HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոչ են անում քննություն իրականացնել խոշտանգումների վերաբերյալ հայտարարության կապակցությամբ

Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ Ստեփան Հովակիմյանը և Վահրամ Քերոբյանը գտնվում են կալանքի տակ: Նրանք մեղադրվում են «Մոսկվա» կինոթատրոնում 2010թ. հունվարի 10-ին կատարված գողությունը կազմակերպելու ու իրականացնելու մեջ` ՀՀ քր. օր-ի 38-րդ հոդվածի 3-րդ մասով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

2010թ. հունվարի 11–ին Ստեփան Հովակիմյանը  առանց որևէ հիմքի և արձանագրման բերման է ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին, պահվել է բաժնում տևական ժամանակ։  Անօրինաբար սահմանափակվել է նրա ազատությունը։

Հունվարի 14–ին Ստեփան Հովակիմյանին նորից կանչել են Կենտրոնական ոստիկանություն։ Նրան, ըստ իր ցուցմունքների, ոստիկանությունում ենթարկել են ֆիզիկական և հոգեբանական ճնշումների՝ ստիպելով, որ խոստովանի, որ ինքն է կազմակեպել և իրականացրել 2010թ. հունվարի 10–ին «Մոսկվա» կինոթատրոնում կատարված գողությունը։ 

2010թ. փետրվարի 6–ին ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում Ստեփան Հովակիմյանի նկատմամբ նորից բռնություն է կիրառվել։ Ըստ Ս. Հովակիմյանի, նա առանց օրենքով սահմանված կարգի կանչվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղ նրան ծեծի են ենթարկել, մահակով փորձել են հանել նրա շորերը և անարգանքի ենթարկել, հանել են կոշիկները, ռեզինե մահակներով հարվածել են ոտքերի տակ, հարվածել են գլխին։ Հարվածել են այնքան ժամանակ, մինչև վերջինս համաձայնել է տալ պահանջվող խոստովանությունը։

Նույն օրը քրեական գործ է հարուցվել Ստեփան Հովակիմյանի և Վահրամ Քերոբյանի դեմ։ Քրեական գործի նախաքննության ընթացքում Ս. Հովակիմյանը գործը քննող քննիչին, ինչպես նաև կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը քննող Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին հայտնել է, որ նա տվյալ հանցագործության՝ «Մոսկվա» կինոթատրոնում կատարված գողության հետ կապ չունի և որ 06.02.2010թ. ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում իր կողմից տրված բացատրությունը, ինչպես նաև նույն օրը Կենտրոնական քննչական բաժնում որպես կասկածյալ տված ցուցմունքը չեն համապատասխանում իրականությանը, գրվել են իր նկատմամբ կիրառված ֆիզիկական և հոգեբանական բռնությունների ազդեցության տակ։

Փաստորեն, առանց արձանագրման և օրենքով սահմանված կարգի անձը բերման է ենթակվել ոստիկանություն, տևական ժամանակ պահվել է ոստիկանությունում համապատասխանաբար չի կարողացել օգտվել փաստաբան հրավիրելու, արգելանքի վերցվելու մասին իր հարազատներին տեղյակ պահելու իրավունքներից։ Արդյունքում, բռնությամբ կորզվել է ինքնախոստովանական ցուցմունք, որի հիման վրա անմիջապես քրեական գործ է հարուցվել։ Այս կապակցությամբ  ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի Հատուկ զեկուցող Սըր Նայջել Ռոդլին իր զեկույցում նշում է. «Ոչ մի ինքնախոստովանական ցուցմունք, որ արվել է ազատազրկված անձի կողմից փաստաբանի կամ դատավորի բացակայությամբ, չպետք է ապացուցողական արժեք ունենա դատարանի համար»:

Քաղաքացիական հասարակության ինստիտուտը կոչ է անում ՀՀ իշխանություններին

  • Իրականացնել արդար դատավարություն Ստեփան Հովակիմյանի և Վահրամ Քերոբյանի գործով, որպես ապացույց չօգտագործելով այն նյութերը, որոնք ձեռք են բերվել բռնությամբ:
  • Իրականացնել անկախ, արդյունավետ, լիարժեք քննություն խոշտանգումների վերաբերյալ հայտարարության կապակցությամբ, հայտնաբերել և պատասխանատվության ենթարկել մեղավորներին:
  • Վերջ դնել գործի հիմքում միայն ինքնախոստովանական ցուցմունքներ դնելու արատավոր պրակտիկան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter