HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ըստ Լասլո Կյովերի` Հունգարիան կարևորում է ազգերի ինքնորոշման իրավունքը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հունգարիայի Ազգային ժողովի նախագահ Լասլո Կյովերի գլխավորած պատվիրակությանը: Սերժ Սարգսյանը նշել է, որ երկու ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի, և Հայաստանը շահագրգիռ է զարգացնել Հունգարիայի հետ հարաբերությունները:

Նախագահի խոսքով' 2009թ. Հունգարիա կատարած իր պաշտոնական այցից հետո այս տարի սպասվում է Հունգարիայի նախագահի այցը Հայաստան, ինչը վկայում է այդ հարաբերություններն ակտիվացնելու երկկողմ ջանքերի մասին:

Նկատի առնելով, որ հայ-հունգարական առևտրատնտեսական կապերը դեռևս բավարար մակարդակի վրա չեն' Սերժ Սարգսյանը կարևորել է երկու երկրների գործարարների միջև ակտիվ շփումներին օժանդակելը' տարբեր մակարդակի այցերի ժամանակ նրանց ևս ընդգրկելով պատվիրակությունների կազմում:

Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել հայ համայնքի նկատմամբ Հունգարիայի ցուցաբերած ուշադրության և բարյացակամ վերաբերմունքի համար' ընդգծելով, որ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում հայ համայնքը կարող է զգալի դերակատարում ունենալ:

Հանդիպման ընթացքում կարևորվել է ԵՄ-ն ներկայումս նախագահող Հունգարիայի հետ Արևելյան գործընկերության շրջանակներում ևս համագործակցության ընդլայնումը: Հունգարիայի ԱԺ նախագահ Լասլո Կյովերն իր երկրի անունից պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի եվրաինտեգրման ջանքերին' փոխանցելով այդ ոլորտում Հունգարիայի քսան տարվա փորձը:

ՀՀ նախագահի մամուլի գրասնյակի տեղեկացմամբ' զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրների' կարևորելով տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության ապահովման ուղղությամբ գործադրվող ջանքերը:

Լասլո Կյովերը նշել է, որ Հունգարիան կարևորում է ազգերի ինքնորոշման իրավունքը: ԱԺ նախագահի կարծիքով, եթե այդ սկզբունքի նկատմամբ պատշաճ վերաբերմունք և բարի կամք դրսևորվի, հնարավոր կլինի շատ հակամարտություններ կարգավորել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter