HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Պետությունը տրակտոր դեռ չի ներմուծել, իսկ Ծառուկյանը բաժանում է ընտրություններին ընդառաջ

Վանաձորի «Չինվան» ՍՊԸ-ում «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի պատվերով տրակտորի խոշոր խմբաքանակ է արտադրվել: Ընկերության տնօրեն Սամվել Նաջարյանը պատվերի կոնկրետ քանակ չի նշում. «100-ից շատ: Չի հասնում, բայց մինչև 200»:

Ըստ նրա`դա խոշոր պատվեր է, մանավանդ, որ 10 տարվա գործունեության ընթացքում ձեռնարկությունն ընդամենը 300-400 տրակտոր է արտադրել: Մեկ տրակտորի գինը տատանվում է 8500-ից մինչև 20 000 ԱՄՆ դոլարի սահմանում`կախված հզորությունից (25 ձիաուժից մինչև 80 ձիաուժ): Նաջարյանի խոսքով` Ծառուկյանի «պատվերի մեջ խառը հզորության տրակտորներ են»:

ԲՀԿ խմբակցության Վանաձորի տարածքային գրասենյակից հստակեցնում են, որ արտադրված տրակտորների թիվը 250 է`նախատեսված հանրապետության 10 մարզերի համար: Այսինքն`ամեն մարզին հատկացվելու է 25 տրակտոր: Մի մասն արդեն բաժանվել է համայնքներին:

Համայնքներում գյուղտեխնիկայի խնդիրը նորություն չէ: Բայց թե ինչու ԲՀԿ-ն որոշեց գյուղացու խնդրին ընդառաջ գնալ հատկապես այս տարի և հատկապես նախընտրական շրջանում, ԲՀԿ գրասենյակից հետևյալ պատասխանն են տալիս. «Շուտով գարնան գյուղատնտեսական աշխատանքներ են, դրա համար»:

ԲՀԿ-ականները բացառում են, որ սա նախընտրական կոմպանիա է կուսակցության կողմից: Հավատացնում են նույնիսկ, թե մինչև մայիսի 7-ը կուսակցությունը «փորձելու է որքան հնարավոր է բարեգործություն քիչ անել, որ մարդիկ այլ ձևով չորակեն»:

«Կարող են լինել փոքր բաներ, բայց մեծ ակցիաներ մեր գրասենայկի կողմից նախատեսված չեն»,- ասում է Վանաձորի ԲՀԿ տարածքային գրասենյակի պատասխանատու Արմեն Այվազյանը:

Նրա հոր` Ստեփան Այվազյանի խոսքով, տրակտորները համայնքներին բաշխելու պայմանները վերջնականապես հստակեցված չեն, չնայած նրա խոսքից այնպես է հասկացվում, որ դրանք նվեր են գյուղացիներին:

«Սկզբնական ոչ մի գումար չի գանձվելու նրանից, ում հատկացվելու է: Տրվելու է ժամկետով, որոշակի ժամկետի մեջ կատարելու է ծառայություն: Ստանալու է իր աշխատավարձը, նորմալ ապրելու է, այդ ժամկետը լրանալուց հետո դառնալու է իր սեփականությունը»,- ասում է Ստեփան Այվազյանը:

Կա նաև համայնքները տրակտորներով ապահովելու պետական ծրագիր: Ըստ Լոռու մարզպետարանի բնապահպանության և գյուղատնտեսության վարչության պետ Գրիգոր Հակոբյանի`անցած տարվա նոյեմբերին կառավարության պահանջով գնահատվել է մարզի 83 գյուղական համայնքների գյուղտեխնիկայի պահանջարկը և փետրվարին, որպես ձևակերպված պահանջ, ներկայացվել է նախարարություն: Ի թիվս այլ տեխնիկայի`Լոռու մարզի համար ներկայացվել է տարբեր մակնիշի 59 տրակտորի պահանջ: Դրանք ներկրվելու են Բելառուսից՝ 5-7 տարվա մարման ժամկետով: Բայց պայմանագրերի ձևակերպման գործընթացը չի ավարտվել, ուստի տրակտորների ներկրումը հետաձգվում է:

Մինչ լոռեցիները սպասում են, թե պետության պատվիրած 59 տրակտորը երբ է ներմուծվելու Հայաստան, Ծառուկյանի պատվերով 25 տրակտոր արդեն բաժանվում է  մարզի համայնքներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter