HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մաքուր ջուր»-ը դիմում է դատարան` բողոքարկելու ՏՄՊՊՀ-ի որոշումը

Վերջին օրերին հանրային քննարկումների թիրախում է հայտնվել խմելու ջրի խնդիրը: Կարծիքներն իրարամերժ են, հաճախ` ծայրահեղ սուբյեկտիվ, ընդհուպ անհատական և խմբային շահերի արտահայտում: Հարկ է նշել, որ շահարկումներն ավելի շատ են, քան բուն խնդրին անդրադառնալը:

Բանն այն է, որ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, հետամուտ լինելով խմելու ջրի արտադրությամբ զբաղվող «Էվրի դեյ»  ընկերության բողոքին, որը շուկայում ներկայացված է «Բյուրեղ» և  «Ջուր-Ջուր» ապրանքանիշներով, վարչական վարույթ էր հարուցել «ՄԳԱ Վոթըր» ընկերության նկատմամբ, որը հայտնի է իր «Մաքուր ջուր» ապրանքանիշով:

2012 թ. մարտի 30-ին կայացած  նիստում, ամփոփելով  վարույթի արդյունքները, հանձնաժողովը հայտարարել էր «ՄԳԱ Վոթըր» ընկերության անբարեխիղճ մրցակցության, վերջինիս նկատմամբ առավելագույն պատժամիջոց սահմանելու, ինչպես նաև հնգօրյա ժամկետում խախտումը վերացնելու վերաբերյալ հանձնարարականի մասին:

Հանձնաժողովը հայտարարել էր նաև, որ ընկերությունը շշալցնում է ոչ թե Գառնիի բարձրադիր լեռնային աղբյուրի, այլ Նուբարաշենի տարածքում գտնվող քաղաքային ջրամատակարարման ցանցի ծորակի ջուրը:

Հակոբ Մաթոսյան, «ՄԳԱ Վոթըր» ընկերության փոխտնօրեն. «Իրականում «ՄԳԱ Վոթըր» ընկերությունը 9 տարի է, ինչ շշալցնում է Գառնիի աղբյուրների ջուրը, որը խողովակի միջով հոսում է արտադրամաս: Ընկերությունը երբեք սպառողներից չի թաքցրել «Մաքուր ջրի» հումքային ծագումը և հետևողականորեն պատշաճ տեղեկատվություն է տրամադրել»:

Նշենք, որ ընկերությունը հարցով դիմել է Ստանդարտների ազգային ինստիտուտ, որից ստացել է պաշտոնական պատասխան առ այն, որ Հայաստանում գործող և ոչ մի օրենքում չկա «բնական աղբյուրի խմելու ջուր» հասկացության կոնկրետ ամրագրում: Հետևաբար, նման պարագայում հանձնաժողովի կողմից այս բառակապակցության վիճարկումը չունի հիմքեր, այլ միայն հիմնված է անդամների տրամաբանության վրա:

Հանձնաժողովը «ՄԳԱ Վոթըր» ընկերության մասին իր ձևակերպումներում գործածել էր «ստվերային դաշտում» աշխատող, «պետությանը խոշոր չափի վնաս հասցնող», «սպառողների իրավունքները ոտնահարող» և այլ արտահայտություններ, որոնք, ընկերության ղեկավարության  հավաստմամբ, անհիմն են:

Հակոբ Մաթոսյան, «ՄԳԱ Վոթըր» ընկերության փոխտնօրեն. «Ունենալով ոչ բավարար տեղեկատվություն ջրի մաքրման և շշալցման տեխնոլոգիական գործընթացի մասին՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մասնագետները եկել են անհիմն եզրահանգման` ենթադրելով, որ «ՄԳԱ Վոթըր» ընկերության գործունեության տնտեսության մի մասը ստվերում է: Այսպիսով, նրանք ոչ միայն հանրության աչքերում վարկաբեկում են ընկերությանը, այլև կասկածի տակ են դնում հարկային մարմինների աշխատանքը, որոնք պարբերաբար ստուգումներ են անցկացրել ընկերությունում և նման խախտումներ չեն հայտնաբերել»:

Հատկանշական մեկ փաստ. հանձնաժողովի մասնագետները նույնիսկ հարկ չեն համարել այցելել ընկերության արտադրամաս, չեն ծանոթացել շշալցման բուն գործընթացին, միայն հիմնվել են մրցակից կազմակերպության բողոքի վրա: Հետևաբար, զարմանք է հարուցում պետական ծառայողների նման անփույթ վարքագիծը, առավել ևս նրանց արած անհիմն և անպատասխանատու հայտարարությունները:

Նման պահվածքով հենց իրենք են խոշոր չափի վնաս հասցնում պետությանը,  պահելով մրցակից ընկերության կողմը՝ կատարում են իրենց գործառույթին հակառակ գործառույթ, ստեղծելով անհավասար մրցակցային պայմաններ, նպաստելով տնտեսական դաշտում մենաշնորհային դիրքի առաջացմանը:

Եվ վերջապես, լինելով պետական հանձնաժողով, այս կառույցը շահագրգիռ չէ պետության միջազգային վարկանիշի և ներդրումային ֆոնի պահպանման գործում: Հիշեցնենք, որ «ՄԳԱ Վոթըր» ընկերությունը ստեղծված է արտասահմանյան ներդրումների շնորհիվ:

Հակոբ Մաթոսյան, «ՄԳԱ Վոթըր» ընկերության փոխտնօրեն. «ՄԳԱ Վոթըր» ընկերությունը մտադիր է դիմել դատարան Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշումը բողոքարկելու հայցով»:

Բարեխիղճ հարկատու լինելուց զատ՝ «ՄԳԱ Վոթըր»-ը 9 տարի եղել և շարունակում է մնալ բարձր վարկանիշի տեր, սոցիալական ուղղվածություն ունեցող ընկերություն: Ի դեպ, ընկերությունն իր գործունեության 9 տարիների ընթացքում  իրականացրել է բազմաթիվ սոցիալական ծրագրեր` ստեղծելով բազմաթիվ  աշխատատեղեր: Համագործակցելով Միավորված ազգերի կազմակերպության մանկական ֆոնդի` Յունիսեֆի հետ, օժանդակում է Հայաստանի Հանրապետության պետական ամենակարիքավոր ծննդատներին:

Հակոբ Մաթոսյան, «ՄԳԱ Վոթըր» ընկերության փոխտնօրեն. «Այս օրերին մենք ստանում ենք հազարավոր հեռախոսազանգեր մեր սպառողներից: Նրանք պատրաստակամ են նույնիսկ ստորագրահավք կազմակերպել՝ հօգուտ ընկերության վարկանիշի»:

Հայաստանյան բազմաթիվ գործընկերներ վստահում են ընկերության արտադրանքին և հետագայում էլ կշարունակեն լինել նրա կողքին: Մի՞թե սա չի հերքում հանձնաժողովի այն թյուր կարծիքը, որ ոտնահարվում են սպառողների իրավունքները:

Վերջում հավելենք, որ հանձնաժողովն իր պահվածքով  ընդամենը խոչնդոտում է բարեխիղճ հարկատուի աշխատանքը, վնասում է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացմանը:

«ՄԳԱ Վոթըր» ընկերության մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter