HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Բելգիացի երիտասարդը հորդորում է գնալ Մաշտոցի այգի

2012թ. հունիսի 20-22-ը Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում տեղի կունենա ՄԱԿ-ի «Ռիո+20» խորհրդաժողովը: Այն բարձր ներկայացուցչություն ունեցող միջոցառում է, որին մասնակցելու են համաշխարհային առաջնորդները, տարբեր երկրների կառավարությունների, մասնավոր սեկտորի ներկայացուցիչները, հասարակական կազմակերպությունների պատվիրակները և հազարավոր այլ մասնակիցներ, որպեսզի քննարկեն, թե ինչպես կարող են նվազեցնել աղքատությունը, զարգացնել սոցիալական հավասարությունն ու ապահովել շրջակա միջավայրի պաշտպանությունը:

 Խորհրդաժողովի ձևաչափը թույլ է տալիս քննարկումներին մասնակցել նաև երիտասարդներին և արտահայտել իրենց կարծիքը: Այդ մասին հայ երիտասարդությանը տեղյակ պահելու համար «Երևանի  եվրոպական ուսանողների ֆորում» ՀԿ-ն (AEGEE-Երևան) Հայաստանում Եվրամիության պատվիրակության, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և Ռուս-հայկական սլավոնական համալսարանի հետ համատեղ երեկ կազմակերպել էր «Ռիո+20+Երևան» աշխատաժողովը: 

ՀԿ-ի նախագահ Արմենակ Մինասյանցը նշեց, որ իրենց կազմակերպության նպատակն է ներգրավել հասարակությանը  այնպիսի միջոցառումներում, որոնցում նրանց դերը կարող է իսկապես նշանակալի լինել: ««Ռիո+20» գործընթացը շատ կարևոր է և վերջին 20 տարիների ընթացքում ՄԱԿ-ի խոշորագույն նախաձեռնություններից է: Անհրաժեշտ է, որ հունիսին երիտասարդությունը  ամբողջ աշխարհում հադես գա մեկ միասնական ձայնով և առաջարկի կայուն զարգացման իր ուղենիշը»:

Քանի որ «Ռիո+20» խորհրդաժողովի նպատակն է նաև քննարկումների միջոցով շրջակա միջավայրի պաշտպանության ուղիներ գտնել, հետաքրքիր էր, թե ինչպես է «AEGEE-Երևան»-ը աջակցում Մաշտոցի  պուրակի միջոցառումներին: Արմենակ Մինասյանցը պատասխանեց. «Մեր կազմակերպությունը Մաշտոցի պուրակի հարցում մշտապես  հանդես է եկել որպես ակտիվ քաղաքացիական հասարակության բաղկացուցիչ տարրերից մեկը: Մեր կազմակերպությունն ունի բնապահպանների խումբ, նրա անդամներից մի քանի հոգի մասնակցել է միջոցառումներին, նստացույցերին: Մինչ օրս էլ մենք ունենք անդամեր, ովքեր ակտիվորեն ներգրավված են շարժման մեջ. ես ինքս մեր կազմակերպության անունից այնտեղ ստորագրահավաքին էլ եմ մասնակցել, հայտնել եմ իմ պատրաստակամությունը աջակցելու այս լուրջ նախաձեռնությանը: Այն քաղաքացիական շարժումները, որոնք ինքնաբուխ են  և արտահայտում են հասարակության բավականին մեծ զանգվածի կարծիքը, պետք է ստանան համապատասխան ուշադրություն»:

Մաշտոցի այգու պայքարի դրական լուծումը երիտասարդության համար մեծ ծրագրերի ձգտելու հիմք և սկիզբ կարող է դառնալ: Այն, Արմենակ Մինասյանցի կարծիքով, առաջին փորձերից էր, երբ քաղաքական կամ կուսակցական որևէ պատկանելություն չունեցող մարդիկ արտահայտեցին իրենց բողոքը որևէ խնդրի ենթատեքստում:

«Իսկ խնդիրները մեր հասարակությունում շատ են,- ասում է նա,- մեր անդամներից մի քանի ակտիվիստ ունենք, ովքեր մշտապես այնտեղ են լինում: Մաշտոցի պուրակի հարցը ստացել է այնպիսի մեծ հասարակական և հանրային  հնչեղություն, որ ժամանակի ընթացքում այս հարցը կսատանա իր արադարացի լուծումը»:

Այսօրվա գիտաժողովի գլխավոր բանախոսներից էր Բելգիայի երիտասարդության ազգային պատվիրակը Ռիո դե Ժանեյրոյում` Սևան Օլմենասը: Արմենակ Մինասյանցը հենց նրանից էլ տեղեկացել է «Ռիո+20»-ի մասին և հրավիրել Հայաստան` հայ երիտասարդությանը ծանոթացնելու խորհրդաժողովի նպատակներին:

Օլմենասը տեղյակ էր Մաշտոցի պուրակի խնդրին և գիտաժողովի ընթացքում, որին ներկա էր մոտ 80-90 երիտասարդ, հայտարարեց. «Եթե դուք ձեզ համարում եք «Ռիո+20» խորհրդաժողովի ծրագրերի մեջ ներգրավված երիտասարդներ, ապա պետք է գնաք և մասնակցեք Մաշտոցի այգու միջոցառումներին»:

Միջոցառմանը ներկա մի քանի երիտասարդներ չգիտեին, թե որտեղ է Մաշտոցի պուրակը.Նրանց ասացի, որ այնտեղ համերգ է լինելու, ես էլ ուզում եմ գնալ, սկսեցին ընկերներից հետաքրքրվել` խոստանալով, որ հենց պարզեն այգու տեղը, ինձ էլ կասեն:

Գիտաժողովին ներկա երիտասարդներից մեկին էլ հատկապես հետաքրքրում էր, թե ինչպես է մասնակցելու «Ռիո+20» խորհրդաժողովին, եթե չի կարողանալու մեկնել Ռիո դե Ժանեյրո.գործընթացներին հետևելու օնլայն տարբերակ չի՞ լինելու: Պարզվեց, որ լինելու է. Օլմենասը նշեց, որ խորհրդաժողովի կազմակերպիչներն այդ մասին հոգացել են:

Արդեն կարելի էր պատկերացնել, թե ինչպես են հայ երիտասարդները վիրտուալ Ռիո դե Ժանեյրոյում օնլայն հետևում քննարկումներին, և թե ինչպես են Մաշտոցի պուրակում տեղադրված բուտիկներն ավելի արագ կառուցվում:

Հ.Գ. ՄԱԿ-ի բնականոն զարգացման «Ռիո+20» խորհրդաժողովը (2012թ. հունիսի 20-22) կազմակերպվում է Գլխավոր ասամբլեայի որոշման համաձայն` նվիրված ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի և զարգացման խորհրդաժողովի 20-րդ տարեդարձին, ինչպես նաև 2002թ. Յոհանեսբուրգում ստեղծված Կայուն զարգացման համաշխարհային գագաթնաժողովի տասներորդ տարեդարձին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter