HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

Սիրելի հայրենակիցներ,
Այսօր մենք, ինչպես և շատ շատերն ամբողջ աշխարհում, գլուխ ենք խոնարհում Հայոց մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակի առջև: Այսօր մենք լուռ բարձրանում ենք Ծիծեռնակաբերդի բարձունք, որովհետև անպատմելի բան է կատարվել: Եվ հուշահամալիրի պատերին մենք ոչինչ չենք գրել, որովհետև ոչ մի բառ չի կարող արտահայտել այն, ինչ մենք զգում ենք:

Սիրելի հայ ժողովուրդ,
Մեր պատմության հազարամյակների մատյանում ոսկեհատիկ ցորենի պես հավաքել ու ամբարել ես էջեր, առանց որոնց հնարավոր չէ պատկերացնել այսօրվա ու վաղվա մեր կյանքը, մեր ազգային դիմագծի ամբողջականությունն ու առանձնահատկությունը: Ցավոք, այդ էջերը միայն հաղթանակների ու վերելքների մասին չեն:

Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը' սևահանդերձ ապրիլի 24-ը, ոչ միայն մեր համազգային սգի, այլև մեր ապրելու համառության և բարոյական նկարագրի օրն է: Չլիներ մեր հիշողության համառությունը, մենք ոչ Սարդարապատ կունենայինք 1918-ին, ոչ էլ ազատ ու անկախ Հայաստան ու Արցախ և մեր կողքին՝ Հայոց Սփյուռք:

Քույրեր ու եղբայրներ,
Այս օրը կանցնի, և մենք կշարունակենք ապրել առօրյա մեր կյանքը, սակայն ակնթարթներ կան ժամանակի հոլովույթում, երբ մենք առանձնահատուկ կերպով միասնական ենք, հավաքական, անբաժանելի ու անբեկանելի: Այս օրը հենց այդ ակնթարթներից է ազգահավաքի ու հայրենահավաքի:

Երեք տարի հետո ոչ միայն Հայոց մեծ եղեռնի 100-ամյակն է, այլև հիշողությամբ ու կամքով ապրելու՝ «մի քանի հազար գումարած 100»-ամյակը: Ինչ ստեղծել ենք, այսուհետև էլ տեր ենք, ինչ կորցրել ենք, չենք մոռացել և չենք մոռանա, որովհետև դարձյալ դրա տերն ենք: Մենք մանկուրտ չենք, մենք Հայոց Աշխարհն ենք:

Որպես առհավատչյա մեր չմարող հիշողության և կենաց երդման՝ մենք քաղաքամայր Երևանում, ի հիշատակ բոլոր ժամանակների մեր նահատակների ու անմեղ զոհերի, Սուրբ Նահատակաց եկեղեցի կերտելու իղձն ունենք: Միասին ենք անելու՝ մեր հայացքն ուղղած ապագային: Միայն ազգովին:

Միասին էլ ամրացնելու ենք մեր պետությունը՝ Հայոց հայրենիքը, ու միասին էլ գալիք սերունդներին ենք փոխանցելու նոր հաղթանակների հիշողությունը: Իսկ միասին նշանակում է մեծով ու փոքրով, հողի մշակով ու մտավորականով, սփյուռքահայով ու հայրենաբնակով և մանավանդ այն պետությամբ, որն այլևս թույլ չի տալու ցեղասպանական որևէ արարք կամ գործողություն հայ մարդու դեմ: Որևէ մարդու դեմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter