HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

«Առաջին պատվիրատուն չգիտեր, թե համակարգչից ինչ կարելի է սպասել». Աշոտ Խաչատրյան

«Հայկական ծրագրեր» ընկերությունը  դառնում է 25 տարեկան: Երբ տարբեր հանդիպումներում առիթ է լինում խոսելու, թե արդյո՞ք Հայաստանում հնարավոր է «մաքուր բիզնես» անել, առանց կաշառքի ու տանիքի, ես պատասխանում եմ` այո, եւ օրինակ եմ բերում «Հայկական ծրագրեր» ընկերությանը: Այս ընկերության անցած ուղին հարթ չի եղել. այն բազմաթիվ խնդիրներ է ունեցել: Եվ ընկերության հիմնադրի` Աշոտ Խաչատրյանի մտքով երբեք չի անցել, որ պետք է նման դեպքերում կաշառք տալ:

«Հայկական ծրագրերի» օրինակը բերելով` ասում եմ` հնարավոր է «մաքուր» բիզնեսով զբաղվել, եթե չես խուսափել հարկերից և հետո գործարքի մեջ չես մտել հարկային մարմնի հետ, եթե տանիք չունես վերեւներում, եթե քո բիզնեսի մեջ փայատեր չեն զանազան պաշտոնյաներ, եթե նպատակդ միանգամից գերշահույթներ ստանալը չէ, և աշխատողներդ քո թիմակիցներն են: Այնպես որ, երբեք մի’ տրտնջացեք, թե Հայաստանում հանարավորություն չկա բիզնես անելու, պարզապես պետք է պայքարել: Խնդիրը միշտ սա է. կկոտրեն քեզ, ու կենթարկվես ընդունված խաղի կանոների՞ն, թե՞ կմնաս հավատարիմ քո սկզբունքներին:

Ես այդ ժամանակ ասում եմ` դարձրեք Ձեր ընկերությունը այնպիսին, ինչպիսին է «Հայկական ծրագրերը»: Բիզնեսում եղեք ազնիվ եւ կհասնեք հաջողությունների: Սա, իհարկե, Աշոտ Խաչատրյանի կարգախոսը չէ, սա իմ կարգախոսն է, բայց այն ասում եմ`  տարիներ շարունակ հետեւելով «Հայկական ծրագրերի» գործունեությանը:

«Հետք» թերթի խմբագիր Էդիկ Բաղդասարյան

Հարցազրույց «Հայկական ծրագրեր» ընկերության նախագահ Աշոտ Խաչատրյանի հետ:

Ձեր ընկերությանը կարելի է շնորհավորել ոչ միայն հոբելյանական 25-ամյակի, այլև Հայաստանում երկարակյաց բիզնեսի ավանդույթ ձևավորելու համար: Որոնք են տևական բիզնես վարելու Ձեր բանալիները:

25 տարին դեռեւս տեւական չի համարվում: Բիզնեսը տեւական հաջողակ է համարվում, երբ մի քանի տնօրեններ են փոխվում, իսկ գործունեությունը շարունակում է զարգանալ: Տեւական բիզնես վարելու մասին բազմաթիվ գրքեր են գրվել: Սա ծավալուն, բազմաշերտ թեմա է: Մի քանի խոսքով կարելի է ասել հետեւյալը. պետք է ունենալ հստակ արժեհամակարգ, համառություն և համբերություն: Պետք է  նախապատվություն տալ երկարաժամկետ խնդիրներին: Կարճաժամկետներից պետք լուծել միայն ամենաանհրաժեշտները: Արագ շահույթների ձգտելը բիզնեսը կործանելու ամենաարագ ուղին է: 

Բիզնեսի հաջողության գրավականներից մեկը տնտեսագիտության մեջ հայտնի է հետևյալ ձևակերպմամբ. «Ճանաչեք Ձեր հաճախորդի ակնկալիքները»: Հայաստանյան հաճախորդը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կարողանո՞ւմ է հստակեցնել իր ակնկալիքը, թե՞ դուք եք ձևավորում:

Մեր հաճախորդները այս 25 տարվա ընթացքում անճանաչելի են փոխվել: Հաշվապահական համակարգի մեր առաջին պատվիրատուին հարցրինք` ինչ է ուզում համակարգից: Ասաց` ուզում է ազատ ժամանակ ունենալ, «որ աղջիկներ, բան-ման»: Երբ փորձում էինք հստակեցնել, թե համակարգից կոնկրետ ինչ է սպասում, պատասխանում էր «ազատ ժամանակ եմ ուզում»: Մի խոսքով, ոչ նրանից, ոչ էլ մեր մյուս առաջին պատվիրատուների ակնկալիքները չկարողացանք հստակ իմանալ: Նրանք պարզապես չգիտեին, թե համակարգչից ինչ կարելի է սպասել: Հասկացանք, որ խնդիր առաջադրող չենք գտնելու, և մենք պետք է ինքներս հաշվապահություն սովորենք, ընդ որում` լավագույն հաշվապահների մակարդակի: Հիմա պատվիրատուները բավական առաջադիմել են այս հարցում և հաճախ շատ հետաքրքիր խնդիրներ են առաջադրում:

Եթե հաշվի առնենք, որ արտասահմանյան ծրագրային փաթեթներ գնելը բանկերի համար գումարային խնդիր չէ, ապա տեղական արտադրանքը չթերագնահատելու միակ հիմնավորումն այն է, որ դուք մրցունակ եք արտասահմանյան շուկայում: Այս դեպքում դրսի շուկայի հետ համագործակցության անհրաժեշտություն և պարտավորվածություն չի՞ առաջանում: Կա՞ համագործակցություն:

Արտասահմանյան ծրագրային փաթեթ գնելը կարող է  գումարային խնդիր լինել,  բայց դա խնդիրներից փոքրագույնն է: Ավելի դժվար կամ անհնար է այդ փաթեթը տեղայնացնելը` ներդնելն ու սպասարկելը: Եղել են այդպիսի փորձեր, արդյունքը` լիակատալ ձախողում : Օրենսդրական և լեզվական խնդիրներ ունեցող համակարգերի շուկան պաշտպանված է այդ առումով: Իսկ փոքր շուկան առավել եւս: Իսկ մենք կարողացել ենք մեր չափի շուկայի և առանձնահատկությունների համար օպտիմալ փաթեթներ ստեղծել: Այս ընթացքում, չհանգստանալու և չճահճանալու համար միշտ համեմատվել ենք արտասահմանյան համակերգերի հետ:

Եթե բնորոշելու լինենք Ձեր ընկերության գործունեության առաջին տարիները, ի՞նչ դեր խաղացին տեղեկատական տեխնոլոգիաները անկախության կայացման հարցում:

Երեւի ոչ մի: Անկախ Հայաստանը մեծ դեր խաղաց մեր կայացման հարցում:

Վերջերս քննարկվում էր այն հարցը, որ  ՏՏ ընկերություննները հնարավորություն կունենան աշխատելու ազատ տնտեսական գոտում և արդյունքում կստանան մրցակցային լուրջ առավելություն, քանի որ նրանց արտադրանքի կեսից ավելին` 70%-ը,  արտահանվում է:  Դուք արտահանում իրականացնո՞ւմ եք: Ազատ տնտեսական գոտում աշխատելու առաջարկը հավակնո՞ւմ է բեկումնային դառնալ ընկերության աշխատանքների համար:

Դեռ պարզ չէ, թե այդ ազատ տնտեսական գոտին ինչ է լինելու: Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ սա հերթական չմտածված քայլն է: Միայն հերթական խառնաշփոթն եմ սպասում այս նախագծից:

Ֆինանսական կառավարումը ավտոմատացնող ձեր մշակած ծրագրերը կրճատում են աշխատատեղերի քանակը համապատասխան ոլորտներում: Կարո՞ղ ենք ասել, որ տեղեկատվական տեխնոլոգիաները գործազրկությանը տանող ուղիներց մեկն են:

Սա, ինչպես կասեք դուք, լրագրողներդ, մի կարծրատիպ է: Ավտոմատացված համակարգերը աշխատատեղ չեն կրճատում: Նրանք կրճատում են սեւ աշխատանքի վրա ծախսվող ժամանակը: Զերծ են պահում սխալներից: Ավելի կարեւոր խնդիրների, վերլուծությունների, պլանավորումների, կանխատեսումների վրա աշխատելու ժամանակ և միջոցներ են տալիս: Մեր Պատվիրատուների մոտ դեռեւս աշխատատեղ չի կրճատվել, ուղղակի նույն աշխատակազմով շատ ավելի արդյունավետ կառավարում են ունենում:

Փոխարենը գնալով ավելանում է Ձեր ընկերության աշխատակիցների թիվը` կարծես հուշելով, որ ապագա աշխատող կլինի միայն նա, ով կունենա ստեղծագործ միտք և չի փոխարինվի համակարգչային ծրագրով: Ընթերցողներից շատերը կցանկանան ոչ միայն տեղեկանալ Ձեր ընկերության մասին, այլև վերապատրաստվել: Կրթական ի՞նչ բազա ունենալու դեպքում կարող են դիմել Ձեզ:

Համակարգչային ծրագիրը չի փոխարինում մարդուն. սա ևս կարծրատիպ է: Պարզապես ավելի արդյունավետ աշխատաձեւը փոխարինում է քիչ արդյունավետին: Պատկերացնու՞մ եք` ինչ կլիներ, եթե հակառակը լիներ:

Մենք ունենք ուսումնական կենտրոն` նախատեսված մեր աշխատակիցների վերապատրաստման համար: Այնտեղ մեր պատվիրատուների հաշվապահները անվճար սովորում են աշխատել մեր համակարգերի հետ: Գալիս են նաեւ ոչ պատվիրատու հաշվապահներ` այդ համակարգերը սովորելու. այդպես նրանք կարողանում են ավելի լավ աշխատանք գտնել. չէ՞ որ մեր համակարգերը ամենատարածվածն են, եւ միշտ դրանց լավ տիրապետող հաշվապահների կարիք կա:

Մենք նաև կարճատև դասընթացներ ենք կազմակերպում ծրագրավորման ֆակուլտետների լավագույն ուսանողների համար:

Ձեր մշակած ծրագրերի պատվիրատուների ցանկում են հայաստանյան բանկերի և ձեռնարկությունների մեծամասնությունը: Շուկայում գերակշռող դիրք ունենալը ինչքանո՞վ է Ձեզ պարտավորեցնում:

Չափազանց է պարտավորեցնում: Մեր համակարգերը ոչ միայն հաշվապահության ավտոմատացման, այլև կարևոր բիզնես-գործընթացների լիարժեք կառավարման միջոցներ են. նրանց խափանման դեպքում բանկերի և ձեռնարկությունների բիզնես-գործընթացները պարզապես կանգ են առնում: Սա նաև նշանակում է, որ տուժում են նրանց գործընկերները, այսինքն` մեր պատասխանատվությունը չի սահմանափակվում միայն մեր պատվիրատուներով: Պատկերացնենք` մեր բանկային ծրագիրը չաշխատի: Բանկի պատվիրատուն չի կարող իր գործընկերներին փոխանցումներ կատարել, չի կարող ստանալ իրեն փոխանցված գումարները, աշխատավարձեր վճարել: Մենք պատասխանատվություն ենք կրում նաեւ մեր պատվիրատուների գործընկերների և նրանց աշխատողների առաջ: Մենք պատասխանատու ենք  Հայաստանի ձեռնարկությունների և անձանց 80-90%-ի առջև: Սա ահռելի պատասխանատվություն է: Այս կարգի ծրագրային համակարգերում ֆունկցիոնալությունը ամենակարևորը չէ: Ավելի կարևոր են դառնում համակարգերի հուսալիությունը, արտադրողականությունը, գաղտնիությունը և մեր կողմից համակարգերի սպասարկման մակարդակը: Այս խնդիրները ավելի բարդ են, քան ֆունկցիոնալությունը զարգացնելը:

Սա իր հերթին նշանակում է, որ մեր ընկերությունը պետք է լինի կայուն և կանխատեսելի: Աշխատակազմը պետք է լինի պրոֆեսիոնալ և բավարար համալրված` փոխարինելիություն ապահովելու համար:

Կրթական հաստատությունները կարողանո՞ւմ են ձեր չափանիշներին համապատասխան մասնագետներ ապահովել: Երբ նշում են, որ ՏՏ ոլորտը զարգանում է առավելապես մասնավոր սեկտորում, նկատի ունեն նաև կրթակա՞ն համակարգը. այսինքն` մասնավոր բուհերը այս ոլորտում գերազանցո՞ւմ են պետականին:

Կրթական հարցը շատ ցավոտ է: Տարեցտարի վիճակը վատանում է: Եթե մի տասը տարի առաջ մի բուհից կարելի էր 50 լավ շրջանավարտ ընտրել, ապա այսօր երկու բուհերից` ընդամենը 10-15 հոգի, որոնց նաև պետք է լուրջ վերապատրաստել: Մեր բնագավառի մասնավոր բուհեր Հայաստանում չկան: Բայց մի շարք ընկերություններ, այդ թվում` մերը, աշխատում են հնարավորինս օգնել կրթական համակարգին:

Ձեր աշխատակիցները արտասահմանում վերապատրաստվո՞ւմ են, թե՞ դրա կարիքը չկա:

Մասնագիտական կրթության հարցերը մենք լուծում ենք այստեղ, բայց ընդլայնվելու հետ մեկտեղ զգում ենք մենեջերական, ադմինիստրատիվ ունակությունների պակաս: Այս սեպտեմբերին մեր բաժնի վարիչներից մեկին ուղարկելու ենք Լոնդոն` MBA-ի մեկամյա դասընթացներին:

Արդեն ծրագրե՞լ եք Ձեր առաջիկա անելիքները:  

Ե'ւ բանկային, և' ձեռնարկությունների ֆինանսական կառավարման ոլորտում շեշտը դնելու ենք ինտերնետ կիրառությունների և համակարգային ինտեգրացիայի վրա:

Բանկային համակարգում անցում կատարվեց նոր հաշվային պլանի և դրա հետ կապված շատ խնդիրներ հետ մնացին, հիմա աշխատում ենք դրանց վրա: Վերջացրել ենք ԻնտերնետԲանկինգ մոդուլի նոր տարբերակը, որն ունի մեծ ֆունկցիոնալություն և ավելի հղկված ինտերֆեյս:

Խոշոր ձեռնարկությունների հաշվապահական համակարգում մշակվում է պատվիրատուներից պատվերներ ընդունելու և առաքումները կազմակերպելու մոդուլը, կարճ ասում ենք` դիստրիբուցիա: Սա նախատեսված է այն առևտրական կամ արտադրական ձեռնարկությունների համար, որոնք իրենց արտադրանքն ուղարկում են շատ խանութներ:

Հիմնովին վերամշակվում է միջին և փոքր ձեռնարկությունների համար նախատեսված համակարգը: Սա լրիվ նոր սերնդի համակարգ է լինելու, մշակված .Net միջավայրում և իր մեջ պարունակելու է ԻնտերնետԲանկիգի ֆունկցիաներ:

Մեր համակարգերին զուգահեռ պատվիրատուներին առաջարկում ենք նրանց գործունեությանն անհրաժեշտ, այլ ընկերությունների մշակած մոդուլներ: Microsoft CRM, SharePoint, Lync, Outlook և այլն: Մշակել ենք այս մոդուլները, մոդուլների ինտեգրացիան մեր բանկային և հաշվապահական համակարգերի հետ:

Մեկնաբանություններ (3)

Սեդրակ
Տասնչորս տարի է ինչ, իմ կողմից վարվող, բոլոր հիմնարկ ձեռնարկությունների հշվապահական հաշվառումը կազմակերպում եմ Հայկական ծրագրով ու միշտ նկատել եմ նպատակամղում դեպի արդիականացում, ծրագրերի թարմացում, հուսով եմ Հայկական ծրագրերն արտասահմանյան շուկայի ՏՏ ոլորտում կդառնա Հայկական բրենդ
Կարինե
Տանհինգ տարուց ավել ծանոթ եմ Հայկական ծրագրերին,աշխատում եմ Հայկական ծրագրով,շատ գոհ եմ բանիմաց ու անձնանվեր աշխատակիցներից ,շնորհավորում են ընկերության տնօրինությոնը,աշխատակիցներին,կամենում եմ բեղմնավոր աշխատանք;
Karen
Անձամբ լավ ծանոթ եմ Ընկերության գործունեությանը և մասամբ նաև Աշոտ Խաչատրյանին: Գրվածը համապատասխանւմ է իրականությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter