HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը մշակել է մանկատան շրջանավարտներին բնակարանով ապահովելու նոր հայեցակարգ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել մանկատների շրջանավարտների բնակարանային խնդիրների լուծման վերաբերյալ խորհրդակցություն: Տիգրան Սարգսյանը նշել է, որ մշակվել է մանկատան շրջանավարտների բնակարանային ապահովման նոր հայեցակարգ, որով պետությունը պարտավորություն է ստանձնում վերջիններին ապահովել բնակելի տարածքներով:

«Հայեցակարգի նպատակն է մանկատան շրջանավարտների համար ստեղծել ապրելու նորմալ պայմաններ, որպեսզի նրանք դառնան մեր երկրի լիիրավ քաղաքացիները, միաժամանակ իրենց ապագան պայմանավորեն սեփական կարողություններով: Մենք պետք է նրանց տանք բավարար կրթություն և ապահովենք աշխատանքով, որպեսզի վերջիններս իրենց կարողություններով կարողանան ապագայում ձեռք բերել սեփական բնակարաններ: Առաջարկում ենք այս աշխատանքները տանել սոցիալական բնակարանային ֆոնդի հայեցակարգի ներքո»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ բնակարանային ֆոնդը պետք է լինի մատչելի, հանրակացարանային տիպի և ժամանակավոր: «Երիտասարդների մոտ մշտապես պետք է լինի սեփական աշխատանքով բարեկեցիկ կյանք ունենալու նպատակային շահագրգռվածություն: Այս առումով կարևոր է, որ սոցիալական բնակարանային ֆոնդը համադրելի չլինի այն բնակարանների հետ, որոնք մարդիկ ձեռք են բերում իրենց սեփական եկամուտների հաշվին: Մարդկանց մոտ պետք է ձգտում չլինի՝ օգտվելու սոցիալական բնակարանային ֆոնդից, հակառակը, նրանք պետք է շահագրգիռ լինեն տեղափոխվել ավելի բարեկեցիկ կյանքով ապրելու համար հարմարավետ բնակարաններ: Իրենք միշտ պետք է հասկանան, որ ավելի լավին հասնելու համար պետք է աշխատեն և սովորեն: Ամբողջ աշխարհում իրավիճակն այդպիսին է»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

Միաժամանակ, կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ երբեք որևէ մեկն այդ սոցիալական բնակարանային ֆոնդից դուրս չի գալու, եթե ամուր կանգնած չլինի իր ոտքերի վրա: Շրջանավարտները լինելու են մշտական մոնիթորինգի ներքո:

Վարչապետի խոսքով՝ սոցիալական նոր քաղաքականությամբ պետական լրացուցիչ միջոցներն ուղղվելու են աղքատության պատճառների վերացմանը՝ կրթության հասանելիության ապահովմանը և աշխատատեղերի ստեղծմանը:

Տեղեկացվել է, որ մանկատան շրջանավարտների համար Երևանի Թբիլիսյան խճուղի 3 հասցեում գտնվող ուսումնաարտադրական մասնաշենքում կառուցվում են հանրակացարանային տիպի մի քանի տասնյակ բնակարաններ, որոնցից յուրաքանչյուրում կբնակվեն մանկատան երկուական շրջանավարտներ:

Վարչապետը հանձնարարել է առարկայական կերպով ուսումնասիրել յուրաքանչյուր շրջանավարտի խնդիրներն ու հնարավորությունները, կազմել այն շահառուների ցանկը, ովքեր կտեղակայվեն այս սոցիալական բնակարանային ֆոնդում: Նմանատիպ լուծումներ են տրվելու նաև մարզային մանկատների շրջանավարտների բնակարանային խնդիրներին:

Ներկայում «Պետական աջակցություն մանկատան շրջանավարտների» ծրագրի շահառու է համարվում հանրապետության մանկատների 270 շրջանավարտ:

ՀՀ կառավարություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Լուսանկարում մանկատան շրջանավարտ Կարեն Միրզոյանի կացարանն է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter