HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընտրախախտումների դեմ հսկողություն իրականացնող խմբում ընդգրկվել է 10 դատախազ

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը:

Աղվան Հովսեփյանը հավաստել է դատախազության վճռականությունն ու պատրաստակամությունը հետամուտ լինել հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների պատշաճ գրանցմանն ու քննարկմանը, դրանց համարժեք քրեաիրավական գնահատական տալուն:

Ա.Հովսեփյանը հյուրերին տեղեկացրել է, որ իր հրամանով մարտի 23-ին ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման և քննարկման նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնելու համար: Խմբում ընդգրկվել է 10 դատախազ: Խմբի գործունեությունը կհամակարգի Արամ Թամազյանը:

«Աշխատանքային խումբը ոչ միայն հսկողություն է իրականացնելու գրավոր ստացված հաղորդումների պատշաճ գրանցման ու քննարկման նկատմամբ, այլև իրականացնելու է լրատվամիջոցների մշտադիտարկում՝ քննարկման առարկա դարձնելով հանցագործության հատկանիշներ պարունակող ընտրախախտումների վերաբերյալ մամուլի հրապարակումները: Քաղաքացին պետք է վստահ լինի, որ հանցագործության մասին իր ահազանգը, պատշաճ քննության առարկա կդառնա»,- նշել է Ա.Հովսեփյանը:

Ընտրական գործընթացների վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված է 12 հանցակազմ: Ա.Հովսեփյանը համոզմունք է հայտնել, որ ստեղծված մեխանիզմը հնարավորություն կտա, որ ընտրախախտումների վերաբերյալ բոլոր հաղորդումները դառնան պատշաճ քննարկման առարկա:

Ստացված հաղորդումների և քննարկման ընթացքի, արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը կտեղադրվի դատախազության ինտերնետային էջում, ինչը բոլոր շահագրգիռ անձանց հնարավորություն կտա հետևել ստացված բողոքների քննարկման ընթացքին և բարձրաձայնել, եթե որևէ հաղորդում չգրանցվի և չդառնա իրավապահ մարմինների քննարկման առարկա:

Դիտորդական առաքելության ղեկավար Ռ.Շեկերինսկայան իր հերթին արձանագրել է, որ հենց ընտրությունների ընթացքի վերաբերյալ բողոքների պատշաճ քննարկման ապահովումն է լավագույն վկայությունը, թե որքանով են իշխանությունները հետամուտ և պատրաստակամ հարգելու ընտրական իրավունքը և անցկացնելու ազատ և արդար ընտրություններ: Այս առումով նա բարձր է գնահատել դատախազությունում ներդրված փորձը:

ՀՀ գլխավոր դատախազը արձանագրել է, որ մարտի 23-ին կազմակերպվել է գիտագործնական համաժողով՝ իրազեկելով ընտրախախտումների համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, քաղաքացիական հասարակության առավել լայն շրջանակների հետ քննարկելով օրենսդրական մի շարք խնդիրներ: Նա վստահեցրել է, որ այդ ուղղությամբ քայլեր կիրականացվեն նաև ընտրական ողջ գործընթացի ժամանակ՝ հնարավորինս ապահովվելով ստեղծված աշխատանքի խմբի գործունեության հրապակայանությունը:

Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter