HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գ.Ծառուկյանն իր մասին. «Բոլորդ գիտեք` Ծառուկյանը այսօր ամեն ինչի հասել է իր աշխատանքով, առանց որևէ պետական լծակի»

Ապրիլի 19-ին տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումը ալավերդցի ընտրողների հետ: Հանդիպմանը մասնակցում էր շուրջ 1000 մարդ: Հավաքվածների մի մասը 4 ավտոբուսով Ծառուկյանի հետ Ալավերդի ժամանած կուսակցության ակտիվիստներն էին:

«Բարգավաճ Հայաստանի» նախընտրական հանդիպմանը ներկա էին նաև Արևածագ, Մղարթ և Աքորի համայնքերի որոշ բնակիչներ, Ալավերդու հիմնարկների` այդ թվում դպրոցների, մանկապարտեզների, առոջապահական ոլորտի ներկայացուցիչներ: «Էյ-Սի-Փի» ընկերության պղնձաձուլական գործարանի որևէ աշխատող չէր մասնակցում հանդիպմանը: Հանդիպման հրապարակը վերահսսկվում էր հանարապետականի հսկիչների կողմից:  

«Հետքը» փորձեց պարզել հանդիպմանը ներկա բնակչության նախընտրական տրամադրությունները. «Ծառուկյանին եմ ընտրելու, նրա ամեն ինչն էլ բարձր եմ գնահատում: Օրինակ` մենակ նրա հայացքը, որ նայում ես, հերիք ա: Ծառուկյանի ամեն ինչն էլ ընտրելու եմ»,- ասաց Ալավերդու Փիրուզյան թաղամասի բնակիչ Մարուսյա Սարգսյանը: Հետո տիկին Մարուսյան միայն ինձ լսելի ձայնով հարցրեց. «Ազիզ, մի հատ դիմում եմ գրել իրան, ո՞ւմ կարամ տամ»: Հարցրի դիմումի` իր պահանջի մասին. «Մի քիչ գումար եմ ուզում, էլի: Ես ինչ գիտեմ: Տղես մահացել ա: Քարը, պատշուբը, ավազը, բանը բերել ենք, կարում չենք  սարքենք, մի քիչ գումար է պետք»:

Հազար ու մի պահանջներով լի ծրարներ ձեռքերին Գագիկ Ծառուկյանի այցին սպասում էին ալավերդցի շատ աղքատ ընտրողներ: Նրանց մեջ կային հիվանդ մարդիկ, ովքեր ուզում էին վիրահատության փող խնդրել Ծառուկյանից:

Հանդիպման իր ելույթում «Ջավախք» հիմնադրամի նախագահ Ստեփան Մարգարյանը կարևորեց ԱԺ ընտրությունները: Նա նշեց, որ Հարավային Կովկասում  Հայաստանը այժմ, ցավոք սրտի, վերջին տեղում է, այնինչ սկզբում, այսինքն` անցյալ դարի 90-ական թվականներին եղել է շատ առաջ. «Վերջին տեղում հայտնվելը, պարզ է, որ խիստ վտանգավոր է: Մենք չունենք այնքան ռեսուրս, որ կարողանանք երկար դիմանալ վերջին տեղում: Դա մեզ համար պետականության փլուզման վտանգ է ներկայացնում:  Մենք ձեզ ուզում ենք կոչ անել, որ ընտրություններին  շատ լուրջ վերաբերվեք»,- ասաց Ս. Մարգարյանը:

Նրա կարծիքով, մայիսի 6-ի ընտրությունը ապագա կառավարության ընտրություն է. «Մեր ապրելակերպի ընտրություն է»: Վերջինս իր ելույթում հարցադրումներ արեց, թե այդ ինչպես է, որ իսկապես փլուզված վիճակից Վրաստանը կարողացավ Հայաստանից առաջ անցնել,  այնպիսի իրավիճակ ստեղծել, որ այսօր նույնիսկ հայկական բիզնեսն է հոսում Վրաստան, իսկ Վրաստանից Հայաստան ոչ ոք չի եկել: Ս. Մարգարյանը հարցադրում արեց, թե` այդ ինչպես է, որ հայկական կապիտալը Վրաստանում իրեն ավելի լավ է զգում, քան Հայաստանում, և Վրաստանից որևէ մեկը չի գալիս Հայաստանում գործ դնելու: «Մեր ամենամեծ թշնամին քաղաքական և տնտեսական մեծ մոնոպոլիաներն են»,- ասաց Ս. Մարգարյանը:   

Հետաքրքիր է, թե, ըստ Ստեփան Մարգարյանին, ով է այդ դեպքում Գագիկ Ծառուկյանը:

Իսկ Գագիկ Ծառուկյանն իր խոսքում ասաց, որ փորձելու է շատ անկեղծ լինել ընտրսղների հետ. «Ես ինձ դնելու եմ ձեզնից մեկի տեղը»: Հետո նա խոստովանեց, որ ալավերդցիների հետ լինելու է ոչ թե «նախապատրաստված անկեղծ», հանդես է գալու ոչ թե ժողովրդին հեքիաթ պատմողի կամ ոսկի սարեր խոստացողի դերում, այլ խոսելու է անկեղծ, որ  ալավերդցիների համար և' հասկանալի լինի, և' ընկալելի լինի իր ասածը: Իսկ ԲՀԿ-ի նախագահի ասածն այն էր, որ պրն Ծառուկյանը քաղաքականության մեջ մտել է, որ պայքարի ոչ թե իր անձնական շահի, պաշտոն ստանալու, գումար դիզելու, այլ իր երեխաների ապագայի համար, իր երկրի, իր ժողովրդի համար:

«Բոլորդ գիտեք` Ծառուկյանը այսօր ամեն ինչի հասել է իր աշխատանքով, առանց որևէ պետական լծակի: Նա ուզում է, որ այսօր երկիրը լավ լինի, ամուր լինի, հզոր լինի, ժողովրդի վիճակը բարեկեցիկ լինի, որ իմ երեխաների ապագան փայլուն լինի»,- ասաց Գ. Ծառուկյանը, ով ալավերդցի ընտրողներին ներկայացրեց նաև երկիր կառավարելու իր որոշ տեսակետներ. «Որևիցե մեկը, եթե թուլանա, ծուլանա, ուրեմն ինքն իր դիմումի համաձայն դուրս է գալու: Պետք չէ, որ որևէ մեկի աշխատանքից ժողովուրդը տուժի»:

Նա անդրադարձավ նաև կուսակցության նախընտրական ծրագրին. «Ծրագիրը կազմված է երկրի այսօրվա վիճակից, ժողովրդի վիճակից ելնելով` բոլոր ոլորտներով»:   

ԲՀԿ-ն գտնում է, որ տնտեսությունը չպետք է կենտրոնացված լինի մայրաքաղաքում: Փոքր ու միջին ձեռնարկատիրությամբ զբաղվելը պետք է մատչելի լինի բոլորին: ԲՀԿ առաջնորդն առաջարկում է փոքր ու միջին ձեռնարկատիրության պետական աջակցության համար հատկացնել պետական բյուջեի ծախսային մասի առնվազն 0,5-2,0 տոկոսը:

Գյուղատնտեսական ոլորտում, որպես առաջնահերթ խնդիր, ԲՀԿ-ն կարևորում է հանրապետության 10 մարզերում մեքենատրակտորային առնվազն մեկական կայանի ստեղծումը:

Կուսակցությունը կարևորում է նաև ծնողազուրկ երեխաներին սոցիալական հասցեական աջակցության ցուցաբերումը: ԲՀԿ-ն անընդունելի է համարում, որ երկրի տնտեսական զարգացումը տեղի ունենա շրջական միջավայրի անդառնալի կորուստների և բնական  ռեսուրսների անխնա շահագործման հաշվի: Կուսակցության այս և նախընտրական մյուս խոստումները Գագիկ Ծառուկյանի և Ստեփան Մարգարյանի կողմից չներկայացվեցին ալավերդցի ընտրողներին:

Դրա  անհրաժեշտությունը ալավերդցի ընտրողներն էլ չկարևորցին: Նրանց մտահոգում էր ընդամենը իրենց ձեռքի ծրարները ամեն գնով Գագիկ Ծառուկյանին հանձնելը: Հանդիպման վերջում Գագիկ Ծառուկյանը  հայտարարեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր ձայներին տեր է կանգնելու և կոչ արեց ընտրողներին  միայն ու միայն գնալ ընտրությունների:

Մեկնաբանություններ (1)

Գևորգյան
«Բոլորդ գիտեք` Ծառուկյանը այսօր ամեն ինչի հասել է իր աշխատանքով, առանց որևէ պետական լծակի...» - այսինքն այս երկրում ամեն ինչ շատ լավ է, էլ ինչ ենք ուզում փոխել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter