ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն պարարտանյութ են բաժանում. մեկը պետբյուջեի, մյուսը՝ օլիգարխների հաշվին
Կառավարության գյուղատնտեսական ծրագրով մինչ ապրիլի 10-ը Հայաստան է ներկրվելու 25 հազար տոննա ազոտական պարարատանյութ: Այն գյուղացիական տնտեսություններին հատկացվելու է մեկ պարկը 6 հազար դրամով՝ շուկայական 8-9 հազար դրամի փոխարեն: Ըստ համայնքների ներկայացրած հայտերի՝ Արմավիրի մարզին բաժին կհասնի 4 հազար 500 տոննա պարարտանյութ:
Համայնքների մի մասն արդեն ստացել է իր մասնաբաժին պարարտանյութը, սակայն ում հետ խոսում էինք, ներկայացնում էին, որպես ՀՀԿ-ի կողմից իրականացվող «ակցիա»: Օրինակ՝ Փշատավանի համայնքապետ Ռաֆիկ Ստեփանյան, ով նույնպես հանրապետական է, մեզ հետ զրույցում ասում էր, թե շուկայականից էժան պարարտանյութը ՀՀԿ-ի շնորհիվ է հատկացվում գյուղացիներին: Համայնքապետը պարարտանյութի հատկացումը սարքել է «մատի փաթաթան» եւ ընտրություններից առաջ փորձում է ՀՀԿ-ի հեղինակությունը բարձրացնել:
Այնպես չէ, որ մարզում միայն Ռաֆիկ Ստեփանյանն է պետբյուջեի միջոցներով ձեռք բերվող պարարտանյութը ներկայացնում ՀՀԿ-ի բարի կամքի դրսեւորում: Այդ գործին լծված են մարզային բոլոր իշխանությունները՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանից սկսած մինչեւ փոքր գյուղի ՀՀԿ-ական ավագանու անդամ: Ստացվում է, որ իշխող հանրապետական կուսակցությունը ինձ՝ որպես հարկատու, եւ մյուսներին օգտագործում է իր կուսակցական շահերն առաջ տանելու համար:
Մի քանի համայնքապետեր, որոնք ՀՀԿ-ական չէին, «Հետքին» դժգոհեցին, թե պարարտանյութ ցանկացողներից մարզային իշխանությունները գումարը հավաքել են դեռեւս հունվարից, սակայն մինչ օրս իրենց պարարտանյութը տեղ չի հասել: Համայնքապետերի ասելով՝ գյուղացիներին հիմա է խիստ անհրաժեշտ պարարտանյութը, որպեսզի ջերմոցներում օգտագործեն, մինչդեռ մարզային իշխանությունները դիտմամբ ուշացնում են պարարտանյութի բաժանումը, որպեսզի այն համընկնի մայիսի 6-ի խորհրդարնական ընտրությունների քարոզարշավի հետ, եւ դրանով բնակչությանը ՀՀԿ-ն ներկայացնի «իր սերը գյուղացիների նկատմամբ»:
Այս օրերին գյուղացիներին պարարտանյութ բաժանում է նաեւ ԲՀԿ-ն: Մեր տեղեկություններով՝ պարարտանյութի մեծ խմբաքանակ իջեցրել են ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի ազգականներից մեկի տանը, եւ պարկը 5000 դրամով կանխիկ վաճառում են ցանկացողներին: Եթե ՀՀԿ-ն պարարտանյութը ձեռք է բերել պետբյուջեի հաշվին եւ բաժանում է ՀՀԿ-ի անունից, ապա ԲՀԿ-ի պարարտանյութն էլ ձեռք է բերվել կուսակցության եւ դրան անդամակցող օլիգարխների գումարներով եւ բաժանվում է Գագիկ Ծառուկյանի անունից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել