HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Եվրադատարանը որոշում է, ՀՀ կառավարությունը` խախտո՞ւմ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմամբ` ՀՀ կառավարությունը մինչև սույն թվականի մարտի 19-ը պետք է սեփականության իրավունքով բնակարաններ տրամադրեր Բուզանդ փողոցի նախկին բնակիչներ Սեդրակ Բաղդասարյանին, Գրիգոր Ղարիբյանին և Լևոն Ղասաբյանին՝ որպես փոխհատուցում նրանց սեփական տների, որոնց տարածքում այսօր կառուցվել է բազմաբնակարան շենք:

Մարտի 19-ն անցել է, բայց կառավարությունը դեռ չի պատրաստվում իրականացնել Եվրադատարանի որոշումը: Բնակիչներից Սեդրակ Բաղդասարյանը, ով նաև «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահն է, այսօր որոշել էր այդ մասին ահազանգել լրատվամիջոցներին:

Արդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանը, ինչպես պատմեց Ս. Բաղդասարյանը, օրերս իր մոտ է կանչել բնակիչներին և ասել, որ եթե նրանք  ցանկանում են ստանալ Եվրադատարանի որոշմամբ իրենց հասանելիք բնակարանները, ապա պետք է պետությանը վերադարձնեն այն գումարները, որ ստացել են իրենց սեփական տները քանդելիս՝ որպես փոխհատուցում:

Սակայն Բաղդասարյանը նշում է, որ Եվրադատարանի որոշման մեջ նման կետ չկա: Այն գումարը, որ ինքը ստացել է որպես փոխհատուցում, տրվել է իրեն՝ առանց որևէ պայմանագրի, հետևաբար չի կարող նշել, թե իրեն տրված 22 000 դոլարը նոր բնակարան գնելու, թե ժամանակավորապես, վարձով ապրելու համար էր:

«Ես այդ գումարը մինչև հիմա օգտագործում եմ բնակարան վարձակալելու համար, և պետությունն ինձ պետք է բնակարան տրամադրի իմ քանդված սեփական տան փոխարեն»,- նշում է նա:

Լրագրողների այն հարցին, թե նույնչափ անօրինական քայլ չէ՞ արդյոք, առանց որևէ պայմանագրի, 22 000 դոլար վերցնելը, Սեդրակ Բաղդասարյանը պատասխանեց. «Անօրինական էր, թող չտային: Ինձ իմ բնակարանից անօրինական ձևով հանեցին, այստեղ արդեն նշանակություն չուներ` այդ գումարը ես կվերցնեի՞, թե՞ ոչ: Եթե չվերցնեի, միևնույն է, ինձ իմ բնակարանից դարձյալ հանելու էին և ասելու էին, որ  այդ գումարը վերցրել եմ: Բնակիչներ կարող եմ նշել, ովքեր չվերցրին փոխհատուցում, բայց հիմա պետությունն ասում է, թե ստացել են»:

 Ս. Բաղդասարյանի կարծիքով` փոխնախարարի պահանջն անօրինական է ևս մեկ պատճառով:

«Ժամանակին այդ գումարները մեզ տրամադրել է ոչ թե պետությունը, այլ կառուցապատող ընկերությունը` մասնավոր սեկտորը: Հիմա ի՞նչ պատճառաբանությամբ  պետք է կառավարությանը վերադարձնենք»,- նշում է նա:

Ասուլիսին ներկա էր նաև Բուզանդ փողոցի նախկին բնակչուհի Գոհար Ղարիբյանը, ով նույնպես խոսել է արդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանի հետ և անորոշ պատասխան ստացել:

«Ասացի, որ Եվրադատարանի որոշումն ի կատար ածելու ժամանակն արդեն լրացել է, ի՞նչ եք պատրաստվում անել: Պատասխանեց, որ ոչ մի ստույգ բան ասել չի կարող: Իսկ թե երբ որոշակի պատասխան կստանանք, ասաց, թե զանգենք ապրիլին, միգուցե ինչ- որ բան անեն»,- ասում է նա:

Բնակիչները, սակայն, որոշել են ոչ թե սպասել մինչև ապրիլ ամիսը և նորից անհանգստացնել փոխնախարարին, այլ դարձյալ դիմել Եվրադատարան` ակնկալելով, որ կառավարության նկատմամբ կկիրառվեն համապատասխան պատժամիջոցներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter