HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ Վանաձորում կազմակերպված ցույցի վերաբերյալ

Մենք գրում ենք՝ հայտնելու մեր մտահոգությունը 2012 թ. ապրիլի 16-ին Վանաձորում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:

«Ստոպ» կինոփառատոնի շրջանակներում Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը պլանավորում էր 2012 թ. ապրիլի 17-ին ադրբեջանական ֆիլմերի ցուցադրություն կազմակերպել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակում: Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը խնդրել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակին տարածք տրամադրել ֆիլմերի ցուցադրության համար և որպես իրավապաշտպան կազմակերպություն, որը հարգում է արտահայտման ազատությունը՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը չէր մերժել:

Գյումրիում, որտեղ այն պետք է տեղի ունենար 2012 թ. ապրիլի 12-ին, փառատոնն ընդունվել էր բողոքի ակցիայով և բռնությամբ: Թեև Գյումրիում փառատոնը տեղի չէր ունեցել, ԽՆԿԿ նախագահը հաստատակամ էր այն անցկացնելու Վանաձորում:

36 կազմակերպություններ, ներառյալ՝ հասարակական կազմակերպություններ, Երկրապահ կամավորների միությունը և քաղաքական կուսակցությունների տեղական ներկայացուցչություններ, ստորագրել էին կոչ լոռեցիներին, որում հորդորում էին 2012 թ. ապրիլի 16-ին դուրս գալ և բողոքել ընդդեմ փառատոնի կազմակերպիչների ու աջակիցների և պահանջել, որպեսզի փառատոնը չեղյալ հայտարարվի, այլապես սպառնում էին քայլեր ձեռնարկել փառատոնի անցկացման օրը:   

Ապրիլի 16-ի առավոտյան Գեորգի Վանյանը տարածել էր հաղորդագրություն փառատոնը հետաձգելու վերաբերյալ՝ «կեղծ հայերնասերների» կողմից բռնությունները և այլ գործողությունները կանխելու նպատակով: Սակայն ժամը 11:00-ի սահմաններում շուրջ 200 ուսանողներ, նախկին ազատամարտիկներ և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, հավաքվել են Հայքի հրապարակում և երթով շարժվել դեպի ՀՔԱ Վանաձորի գրասենյակ:

Ցուցարարներին առաջնորդել են Երկրապահ կամավորականների միության և քաղաքական կուսակցությունների տեղական ներկայացուցչությունների ղեկավարները, որոնք ներս են մտել գրասենյակ՝ բանակցելու Արթուր Սաքունցի հետ և հորդորելու նրան՝ չեղյալ հայտարարել փառատոնը: Գրասենյակ մտած պատվիրակությունը բաղկացած է եղել մոտ 15 հոգուց, սակայն այլ ցուցարարներ նույնպես ներս են մտել: Նրանք սպառնացել են ջարդել սարքավորումները և գույքը և կոպտորեն վիրավորել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի անձնակազմին: Ցուցարարներից մեկը պոկել է պատից կախված պաստառը՝ այն կոչելով հակահայկական (պաստառի վրա գրված էր «Ղարաբաղյան պատերազմի անհայտ զինվորների խնդիրները՝ Վանաձոր-Գյանջա»): Պատվիրակությունը փորձել է հանգստացնել իրենց աջակիցներին, սակայն ապարդյուն:   

Արթուր Սաքունցը տեղեկացրել է պատվիրակությանը, որ փառատոնը հետաձգվել է: Պատվիրակությունը ծափահարել է և խնդրել Սաքունցին դուրս գալ ու հայտնել ամբոխին այդ մասին: Մինչ պատվիրակությունը ներսում է եղել, դրսում ամբոխը բացականչել է. «Դավաճաններ, ամոթ և թուրքեր» և պահանջել չեղյալ հայտարարել միջոցառումը: Արթուր Սաքունցը դուրս է եկել և տեղեկացրել ամբոխին, որ Գեորգի Վանյանը հետաձգել է փառատոնը: Ամբոխը գոհունակությամբ բացականչել է, սակայն երբ Սաքունցը վերադարձել է գրասենյակ, ամբոխն սկսել է պահանջել, որ փառատոնը ոչ թե հետաձգվի, այլ ընդհանրապես չեղյալ հայտարարվի: Ամբոխն սկսել է ձվեր և քարեր շպրտել գրասենյակի ուղղությամբ: Երկու քար ջարդել են գրասենյակի պատուհանները, իսկ նրանցից մեկը հարվածել է գրասենյակի աշխատակցուհու ոտքին: Ցույցի և այս հարձակումների ողջ ընթացքում 4 ոստիկաններ գնվել են ամբոխի կողքին և ոչ մի քայլ չեն ձեռնարկել: Որոշ ոստիկաններ կանգնած են եղել ամբոխի ետևում և ուղղակի դիտել են, թե ինչպես է հարձակումը տեղի ունենում: Կազմակերպությունը զանգահարել է ոստիկանության Վանաձորի բաժանմունք, (որոնք ի դեպ ժամանել են միայն ամբոխի հեռանալուց հետո):

Ցուցարարների պատվիրակությունը վերադարձել է գրասենյակ և պահանջել, որ Արթուր Սաքունցը վերադառնա ամբոխի մոտ և հայտարարի, որ փառատոնն ընդհանրապես տեղի չի ունենալու: Սաքունցը պնդել է, որ հայտարարություն կտա բռնության և միջոցառման վերաբերյալ, բայց պատվիրակությունը հայտնել է, որ չեն կարող ցրել զայրացած ամբոխը և Սաքունցը պետք է խոսի նրանց հետ: Երկար բանավեճից հետո Սաքունցը դուրս է եկել և տեղեկացրել ամբոխին, որ փառատոնը տեղի չի ունենա:

Ամբոխն այնուամենայնիվ չի լքել տարածքը և պատվիրակությունը ստիպված է եղել նորից առաջնորդել նրանց Հայքի հրապարակ: Ոստիկանությունը ժամանել է տարածքն ուսումնասիրելու միայն ամբոխի հեռանալուց հետո: Գրասենյակի ներսում և դրսում գտնվող անվտանգության տեսախցիկները տեսաձայնագրել են ամբողջ ընթացքը և տեսագրությունը տրամադրվել է ոստիկանությանը:

Այս միջադեպի լույսի ներքո ցանկանում ենք արտահայտել, որ մենք դեմ չենք ցույցեր անցկացնելու և ցուցարարների կողմից սեփական կարծիքը արտահայտելու իրավունքին, սակայն մենք շատ մտահոգ ենք, որ ոստիկանությունը հրաժարվել է միջամտել, երբ տեղի են ունեցել վայրագ գործողություններ մի կազմակերպության դեմ, որի հիմնական նպատակն է՝ կառուցել այնպիսի հասարակություն, որտեղ մարդու հիմնական իրավունքները պաշտպանված են:

Անկեղծորեն՝

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի խորհուրդ

Քրիստ Մարուքյան
Ագնեշկա Կլոսովսկա
Զիգֆրիդ Վեբեր
Արմեն Սարգսյան
Պասկալ Բոկկերս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter