Վլադիմիր Գասպարյանը կոչ է անում ահազանգել ընտրություններին վերաբերող ամեն խախտման մասին
Այսօր տեղի ունեցավ մայիսի 6-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգուկանոն հաստատելու, ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված օպերատիվ շտաբի անդրանիկ նիստը:
Բացելով նիստը՝ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց օպերատիվ շտաբի ձևավորման անհրաժեշտությունը, կառուցվածքը և խնդիրները:
Նա անդրադարձավ այս ժամանակահատվածում կատարված աշխատանքին և լրագրողներին կոչ արեց ավելի ակտիվ համագործակցել ոստիկանության հետ՝ ահազանգելով ամեն թերության և խախտման մասին, ինչը կօգնի լիարժեք իրացնել ոստիկանության որդեգրած ճշգրիտ ու պարզ գործելու սկզբունքը:
Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ առաջիկայում նախատեսվում է ընդլայնված նիստ՝ բոլոր նախընտրական շտաբների պետերի, դիտորդական առաքելությունների ներկայացուցիչների և լրագրողների մասնակցությամբ:
Այսօրվա նիստը վարում էր օպերատիվ շտաբի պետ, ոստիկանության պետի տեղեկալ Հունան Պողոսյանը: Նիստի ընթացքում շտաբի անդամները ներկայացրին համապատասխան խմբերի աշխատանքը, հանրության հետ հաղորդակցման միջոցներն ու հեռախոսահամարները, ընտրացուցակների ճշտման ուղղությամբ կատարվող աշխատանքը, զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցության խնդիրները, ենթահանձնաժողովների աշխատանքը մարզերում, հասարակական կարգի պահպանմանն ուղղված միջոցառումները և պլանով նախատեսված այլ հարցեր, որոնք պարբերաբար կամփոփվեն շտաբի հաջորդ նիստերում: Այս մասին հայտնում է ոստիկանությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել