HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուբեն Հայրապետյանի ներկայացուցիչը չընդունեց

ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ներկայացուցիչ Գևորգ Գևորգյանը չի ընդունում «Հետքի» լրագրող Գրիշա Բալասանյանի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի` դատարան ներկայացրած փաստերը: Պատասխանողի ներկայացուցիչը նաև չի ընդունում հայցապահանջը:

Հիշեցնենք, որ  «Հետքի» լրագրող Գրիշա Բալասանյանը, հարցազրույցի պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով, փետրվարի 2-ին զանգահարել էր Ռուբեն Հայրապետյանի բջջային հեռախոսին: Սակայն պատգամավորը, լրագրողին անվանելով «տգետ», հեռախոսն անջատել էր: Ի պատասխան Գրիշա Բալասանյանի երկրորդ զանգի, որով վերջինս ցանկացել էր ճշտել իրեն վիրավորելու պատճառը` պատգամավոր Հայրապետյանը, երբ տեղեկացել էր, որ հեռախոսազրույցը ձայնագրվում է, սկսել էր սեռական բնույթի հայհոյանքներ տալ, հետո ավելացրել էր` «լավ արեցի» ու կրկին շարունակել հայհոյել:

«Հետքի» լրագրող Գրիշա Բալասանյանը հայցադիմում է ներկայացրել Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարան: Լրագրողը դատարանից պահանջում է պարտավորեցնել պատգամավորին իրենից ներողություն խնդրել, փոխհատուցել 1 մլն դրամի չափով, վճարել դատարան դիմելու պետական տուրքի, հայցադիմումի պատրաստման ու դատական ներկայացուցչության համար կատարված ծախսերը:

Այսօր Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Ռուբեն Հայրապետյանի դեմ «Հետքի» լրագրող Գրիշա Բալասանյանի հայցի քննության նախնական դատական նիստը: Ռուբեն Հայրապետյանի ներկայացուցիչը հայցադիմումի պատասխան չէր ներկայացրել, ասաց, որ իրենց բոլոր փաստերն ու հիմնավորումները կներկայացնեն դատաքննության ընթացքում:

Լրագրողի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը ներկայացրեց հայցապահանջը և հիմնավորեց այն Սահմանադրության 3-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` «մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են», 23-րդ հոդվածով, համաձայն որի` «յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի հարգվի իր անձնական և  ընտանեկան կյանքը», ինչպես նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագով, «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով եւ միջազգային այլ փաստաթղթերով:

Վահե Գրիգորյանը դատարանին ներկայացրեց Գրիշա Բալասանյանի և Ռուբեն Հայրապետյանի միջեւ տեղի ունեցած հեռախոսային խոսակցության ձայնագրությունը` լազերային կրիչով, հայցվորի եւ պատասխանողի միջեւ տեղի ունեցած հեռախոսային խոսակցության ձայնագրության վերծանումը, ինչպես նաև ՀՀ հատուկ քննչական ծառայության որոշման պատճենը քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Վահե Գրիգորյանը պատասխանողից փորձեց ճշտել, թե պատասխանողներն ընդունո՞ւմ են ներկայացրած ապացույցները, թե՞ առարկություններ ունեն, քանի որ դրանից է կապխված հայցվորների հետագա քայլերն ու ապացուցման պարտականության բեռը կողմերի վրա բաշխելը:

Գևորգ Գևորգյանը կրկնեց, որ իրենք դատաքննության ընթացքում կներկայացնեն իրենց փաստարկներն ու դիրքորոշումները` այդպիսով խուսափելով հստակ պատասխանել փաստաբանի հարցին: Դատավոր Աիդա Դավթյանը միջամտեց` պահանջելով հստակեցնել` ընդունո՞ւմ են հայցվորների ներկայացրած փաստերը, թե՞ ոչ:  «Ասացի, որ չենք ընդունում հայցապահանջը, այդ թվում նաև դա»,-ասաց Գ. Գևորգյանը:

Դատավոր Աիդա Դավթյանը լրագրողներին թույլ չտվեց լուսանկարել նիստը առանց հիմնավորման` չնայած կողմերը չառարկեցին: Դատարանը միայն թույլ տվեց ձայնագրություն կատարել` հաշվի չառնելով պատասխասխանողի ներկայացուցչի առարկությունը:

Դատարանը փորձեց հայցվորների վրա դնել վիրավորանքի հրապարակային լինելու փաստի ապացուցման բեռը, ինչին, սակայն, Վահե Գրիգորյանն առարկեց` նշելով, որ հայցվոր կողմը դա անել չի կարող, քանի որ «Հետքի» լրագրողը զանգահարել է պատգամավորի բջջային հեռախոսին, իսկ թե որտեղ է այդ պահին գտնվել Ռուբեն Հայրապետյանը, իրենց հայտնի չէ: Ավելին, փաստաբանը նշեց, որ ինքը իր ելույթում չի վկայակոչել 1087.1 հոդվածը, որին հղում է կատարում դատավորը` վիրավորանքի հրապարակային լինելու ապացուցման բեռը դնելով հայցվորների վրա:

«Մենք չենք հիմնվում 1087,1 հոդվածի վրա: Մենք ասում ենք` եթե Սահմանադրությամբ նախատեսված է անձի պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելը, եւ պետությունը կրում է այդ պարտավորությունը, ապա մենք պնդում ենք, որ Գրիշա Բալասանյանի սահմանադրական իրավունքն է խոչընդոտվել»,- «Հետքի» հետ զրույցում պարզաբանեց փաստաբան Վահե Գրիգորյանը:

Չնայած ՀՀ  Քաղ. օր.-ն է կարգավորում մարդու պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը եւ պայմանները, Վահե Գրիգորյանն ասում է, որ օրենսգրքով նախատեսված չէ ոչ հրապարակային վիրավորանքից պաշտպանվելու մեխանիզմներն ու ձեւերը, իսկ Սահմանադրաության 23-րդ հոդվածը գործում է անմիջականորեն, այդ պատճառով հայցվոր կողմը հիմնվում է Սահմանադրության վրա:

Այս պարագայում փոխհատուցոման հաշվարկը, ըստ փաստաբանի, պետք է կատարվի ոչ թե հիմնվելով 1087,1 հոդվածի, այլ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վրա: Միաժամանակ զուգահեռներ պետք է տարվի 1087,1 հոդվածի հետ: Եվրադարանը նման փոխհատուցումներ նշանակել է: Հայաստանում նման դեպք դեռ չի եղել:

«Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը նախատեսված է ԶԼՄ-ների դեմ օգտագործելու համար: Իրականում դա նախատեսված չէ անձի պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու համար: Դա նախատեսված է անձի պատիվն ու արժանապտվությունը նսեմացնող ԶԼՄ-ներում պաշտպանելու համար: Այսինքն`  հրապարակային վիրավորանքի մասին է խոսքը: Եթե դա ի սկզբանե նախատեսված լիներ անձի պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու համար, ապա հրապարակային ածականը չէր օգտագործվի»,- կարծում է Վահե Գրիգորյանը:

Հայացվոր կողմը հաջորդ նիստին պետք է ներկայացնի դատական ծախսերը հիմնավորող ապացույցներ: Բուն դատաքննությունը կշարունակվի ապրիլի 27-ին` ժամը 12:00-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter