյանը 2011թ. հուլիսի 4-ին «Հետքի» հետ զրույցում նշել էր, որ  Ձորագետ -Աթան ճանապարհի վերանորոգման նախահաշվային արժեքի մեջ տեղ են գտել նաև ճանապարհի մյուս հատվածների փլուզումների և սողանքների վերացումը. «Դրանց նախագծանահաշվային փաստաթղթերում ճարտարապետները տվել են  «գաբիոնային» լուծումներ: Բացվելու են ճանապարհների կանալները, կարգավորվելու են կողնակները»:  

Նշված աշխատանքներից որևէ մեկ այսօր կատարված չէ: Ավելին՝ ճանապարհի առանձին հատվածներում տեղադրված հենաձողերը սողանքների պատճառով սահել և թեքվել են:

Ճանապարհի վերանորոգման աշխատանքներին զուգընթաց ընթացել է նաև Մարց գետի վրա Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին պատկանող ՀԷԿ-ի խողովակների տեղադրաման աշխատանքները, որոնք Մարց գյուղի տակի  ճանապարհաեզրով հասնում են մինչև Ձորագետ ավանի գլխավոր մայրուղի: Խողովակները տեղադրել է քաղաքապետի եղբորը պատկանող «Արգիշտի» ՍՊԸ-ն: ՀԷԿ-ի հաստափոր խողովակների տեղադրման հետևանքով Ձորագետ-Մարց ճանապարհահատվածում առաջացել է սողանքի եւ փլուզման վտանգ:

«Եթե «Արգիշտի» ՍՊԸ-ն ցեմենտից հենապատնեշներով չվերացնի սողանքների վտանգ պարունակող հատվածները, ապա ճանապարհի որակյալ վերակառուցման և գրունտային աշխատանքների իրականացումը կվտանգվի: ՀԷԿ-ի սեփականատերը պետք է ճանապարհը բերի նախնական տեսքի և հանձնի վերանորոգողներիս` գրունտային աշխատանքները կատարելու համար»,- անցյալ տարվա հուլիսի 3-ին  «Հետքին» ասել էր «Վլհագ» ՍՊԸ-ի տնօրենը:

Հենապատնեշներ մինչ օրս կառուցված չեն:

Սակայն ամենատխուրը ՀԷԿ-ի գործարկման ընթացքում Մարցի ձորի կուսական գեղեցկուհու` Մարց գետի՝ լեռնային ջրերի ուրախ քչքչոցի մարումն է: Իսկ տարածքի գյուղացիները խռով են աշխարհից` կարգին ճանապարհ ունենալու փշրված պատրանքների ու իրենց Մարց գետի մեռնող ցավից: 

Մեկնաբանություններ (3)

Լոռեցի
Էս չափի անամոթություն, էս չափի անտերություն--ոնց դիմանանք, ինչ անենք. ոչ լացը կօգնի, ոչ ծիծաղը. և գետի ձայնը խլացնողն է ամենակարող, և այդքան գյուղերին թշնամություն անողները...
mahmouzian
where is thepresident where is the prime minister.and the governor .bunch of crooks forget the contractor they should be in jail .because i am sure this is not the first time .
Gevorg
Astyts vax 4ynen,mardkantsits amot 4ynen,in4 ases???:-(

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter