HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Ազատությունից զրկելու նոր այլընտրանքներ` կալանքը չչարաշահելու համար

Ամերիկյան իրավաբանների ընկերակցության իրավունքի նախաձեռնության գերակայության (ABA/ROLI) գրասենյակը օրերս «Մարիոթ» հյուրանոցում իրավաբանների հետ քննարկեց ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի նախագծի վերաբերյալ իր առաջարկությունները, որն արվել է օրենսգրքի լրամշակմանը նպաստելու նպատակով։

«Ազատությունից զրկելու ընթացակարգերի գնահատման գործիք» (ԱԶԸԳԳ) ծրագրի շրջանակում կազմակերպությունը ուսումնասիրել է մինչդատական կալանքը և եզրակացրել, որ Հայաստանում կալանքը շարունակվում է «կիրառվել շատ հաճախ և՛ մինչդատական, և՛ վերջնական փուլերում»:

Գնահատումն իրականացնելուց հետո ստեղծվել է աշխատանքային խումբ, որը անձին ազատությունից զրկելու լայն կիրառումը սահմանափակելու համար առաջարկում է օրենսգիրքը լրացնել խափանման միջոցների եւ անձին ազատությունից զրկելու նոր տարբերակներով` տնային կալանք, մոտենալու ժամանակավոր արգելքը եւ այլն: Մինչդատական կալանքի կիրառումը նվազեցնելու նպատակով առաջարկվում է նաեւ լրացումներ կատարել որոշ հոդվածներում:

ԱԶԸԳԳ-ի աշխատանքային խմբի օրենսդրական առաջարկությունները հիմնականում վերաբերում են քրեական արդարադատության այլ իրավունքների զարգացմանը։ Առաջարկվում է սահմանել նոր պաշտպանության միջոց` մոտենալու ժամանակավոր արգելքը: Վարույթն իրականացնող մարմինը դատախազի համաձայնությամբ (կամ դատարանի որոշմամբ) իրավունք ունի կասկածյալին կամ մեղադրյալին արգելել պաշտպանող անձի հետ հաղորդակցվել, այդ թվում՝ զանգահարել, էլեկտրոնային եղանակով տուժողի հետ շփվել, ուսման վայրեր այցելել և այլն:

Պաշտպանվող անձի հետ հաղորդակցվելու ժամանակավոր արգելքի մասին որոշման մեջ նշվում են պաշտպանության միջոցի կիրառման հիմքերը, ինչպես նաև այն գործողությունները, որոնց կատարումն արգելվում է: Կասկածյալի կամ մեղադրյալի կողմից նշված արգելքները խախտելու դեպքում վարույթն իրականացնող մարմինը կիրառում է առավել արդյունավետ պաշտպանության այլ միջոցներ:

Ինչպես տեղեկացրեց առաջարկի հեղինակը` աշխատանքային խմբի անդամ Արթուր Ղամբարյանը, մոտենալու ժամանակավոր արգելքը եվրոպական երկրներում լայնորեն կիրառվող միջոց է, սա այլընտրանք է, որը քննիչին հնարավորություն կտա չգնալ ծայրահեղ քայլի:

Աշխատանքային խումբն առաջարկում է, որպեսզի ձերբակալման պահին մեղադրյալն անհապաղ տեղեկացվի որոշ իրավունքների մասին, որոնք չեն ներառվել նոր օրենսգրքի նախագծում: Այնտեղ ոչինչ չի ասվում լռություն պահպանելու և պաշտպան ունենալու իրավունքների մասին։

Ձերբակալման ժամանակ և հարցաքննվելուց առաջ մեղադրվող անձը պետք է տեղեկացվի հետևյալ հիմնարար իրավունքների մասին` լռություն պահպանելու իրավունքի մասին և այն մասին, որ ցանկացած ցուցմունք դատարանում կարող է օգտագործվել իր դեմ, և պաշտպան ունենալու իրավունքի և պաշտպանի ծառայության դիմաց վճարելու համար միջոցներ չունենալու դեպքում` պետական միջոցների հաշվին նշանակված պաշտպան ունենալու իրավունքի մասին։

Անչափահասի ձերբակալման ժամանակ և հարցաքննությունից առաջ անչափահասի ծնողը կամ խնամակալը պետք է անհապաղ տեղեկացվեն նրա ձերբակալման մասին, իսկ անչափահասն իրեն հասկանալի լեզվով պետք է տեղեկացվի` լռություն պահպանելու իրավունքի մասին և որ ցանկացած ցուցմունք դատարանում կարող է օգտագործվել իր դեմ, իր խնամակալի կամ ծնողի և պաշտպանի հետ խոսելու իրավունքի, իսկ պաշտպանի ծառայության դիմաց վճարելու համար միջոցներ չունենալու դեպքում` պետական միջոցների հաշվին նշանակված պաշտպան ունենալու իրավունքի մասին։ Եթե անչափահասը համաձայն է հարցաքննվել, ապա հարցաքննությունը պետք է կատարի անչափահասներին հարցաքննելու գծով վերապատրաստում անցած աշխատակիցը։

Աշխատանքային խումբը խափանման միջոցների վերաբերյալ առաջարկում է հետևյալ օրենսդրական ձևակերպումը. կալանքը որպես խափանման միջոց չի կարող կիրառվել, եթե հանցագործության համար նախատեսված պատիժը մեկ տարի է կամ մեկ տարուց պակաս է: Առանց բռնության գործադրման կամ ոչ մեծ ծանրության հանցագործությունների դեպքում կալանք կարող է կիրառվել միայն, երբ ակնհայտ ապացույցներ կան այն մասին, որ մեղադրյալը չի ներկայանա դատարան կամ կխոչընդոտի գործի նախաքննությանը, կամ էլ կներգրավվի հանցագործության մեջ: Առանց բռնության գործադրման կամ ոչ մեծ ծանրության հանցագործությունների պարագայում կանխավարկածն այն է, որ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չի կիրառվի:

Անչափահասների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց պետք է կիրառվի միայն որպես վերջին միջոց առավելագույնը վեց ամիս ժամկետով: Հնարավորության դեպքում դատարանը պետք է կիրառի այլ խափանման միջոցներ (օրինակ, ծնողների կողմից վերահսկողություն): Կալանքը որպես խափանման միջոց չի կարող կիրառվել ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարելու մեջ մեղադրվող անչափահասների նկատմամբ: Բացառությամբ այն դեպքերի, երբ մեղադրյալն անչափահաս է, խափանման միջոցի մասին դատական քննությունը պետք է անցկացվի մեղադրյալի ձերբակալման պահից 72 ժամվա ընթացքում: Դատական քննությունը պետք է լինի հրապարակային:

Առաջարկվեց քննարկել նաեւ այնպիսի մեխանիզմներ ձևավորելու հարցը, որ անձին կալանքի վերցնելու վերաբերյալ հարցի քննության փուլում պաշտպանը հնարավորություն ունենա ծանոթանալու քրեական գործում այդ պահի դրությամբ գտնվող բոլոր նյութերին: Առաջարկվում է հնարավորինս հստակեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածը, հստակ նշելով այն չափանիշները, որոնց հիման վրա դատարանը կամ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է կայացնել որոշում` կալանավորված անձի խնամարկյալների ապրուստի միջոցը պետական բյուջեի հաշվին ապահովելու մասին: Քրեական դատավարության օրենսգրքի ընդհանուր մասում առաջարկվում է սահմանել այն սկզբունքը, որ նախնական կալանքի պայմանները պետք է տարբերվեն` կախված անձին մեղսագրվող հանցագործության ծանրության աստիճանից:

Աշխատանքային խումբը ներկայացնում է տնային կալանքի վերաբերյալ հետևյալ առաջարկները` նպատակահարմար է ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի տնային կալանքին վերաբերող հոդվածում ներառել այնպիսի սահմանափակումներ, ինչպիսիք են` օրվա որոշակի ժամերին բնակարանից դուրս գտնվելու արգելքը, կասկածյալի կամ մեղադրյալի կամ նրա բնակարանի նկատմամբ դիտում հաստատելը, նրա բնակարանի պահպանության իրականացումը:

Անձի ազատությունը սահմանափակելու այս տարբերակի շուրջ լայն քննարկում ծավալվեց եւ հիմնական առարկությունն այն էր, որ մեր երկրի տնտեսական վիճակը հազիվ թե այս պատժատեսակի կիրառումը ապահովելու հնարավորություն տա, քանի որ տեխնիկայի միջոցով հսկողություն ապահովելը բավականին թանկ է: Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ տնային կալանքի կիրառումը ապահովելու համար նախարարությունը պատրաստվում է պիլոտային ծրագիր իրականացնել, որի արժեքը 40 հազար դոլար է կազմում:

Աշխատանքային խումբը գրավի կիրառման վերաբերյալ հետևյալ առաջարկը ներկայացրեց.  դատարանները պատասխանատու են գրավի չափը սահմանող ցուցակ մշակելու համար եւ յուրաքանչյուր հանցագործության համար գրավի չափ պետք է սահմանվի։ Այս ցուցակը պետք է պարբերաբար վերանայվի և ուղարկվի յուրաքանչյուր քաղաքի/տարածքի քրեակատարողական հիմնարկի պատասխանատու անձին, ընդհանուր իրավասության դատարանի դատավորներին, ինչպես նաև Դատավորների խորհրդին: Գրավ նշանակելիս դատարանները պետք է ղեկավարվեն գրավի չափը սահմանող ցուցակով։

Քննիչը կարող է գրավ նշանակել քրեական հանցանք կատարելու համար ձերբակալված անձի նկատմամբ՝ նախքան այդ անձը խափանման միջոցի հարցը որոշելու համար կտարվի դատարան։ Եթե անձը հրաժարվում է գրավից, ապա նա պետք է տարվի դատարան սույն օրենսգրքով նախատեսված մինչդատական ընթացակարգի համաձայն։ Եթե գրավով ազատ արձակված մեղադրյալը չի ներկայանում դատարան կամ խախտում  է գրավի պայմանը, դատարանը սեփական նախաձեռնությամբ կամ դատախազի միջնորդության հիման վրա կարող է չեղյալ ճանաչել գրավը և բերման ենթարկել մեղադրյալին, ավելացնել գրավի չափը կամ կիրառել այլ խափանման միջոց։ Այն դեպքում, երբ գրավը չեղյալ է ճանաչվում, գրավադրված գումարը կամ գույքը առգրավվում է և դառնում դատարանի սեփականությունը։ Դատարանի վճռի կատարումից 30 օրվա ընթացքում գրավը պետք է վերացվի և բոլոր դրամական, նյութական միջոցները կամ գրավադրված գույքը պետք է վերադարձվի գրավ դրած կողմին։

Ներկայացված առաջարկների շուրջ հետաքրքիր եւ երկարատեւ բանավեճ ծավալվեց պրակտիկ եւ տեսաբան իրավաբանների միջեւ: ABA/ROLI-ի ավագ իրավաբան Հասմիկ Հակոբյանը ամփոփելով քննարկումը հայտնեց, որ առաջարկների շուրջ վերջնական տեսակետ ձեւավորելու համար թերեւս հարկ կլինի եւս մեկ քննարկում հրավիրել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter