Խաչատուր Սուքիասյանին չգրանցեցին, իսկ Հակոբ Հակոբյանը պատրաստ է դիմել նույնիսկ Եվրադատարան
Այսօր Երեւանի թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը միաձայն մերժել է Հայ ազգային կոնգրեսի առաջադրված թեկնածու, նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի թեկնածությունը:
Հանձնաժողովը հիմք է ընդունել ոստիկանության անձնագրերի եւ վիզաների բաժանմունքի մարտի 15-ի գրությունը, ըս որի Խաչատուր Սուքիասյանը Հայաստանում մշտապես չի բնակվել 10 ամսից ավելի: Փոխարենը հանձնաժողովը գրանցել է Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Սարիբեկ Սուքիասյանի, ինչպես նաեւ ՀՀԿ-ի թեկնածու Գարեգին Նուշիկյանի եւ անկուսակցական Գագիկ Շահնազարյանի թեկնածությունները:
Նման մի իրավիճակ էլ ստեղծվել է Արմավիրի մարզի թիվ 19 ընտրատարածքում: Այստեղ առաջադրված թեկնածու, նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) դիմել է հանձնաժողովին, որպեսզի չգրանցեն պատգամավոր Սեդրակ Սարոյանի (գեներալ Սեյրան) թեկնածությունը, քանի որ մոտ մեկ տարի Հայաստանում չի բնակվել, մինչդեռ ընտրատարածքային հանձնաժողով է ներկայացրել տեղեկանք, որ մշտապես ապրել է Հայաստանում:
«Հանձնաժողովը քննեց եւ հիմք ընդունեց Սեդրակ Սարոյանի ներկայացրած տեղեկանքը: Բնականաբար, մենք դժգոհ էինք հանձնաժողովի նման որոշումից եւ այն բողոքարկել ենք կենտրոնական ընտրական հանձնաժողով, եթե այնտեղ էլ բան չանեն, բողոքարկելու ենք վարչական դատարան»,- «Հետքին» տեղեկացրեց Հակոբ Հակոբյանը:
Առաջադրված թեկնածուն նշում է, որ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին հասցեագրված բողոքարկման դիմումում հստակ նշել են, թե հանձնաժողովը որ մարմնից կարող է հարցում անցկացնել Սեդրակ Սարոյանի բացակայությունների վերաբերյալ: Հակոբ Հակոբյանի խոսքերով՝ տվյալները կան ԱԱԾ-ում, որտեղից էլ պետք է հարցում արվի:
«Ընդհուպ նշել ենք այն պաշտոնյայի անունը, թե տվյալներն ում մոտ են պահպանվում: Միայն նրանց տված տեղեկանքն է, որ համոզիչ կլինի մեզ համար»,- ավելացրեց Հակոբ Հակոբյանը:
Քանի որ մշտապես Հայաստանում չբնակվելու պատճառաբանությամբ այսօր թիվ 10 ընտրատարածքային հանձնաժողովը չգրանցեց Խաչատուր Սուքիասյանի թեկնածությունը, Հակոբ Հակոբյանն ասում է, որ ինքը մինչեւ վերջ պայքարելու է, ընդհուպ մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որպեսզի օրենքը միատեսակ կիրառվի:
Թիվ 19 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Նազարյանից պարզաբանում ստանալ չհաջողվեց: Արդեն 2 օր է՝ հանձնաժողովի հեռախոսազանգերին պատասխանող չկա:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել