HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ստամբուլյան օրագիր. 12-14-ը մայիսի

Ստամբուլ գալու հենց առաջ օրերին լրագրողների մեր խումբը ցանկություն հայտնեց հանդիպել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ: Սակայն GPOT կենտրոնից մեզ տեղեկացրին, որ հնարավոր չէ հանդիպում կազմակերպել հենց նախարարի հետ, փոխարենը կփորձեն գտնել մեկին, ով կտա մեզ հուզող հարցերի պատասխանները: Եվ ահա երբ հայտնի դարձավ, որ համաձայնություն է ձեռք բերվել ԱԳՆ-ի բաժիններից մեկի ղեկավարի հետ, ինքնաթիռով մեկնեցինք Անկարա:

Ստամբուլ ժամանելիս արդեն գիշեր էր, եւ հնարավոր չէր քաղաքը տեսնել վերեւից, սակայն ցերեկային թռիչքը դեպի Անկարա տվեց այդ առիթը:

Ասում են, թե Երեւանը վարդագույն քաղաք է: Սակայն, ըստ էության, այն կորցրել է իր նախկին երանգը ներկայիս խառնիճաղանջ էլիտար ու բարձիթողի շինարարությունների հետեւանքով: Բայց հսկայական Ստամբուլն այսօր էլ երկնքից նայողի համար քառակուսի եւ ուղղանկյուն կարմիր տանիքների հետաքրքիր խճանկար է ներկայանում: Ուր նայում ես, կարմրավարդագույն երանգն ես տեսնում: Չգիտեմ, թե ինչու է հենց կարմիր. գուցե դրոշի գույնո՞վ: Նույն պատկերն է նաեւ Անկարայի երկնքում: Մայրաքաղաքը իր չափերով, բնակչությամբ ու ենթակառուցվածքներով, անշուշտ, չի կարող համեմատվել Ստամբուլի հետ:

Սակայն այն իր ավելի քան 4 մլն բնակչությամբ երկրի երկրորդ քաղաքն է, որը երկնքից խորանարդիկներ հիշեցնող իր ուրույն շենքերով ու տներով, համեմատաբար հանգիստ փողոցներով ու բավականին կանաչ տարածքներով նույնպես արժանի է ուշադրության:

 Մինչեւ ԱԳՆ-ում հանդիպումը նախատեսված էր այցելել քաղաքի տեսարժան վայրեր: Եթե ՀՀ-ի պաշտոնական հյուրերին անպայման ուղեկցում են Ծիծեռնակաբերդ, ապա Անկարայում տանում են Աթաթյուրքի դամբարան՝ Անիտկաբիր, որը տեղակայված է հսկա զբոսայգում: Որքան էլ փորձեմ զերծ մնալ համեմատություններից, միեւնույնն է, անհնար է, որովհետեւ, տեսնելով թեկուզեւ ոչ դրացի հարեւանիդ ձեռքբերումները, զարմանում ես, թե ինչու քո երկրում էլ չեն հասել դրան: Խոսքս ինչ-որ անիրատեսական բաների մասին չէ, այլ ընդամենը զբոսայգու բերակարգության, ինչին ականատես եղա Անկարայում:

Զբոսայգու մուտքի մոտ անվտանգության աշխատակիցները նախ կանգնեցրին մեր տաքսին, ինչպես օդանավակայանում ստուգեցին մեր իրերը, այնուհետ կրկին մեքենայով բարձրացանք մինչեւ հրապարակ, որտեղից ճանապարհը պիտի ոտքով շարունակեինք: Զբոսայգին աչք էր շայում իր մաքրությամբ, խնամված խոտածածկով, մեծ եղեւնիներով ու յասամանի փարթամ թփերով: Մտածեցի, որ լավ կլիներ, եթե Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմն այստեղ գոնե մեկ անգամ փորձի փոխանակման գար:

 Այգին ցանկապատված էր, ու ճեմուղիների խաչմերուկներում զինվորներ էին կանգնած: Անկարայում միայն հասկացա, թե ինչ ասել է ռազմականացված Թուրքիա: Ստամբուլում ոստիկանների պակաս, իհարկե, չկա, բայց որ այսքան զինվորական լինի շատ ավելի փոքր քաղաքում, իսկապես զարմանալի էր. կարծես ոչ թե մայրաքաղաք, այլ կայազոր լիներ, որտեղ միշտ «համար մեկ» պատրաստության վիճակ էր: Կլոր հրապարակից դեպի դամբարան տանող ճեմուղու սկզբում թուրք տղամարդկանց եւ կանանց մի հուշարձանախումբ էր, երկու կողմում՝ հսկող զինվորներ: Ճեմուղու աջ ու ձախ կողմերում նստած ու երախները բաց 12 զույգ առյուծի արձաններ էին, որոնք խորհրդանշում են Թուրքիայի ուժն ու խաղաղասիրությունը:

Ինձ զարմացրեց երեխաների մեծ բազմությունը, որոնք իրենց ուսուցիչների ուղեկցությամբ եկել էին այստեղ՝ հագած միագույն շորեր: Նայեցի թուրքական զինվորների պես շարային քայլել փորձող տղեկներին ու մտածեցի, որ հենց դրանց շնորհիվ է երկիրն այսքան հզորացել ու հիմա էլ գնում է նույն ճանապարհով: Նախանձում ես, թե ինչպես են այստեղ երեխայի մեջ հայրենասիրություն ներարկում: Երբ առյուծների առջեւով քայլում էինք դեպի դամբարան, հանկարծ բարձրախոսով ինչ-որ բան հայտարարվեց, երեւի լռության րոպե, ու բոլորը, բացառությամբ մի քանի տուրիստի, կանգ առան՝ քիչ անց նորից շարունակելով քայլել:

 Աթաթյուրքի բուն դամբարանը տեղակայված է փոքր բարձունքում, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Անկարա: Մուտքի մոտ կանգնած էին անվտանգության բազմաթիվ աշխատակիցներ եւ, իհարկե, երկու զինվոր: Անկեղծ եմ ասում, ապշեցի, երբ տեսա, թե թուրք երիտասարդները ինչպես էին հպարտ ու խրոխտ կեցվածքով լուսանկարվում ներսում՝ Աթաթյուրքի ստորգետնյա գերեզմանի վրա դրված տապանաքարի մոտ: Սա է պետականության զգացումը:

Իջա թանգարան, որտեղ Թուրքիայի Հանրապետության հիմնադրի անձական իրերն ու լուսանկարներն են ցուցադրվում: Այստեղ արգելվում է որեւէ տեսակի տեսալուսանկարահանում, եւ հսկիչները ակնդետ հայացքներով հետեւում են այցելուներին: Քեմալի առանձին բաժնից հետո մտնում ես պատերազմի տեսարաններով, մանեկեններով ու ռազմական գործողությունների խառնաշփոթ ձայներով ձեւավորված մի սրահ, որտեղ մի պահ թվում է, թե 3D ֆիլմ ես նայում: Պատերի վրա պատերազմի տեսարաններ են տարբեր կռիվներից՝ Անտանտի ու այլ օտարերկրյա «ինտերվենցիաների» դեմ, ամենակենտրոնում Մուստաֆա Քեմալն է: Ահա եւ Սեւրի պայմանագրով մասնատված Թուրքիայի քարտեզը, որի աջ կողմում՝ իրականություն չդարձած «սեւրյան» Հայաստանը:

Մտնում եմ կողքի սրահ. գեղանկարներ են: Հետաքրիր է դրանցից մեկը, որտեղ թուրք կանանց ու երեխաներին թրատող հույն զինվորներ են: Թուրք էքսկուրսավարը այնպես ոգեւորված էր պատմում նկարի մասին, որ, չհասկանալով հանդերձ լեզուն, առաջին անգամ այդքան մոտիկից նողկանք զգացի նրա ու սրբագրված պատմություն ներկայացնող թուրքական քարոզչամեքենայի հանդեպ: Այլեւս չդիմանալով՝ դուրս եկա:

Թուրքական ԱԳՆ-ի միստր X-ը

ԱԳՆ-ում մեր հանդիպումը ժամը 15-ին էր: Երբ ընդունարանում հսկիչներն ասացին, որ արգելվում է տարածքում տեսալուսանկարահանում անել, այլեւս հասկացա, որ իրականություն է դառնում GPOT կենտրոնի ներկայացուցիչների ասածը, թե քիչ հավանական է, բայց հնարավոր է, որ արգելվի ձայնագրել հարցազրույցը: ԱԳՆ-ի բաժիններից մեկի մեզ հյուրընկալող պաշտոնյան իսկապես չցանկացավ զրուցել ձայնագրիչների առկայությամբ՝ ասելով, թե ինքն այն մակարդակի պաշտոնյան չէ, որ պաշտոնապես պատասխանի մեր հարցերին. դրա համար կա նախարար, փոխնախարար, ԱԳՆ մամուլի խոսնակ:

Հետո Թուրքիայի ԱԳՆ-ի կայքում պարզեցի հետազոտություններով զբաղվող այդ բաժնի դիրքը. ամենաստորին օղակներից էր: Ավելին՝ պաշտոնյան մասնավոր զրույցից զատ ցանկացավ նաեւ, որ չհրապարակենք իր անունը, ինչն էլ ավելի անհասկանալի էր մեզ համար: Կարճ ասած՝ սա մի այնպիսի փակ կառույց էր, որտեղ մտնելն արդեն, թերեւս, կարելի էր հաջողություն համարել:

Միստր X-ի հետ զրույցին մասնակցում էին նրա երկու օգնականները: Նկատեցի, որ գրադարակների գրքերի 90 տոկոսը Հայաստանի ու հայության մասին է. այս մարդիկ զբաղվում են քաղաքական հետազոտությամբ, որի հետաքրքրության շրջանակներում են Կովկասը եւ, մասնավորապես, Հայաստանն ու այն ամենը, ինչ կապված է մեզ հետ: Երեւի նաեւ դրա համար էր, որ մեզ ընդունելու գործը հանձնարարել էին միստր X-ին:

Վերջինս խոսակցությունը սկսեց անցյալի մասին հիշողությունները ոչ թե անտեսելու, այլ գլխավոր խնդիր չդարձնելու ու մի կողմ դնելու եւ նոր հարաբերություններ սկսելու մասին թեմայով. «Մենք պետք է օգտագործենք հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու հնարավորությունը եւ այդ գործը չթողնենք հետագա սերունդներին: Հայերն ու թուրքերը կորցրել են միմյանց նկատմամբ վստահությունը, հիմա դա պիտի վերականգնենք: Մենք շատ նմանություններ ունենք: Անշուշտ, լավ ենք հասկանում, որ նախկինում պատահածը հնարավոր չէ մոռանալ, դրանից պիտի դասեր քաղենք, հարգենք զոհվածների հիշատակը»:

«1914-15 թթ. Թուրքիայում ավելի քան 2 մլն հայ կար, որտե՞ղ են նրանք այժմ»,- միստր X-ին ընդհատեցի ես: Նա մի պահ անակնկալի եկավ, ապա ասաց, թե թվերի վերաբերյալ վեճ կա, ինչը լուծելու համար պետք է օբյեկտիվորեն ուսումնասիրենք բոլոր արխիվները. «Մենք պիտի գործ ունենանք անցյալի հետ ճիշտ ձեւով՝ պատմաբանների, գիտնականների: Դուք ձեր պապերից լսած հավաքական հիշողություններ ունեք, որոնք ճիշտ եք համարում, բայց թուրքերն էլ ունեն իրենց նմանատիպ հիշողությունները… Մենք ասում ենք՝ եկեք անցյալի ցավերն այդքան շատ չհիշենք, իսկ հայերն ասում են՝ եկեք չմոռանանք: Անկախ ամեն ինչից՝ դա ողբերգություն էր: Բայց մոտեցման ուղիներ գտնելու համար պիտի անցյալից մի փոքր այլ կերպ մտածենք»: Համեմատական անցկացնելով Հայաստանի ու Թուրքիայի միջեւ՝ պաշտոնյան ասաց մի բան, որն այստեղ էլի էինք լսել թուրք քաղաքագետի շուրթերից. «Թուրքիան մի ուրիշ լիգայից է: Դուք պիտի աշխատեք, որ ձեր երկիրն էլ բարձրանա այդ մակարդակին»:

Անդրադառնալով արձանագրությունների վավերացմանը՝ միստր X-ն ասում է, թե Հայաստանը կարծես ուզում է Թուրքիային փորձել, թեստ անցկացնել՝ սպասելով վերջինիս քայլերին, սակայն դա, ըստ նրա, չի աշխատի: Իսկ գործընթացի՝ Ադրբեջանի գործոնով պայմանավորված առկախումը հիմնավորում է նրանով, թե Թուրքիան փորձում է ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ Կովկասի հետ 0 խնդիր ունենալ:

«Լավ, այդ դեպքում ինչու՞ Թուրքիան հենց ամենասկզբից չասաց, որ այսինչ-այսինչ պայմաններ ունի, եւ եթե Հայաստանը համաձայն է, կարող են մտնել «խաղի» մեջ»,- հարցրի ես: Այստեղ միջամտեց միստր X-ի կին օգնականը՝ ասելով, թե իբր ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման մեջ էլ առնվազն երկու նախապայման կար՝ կապված հայ-թուրքական սահմանի եւ Ցեղասպանության հետ: Զարմանալի էր տիկնոջ խոսքը, քանի որ դատարանն ընդամենը մեկնաբանել էր արձանագրություններն ու նշել, որ դրանք չեն հակասում ՀՀ օրենսդրությանը:

«Թուրքիան շեշտում է, որ հայկական կողմը պետք է դուրս գա «օկուպացված» տարածքներից, իսկ հենց ինքը չունի՞ այդ խնդիրը Կիպրոսում»,- հարցրի ես: Միստր X-ը ժպտաց ու ասաց, թե իրենք լեգիտիմ հիմքեր ունեին՝ Կիպրոս մտնելու համար: «Բայց հայերն էլ ունեին»,- հակադարձեցինք մենք: «Մենք ավելի լեգիտիմ հիմքեր ունեինք»,- անհասկանալի պատասխան տվեց զրուցակիցը՝ նշելով, թե առ այսօր միջազգային հանրությունը, ի տարբերություն Ղարաբաղի, Կիպրոսի դեպքը օկուպացիա չի որակում, ՆԱՏՕ-ն էլ, օրինակ, եթե նման բան լիներ, Թուրքիային կհեռացներ իր կազմից:

Նման լղոզված պատասխաններ տվեց նաեւ մեր մյուս հարցերին: Վերջում, երբ խոսք գնաց այն մասին, որ հայ բարձրաստիճան պաշտոնյաներ Թուրքիայում չկան, ասացի. «Իսկ դուք՝ թուրքերդ, վստահու՞մ եք հայերին»: Բանն այն է, որ որոշ տեղացի քաղաքագետներ մեզ ասել էին, թե թուրքական «խոր պետությունը» հատկապես ԱՍԱԼԱ-ի գործողություններից հետո խուսափում է հայերին բարձր պաշտոնների նշանակելուց: Սակայն միստր X-ը, ինչպես վայել է դիվանագետին, ասաց, թե իրենք վստահում են հայերին, ապացույցն էլ վերջին նշանակումներից մեկն է: Մեր դիտարկմանը, որ դա եզակի դեպք է, պատասխանեց, թե հոգ չէ, կլինեն նորերը: Ահա այսպես: Թուրքական դիվանագիտության ճկունությունը, իմ կարծիքով, չունի իրեն հավասարը:

ԱԳՆ-ից դուրս գալիս ուժեղ անձրեւ էր տեղում: Փողոցներով հեղեղ էր հոսում. չնայած Անկարան Անատոլիայի հենց կենտրոնում է, սակայն Սեւ ու Միջերկրական ծովերից շարունակ թափանցող հոսանքները մեղմում են ցամաքային կլիման: Կեսգիշերն անց վայրէջք կատարեցինք Ստամբուլում: 

Ստամբուլ-Անկարա-Ստամբուլ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter