HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Եվրադատարանը կքննի Հայաստանում օտարալեզու դպրոցների հարցը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ստացել է Հայաստանում օտարալեզու դպրոցների վերաբացման դեմ դիմումատու Գարեգին Ղազարյանի դիմումը և առաջին իսկ հնարավորության դեպքում կքննի գործը՝ դիմումատուի ներկայացրած տեղեկատվության և փաստաթղթերի հիման վրա: Այս մասին Գարեգին Ղազարյանին ՄԻԵԴ քարտուղարի անունից տեղեկացրել է իրավաբանական քարտուղար Արա Շահզադեյանը:

Ըստ Գարեգին Ղազարյանի ներկայացրած փաստաթղթերի՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններն անօրինական են, հակասում են Հայաստանի անկախության մասին հռչակագրին, վերջինս հիմք ընդունած Սահմանադրությանը, ընդունվել են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի խախտմամբ:

Գարեգին Ղազարյանը Եվրադատարանից խնդրում է «պարտավորեցնել ՀՀ պետական իշխանություններին վերացնել (չեղյալ հայտարարել) 2011թ. ուժի մեջ մտած «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Լեզվի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքները և դրանով իսկ կանխարգելել ՀՀ-ում անկախության ու ինքնիշխանության հիմքերը կործանող օտարալեզու դպրոցների վերաբացումը»:

«Ընդհանրապես չէի ուզենա դիմել միջազգային ատյան, այն էլ՝ ազգային լեզվի հիմնահարցով (նույնիսկ հարգարժան Եվրադատարան): Դրան հարկադրված լինելը համարում եմ իմ պետության և անձամբ իմ ամոթն ու խարանը: Այնուամենայնիվ, գանգատ եմ բերում դե յուրե ընդդեմ Հայաստանի… դե ֆակտո հանուն Հայաստանի»,- ՄԻԵԴ-ին ուղղված դիմումի մեջ գրել է Գարեգին Ղազարյանը:

Նա սպառել է ներպետական բոլոր ատյանները: 2010թ. հոկտեմբերի 22-ին Գարեգին Ղազարյանը հայցադիմում էր ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Կրթության և գիտության նախարարության, կառավարության և Ազգային ժողովի՝ պահանջելով անօրինական լինելու հիմքով չեղյալ համարել և հետ վերցնել օրենքի նախագծերը: Սակայն դատարանը մերժել էր ընդունել հայցադիմումը: Վերաքննիչ դատարանը մերժել էր վերաքննիչ բողոքը: Իսկ Վճռաբեկ դատարանը բողոքը վերադարձրել էր:

Սահմանադրական դատարանն էլ վերադարձրել էր Գարեգին Ղազարյանի ներկայացրած փաստաթղթերը՝ հիմնավորելով, որ դիմումատուն Վճռաբեկ դատարանի կայացրած որոշմամբ իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթ չի վիճարկում: Իսկ Սահմանադրության 101-րդ հոդվածի պահանջների համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել «յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միրջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը»:

Մինչդեռ Գարեգին Ղազարյանը կարծում է, որ ներպետական բոլոր ատյաններում իր հայցադիմումների մերժումներով խախտվել են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի մի քանի հոդված, ինչպես նաև արդարացի և հրապարակային դատաքննության իրավունքը:

Հիշեցնենք, որ 2010թ. հունիսի 24-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը: 2010թ. դեկտեմբերի 22-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:

«Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքները փոփոխելու՝ կառավարության նախաձեռնությունից հետո քաղաքացիական հասարակությունը բողոքի բազմաթիվ ակցիաներ անցկացրեց, իսկ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական շարժումը հայտարարեց, որ ավելի ոչ լեգիտիմ օրինագծեր դժվար է պատկերացնել:

Չնայած դրան՝ նախագահ Սերժ Սարգսյանը 2011 թ. հունվարի 19-ին ստորագրեց Ազգային ժողովի ընդունած օրենքները: Իսկ օրենքները ստորագրելուց 33 օր անց՝ փետրվարի 21-ին, Մայրենի լեզվի օրվա առթիվ իր շնորհավորական ուղերձում հայտարարեց. «...մեծ է լեզվի դերը, որը ոչ միայն յուրաքանչյուր ազգի ինքնակերտման կարևորագույն գրավականներից է, այլև նրա գոյության ապավենն ու պաշտպանը, ավյունն ու կենսաուժը, ինքնության վահանը: Հեռանալ հայոց լեզվից նշանակում է հեռանալ հայ ժողովրդից, ազգային արմատից ու կենսահողից, դառնալ մի վտարանդի, որն անհաստատ է, լքված, անհայրենիք»:

Ընդդեմ օտարալեզու դպրոցների քաղաքացիական շարժման շատ մասնակիցներ, նաև փորձագետներ համարում են, որ Հայաստանում օտարալեզու դպրոցների վերաբացման հնարավորություն ընձեռող օրինագծերն ընդունվեցին այլ երկրների պատվերով: Իսկ կառավարությունը հայտարարում է, որ այս նախաձեռնությամբ նպատակ ունի բարձրացնել Հայաստանում կրթության որակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter