HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որքանո՞վ ենք պաշտպանված կեղծված, չգրանցված, ժամկետանց և անորակ դեղերից

Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանն անցյալ տարվա նոյեմբերին մի առիթով անդրադառնալով Հայաստանում կեղծ և ժամկետանց դեղերի հիմնախնդրին, ասաց. «Հիմնական դեպքերը, որ մենք հայտնաբերում ենք կամ գիտենք, կապված է մարդկանց` քրեական ճանապարհ բռնելու կամ իրենց զարգացածության, իրենց որոշումներն ընդունելու հետ: Եթե ինչ-որ մեկն իր ավտոտնակում որոշում է կավճից սարքել դեղահաբեր և իր հորեղբոր տղայի միջոցով ծախել ինչ-որ փոքր դեղատների, դա իր անձնական որոշումն է` բռնել այդ քրեական ճանապարհը, որը պատժվում է և լուրջ հարց է: Նույն հաջողությամբ ինքը կարող էր որոշել, օրինակ, կոշիկ սարքել, կեղծել տարադրամը կամ ցանկացած մեկ այլ ապրանք»:

Չգիտենք` Ս. Զաքարյանը գիտակցո՞ւմ է արդյոք, որ վատն էլ հենց դա է, այսինքն` կեղծարարը չպետք է կարողանա դեղը կեղծել և իրացնել նույն հաջողությամբ, ինչ կոշիկն ու ցանկացած մեկ այլ ապրանք: Դա նշանակում է, որ դեղորայքային շուկայում հսկողությունն ու վերահսկողությունն անհամեմատ ավելի խիստ ու հետևողական պետք է լինեն, որովհետև դեղը մարդու առողջության, կյանքի հետ է առնչվում, ավելին` դեղից մինչև թույն, ինչպես մասնագետներն են ասում, կես քայլ է միայն:

Այսօր նույնիսկ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերությունն է ընդունում, որ կեղծ դեղերի շրջանառության հիմնախնդիրն առկա է նաև Հայաստանում: Ըստ նշված ընկերության, դրան նպաստող գործոն է հարևան երկրներից դեղերի անօրինական ներկրումը, իսկ օրինական ճանապարհով կեղծ դեղերի ներմուծումը գրեթե անհնար է:

Իհարկե, եթե բացառենք կոռուպցիան ՀՀ առողջապահության նախարարությունում և նրա հիմնադրած նույն ՓԲԸ-ում: Այնուհանդերձ, ըստ հիշյալ ընկերության հավաստման, բոլոր արտադրողները և ներկրողները համոզվել են, որ Հայաստանում օրինական ճանապարհով կեղծ դեղ ներկրելու հավանականությունը նվազագույնն է, և դա է վկայում նաև այն փաստը, որ 2002-2008 թթ. ընթացքում հայտնաբերված 14 կեղծ դեղից 13-ը անօրինական ներկրմամբ են բերվել մեր հանրապետություն, իսկ մեկն էլ հայտնաբերվել է ոչ մաքսանենգ ճանապարհով բերված դեղի ներկրման գործընթացում իրականացված փորձաքննության ընթացքում:

Կեղծված դեղերին առաջիկայում դեռ հանգամանորեն կանդրադառնանք: Անվտանգության առումով առկա հիմնախնդիրը, սակայն, չի վերաբերում միայն կեղծված դեղերին: Լուրջ վտանգ են ներկայացնում նաև ժամկետանց կամ Հայաստանում չգրանցված դեղերը, որոնց քանակը հանրապետությունում անհամեմատ ավելի մեծ է:

«Դեղատները շատ են Հայաստանում` 500-600 (կարծում ենք, դրանք իրականում ավելի շատ են.- Ա.Հ.), եթե ինչ-որ մի դեղատան աշխատակից որոշել է ինչ-որ ձևով փոխել ժամկետը դեղի վրա, նշել նոր ամսաթիվ կամ ինչ-որ նոր պիտակ կպցնել, դա նորից այդ աշխատակցի կամ դեղատան կազմակերպության որոշումն է` բռնել դարձյալ քրեական ճանապարհ»,- ասաց Սամվել Զաքարյանը:

Հիշյալ միության նախագահի հավաստմամբ, մեր հարևան հանրապետությունից` Վրաստանից, պայուսակներով հնարավորություն է ստեղծվում որոշ դեղեր տեղափոխել այստեղ և վաճառահանել:

«Քանի որ Վրաստանն, ի տարբերություն Հայաստանի, ներմուծված դեղերի կամ հումքի վրա չունի 20 տոկոսանոց ավելացված արժեքի հարկ, շատերի համար դա ճանապարհ է ստեղծում ավելի էժան դեղերը պայուսակով, գրպանում կամ, չգիտեմ, մեկ այլ ձևով սահմանն անցկացնել, բերել Հայաստան և էլի իր ծանոթների միջոցով փորձել իրացնել»,- ասաց Ս. Զաքարյանը:

Ինչպես տեղեկացանք ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանից, դեղատնային գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների կողմից դեղագործական կանոնների խախտման հիմքով վարչական պատասխանատվություն սկսվել է կիրառվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2008 թ. ապրիլի 8-ի ՀՕ-7-Ն օրենքի ընդունումից հետո:

Մեր հարցմանը Ս. Քրմոյանի տված պաշտոնական պատասխանի համաձայն` դրանից հետո իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված չգրանցված և (կամ) ժամկետանց դեղերի մասով 2008 թ. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47.3 հոդվածի հիման վրա տուգանքներ են նշանակվել երկու ընկերության նկատմամբ. 100000 դրամ տուգանք է նշանակվել «Կամիլա» ՍՊԸ-ի (գործունեության իրականացման վայրը` Երևան, Գ. Նժդեհի 22) նկատմամբ, քանի որ դեղատնային կրպակում առկա են եղել ՀՀ-ում չգրանցված դեղեր, 150000 դրամ տուգանք է նշանակվել «Սանացիա» ՍՊԸ-ի (Երևան, Աբովյան 48) նկատմամբ: Վերջինիս դեղատնային կրպակում եղել են ոչ միայն Հայաստանում չգրանցված, այլև պիտանիության ժամկետն անցած դեղեր: Ակնհայտ է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը դեղերի մանրածախ առևտուրը 2008 թ. վերահսկողությունից գրեթե դուրս է թողել, քանի որ ավելի քան կես տարվա ընթացքում ընդամենը երկու դեղատնային կրպակում է չգրանցված, ժամկետանց դեղեր հայտնաբերել: Այսպիսի վերահսկողությունը կարելի է համարել ձևական, ընդամենը ինչ-որ հերթապահ ցուցանիշներ ունենալու համար արված գործողություն:

2009 թ. ևս դեղատնային ցանցը վերահսկողությունից գրեթե դուրս է եղել: Դեղատանը կամ դեղատնային կրպակում չգրանցված դեղեր ունենալու համար ամբողջ տարվա ընթացքում տուգանք է նշանակվել ընդամենը 4 ընկերության նկատմամբ. 120000-ական դրամ տուգանք է նշանակվել «Բուկ» ՍՊԸ-ի (Երևան, Մարգարյան 15-3), «Վերգինե Ղազարյան» ԱՁ-ի (Երևան, Մարգարյան 8), «Հայկ դեղատուն» ՍՊԸ-ի (ք. Հրազդան, օգոստոսի 23-33), իսկ 150000 դրամ տուգանք` «Լևտոն» (Երևան, Մարգարյան 8/1) ընկերության նկատմամբ:

2010 թ. վարչական տուգանք է նշանակվել 12 ընկերության նկատմամբ (այդ թիվը նույնպես փաստացի եղած զանգվածային խախտումների համեմատ չնչին է): Խոսքը, մասնավորապես, «Գի Արալի» (Երևան, Մարգարյան 15), «Հայկ-95» (Երևան, Բաղրամյան 68-16), «Ակրաս» (Երևան, Մարգարյան-Ֆուչիկ խաչմերուկ), «Էդուլֆարմ» (Երևան, Կոմիտաս 33-3), «Լավանդա Նոր Ֆարմ» (Երևան, Տիգրան Մեծի 17), «Քույր և եղբայր Մելիքսեթյաններ» (Երևան, Տիգրան Մեծի 76), «Սամտուր-Ներինվեստ» (Երևան, Բաղրամյան 56) ՍՊԸ-ների մասին է: Վերջին երկուսի նկատմամբ 130000, իսկ մնացածների նկատմամբ 150000 դրամ տուգանք է նշանակվել դեղատնային կրպակում չգրանցված դեղերի առկայության համար: «Լիվաֆարմ» (Երևան, Մամիկոնյանց 2/65ա), «Անիսֆարմինդուստրիա» (Երևան, Մոսկովյան 8/49), «Տաշիր ֆարմ» (Երևան, Խորենացի 33) ՍՊԸ-ների, Ա/Ձ Իրինա Առաքելյանի (Երևան, Կոմիտաս 63) նկատմամբ ընդամենը 150000-ական դրամ տուգանք է նշանակվել` չնայած այն փաստին, որ դեղատնային կրպակներում առկա են եղել ոչ միայն ՀՀ-ում չգրանցված, այլև պիտանիության ժամկետներն անցած դեղեր: Միայն «Լևտոն» ՍՊԸ-ի նկատմամբ է 300000 դրամ տուգանք նշանակվել, քանի որ նրա վերոնշյալ դեղատնային կրպակում արդեն երկրորդ անգամ է չգրանցված դեղ հայտնաբերվել (նախորդ տուգանքի կիրառումից 1 տարին չանցած):

Տուգանքների փոքր չափերն օրենսդրական խայտառակ թերության հետևանք են: Գրեթե կասկած չունենք, որ այդ օրենսդրությունը միտումնավոր գրված է որոշ պատգամավորների, կառավարության անդամների կամ նրանց տեղակալների ՙհագով՚, որպեսզի իրենց կամ իրենց հովանավորյալների դեղատներում նմանաբնույթ խախտումների հայտնաբերման դեպքում տուգանքի չափը 150000 դրամը չանցնի, օրինախախտին շոշափելի վնաս չպատճառվի, տուգանքն ազդեցիկ չլինի ու նրանք մեր ու մեր սերունդների առողջության հաշվին կարողանան իրենց գարշելի միլիոնները դիզել: Որոշ տեղեկությունների համաձայն` դեղորայքի ներկրմամբ զբաղվող խոշոր ընկերություններից 2-3-ի տերերը դեռ ժամանակին ԱԺ որոշ պատգամավորների շրջանում լոբբինգով են զբաղվել ու նույնիսկ փոխշահավետ պայմանավորվածության եկել կուսակցապետերից մեկի հետ, որպեսզի օրենսդրորեն հասնեն Հայաստանի դեղերի շուկայում ներկայիս գրեթե բարձիթողի վիճակին: Օրենքից, օրենքի երկրից հաճախ խոսացող պատգամավորուհիներից մեկի եղբայրն էլ այն ժամանակ զբաղվել ու գուցե հիմա էլ զբաղվում է դեղորայքի բիզնեսով:

Որպեսզի անտեղյակ ընթերցողին հասկանալի լինի չգրանցված դեղի վտանգավորությունը, տեղեկացնենք, որ չգրանցված դեղը Հայաստանում լաբորատոր փորձաքննության չենթարկված և անվտանգության, ինչպես նաև որակի առումով չերաշխավորված, հնարավոր է մինչև իսկ բավարար կլինիկական փորձարկում չանցած, անհայտ ազդեցությամբ, հետևանքներով դեղն է, որը կարող է ներկրված լինել կամ մաքսանենգ ճանապարհով, կամ անձնական օգտագործման պատրվակով, եթե խոսքը ոչ մեծ գումարի ապրանքի մասին է: Օրինական ճանապարհով և առևտրային նպատակով Հայաստան ներկրված դեղը չի կարող գրանցված չլինել:

Չնայած վերոնշյալ վտանգներին, 2008 թ. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում 2008 թ. 47.3 հոդվածի լրացմամբ սահմանվել է, որ «Հայաստանի Հանրապետությունում չգրանցված դեղեր ներմուծելը կամ արտադրելը կամ պահպանելը կամ բաշխելը կամ իրացնելը կամ կիրառելը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով»:

Այսինքն` քանի դեռ նվազագույն աշխատավարձի, ավելի ճիշտ, բազային տուրքի չափը չի փոխվել, ընդամենը` 100-150 հազար դրամ: Եվ սա` անկախ նրանից, թե չգրանցված դեղը մեկ տուփ է եղել, թե, ասենք, 1000, մեկ անուն է եղել, թե, ասենք, 100:

Ավելին. նույն օրենսգրքի նույն հոդվածի համաձայն` «Դեղատների կամ դեղատնային կրպակների կողմից առևտրի համար նախատեսված սրահներում պիտանիության ժամկետն անցած դեղեր պահելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով» (դարձյալ անկախ նրանից, թե քանի անուն կամ հատ է): Այսինքն` ժամկետանց դեղի համար 2008 թ. և այսօրվա պայմաններում էլ ընդամենը 50000 դրամ տուգանք է նախատեսված, որը տնտեսվարող սուբյեկտը հեշտությամբ կարող է վճարել ընդամենը մի քանի տուփ դեղ վաճառելով: Մինչդեռ ժամկետանց դեղը որոշ դեպքերում կարող է գրեթե թույնի վերածված ու նույնիսկ ավելի վտանգավոր լինել, քան չգրանցված դեղը: Թեկուզ միայն այն, որ ժամկետանց դեղը կարող է ամբողջությամբ կամ մասամբ կորցրած լինել իր օգտակար հատկությունը, ծանր վիճակում գտնվող հիվանդի համար այդպիսի որոշ դեղեր (հակաբիոտիկներ, ճնշում իջեցնող դեղեր և այլն) կարող են ճակատագրական նշանակություն ունենալ` մինչև կպարզվի, որ դրանք արդյունավետ չեն եղել:

Նշենք նաև, որ եթե նույն դեղատանը կամ դեղատնային կրպակում առկա են լինում և Հայաստանում չգրանցված, և ժամկետանց դեղեր, ապա այդ երկու օրինախախտման համար նախատեսված տուգանքների չափերը, ՀՀ օրենսդրության համաձայն, չեն գումարվում իրար, տուգանքը նշանակվում է դրանցից առաջինի համար նախատեսված տուգանքի առավելագույն չափից (150000 դրամց) ոչ ավելի: Ահա այսպիսի մեղմ մոտեցում մարդկանց եթե չասենք կյանքի, ապա առողջության հետ խաղացողների նկատմամբ:

Անդրադառնանք 2011 թ. արձանագրված խախտումներին. դեղատնային կրպակում չգրանցված դեղերի առկայության համար 100-150 հազար դրամի տուգանքներ են նշանակվել «Յանի Թա» (Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղ., թիվ 11 շ., բն 2գ), «Ֆարմ Ալիանս» (Երևան, Սաֆարյան փող., թիվ 7), «Ասպուրակ» (Երևան, Նոր Նորքի 2-րդ զանգված, թիվ 64 շ.), «Լ. Է. Գ.» (Երևան, Հալաբյան-Մարգարյան խաչմերուկ), «Արթուր և Նազելի» (Երևան, Աճառյան փ., 32-րդ շ., թիվ 2), «Կրեդո Ֆարմ» (Երևան, Կոմիտասի պող., 11-րդ շենք, թիվ 14), «Կամերյան և որդիներ» (Վանաձոր, Աղայան 73/18), «Մարիամ-Էդգար» (Երևան, Ալ. Մանուկյան փող., 7-րդ շենք, բն. 6), «Լա Մեդիքլ Բյութի Ընդ Վալլենս» (Երևան, Արշակունյաց 46-րդ շենք, թիվ 91) ՍՊԸ-ների, ԱՁ Անժելա Մանուկյանի  (Երևան, Չարենցի 66, թիվ 32), ԱՁ Հրաչյա Դանիելյանի  (Երևան, Արցախի 1), ԱՁ Նունե Վարդանյանի  (Երևան, Սայաթ-Նովա պող., 22-րդ շ., թիվ 1), ԱՁ Արթուր Գազազյանի, ԱՁ Հեղինե Մարտիրոսյանի նկատմամբ: «Ագաստ» ՍՊԸ-ի  նկատմամբ (Երևան, Ավանեսով 8-2), որի դեղատնային կրպակում ՀՀ-ում չգրանցված և պիտանիության ժամկետներն անցած դեղեր են եղել, 150000 դրամ տուգանք է նշանակվել: Դեղատնային կրպակներում միայն պիտանիության ժամկետն անցած դեղեր ունենալու համար 50000-ական դրամ տուգանքներ են նշանակվել «Կուրացիո» (Երևան, Սարյան փ. թիվ 16 շ., բն. 30) ՍՊԸ-ի և ԱՁ Ֆիկին Ղազարյանի (Երևան, Անդրանիկի փ., 95/1) նկատմամբ: Սա է եղածը, այսինքն` տուգանքներ են նշանակվել ընդամենը 17 տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ:

Ակնհայտ է, որ ժամկետանց և չգրանցված դեղերի համար սահմանված համապատասխանաբար 50000 դրամ և մինչև 150000 դրամ տուգանքներն, առավել ևս այսօրվա պայմաններում, փոքր գումարներ են, շոշափելի պատասխանատվություն չեն ենթադրում և գրեթե չեն կատարում նշված խախտումները զսպելու, կանխելու իրենց գործառույթը: Այդ տուգանքների չափերը բարձրացնելու անհրաժեշտությունը վաղուց հասունացել է:

«Մոտ 6 ամիս առաջ Ազգային ժողով է ներկայացվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ, որով նախատեսվում է ավելացնել այդ տուգանքների չափերը,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը:- Մասնավորապես` եթե հիմա չգրանցված դեղ հայտնաբերելու առիթով կարող է 100-150 հազար դրամ տուգանք կիրառվել, այդ փոփոխության արդյունքում հայտնաբերված յուրաքանչյուր անուն այդպիսի դեղի համար է նշանակվելու 150000 դրամ տուգանք: Այսինքն` եթե տասն անվանում չգրանցված դեղ է հայտնաբերվել, տնտեսվարողը մեկուկես միլիոն դրամ կտուգանվի: Ինչ վերաբերում է ժամկետանց դեղերին, ապա այդ դեպքում նախատեսված տուգանքի չափը նախատեսվում է յուրաքանչյուր անուն դեղի համար հասցնել 150000 դրամի: Կառավարությունը գտնում է, որ ժամկետանց կամ Հայաստանում չգրանցված դեղերի վտանգավորությունը և խնդրի կարևորությունն այնքան է, որ պետք է տուգանքների չափերը բարձրացնել»:

Մի՞թե Հայասատանի կառավարությանը դա հասկանալու համար 4 տարի պետք եղավ…

շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter