HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կյանքի խոսքի» համար «աղանդ» բառը վիրավորական է

«Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության ներկայացուցիչը դատարանում հայտարարեց, որ «Կյանքի խոսքի» համար «աղանդ» բառը վիրավորական է: «Ինչու է «աղանդ» բառը վիրավորական» «Հետքի» հարցին, փաստաբան Ավետիք Պապինյանը պատասխանեց. «Մենք բոլոր փաստարկները ներկայացրել ենք դատարանին, հարկ եղած դեպքում մտադիր ենք լրացնելու հիմքերը, և ինչու եմ կարծում, որովհետև դա այդպես է»,- պատասխանեց Ա. Պապինյանը` նշելով, որ հասարակական կարծիքի վրա է հենում իր հիմնավորումը: Ըստ փաստաբանի` դրան վերաբերող աշխատություններ նույնպես կան, և անհրաժեշտության դեպքում իրենք պատրաստ են փորձագետներ ներառել, որպեսզի պատասխան տան նաև իրավական հիմքերով:   

ՍԻՄ կուսակցության նախագահ, «Իրավունք» թերթի խմբագրական խորհրդի նախագահ Հայկ բաբուխանյանն էլ «աղանդ» բառը ազգային եկեղեցուց շեղում է համարում: «Ցանկացած աղանդ բառ հասկանում են, որ ուղղված է հենց իրենց, և դրանով, փաստորեն, փորձում են հիմնավորել այդ անհիմն հայցը: Մենք հասկանում ենք, որ խոսքը գնում է մամուլի ազատությանը, և մամուլը պետք է լինի ազատ մեր երկրում, և մամուլը պետք է իրավունք ունենա արտահայտելու իր կարծիքը այս կամ այն հարցի վերաբերյալ»,- նշեց Հ. Բաբուխանյանը: 

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունն ընդդեմ «Իրավունք» թերթի գործով նախնական դատական նիստը: «Կյանքի խոսքը» դատարանում վիճարկում է «Իրավունք» թերթի հոկտեմբերի 19-25-ի համարում տպագրված «Աղանդախառն պոռնոլուսանկարների թեման «ծաղկեց» մանկապղծության մեղադրանքով» հոդվածը: 

Կազմակերպությունը վիրավորական և զրպարտություն է համարում թերթի հենց առաջին էջում հոդվածին ուղեկցող կոլաժային լուսանկարը, մյուս լուսանկարում պատկերված կնոջ ձեռքի «Կյանքի խոսք» գրառմամբ վահանակը, հոդվածի վերնագիրը, «աղանդ» եզրույթը, «Կտոր մը «Կյանքի խոսք»» արտահայտությունը (նաև` ծաղրանք): «Անշուշտ, մենք առհասարակ չէինք անդրադառնա հայկական շոուբիզնեսին այդքան բնորոշ անառակաբարո վարքագծին և, մասնավորապես, զազրելի պոռնոկադրերի թեմային, եթե չլիներ երկու հանգամանք: Առաջինը, որ պոռնոսկանդալի «հերոսուհի» Անժելա Սարգսյանը պատկանում է Հայաստանի խոշորագույն աղանդին` «Կյանքի խոսքին», որին պատկանում են նաև շոու-բիզնեսի շատ ներկայացուցիչներ, և ավելին` այդ պատկանելությունը հաճախ նրանց առաջխաղացման նախապայմաններից մեկն է»: Այս արտահայտությունը ևս «Կյանքի խոսքի» համար և վիրավորական է, և զրպարտչական:

«Պրակտիկորեն գրեթե բոլոր» արտահայտությունները և հոդվածն ամբողջությամբ փաստաբանը վիրավորական համարեց, իսկ պատասխանող կողմը` հանձին նաև «Իրավունքի» խմբագիր Հայկ Բաբուխանյանի, առարկեց հայցի դեմ ամբողջությամբ: 

 «Կյանքի խոսք» կազմակերպությունը համարում է, որ այս հրապարակումը արատավորել է կազմակերպության բարի համբավը, պատիվն ու արժանապատվությունը, կրոնական ատելություն է հրահրել, ինչի հերքման և ներողություն խնդրելու պահանջով էլ կազմակերպությունը մտել է դատարան. «Կյանքի խոսքը» հասցված վիրավորանքի համար պահանջում է հրապարակավ ներողություն խնդրել թերթի առաջին էջում, ինչպես որ տեղադրվել էր հոդվածը, հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և հրապարակել նաև հերքման տեքստերը: Գումարային պահանջը մեծ չէ, հոգուտ «Կյանքի խոսքի» բռնագանձել պետական տուրքի գումարները` 8 հազար դրամ, ինչպես նաև թարգմանչական և նոտարական ծախսերը` 15 հազար դրամ: Փաստաբան Ավետիք Պապինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ «Կյանքի խոսքը» միտում չունի ֆինանսական նեղություն պատճառել թերթին, այլ միայն իր իրավունքների վերականգման համար է պայքարում: 

Ապացուցման բեռը դատարանը երկու կողմի վրա էլ դրեց. հայցվորը մինչև ապրիլի 13-ը, երբ տեղի կունենա հաջորդ դատական նիստը, պետք է ապացուցի իր կողմից առաջ քաշված պահանջների հիմքերը, պատասխանող կողմը` իր առարկությունների հիմքում դրված  հանգամանքները: 

Ստույգ իր` փաստաբանի կրոնական կողմնորոշման մասին լրագրողնեի հարցին «Կյանքի խոսքի» ներկայացուցիչը խուսափողական պատասխան տվեց` նշելով, որ ինքն իր փաստաբանական գործունեությունն է իրականացնում, իսկ որպես քաղաքացի` «քրիստոնյա է և պաշտպանում է քրիստոնեությունը»: Ի դեպ, փաստաբանը նիստի հենց սկզբում փորձեց առարկել` դատարանի դահլիճում  տեսաձայնագրառումներ կատարելու հետ կապված, սակայն դատարանը նկատեց, որ քանի որ դահլիճում չկա տեսաձայնագրառման սարք և որևէ մեկը ցանկություն չի հայտնել նիստը տեսաձայնագրելու, ապա այդ հարցը կամ առարկությունը քննարկման ենթակա չէ: 

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատարանի մոտ ՍԻՄ երիտասարդական թևն էլ մի քանի պաստառներով ակցիա էր կազմակերպել` այդ կերպ իրենց բողոքն արտահայտելով աղանդների դեմ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter