HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Արա Հարությունյան. «Ազատագրված տարածքներում նավթ չկա»

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը ընդունել է հայաստանցի մի շարք լրագրողների եւ պատասխանել նրանց հարցերին: Ստորեւ ներկայացնում ենք հարցուպատասխանը որոշ կրճատումներով:

«Կենտրոն» հեռուստաընկերություն- Ինչպիսի՞ն է ԼՂՀ տնտեսության ներկա վիճակը, և, մասնավորապես, ինչպիսի՞ն է կառավարության աջակցությունը փոքր  ձեռնարկություններին:

Տնտեսությունը ներկայացնելու ամենակարևոր ցուցանիշը համախառն ներքին արդյունքի ցուցանիշներն են: Վերջին տարիներին կարողանում ենք ապահովել այդ ցուցանիշների աճի բարձր տեմպեր:  2011 թ. ՀՆԱ-ի իրական աճը կազմել է 9,1 %՝ շնորհիվ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման, այդ թվում՝ նաև գյուղատնտեսության բնագավառում, որովհետև գյուղատնտեսության մեջ մեծ տեսակարար կշիռ են կազմում փոքր և միջին ձեռնարկատերերը, և գյուղատնտեսության աճը հիմնականում եղել է արդյունք ապահովող: Այն մենաշնորհային չէ, մոնոպոլացված չէ:

Միևնույն ժամանակ ուզում եմ նշել, որ վերջին տարիներին ընդհանուր առմամբ տնտեսական աճի տեմպերում շատ փոքր է խոշոր ձեռնարկությունների մասնակցությունը, ավելին՝ որոշ դեպքերում  ունենք անկում, այդ թվում՝ «Բեզմետալս» ընկերության դեպքում, ինչը պայմանավորված է հանքում առկա հարստությամբ, որտեղ արձանագրվում է անկում: Եթե 2007 թ. մեր պետական բյուջեի 45 %-ն ապահովվում էր այդ ընկերության հաշվին, ապա այսօր այն կազմում է 14-15 %, և հիմնական աճն արձանագրում ենք և հարկային, և տնտեսական փոքր ու միջին ձեռնարկատիրության շնորհիվ:

Թե ի՞նչ գործիքներ ենք կիրառում, ի՞նչ գործոններ կան՝ նշեմ, որ պետբյուջեով իրականացնում ենք փոքր և միջին ձեռնարկատիրության արտոնյալ  վարկավորման ծրագրեր, Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցով իրականացնում ենք բանկային տոկոսադրույքների սուբսիդավորում, որը թույլ է տալիս այդ ձեռնարկություններին օգտվել մատչելի տոկոսներով հարկային ռեսուրսներից: Բացի դրանից՝ մենք նաև ունենք համեմատական արտոնյալ վարկային համակարգ: Այստեղ միանշանակ չէ կարծիքը, և միշտ չէ, որ հարկային արտոնություններն են ազդեցություն թողնում: Շահութահարկի առումով Արցախում գործում է հինգ տոկոս շեմը: Ներդրումների համար ունենք առաջին հինգ տարիների ընթացքում արտոնություններ շահութահարկի գծով: Այսինքն՝ այդ գործիքները թույլ են տալիս ապահովել փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացումը, որը բերում է ՀՆԱ-ի աճի և սեփական եկամուտների ավելացմանը:

«168 ժամ» թերթ- Վերջերս խոսվում է ԼՂՀ-ից արտագաղթի ալիքի մասին: Ունե՞ք հստակ ցուցանիշ, թե որքան է կազմում արտագաղթողների թիվը, և արդյո՞ք ուսումնասիրվել են պատճառները: Հատկապես  նկատենք, որ տարիներ առաջ ԼՂՀ-ում իրականացվում էր վերաբնակեցման ծրագիր:

Գիտեք, ովքեր խոսում են այդ իրավիճակի մասին, նրանք տեղյակ չեն Ղարաբաղի կյանքից, որովհետև վերջին տարիներին մեր ամենամեծ ձեռքբերումը  մեր ժողովրդագրական իրավիճակի դրական ցուցանիշն է: Սա մեր կառավարության, իշխանության ամենամեծ ձեռքբերումն ենք համարում: Այսօր Արցախի բնակչությունը մեր վիճակագրական տվյալներով հասնում է 145 000-ի, այն դեպքում, երբ 2007 թ. ունեինք 137.000 բնակիչ: Մենք ունենք և մեխանիկական, և բնական աճ: Մեխանիկական աճը, այսինքն՝ միգրացիոն դրական ցուցանիշները, հրապարակվում են, և դա նաև երևում է մեր առօրյայում, քանի որ այսօր Արցախում ամենամեծ խնդիրը բնակարանային խնդիրն է, ինչն առկա է ոչ միայն Ստեփանակերտում, այլև գյուղերում: Եթե դիտարկումներ իրականցնենք, թե ընդհուպ մինչև ծայրամասային գյուղերում են վաճառում բնակարանները, կպատկերացնենք, թե ինչ պահանջարկ ունի բնակարանը կամ առանձնատունն Արցախում: Եթե բնակարանի պահանջարկ կա, ուրեմն՝ դա նաև նշանակում է, որ ապրողների թվաքանակն է ավելանում:

Արտագաղթ կա, բայց եկողների  և գնացողների տարբերությունը դրական է: Արդեն չորս տարի է՝ դրական սալդո է: Այս տարվա երեք ամիսներին ևս ունենք դրական արդյունքներ: Իսկ ինչ վերաբերում է վերաբնակեցմանը, ապա այսօր  մենք շատ քիչ ենք խոսում դրա մասին: Եվ նախագահը, և իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ  վերաբնակեցման կոնկրետ ծրագրեր իրականացնելու համար շատ մեծ գումարներ են պահանջվում: Նշեցի, որ ազատ բնակարան չկա, իսկ բնակարանով ապահովելը վերաբնակեցման հիմնական պայմանն է: Նոր բնակարան կառուցելու համար պահանջվում է 15-20 միլիոն դրամ: Եթե մենք ուզում ենք տեղափոխել մեկ ընտանիք, ապա միայն բնակարանային պայմաններն ապահովելու համար այդքան գումար պետք է հատկացվի, ինչն ի վիճակի չենք անել մեր պետական բյուջեով:

Բայց Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում մշակել ենք զարգացման ծրագիր, զարգացնում ենք ենթակառուցվածքները՝ ճանապարհները, էլեկտրիֆիկացում, նորոգման համակարգեր, ջրամատակարարում: Եվ այդքանն անելով և նաև ապահովելով անհրաժեշտ աշխատանքային պայմաններով՝ մարդիկ մեծ հաճույքով տեղափոխվում են Արցախ: Նույն այդ շրջաններում օգնում են շինանյութով, պետությունը շատ փոքր գումարներ է տալիս գույքի տեղափոխման, անասուններ ձեռք բերման, և մարդիկ նվազագույն պայմաններ են ստեղծում: Բացի դրանից՝ այդ երկու շրջաններում ունենք արտոնյալ վարկային ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս նրանց զբաղվել տնտեսական գործունեությամբ՝ հիմանականում անասնապահությամբ և հողագործությամբ: Այսօր մեր բեյրութահայերի շնորհիվ գործում է «ARI» ծրագիրը, որի շրջանակներում յուրաքանչյուր ընտանիք ստանում է մինչև 1,5 միլիոն դրամի առանց գրավի վարկեր, ինչը թույլ է տալիս ձեռք բերել կամ անասուն, կամ զբաղվել հողագործությամբ՝ 5 տարի ժամկետով 6 % տոկոսադրույքով: Դա գործում է Արցախի կառավարության և բեյրութահայերի մասնակցությամբ:  Ունենք նաև վերաբնակիչներ Սիրիայից, որոնց Կովսականում տրամադրել ենք հողեր մշակելու համար: Այս փուլում 6-7 ընտանիքներ Սիրիայից տեղափոխվել են Կովսական, որոնք առաջին ծիծեռնակներն են:

Վերջերս նախագահը այցելել է Հադրութի շրջանի հարավային հատված, որտեղ ցանկություն են հայտնել տեղափոխվել Եղեգնաձորի և այլ շրջանների բնակիչներ, որոնց անհրաժեշտ է ընդամենը հող, ոռոգման հնարավորություն, նվազագույն կենցաղային պայմաններ՝ ջուր, հոսանք, սանիտարական ապահովում: 15 ընտանիք արդեն տեղափոխման փուլում են, և սկսել են վորանորոգել իրենց բնակարանները, այսինքն՝ շատ փոքր գումարներով փորձում ենք իրականացնել վերաբնակեցում: Ժամանակին՝ պատերազմից հետո, երբ խոսում էինք վերաբնակեցման մասին, Քաշաթաղում մինչև 14-15 հազար բնակիչ կար, իսկ 2007 թ.՝ արդեն 7 հազար, որովհետև նվազագույն պայմաններ չկային, բացակայում էին աշխատանքի հնարավորւթյունները, և մարդիկ ինչպես եկել էին, այդպես էլ սկսեցին գնալ: Մենք փորձեցինք դա կանխել առաջին փուլում, և, կարծես, հաջողվեց մեզ: Իհարկե, այդ շրջաններից ևս ունենք արտագաղթ, բայց հիմնականում դադարեցվել է այդ երևույթը, և այսօր հակառակ փաստերն ենք արձանագրում:

«168 ժամ» թերթ- Իսկ  ե՞րբ լուծում կստանա Ստեփանակերտի ջրի խնդիրրը: Դրա վատ որակից դժգոհությունները զգալի են:

Արցախի ամենամեծ խնդիրներից մեկը եղել է խմելու և ոռոգման ջրի մատակարարումը: Չեմ ուզում խոսել Ադրբեջանի վարած քաղաքականության մասին: Դուք բոլորդ տեղյակ եք: Դրա  հետևանքները տեսնում ենք: Բայց այսօր արդեն ավարտման փուլում է Ստեփանակերտի խմելու ջրի մատակարարման ծրագիրը: Քաղաքի որոշ մասերում արդեն կա շուրջօրյա ջուր, մինչ տարեվերջ քաղաքի 80 %-ն ապահովված է լինելու շուրջօրյա ջրամատարարմամբ: Զրոյից նոր համակարգ ենք կառուցում: Որակի առումով ասեմ, որ ավարտվում են ֆիլտրման կայանների շինարարությունը. մեկը հիմնովին կառուցվում է, մյուսը՝ կապիտալ վերանորոգվում է: Համոզված եմ, որ ֆիլտր-կայանների շահագործումից հետո մենք ունենալու ենք համեմատաբար ավելի որակյալ ջուր, բայց ձգտելու ենք հասցնել այն անհրաժեշտ ստանդարտներին, որ կոչվի խմելու ջուր: Նույն աշխատանքներն իրականացվում են մնացած բնակավայրերում՝ Հայաստան համահայկական հիմնադրամի վերջին երկու տարվա ծրագրերը ուղղված էին Արցախի բնակավայրերի ջրամատարարմանը: Տարբեր բնակավայրերում աշխատանքներ կատարվում են: Որակյալ ջրամատակարարում ապահովելու համար անհրաժեշտ է 150-200 միլիոն դոլար:

«Հետք»- Ո՞վ է ֆինանսավորում ջրամատակարարումը:

Պետական բյուջեից է կատարվում՝ ներգրաված վարկային ռեսուրսների հաշվին: Այն պետական սեփականություն է հանդիսանում:

«Հայացք» օրաթերթ- Տարիներ շարունակ բնակչությունից կան դոժգոհություններ բջջային կապի բարձր սակագներից: Ըստ այդ դժգոհությունների՝ «Ղարաբաղ տելեկոմ»-ը, օգտվելով մենաշնորհային դիրքից, բարձր գներ է սահմանում: Ի՞նչ է անում կառավարությունն այդ ուղղությամբ:

Մենք մտապես համագործակցության մեջ ենք ներդրողների հետ, բայց մի բան պետք է հաշվի առնել, որ շուտով Ղարաբաղում գործելու է 3G համակարգը, որը պահանջում է մեծ ներդրումներ: Իսկ ներդրողն ամեն ներդրման արդյունքում պահանջում է դրանց հետգնում: Այսինքն՝ ներդրողը բարեգործությամբ չի զբաղվում, և նա մեզնից պահանջում է հաստատել համապատասխան սակագին, որով իր ներդրումները հետ է ստանալու: Եթե հաշվի առնենք այն, որ Ղարաբաղի տարածքը մեծ է, իսկ սպառողները՝ քիչ, շատ ժամանակ ռելիեֆի պատճառով շատ ավելի մեծ ներդրումներ են պահանջվում, քան նման միավոր տարածքում այլ աշխարհագրական դիրքում, նաև ինչ-որ տեղ մեզ էլ է, այսպես ասած, ստիպում համակերպվել և փորձել ընդամենը ճիշտ բանակցությունների ընթացքում համոզել ավելի տրամաբանական գին սահմանել:

«Հետք»- Որքա՞ն է աղքատության ցուցանիշն Արցախում. ցուցանիշի ա՞ճ, թե՞ նվազում է նկատվում:

Արդեն տևական ժամանակ է՝ Արցախը չունի արտգործնախարար: Արդյո՞ք դա խոսում է այն մասին, որ երկրում  չկա տվյալ պաշտոնին համապատասխանող դիվանագետ:

Կարող եմ հստակ մի բան հայտարարել՝ Արցախում չկա ծայրաստիճան աղքատ մարդ. դա միանշանակ: Չկա մարդ, որ հացի խնդիր ունենա: Իհարկե, երբ աղքատության հաշվարկներն անում են, մենք չենք ընդունում դա, քանի որ ընկալումները տարբեր են: Մենք  հիմքում դնում ենք սպառողական զամբյուղը: 2011 թ. ցուցանիշները մեր վիճծառայությունը դեռ հաշվարկում է: Նշեմ, որ անհամեմատ ավելի լավ վիճակում են գտնվում Արցախում: Արցախում միջին աշխատավարձը կազմում է ավելի քան 100.000 դրամ, և ցանկացած առողջ մարդ գտնում է աշխատանք՝ և շինարարության, և գյուղատնտեսության ոլորտներում: Ունենք կառույցներ, որտեղ կա աշխատողի լուրջ կարիք, ինչպես օրինակ Ստեփանակերտի կանաչապատման և սանմքարման ծառայություններում բարձր, նորմալ աշխատավարձեր են տալիս՝ 60-70.000 դրամ, սակայն ընդանուր առմամբ  մարդիկ խուսափում են այդտեղ  աշխատել: Դա հոգեբանական խնդիր է:

Ամեն աշխատող մարդ հնարավոր չէ լինի աղքատ: Մեր կենսաթոշակները նույնն են, ինչպես Հայաստանում է: Ունենք բազմազավակությունը խթանող ծրագրեր. 4 և ավելի երեխաներին նպաստներ են տրվում ծնելիության և խնամքի համար: Լուրջ հատկացումներ ենք նախատեսում սոցիալապես անապահով խավի համար: Ղարաբաղում աղքատության ցուցանիշ չկա: Մենք չենք հաշվարկում այն: Գործազրկությունն աշխատող բնակչության թվաքանակի համեմատ տատանվում է 5-6 %: 

Ղարաբաղում սպասվում են նախագահական ընտրություններ: Արդեն սկսվել են առաջադրումները: Հուլիսի 19-ին տեղի է ունենալու քվեարկությունը: Կառավարությունն ամբողջ կազմով հրաժեշտ է տալու՝ նոր նառավարություն, նոր վարչապետ, նոր նախարարներ: Ինձ թվում է, որ այսօր  արտգործնախարարի պաշտոնակատարը նորմալ կատարում է իր պարտականությունները, և նոր կառավարությունը հաստատ ունենալու է գործող նախարար:

«Հետք»- Իսկ առաջադրվելու նպատակ ունե՞ք:

Իհարկե, ոչ: Քանի որ մեր նախագահը հայտարարել է, որ առաջադրվելու է, և հավանական է՝ մեր հիմնական քաղաքական ուժերը սատարելու են գործող նախագահին: Այս հինգ տարվա ընթացքում նախագահի նախընտրական ծրագրի բոլոր դրույթները կատարվել են՝ և թվերով, և ծավալներով:

«168 ժամ» թերթ- Իսկ ի՞նչ աշխատանքներ չեք հասցրել անել:

Շատ բան չենք հասցրել կատարել: Երկրում դեռ կան քայքայված բնակավայրեր, բնակչության կենսամակարդակը, սոցիալական վիճակը նվազագույնի չի հասել: Բնակչության շրջանում դեռ կա բնակարանային խնդիր: Անելիքները շատ են: Իհարկե, գյուղատնտեսությունում արձանագրել ենք բավական աճ, բայց շատ հեռու ենք աշխարհի ժամանակակից ցուցանիշներից: Չենք հասցրել երկրում զարգացնել ենթակառուցվածքներն այն աստիճան, որ յուրաքանչյուր քաղաքացի կարողանա օգտվել անխափան ջրամատակարարումից, էլեկտրամատակարարումից, նորմալ ճանապարհներ լինեն, և այս ամենը երևի առաջիկա հինգ տարիներին մեր երկրի ամենակարևոր խնդիրն է լինելու ցանկացած իշխանության համար:

«Հետք»- Խորհրդարանական երեք ուժերն էլ սատարում են գործող նախագահին: Արցախում չկա ուժեղ ընդդիմադիր ուժ: Արդյո՞ք դա չի խոսում ժողովրդավարության պակասի մասին:

Ընդհանուր առմամբ շատ են խոսում, որ Արցախում չկա ժողովրդավարություն: Մեր իշխանությունները առաջնորդվում են ժողովրդավարության այնպիսի սկզբունքներով, որով աշխարհում երևի որևէ տեղ չեն առաջնորդվում: Իշխանությունների կապը ժողովրդի հետ անմիջական է: Չեմ ուզում համեմատել, բայց նախագահի կամ իշխանավորների այցելությունները պրոտոկոլային բնույթ չեն կրում, որ մասնակիցների հարցերը նախապես պատրաստված լինեն: Երկրի ցանկացած քաղաքացի իր տեսակետն է արտահայտում ցանկացած երևույթի մասին: Ցանկացած անձնական հարց կարողանում է բարձրացնել նախագահի և կառավարության անդամների մոտ: Տեղյակ եմ ցանկացած գյուղի ցանկացած խնդրից: Այսինքն՝ ժողովրդավարությունն այդպիսին է մեզ մոտ: Նաև այսպիսի բան կա. երբ փորձում են ինչ-որ մեկի նկատմամբ անարդարություն անել, ղարաբաղցու առաջին «ուգրոզան» լինում է հետևյալը. «Գնալու ենք նախագահի մոտ»: Սրանով յուրաքանչյուր պատոնյա զգաստանում է՝ իմանալով, որ խնդիրները հասնելու են նախագահին: Սա ժողովրդավարության ամենալայն արտահայտումն է: Մարդիկ դիմում են վարչապետին ու նախագահին ցանկացած հարցով, ընդհուպ մինչեւ նեղ կենցաղային:

«Հետք»- Համամի՞տ եք այն կարծիքին, որ պատերազմական վիճակում գտնվող երկրում ժողովրդավարությունը առաջնային խնդիր չպիտի լինի:

Հակառակը: Նման երկրում ամենակարեւորը ժողովրդավարությունն է: Վերջին տարիներին ունեցել ենք խորհրդարանական, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ոչ մի տեղ իշխանության կողմից որեւէ միջամտություն չի եղել, ու ոչ մի տեղ բողոք չի եղել ընտրությունների վերաբերյալ: Նույնը ունենալու ենք հուլիսի 19-ին: Եթե երկրի իշխանությանը չեն հայհոյում, չեն վիրավորում, միտինգներ չեն անում, համարում են, որ այդ երկրում ժողովրդավարություն չկա: Այսպիսի ընկալում կա բոլորիս մեջ: Ես էլ նշում եմ, որ ժողովրդավարությունն այն է, երբ քաղաքացու ձայնը հասնում է երկրի իշխանավորին:

«Հետք»- Նշեցիք, որ Դրմբոնի հանքը արդյունահանող ընկերությունը սկսել է բավականին քիչ հարկեր մուծել: Նշանակում է դա արդյոք, որ պղնձի հանքավայրը վերջանում է: Ուսումնսասիրվում է ընդերքը Ղարաբաղում, շրջակա միջավայրի վրա ազդեցության ինչպիսի՞ ծրագրեր են իրականացվում: Եվ ճի՞շտ է արդյոք, որ ազատագրված տարածքներում նավթի հանքավայր է հայտնաբերվել:

Դրմբոնի հանքի պաշարներն են սպառվում, բայց մենք ունենք ծրագրեր Ծաղկաշենում, որը շատ հեռու չէ Դրմբոնից: Ղարաբաղը մեծ պաշարներ ունի, եւ այդ ուղղությամբ ծրագրեր իրականացվում են, ու շուտով շահագործելու ենք նոր հանքեր: Նավթ չկա: Միակ գործող կազմակերպությունը Դրմբոնում է, որը շատ հետեւողական է մեր կողմից առաջադրված խնդիրների նկատմամբ ու շրջակա միջավայրի հարցերի ուղղությամբ: Մի բան էլ ավելին է կատարում, այդ առումով մենք երբեւէ խնդիր չենք ունեցել:  

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter