HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հարթավայրի զինվորները (վիդեո)

Երբ լրագրողական մեր խումբը ուղղությունների բաժանվեց՝ պաշտպանության բանակի առաջապահ զորամասեր մեկնելու համար, ես որոշեցի գնալ դեպի հարավ-արեւելք: Այդպես  որոշել էի նախապես: Զինվորական ծառայության բերումով եղել էի ՊԲ առաջապահ բոլոր զորամասերում՝ բացի «Եղնիկներից»: Լրագրողների մեծ մասն ուզում էր հենց այդտեղ գնալ՝ վերջին շրջանում աղմուկ հանած զորամասը տեսնելու: Սակայն «Եղնիկներն» ինձ չէր ձգում: Ցանկանում էի նորից տեսնել ազատագրված տարածքները: Այդ կողմերում վերջին անգամ եղել էի ուղիղ 2 տարի առաջ, երբ դեռ զինվոր էի, բայց կարոտի պես մի բան ինձ նորից քաշում էր դեպի հարավ:

Ընկերոջս, ով ինձ հետ դեպի հարավ-արեւելք պիտի գար, ասում եմ՝ գիտես, հոգնել եմ սարերից, ինձ մեծ ու ընդարձակ հարթավայրն է ձգում: Չգիտեմ՝ որքանով ընկալեց ասածս: Հիշեցի գործընկերոջս, ում նույնպես ժամանակին նման մի ձգտում էր համակել: Նա, որ մասնակցել էր պատերազմին, ասում էր, թե ժամանակին այդպես հարթավայրը իր հետեւից տանում էր հայկական զորքին: Երեւի լեռնցի հայի մեջ մինչեւ հիմա կարոտ կա դեպի տափաստանն ու ծովը: Հիմա չունենք «ծովից ծովը», բայց 1994-ին հայկական զորքը գծեց Շիրակից ու Արարատյան դաշտավայրից մինչեւ Հորադիզ ձգվող, 40.000 քառ. կմ տարածքով հարթավայրից հարթավայր Հայաստանի սահմանները:    

Ճանապարհին մտածում էի, թե խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի այս օրերին Ղարաբաղի հարցից, մադրիդյան սկզբունքներից ու ազատագրված տարածքներից խոսողներից  քանիսն են զինվորական համազգեստ հագել, քանիսն են եղել այս վայրերում, ու ընդհանրապես քանիսը գիտեն, թե քարտեզի որ «կորած» կետում են դրանք…

Փոխգնդապետ Աշոտ Հարությունյանին առաջին անգամ հանդիպել էի 2 տարի առաջ: Այն ժամանակ նա ստորաբաժանման հրամանատար էր, իսկ հիմա՝ զորամասի հրամանատարի տեղակալ՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով: Մեզ հետ էր նաեւ թիկունքի գծով տեղակալ, փոխգնդապետ Դավիթ Գրիգորյանը: Ճանապարհը մեզ տանում է Դաշտային Ղարաբաղ՝ այնտեղ, որտեղով հոսում են լեռներից իջնող Իշխանագետն ու Վարանդան, ապա հասնում մերձարաքսյան դաշտավայրերին ու ճահճանում:

Դիրքերում թե մերոնք, թե հակառակորդը շներ են պահում, 
որոնք պարբերաբար հացի ու ջրի փնտրտուքների
արդյունքում փոխում են 
իրենց «տերերին»

Ոչինչ չի փոխվել. կրկին նույն ճամփաբաժան վահանակը «9-րդ կիլոմետր» խաչմերուկում, նույն գլխավորապես անմշակ, բայց եւ բերրի հողերը՝ ավերակ տներով ու վայրիացած, մոլախոտապատ այգիներով: Ժամանակ առ ժամանակ միայն ճամփեզրին ոչխարի փոքրիկ հոտ է հայտնվում կամ բահն ուսին մի գյուղացի, որ այս կողմերում երեւի արտ ունի: Քիչ անց ճանապարհին երեւում են մոտակա զորամասի՝ մինչեւ գոտկատեղը մերկ տղաները. դուրս են եկել վազքի: Ավելի հեռվում կանգնած է շտապօգնության «ՈւԱԶ»-ը:

Անցնում ենք նախկին քաղաքի քարե ու երկաթե ավերակների միջով, կամուրջով կտրում գետն ու դուրս գալիս խորհրդային միջպետական մայրուղի: Երկինքը ջինջ է, արեւը՝ այրող: Հարթավայրում գրեթե արդեն ամառ է: «Այն հեռու սարերը թուրքերի՞նն են»,- հարցնում է լրագրողներից մեկը: «Չէ, մերն են: Որտեղ սար ես տեսնում, մերն են»,- ասում է փոխգնդապետ Դավիթը:

Լռություն է տիրում: Միայն մեքենայի բաց լուսամուտներից խցիկ մտնող միջանցիկ քամու սուլոցն ու Աշոտի միացրած երաժշտությունն են խախտում անդորրը:  

Հասնելով սահմանամերձ վերջին գյուղի ավերակներին՝ թեքվում ենք ձախ ու մտնում գրունտային ճանապարհ: Արեւից ճաքճքած ճանապարհից մեքենան փոշի է բարձրացնում, որ գալիս ու ներս է լցվում: Փակում եմ լուսամուտը: Բայց ընկերս հորդորում է բացել՝ կարծես ուզում է շնչել այն փոշին, որի հանդեպ սեփականը լինելու զգացողություն ունի: Ազատագրված տարածքների փոշին ռունգներով կուլ եմ տալիս նաեւ ես. կուլ եմ տալիս ու հազում…

Հրամանատարական կետում մեզ է միանում առաջնագիծը հսկող ստորաբաժանման ղեկավարը: Նրա ուղեկցությամբ հասնում ենք ավագ լեյտենանտ Գոռ Պետրոսյանի ստորաբաժանման դիրքեր: Խրամատով դեպի «բլինդաժ» քայլելու ժամանակ հեռվից ավտոմատի երկու խուլ կրակոց է լսվում: Առջեւից քայլող փոխգնդապետ Աշոտը կանգ է առնում, ականջ դնում, նորից շարունակում ճանապարհը:

«Բլինդաժի» մոտ հավաքվել են լեյտենանտ Մհեր Հակոբյանի հենակետի տղաները: Լրագրողներին պատմում են ծառայությունից, առաջնային գծի կյանքից: Լսում եմ կողքից ու  ձայների մեջ հանգստություն ու ինքնավստահություն եմ զգում: Պատճառներից մեկն էլ երեւի այն է, որ հետները դիրքեր եկած աղջիկներ են խոսում:

Հիշեցի նախարար Մովսես Հակոբյանի խոսքերը, երբ լրագրողներին ասաց, որ ծանր պահերից հետո հանգստանալու համար դիրքեր է բարձրանում, զինվորների հետ օրն անցկացնում: «Ես երկրի ամենասուրբ տեղը դիրքերն եմ համարում, որովհետեւ հայրենիքը սկսվում է այնտեղից: Ես ամենակարեւոր պաշտոնը համարում եմ զինվորինը, որովհետեւ նա առաջին մարդն է, որ ապահովում է մեր պետականությունը»,- ասում է բանակի հրամանատարը:

Խաչիկը

20-ամյա Խաչիկ Համբարձումյանի հետ զրուցում ենք տաղավարում: Դրա կողքին դիրքի տղաները ջրհոր են փորել մոտ 7 մետր խորությամբ, բայց դեռ մի 5 մետր էլ պիտի խորացնեն: Հենակետի պատասխանատուի մտահղացումն է եղել. տեսել է, որ տարածքում եղեգնուտ է, ուրեմն ջուր կա: Ջրի շերտին հասնելու ու ջրհորը գործարկելու դեպքում ջրատար մեքենայի կարիք էլ չի լինի: Դիրքը խնամված է, վարդի մեծ թփեր կան: Էլի տղաների ձեռքի գործն է:

Խաչիկին մոտ մեկ ամիս է մնացել մինչեւ զորացրվելը: Մեկ տարի սովորել է իրավաբանական ֆակուլտետում, ապա զորակոչվել: Ասում է, թե ուղղակի չի ցանկացել հետաձգել ծառայությունը, քանի որ տարիքով մեծերի համար մի քիչ դժվար է փոքրերի հետ ծառայելը. մտածելակերպի տարբերություններ կան: Իր դիրքի ավագի հետ միասին են բանակ եկել, հույս ունի, որ միասին էլ կվերադառնան: Խոստովանում է, որ առաջին անգամ դիրքեր բարձրանալիս վախ կար, սակայն անկարելիության զգացում չի ունեցել: «Կրակոցներ դիրքերում լինում են, սուտ կլինի, որ ասեմ՝ չի լինում: Բայց դե, էնպես էլ չի, որ ամեն օր լինում են»,- պատմում է Խաչիկը:

Տարածքներ զիջելու մասին հարցին կտրուկ է պատասխանում. «Գիտենք, որ սա մեր հողն է, ու մեր հողը պիտի պահենք: Վերջ: Չկա էլ հետ գնալու, կա առաջ գնալու: Հակառակորդին զիջում չի կարող լինի»…   

Ազատագրված տարածքների քամին մասնակցում է մեր խոսակցությանը: Զրույցից հետո Խաչիկը պատրաստվում է հերթափոխի: Զենքի լիցքավորումից հետո դիրքի ավագի ուղեկցությամբ բարձրանում են դիտակետ:

«Նպատակս էն է, որ Աստծո հաջողությամբ էս 40 օրը գնամ տուն, աշխատեմ իմ ընտանիքին ոնց որ պետք է պահեմ»,- նայելով Խաչիկի հետեւից՝ մտովի կրկնում եմ նրա խոսքերը:

Մեկնաբանություններ (1)

Pierre
God bless our soldiers defending Armenia's and Artsakh's borders!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter