HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Մովսես Հակոբյան. «Երկրի ամենասուրբ տեղը դիրքերն են, ամենակարեւոր պաշտոնը՝ զինվորինը» (վիդեո)

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի եւ ԼՂՀ պաշտպանության նախարարության ձեռք բերած պայմանավորվածության համաձայն օրերս կայացավ հայաստանյան 14 լրատվամիջոցների ներկայացուցիչների այցը ԼՂՀ պաշտպանության բանակ: Առաջնային գիծ այցելելուց հետո լրագրողները հանդիպեցին նաեւ ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ, ով նախ հանդես եկավ ներածական խոսքով, ապա պատասխանեց լրագրողների հարցերին:

Խաղաղությունը տարածաշրջանում տիրում է միայն ու միայն ՊԲ-ի ուժի շնորհիվ: Եթե հակառակորդը գեթ մի վայրկյան զգա, որ Ղարաբաղի խնդիրը կարող է լուծել ռազմական ճանապարհով, վստահեցնում եմ, որ նա գնալու է դրան: Ադրբեջանին զսպող միակ ուժը ԵԱՀԿ Մինսկի խումբը չէ, չնայած չեմ ուզում նվաստացնել համանախագահող երկրների կատարած աշխատանքը, բայց զսպող միակ ուժը պաշտպանության բանակն է եւ այն զինվորը, որը կանգնած է այսօր սահմանին: Այսօր մեր զինվորը շատ բարդ իրավիճակում առանց տրտնջալու իրականացնում է իր ծառայությունը: Եվ այսօր առաջնագծում տիրող վիճակը չի զիջում պատերազմի ժամանակ տիրող ակտիվությանը: Խոսքը կրակային ակտիվության մասին է:

Այս երեք ամսվա ընթացքում արդեն Ադրբեջանի ԶՈւ-ն զինադադարը խախտել է նույնչափ, որքան անցած տարի: Իսկ 2011-ին 3 անգամ ավելի է կրակել, քան 2010-ին: Դրա հիմնական պատճառը Արցախի բանակին վնաս պատճառելն է: Ասեմ, որ այդ կրակոցների մեծ մասը արդիական զենքերից են: Անցյալ տարի մենք 11 զոհ ենք ունեցել, որոնք գլխի շրջանում մահացու վիրավորվել են: Երկրորդ նպատակը իրենց զորքի մարտական ոգին այդպես բարձրացնելն է: Սակայն մենք որեւէ դեպք անպատժելի չենք թողնում ու թույլ չենք տալիս, որ որեւէ տեղ Ադրբեջանի ԶՈւ-ն գերիշխի: Մեր դիրքերի կահավորվածության, տեղի շնորհիվ մենք բոլոր վայրերում գերիշող ենք ու կարողանում ենք պատժիչ գործողություններ իրականացնել: Ադրբեջանն անընդհատ դիմում է սադրանքների՝ Արցախի հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու նպաստավոր պայմաններ ստեղծելու համար: Բայց մենք համարժեք պատասխան ենք տալիս:

Որեւէ տարակուսանք մեր զինվորները չունեն: Ես երկրի ամենասուրբ տեղը դիրքերն եմ համարում, որովհետեւ հայրենիքը սկսվում է այնտեղից: Ես ամենակարեւոր պաշտոնը համարում եմ զինվորինը, որովհետեւ նա առաջին մարդն է, որ ապահովում է մեր պետականությունը:

Մենք բավականին մեծ աշխատանք ենք կատարել ինչպես առաջնագծում, այնպես էլ խորքում: Առաջնագծում կատարված աշխատանքը բարձր է գնահատվում մեր ու համապատասխան մասնագետների կողմից: Այնպիսի բնագիծ, ինչպիսին կա առաջնագծում, կահավորում ենք նաեւ խորքում: Մենք ստեղծելու ենք այնպիսի համակարգ, որ հակառակորդը մինչեւ վերջ հանդիպի խոչընդոտների, ու նրա նպատակները դառնան անիրականանալի:

Այսօր փաստում ենք, որ չունենք այնպիսի զորամաս, որը սոցիալ-կենցաղային խնդիրներ ունենա: Իհարկե, վիճակն ավելի բարվոք դարձնելու ուղղությամբ աշխատանքներ տանում ենք: Այսօր մեր զինվորն ուտում է 18 տիպի առաջին եւ 24 տիպի երկրորդ ճաշատեսակ: Զինվորի արտաքին տեսքից ես բավարարված եմ: Սպաների սոցիալ-կենցաղային վիճակի բերալավման առումով նույնպես աշխատանքներ տանում ենք: Բնակարանաշինությունը շարունակական է: Իհարկե, այն ծավալի չէ, ինչպես մենք ենք ցանկանում: Բավականին սպաներ դեռեւս մնում են վարձով բնակարաններում: Բայց մարտական հերթապահություն իրականացնող եւ երիտասարդ սպաները հիմնականում ապահովված են բնակարաններով:

Պարոն նախարար, օդանավակայանի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ, ըստ Ձեզ, ի՞նչ պետք է արվի:

Որեւէ մտավախություն չկա, որ մեր օդանավակայանը գործարկվելու է: Անվտանգուության առումով էլ մտավախություն չկա: Ադրբեջանը կարող է հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցներով ինքնաթիռ խփել նաեւ Երեւանի տարածքում: Այդպիսին են ՀՕՊ միջոցները: Բայց մենք էլ հենց այսօր Ադրբեջանի տարածքում մոտ 260 ինքնաթիռ ենք ուղեկցել ՀՕՊ միջոցներով: Սա միջազգային նորմերի խախտում է: Օդանավակայանը կառուցված է այնպես, որ ինքնաթիռները թռչելու են մեր տարածքով եւ հանգիստ վայրէջք են կատարելու: Իսկ եթե Ադրբեջանը փորձի սադրանքի գնալ, ՀՕՊ ուժերը հնարավորություն ունեն արձակված հրթիռը շարքից հանել: Ձեզ վստահեցնեմ, որ առաջինը ես եմ թռչելու: Գնալու եմ Երեւանից նստեմ, գամ:

Օդանավակայանն ամբողջությամբ պատրաստ է, ինքնաթիռը գնված է, անձնակազմը գտնվում է վերապատրաստման շրջանում: Սկզբնական շրջանում պլանավորվում է մեկ ինքնաթիռ մի քանի չվերթով: Դեռեւս կոնկրետ պլանավորված չէ, թե պահանջարկը ինչպես կլինի:

Նշեցիք, որ 2011-ին ունեցել ենք 11 զոհ, բայց քիչ չեն եղել նաեւ ինքնասպանության դեպքերը: Ինչպե՞ս եք գնահատում դրանց վիճակագրական աճը:

Ինքնասպանության դեպքերը մեր ցավոտ կողմն են: Աճի վերաբերյալ ասեմ, որ կան թվային տվյալներ, կարող եք համեմատություններ անել նախորդ տարիների համեմատ: Ուզում եմ վստացնել, որ որպես պաշտոնական անձ ստելը բավականին դժվար է, ինձ համար՝ անկարելի: Մեր հայտարարած թվերը համապատասխանում են իրականությանը: Բանակի կազմակերպվածությունն այնպիսին է, որ հայտարարություն անելիս մենք մի քիչ սպասում ենք, որովհետեւ գիտենք մեր խոսքի արժեքը: Ուշացումը կապված է պատճառների ճշտման հետ: Չի կարող որեւէ դեպք կոծկվել: Դա ոչ թե հասարակության պահանջն է, այլ մեր պահանջը, որովհետեւ հետագայում մենք ենք դրա համար պատասխան տալու: Բանակն այնպիսի համակարգ է, որտեղ բոլոր դեպքերն էլ հիմնականում բացահայտվում են մեկ-երկու ժամվա կամ շաբաթվա ընթացքում, որովհետեւ ինֆորմացիայի հավաքագրման առումով ամենադյուրինն է: Այդ տեսանկյունից քննչական մարմինները բավականին հեշտ են աշխատում: Նախաքննության ձգձգվելը կապված է փորձաքննությունների հետ: Ինքնասպանությունների աճ չկա:

Բանակը տեղ է, որտեղ կա անընդհատ վերահսկողություն, ստուգումներ, բայց, ցավոք, այդպիսի դեպքեր տեղի են ունենում: Եվ դրա հիմնական պատճառները ինքնասպանություն գործողներն են: Սուտ ասելը երիտասարդների մեջ անընդունելի է. եթե ինքը մի անգամ սուտ է ասել, ու ընկերներն իմանում են, ինքը դառնում երկրորդական կարգի մարդ: Մենք դեռ չենք կարողանում այդ պահը ճարել եւ մարդկանց բացատրել, որ այդպես չէ: Ամեն մի մարդ, ինչպես հայկական եկեղեցին է ասում, իրավունք ունի սխալվելու եւ ներվելու: Դեռեւս այստեղ մենք բաց ունենք: Պիտի զինվորներին հասկացնենք, որ դա սխալ է: Երկրորդը այն դեպքերն են, երբ զինվորը գտնում է, որ ավելի լավ է ինքնասպան լինել, քան «տանջանքները» կրել: Սա անընդունելի է ու հրամանատարների բացթողումների արդյունք է: Դրանք թուլամորթ մարդիկ են: Բայց ունենք նաեւ դեպքեր, երբ նվաստացնողներին են սպանում, օրինակ՝ հայհոյելու համար: Եվ այս դեպքերը տեղի են ունենում այնպիսի կոլեկտիվներում, որտեղ ամեն ինչ առողջ է: Չկա համակարգ, որտեղ զինվորը անընդհատ ճնշված է, բայց տղայական հարաբերություններում մեկը հանաք է անում, մյուսը չի ընկալում, մեկը խոսքի մեջ բաց է թողնում սխալ արտահայտություն առանձնապես ծնողի հանդեպ, դա չի ներվում այսօրվա երիտասարդի կողմից: Մենք ամեն ինչ անելու ենք, որ այս ամենը վերանա, եւ դա անելու ենք ոչ նրա համար, որ հասարակությունը մեզ քննադատում է, մենք դա լրիվ ճիշտ ենք ընկալում:

Ինչու՞ են հատկապես «Եղնիկներում» շատ լինում նման ցավալի դեպքեր:

Երեւի «Եղնիկներում» թերությունները, որ նշեցի, մի քիչ ավելի շատ են: Մենք չունենք մի զինծառայող, որ հանցագործություն կատարի ու չմեղադրվի: Իհարկե, ավելի ցավալի է այն, որ դեպքը տեղի է ունենում զինվորի ու սպայի միջեւ, որովհետեւ սպան ինքը պիտի օրինակ ծառայի: Ինչու՞ են նման դեպքեր տեղի ունենում: Ուզում եմ հասկանաք, որ այսօրվա սպան մի քիչ ծանրաբեռնված է: Օրինակ՝ լինելով «Եղնիկներում»՝ ինչքա՞ն կարող եք առանց ընտանիքի մնալ: Հոգեբանական այդ ծանրաբեռնվածությունը պատճառներից մեկն է: Երկրորդը՝ ուսուցումն է, անգրագիտությունը, որը մենք դեռ ամբողջությամբ չենք վերացրել: Դեպքերը, եթե նկատել եք, կատարվել են երիտասարդ, նոր ավարտած սպաների հետ, որոնք եկել են այսօրվա հասարակությունից: Սրանք բանակի թերություններ են:

Թերթերը որ կարդում ես, ստացվում է, որ զինվորը մարդ է, ում պիտի անընդհատ պաշտպանենք: Բայց մենք զինվոր չենք բերում, որ պաշտպանենք: Մենք զինվոր ենք բերում, որպեսզի պատրաստենք, որ կռվի ու հաղթի: Զինվորը չի զորակոչվում անփորձ ծառայելու համար, նա զորակոչվում է պատրաստվելու պատերազմի, ու նա պիտի պատրաստ լինի որոշակի զրկանքներ կրելու:

Նման դեպքերից խուսափելու համար տարբեր աշխատանքներ ենք կատարում: Բազմաբնույթ միջոցառումներ ենք իրականացնում. ամեն մի զինվորի հետ զրույցներ ենք ունենում, ես իմ հեռախոսի համարը տվել եմ, ու բոլոր զինվորները կարող են ինձ զանգել: Չկա մի զանգ, որ ես հետ չզանգեմ: Մենք բանակում ուզում ենք հաստատել կանոնադրական կարգուկանոն: Դրա դեպքում այդ բոլորն ինքնըստինքյան վերանալու է: Պատրաստ ենք լսելու մեր բազմաթիվ ՀԿ-ներին ու շահագրգիռ անձանց: Եկել հասել ենք նրան, որ Սրբազանը (նկատի ունի Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանին- հեղ.) մի խումբ կարգազանց զինվորների ոտքեր է լվացել, որով ասում է՝ ես քեզ ներում եմ: Ամիսը մեկ անգամ ամբողջ բանակի վարչությունը գնում է զինվորների մոտ, նրանց կյանքով ապրում, կոլեկտիվ շփումներ ունենում:

Ի՞նչ խնդիրներով են զինվորները զանգում Ձեզ:

Հիմնականում զանգում են իրենց անհատական խնդիրներով: Զանգերի քանակը օրական կարող է հասնել 200-ի: Բայց դրանց մեջ կարող է եւ պիտանի հարց չլինել: Անձնական խնդիրներին ես արձագանքում եմ օրենքի շրջանակներում: Այսինքն՝ հիմնականում ուզում են արձակուրդ, որով նախարարը չի զբաղվում: Իմ բոլոր տեղակալներին արգելել եմ արձակուրդներով զբաղվել, որովհետեւ դա զորամասի հրամանատարի եւ ցածր օղակի իրավասությունն է:

Ինչպե՞ս եք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը եւ ինչպես կմեկնաբանեք տարածքների վերադարձի վերաբերյալ հայտարարությունները:

Ոչ մի ձեւ չեմ մեկնաբանի խմբի գործունեութունը: Դա չի մտնում իմ լիազորությունների մեջ: Դրանով զբաղվում է պետության նախագահը, չեմ կարծում, որ նա իրեն իրավունք կվերապահի երկրի Սահմանադրությունը փոխել: Այն ընդունվել է ժողովրդի կողմից եւ սրանով ուզում եմ փաստել, որ ԼՂ հիմնախնդիրը լուծելու է ԼՂ ժողովուրդը: Սահմանադրության մեջ մեր սահմանները ամրագրված են, ու որեւէ մեկին իրավունք չի տրված Սահմանադրությունը փոխել:

Ձեր պաշտոնավարման ընթացքում քանի՞ սպա է աստիճանազրկվել կամ հեռացվել պաշտոնից:

Այդպիսի դեպքեր շատ են եղել, բոլորը չեմ կարող հիշել: Հեռացված ամենաբարձր պաշտոնյաները եղել են զորամասերի հրամանատարներ: Նման մի քանիսին հեռացրել ենք պարտականությունները թերի կատարելու պատճառով: Զորամասերից մեկի հրամանատարին զորացրել ենք բանակից: Մեկին էլ հանել ենք պաշտոնի իջեցմամբ: Դրանց զուգահեռ պատժվել են ավելի ցածր օղակների հրամանատարներ:

Ինչպե՞ս եք արձագանքում Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումներին:

Տալիս ենք շատ խիստ ու վճռական պատասխան: Այնքան ենք պատժում, մինչեւ ինքը հասկանա, որ այդպես մեզ հետ խոսել անհնար է: Եթե մեր մի զինվորի վնաս են հասցրել, անպայման մի քանի հոգու խփելու ենք: Խփելու ենք այնքան ժամանակ, մինչեւ իրենց լրատվամիջոցները ահազանգեն: Որեւէ ներողամտություն չկա: Մեր զինվորը շատ վճռական է:

Թոքաբորբով դեպքերը շատացել են բանակում: Ի՞նչ է արվում այս ուղղությամբ:

Ամեն մի թոքաբորբով հիվանդի ընդունումն ու դուրսգրումը վերահսկում եմ: Թոքաբորբի մի 25 տեսակ կա, որոնցից մեր տարաշածրջանում կրկնվող 14-ի դեմ պատվաստում ենք զորակոչվելիս, սակայն այս մեկը ուրիշ տեսակ է: Հիմա լաբորատոր հետազոտվում է հիվանդությունը, եւ դրա դեմ պատվաստումը կներառենք ծրագրի մեջ: 2001 թ. մենք թոքախտով զինվորներ էինք զորացրում, անցյալ տարի նման բան չի եղել, այս տարի թոքախտով զինվոր չենք ունեցել: Դեպք ունեինք, երբ Մարտունուց Ստեփանակերտ տեղափոխելիս թոքաբորբով հիվանդ զինվորին քիչ էր մնում կորցնեինքն: Բոլոր տեղերում հրահանգված է՝ 37 աստիճանի դեպքում զինվորին պետք է իզոլացնել:   

Կարելի՞ է ասել, որ մայիսի 9-ի տոնակատարությունները լինելու են նաեւ բազուկների, ուժի ցուցադրություն՝ ի պատասխան Ադրբեջանի զորահանդեսի: Եվ ընդհանրապես ինչպե՞ս եք վերաբերվում ռազմատեխնիկական մրցավազքին:

Բացասական եմ վերաբերվում նման մրցավազքին, որովհետեւ դա բերելու է դրա կիրառմանը: Հայկական կողմի քաղաքականությունը ուղղված է նրան, որ այդ մրցավազքին վերջ տրվի: Մայիսի 9-ին ուզում ենք ցույց տալ, թե ինչի ենք հասել այս 5 տարիների ընթացքում, եւ ինչ վիճակում է մեր բանակը: Նման միջոցառումը բարձրացնում է նաեւ զինվորի ոգին, պատրաստվածության մակարդակը: Այն բավականին լուրջ է լինելու ու տարբերվելու է Երեւանում կայացած զորահանդեսից նրանով, որ մենք գեղեցկություն ցույց չեն տալու, մենք ցույց ենք տալու պատրաստականություն: Մեր ստորաբաժանումների ու տեխնիկայի կազմը ուղղված է լինելու նաեւ Ադրբեջանին ու Ղարաբաղի բոլոր թշնամիներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter