HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ֆեյսբուքը»՝ նախընտրական հարթակ Հայաստանում

Սոնա Քյուրքչյան 

Արդեն երկու ամիս է, ինչ «Ռեգիոն» հետազոտական կենտրոնը «Բաց հասարակություն-հիմնադրամներ Հայաստան» կազմակերպության աջակցությամբ իրականացնում է ««Ֆեյսբուքը»՝ նախընտրական հարթակ Հայաստանում» ծրագիրը: 

Առաջին անգամ Հայաստանում իրականացվում է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի մոնիտորինգ, որի արդյունքում կպարզվի՝ արդյոք իսկապես «Ֆեյսբուքն» ընկալվո՞ւմ է որպես նախընտրական հարթակ՝ և ընտրողների (կարծիքներ և վերաբերմունք արտահայտելու իմաստով), և ընտրվողների («Ֆեյսբուքում» հայաստանցի ընտրողների հետ կապ հաստատելու և երկխոսելու առումով) կողմից: Ֆեյսբուքյան այս ուսումնասիրությունը իրականացվում է երեք փուլով` նախքան պաշտոնական քարոզարշավը, պաշտոնական քարոզարշավի ժամանակ և ընտրություններից հետո: 

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցն այսօր որևէ բան ներկայացնելու և հանրության հետ կապ հաստատելու ամենամատչելի և հասանելի միջոցն է: Ի տարբերություն այլ միջոցների՝ «Ֆեյսբուքն» անվճար է և չունի սահմանափակումներ: Այս հարթակից են օգտվում նաև Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրություններից առաջ` իրենց նախընտրական ծրագրերը ներկայացնելու և ընտրողների հետ շփումներ ու քննարկումներ կազմակերպելու համար: 

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը նախօրեին լրագրողներին ներկայացրեց ուսումնասիրության առաջին փուլի (փետրվարի 1-ից մարտի 31) արդյունքները: Այս փուլում ուսումնասիրության են ենթարկվել առցանց լրատվամիջոցների ֆեյսբուքյան էջերը խորհրդարանական ընտրությունների թեմայով: 

Լաուրա Բաղդասարյանը ներկայացրեց դիտարկման առավել հետաքրքիր արդյունքները, օրինակ, թե ի՞նչ բովանդակություն են ունեցել ընտրությունների թեմայով նյութերն ուսումնասիրվող ԶԼՄ-ներում, ո՞ւմ, (այսինքն՝ ո՞ր կուսակցության կամ քաղաքական գործչի) մասին են եղել այդ նյութերը, կոնկրետ ի՞նչ և ինչպե՞ս է խոսվել (դրակա՞ն, բացասակա՞ն, թե՞ չեզոք) միմյանց մասին, ինչպե՞ս են խոսել տարբեր կուսակցությունները ներկայացնող գործիչները, և ամենակարևորը, թե լսարանն ինչպե՞ս է արձագանքել բոլոր այս հրապարակումներին:

Սա էլ հենց ուսումնասիրության ամենակարևոր առանձնահատկությունն է: Չէ՞ որ «Ֆեյսբուքը» հնարավորություն է տալիս պարզել նաև, թե հասարակությունն ինչպե՞ս է վերաբերվում քննարկվող նյութերին, այս կամ այն քաղաքական ուժերին:

Ուսումնասիության հաջորդ երկու փուլերում կդիտարկվեն նաև կուսակցությունների առաջնորդների և «Ֆեյսբուքում» առավել ակտիվ անդամների էջերը, ինչպես նաև կուսումնասիրվեն ֆեյսբուքյան խմբերում ընտրական գործընթացների մասին ծավալվող քննարկումները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter