HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Սեդրակ Բաղդասարյան. «Մեր կառավարությունը այսօր զբաղված է մուտիլովկայով»

«Պետական կարիքների» անվան տակ Բուզանդի փողոցում իրենց սեփական տներից զրկված 3 ընտանիքի գործով Եվրադատարանը կայացրել է որոշում: Ըստ այդմ՝ Լեւոն Ղասաբյանին, Գրիգոր Ղարիբյանին եւ Սեդրակ Բաղդասարյանին մինչեւ այս տարվա մարտի 19 կառավարությունը պարտավոր էր բնակարաններ հատկացնել իրենց նախկին տների տարածքում՝ «Գրիար» ՓԲԸ-ի կառուցած շենքից:

Վերոհիշյալ ընտանիքներին կառավարությունը ժամանակին իրենց տներից վտարել է չնչին գումարի փոխհատուցմամբ՝ մոտ 20 հազար ԱՄՆ դոլարով: Ընդ որում՝ գործն անցել էր հայաստանյան դատարանների եռաստիճան համակարգով, եւ օրենքի խախտում չէր հայտնաբերվել: Փոխհատուցվող գումարն էլ վճարել էր կառուցապատողը՝ «Գրիար» ընկերությունը:

Տարիներ առաջ, երբ Եվրադատարանը Ղասաբյանների, Ղարիբյանների եւ Բաղդասարյանների գործն ընդունել է վարույթ, մեր կառավարությունը հրաժարվել է առարկություններ ներկայացնելուց: Ի սկզբանե ընդունելով, որ իր քաղաքացիներին անտուն թողելով՝ խախտել է նրանց իրավունքները՝ կառավարությունն Եվրոպական դատարանին ներկայացրել էր միակողմանի առաջարկ՝ համարելով, որ դրանով կփոխհատուցվեն քաղաքացիների կրած բոլոր վնասները:

Դատարանը, այս առաջարկությունը համարելով ողջամիտ, վերոնշյալ քաղաքացիների գանգատներն անցյալ տարվա նոյեմբերին հանել է քննարկման ենթակա գործերի ցուցակից, եւ ՀՀ կառավարությունը, իր իսկ առաջարկի համաձայն, պարտավոր էր 3 ամսվա ընթացքում նրանց բնակարաններ տրամադրել «Գրիարի» կառուցած շենքից:

«Այս որոշումից հետո Եվրադատարանը մեզ նամակով գրել է, որ այս որոշման կատարման համար դիմեք պարոն Գեւորգ Կոստանյանին (զինդատախազ Կոստանյանը ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչն է - հեղ.): Մենք պատշաճ ձեւով փետրվարի 9-ին նամակով դիմել ենք պարոն Կոստանյանին: Առ այսօր ոչ մի պատասխան չենք ստացել»,- ասում է Սեդրակ Բաղդասարյանը:

Հիշյալ 3 գործով զբաղվում է փաստաբան Արթուր Գրիգորյանը: Նա հավելում է, որ արդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանը, յուրովի մեկնաբանելով Եվրադատարանի որոշումը, Ղասաբյաններին, Ղարիբյաններին եւ Բաղդասարյաններին ասել է, թե «Գրիարի» կառուցած շենքից բնակարաններ կստանաք միայն այն դեպքում, երբ վերադարձնեք ժամանակին ձեզ վճարված փոխհատուցման գումարը՝ մոտ 20 հազար դոլարը: Մինչդեռ Եվրոպական դատարանի որոշումներում տուժողների առջեւ նման պայման դրված չէ: Ավելին, ըստ փաստաբանի, համաձայնելով կառավարության առաջարկին՝ տուժողները նույնիսկ հրաժարվել են բարոյական փոխհատուցման պահանջից, եւ այսքանով հանդերձ կառավարությունը նրանցից դեռ գումար է պահանջում:

«Ճիշտն ասած՝ մենք ավելի քան համոզված էինք, որ այստեղ ավելի շատ գործ ունենք իրենց պարտավորությունները չկատարելու պատրվակի, այլ ոչ թե պատճառի հետ: Եվ մեր սպասումները, ցավոք, արդարացան»,- ասում է Արթուր Գրիգորյանը եւ հրապարակում կադաստրի պետական կոմիտեի տրամադրած 3 տեղեկանքը: Դրանց համաձայն՝ բնակարանները, որոնք կառավարությունը պարտավորվել է տրամադրել նշյալ 3 ընտանիքին, սեփականության իրավունքով պատկանում է այլ անձանց: Սեդրակ Բաղդասարյանի և նրա ընտանիքի անդամների համար նախատեսված բնակարանը «Գոհար» ՓԲԸ-ի սեփականությունն է, Գրիգորի Ղարիբյանի ընտանիքի համար նախատեսված բնակարանը սեփականության իրավունքով պատկանում է Գենրիխ Բալայանին, իսկ Լևոն Ղասաբյանինը՝ Զարուհի Նալբանդյանին:

«Ճիշտն ասած՝ մենք չենք զարմանում, որովհետեւ «պետական կարիքների» անվան տակ ինչ այս տարիներին ընթացքում կատարվել է, «Գրիար» ՓԲԸ-ի եւ նմանօրինակ այլ առեւտրային կազմակերպությունների նեղ շահերն ապահովելու համար է արվում»,- ասում է փաստաբան Գրիգորյանը: Իսկ Սեդրակ Բաղդասարյանը նկատում է, թե «մեր կառավարությունն այսօր զբաղված է մուտիլովկայով», եւ այն, ինչ կատարվում է, պարզապես «փողոցի ռազբորկա է՝ պետական մաշտաբով»:

«Փոխանակ կանչեն, ասեն՝ հարգելիս, ոչինչ, դու մեր քաղաքացին ես, մենք էլ քո պետությունն ենք, հո թշնամի չե՞նք, եկեք քննարկենք. կարող է տարբերակ լինի: Դա էլ չեն անում. ձեռք են առնում»,- ասում է Ս. Բաղդասարյանը:

Մի քանի օր առաջ փաստաբան Գրիգորյանը իր վստահորդների գործերի կապակցությամբ Եվրադատարանին դիմում է ներկայացրել եւ խնդրել, որ նրանց գործերը ցուցակում վերականգնելուց հետո այլեւս չքննարկվի բնակարանի տրամադրման տարբերակը: Տուժողներն արդեն պահանջում են իրենց կրած վնասները փոխհատուցել միայն գումարային տեսքով:

Այս ամենը՝ չինովնիկների կողմից Եվրադատարանի որոշումները չկատարելը կամ դրանք կամայական մեկնաբանելը, ըստ փաստաբանի, ՀՀ պետբյուջեի համար բավական թանկ կարժենա, բայց Գրիգորյանն ընդգծում է, որ սա առաջին հերթին լուրջ հարված է Հայաստանի միջազգային հեղինակությանը:

Լուսանկարում՝ Գեւորգ Կոստանյանը (ձախից) եւ Ռուբեն Մելիքյանը

Մեկնաբանություններ (1)

SANVEL
BA MUTILOCHIKNER INCHOV EL PETK E ZBAVEIN EXBAYS, BNAKANABAR MUTILOVKA ANELOV MAN EN GALIS ISK JOXOVURD IR KASHVI VRA DER VOCH MI POPOXUTYUN EL CHI ZGUM

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter