HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումները՝ աշխարհի տարբեր քաղաքներում (պարբերաբար լրացվող)

Սգո միջոցառումներ Իրանում

Ապրիլի 24-ին Թեհրանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստում և Թեհրանի բոլոր եկեղեցիներում իրանահայ համայնքի հազարավոր ներկայացուցիչների մասնակցությամբ մատուցվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված սուրբ պատարագ, և տեղի ունեցան հոգեհանգստյան արարողություններ: Սուրբ Սարգիս եկեղեցու բակում տեղի ունեցավ Ցեղասպանությունը դատապարտող համահավաք:

Ապրիլի 23-ի երեկոյան Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ Արք. Սարգսյանի գլխավորությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն:

Ավարտին Իրանում ՀՀ դեսպանության անձնակազմը, իրանահայ բոլոր միությունները և կազմակերպությունները մասնակցեցին ծաղկեմատույցի արարողությանը Մեծ եղեռնի բյուրավոր նահատակների հուշակոթողին:

Սգո միջոցառումներ Ֆրանսիայում

Ֆրանսիայի հարյուրավոր բնակավայրերում սկսվել են Հայոց Եղեռնի հիշատակի միջոցառումները:

Հիշատակի միջոցառումներ են ընթանում Մարսելում, Լիոնում, Բորդոյում, Նիսում, Գրենոբլում, Մոնպելիեում, Կաննում, Թուլուզում, Վալանսում, Էքս-ան-Պրովանսում, Թուլոնում, Ավինյոնում, Իսի-լե-Մուլինոյում, Ալֆորվիլում, Կլամարում, Մեդոնում, Անիերում, Բանյոյում, Տուլուզում, Տուլոնում և Ֆրանսիայի բազմաթիվ այլ քաղաքներում, որոնց մասնակցում են ֆրանսիական քաղաքական, պետական և հոգևոր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Կազմակերպվում են տասնյակ բանախոսություներ Հայոց ցեղասպանության և ժխտողականության դեմ պայքարի թեմաներով: Հիշատակի պատարագներ են մատուցվում Ֆրանսիայի քառասունից ավելի հայկական եկեղեցիներում: Հայոց ցեղասպանության թեմային լայնորեն անդրադառնում է ֆրանսիական մամուլը։

Ապրիլի 22-ին Փարիզի Աստվածամոր տաճարում մատուցվեց պատարագ հայ նահատակների հիշատակին: Ֆրանսիայի գլխավոր տաճարում հայկական ծեսով տրված պատարագին, որտեղ քարոզը կարդաց եպիսկոպոս Էրիկ դե Մուլեն-Բոֆորը, ներկա էին ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, նախկին նախարար Պատրիկ Դևեջյանը, քաղաքական և պետական դեմքեր, դիվանագետներ և հազարավոր հայ և օտար հավատացյալներ:

Նույն օրը Փարիզի Աստվածամոր տաճարի հրապարակում Ժխտողականության դեմ պայքարի «ՎԱՆ» կազմակերպության նախաձեռնությամբ կանգնեցվել էր զգոնության պատնեշ ժխտողականության դեմ: Տասնյակ վահանակները հազարավոր այցելուներին պատմում էին 20-րդ դարի առաջին ցեղասպանությունից մինչև 21-րդ դարի մի այլ՝ Դարֆուրի ցեղասպանության, ինչպես նաև Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի ու Մարաղայի ջարդերի մասին։

Սգո միջոցառումներ Լիբանանում

Ապրիլի 24-ի առավոտյան Անթիլիասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում մատուցվել է հանդիսավոր Սուրբ Պատարագ և հոգեհանգստյան արարողություն՝ նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:

Անթիլիասի Նահատակաց հուշարձանի առջև ներկաներին իր հայրապետական պատգամն է փոխանցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն: Այնուհետև Նահատակաց հուշարձանի մոտ տեղի է ունեցել ծաղկեպսակների զետեղման հանդիսավոր արարողություն:

Ծաղկեպսակներ են զետեղել ՀՀ դեսպանությունը, Հայոց ցեղասպանության 100-ամյակի կենտրոնական մարմինը, քաղաքական կուսակցությունները և ազգային բոլոր կառույցները: Անթիլիասի մայրավանքից կազմակերպվել է Մեծ եղեռնի 97-ամյակին նվիրված բազմահազարանոց քայլարշավ-բողոքի ցույց դեպի Թուրքիայի դեսպանատուն:

Նույն օրը Ս. Գրիգոր Լուսավորիչ Հայ կաթողիկե պատրիարքարանի ճեմարանի բակում նախատեսված է Սուրբ պատարագ Մեծ եղեռնի նահատակների հիշատակին: Պատարագը կմատուցի Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկե հայոց կաթողիկոս պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ն: Այնուհետև պատրիարքարանի բակում տեղադրված հուշակոթողի մոտ կզետեղվեն ծաղկեպսակներ:

Ապրիլի 24-ին լիբանանյան The Daily Star անգլալեզու օրաթերթում տպագրվել է «Ժխտումը ցեղասպանության պես արատավոր է» (Denial as bad as genocide) հոդվածը: Հոդվածում հղումներ են արվել Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանի հարցազրույցի որոշ հատվածներին:

ՀՀ դեսպանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության խնդրին և նշել, որ չնայած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին՝ Թուրքիան շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը և պատմության աղավաղումը: Դեսպանը հավելել է, որ ցեղասպանության ժխտումը պետք է դատապարտվի մարդկության կողմից և համարվի ցեղասպանության շարունակություն: Նա ՀՀ իշխանությունների երախտագիտությունն է հայտնել Լիբանանին՝ Հայոց ցեղասպանությունը խորհրդարանի մակարդակով ճանաչելու համար:

Հարցազրույցում դեսպանն անդրադարձել է նաև հայ-լիբանանյան բարեկամական հարաբերություններին, երկքաղաքացիության խնդրին, ՀՀ կառավարության նվիրատվությանը լիբանանյան 120 դպրոցներին՝ լաբորատոր սարքավորումների տեսքով, լիբանահայության առանցքային դերակատարությանը երկրի քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքում, բարձր է գնահատել Լիբանանի հավասարակշռված մոտեցումը ԼՂ հակամարտության հիմնահարցում, համաձայն որի՝ խնդիրը պետք է լուծվի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, հատկապես ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա:

Սգո միջոցառումներ Նիդերլանդներում

Ապրիլի 23-ին Հաագայում, Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ, Նիդերլանդների «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միությունը կազմակերպել է ջահերով երթ դեպի Թուրքիայի դեսպանություն:

Երթը սկսվել է Նիդերլանդների խորհրդարանի դիմացի «Het Plain» հրապարակից, որտեղ հավաքված մասնակիցները «Արդարություն Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերին» կարգախոսերով և ազգային երգերի կատարմամբ քայլարշավով շարժվել են դեպի Հաագայում Թուրքիայի դեսպանություն: Թուրքիայի դեսպանության դիմացի տարածքում փոքր հոգևոր ծես է կատարվել՝ ի հիշատակ ցեղասպանությանը զոհ գնացած նահատակների, որից հետո ցուցարարները մեկական մոմ են վառել «1,5» խորհրդանշական թվով:

Սգո միջոցառումներ Բրազիլիայում

Ապրիլի 22-ին Սան Պաուլո քաղաքի Հայ առաքելական «Սբ. Գրիգոր» եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված սուրբ պատարագ և հոգեհանգստյան արարողություն, որին մասնակցում էին ՀՀ դեսպան Աշոտ Եղիազարյանը, Սան Պաուլոյում ՀՀ պատվո գլխավոր հյուպատոս Հիլդա Բուրմայանը, Սան Պաուլոյի քաղաքային խորհրդարանի պատգամավորներ և այլ բարձրաստիճան անձինք:

Պատարագներ մատուցվեցին նաև Հայ կաթողիկե և Կենտրոնական ավետարանական եկեղեցիներում, որոնց ավարտից հետո դրանց մասնակիցները միասնական շարասյունով ուղղվեցին դեպի «Արմենիա» հրապարակի Ցեղասպանության զոհերի նորաբաց հուշարձան, ուր Բրազիլիայի կայսերական զորախմբի պատվո պահակախմբի ներկայությամբ տեղի ունեցավ ծաղկեպսակների տեղադրում և հոգևոր-քաղաքացիական արարողություն:

Միջոցառման ընթացքում մասնակիցներին բաժանվեց պատգամավոր Սելսո Ժատենեի կողմից քաղաքային խորհրդարանի 2007 թ. Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրենքի վերախմբագրված ու հաստատված տեքստը:

Ապրիլի 21-ին Սան Պաուլոյի Ավենիդա Պաուլիստա կենտրոնական պողոտայում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված բազմամարդ երթ, որին մասնակցում էին բրազիլահայ համայնքի կրոնական և աշխարհիկ բոլոր միությունների և կազմակերպությունների ղեկավարներն ու անդամները, հայ և բրազիլացի երիտասարդական ու սկաուտական ջոկատներ՝ ընդհանուր առմամբ ավելի քան 500 մարդ:

Քայլերթի մասնակիցները ցույցի էին դուրս էին բերել ցեղասպանության դրվագները պատկերող և նրա կազմակերպիչներին դատապարտող տեքստերով, երեք մետր բարձրությամբ 30 ցուցատախտակ, Հայաստանի Հանրապետության դրոշներ, 3 հազար պոստեր և 5 հազար քարոզչական բրոշյուր, որոնք բաժանվում էին անցորդներին:

Պողոտայում գտնվող գրասենյակներին, առևտրի կետերին ու տարբեր հաստատություններին նախօրոք տրամադրվել էին հայերի նկատմամբ Օսմանական Թուրքիայի կազմակերպած ոճրագործության վերաբերյալ հարյուրավոր պաստառներ, վարորդներին էին բաժանվում ինքնափակցվող նյութեր:

Ավելի քան 2 ժամ տևած քայլարշավի դադարներին հնչում էին ելույթներ, կատարվում էին Հայաստանի Հանրապետության օրհներգն ու հայրենասիրական երգեր, վանկարկումներ:

Ըստ տեղական մամուլի ու հեռուստատեսության, ինչպես նաև համայնքային ղեկավարության ընդհանրական գնահատականի՝ Ցեղասպանությունը դատապարտող ներկա միջոցառումը բրազիլահայության, հատկապես նրա երիտասարդական թևի վերջին տասնամյակների ամենախոշոր ելույթն էր:

Սգո միջոցառումներ Ղազախստանում

Ապրիլի 24-ին Ղազախստանի բոլոր 14 հայկական համանքներում անցկացվեցին 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառումներ:

Կարագանդա քաղաքի մոտ գտնվող Սպասկի հուշահամալիրում գտնվող հայկական խաչքարի կոթողի մոտ մերձակա քաղաքներից և գյուղերից եկած ղազախստանահայերը զետեղեցին պսակներ և ծաղիկներ, ինչպես նաև լռության րոպեով հարգեցին Մեծ եղեռնի զոհերի հիշատակը:

Ալմաթիի հայկական «Լույս» կենտրոնի տարածքում գտնվող խաչքարի մոտ ևս զետեղվեցին ծաղկեպսակներ, իսկ Սուրբ Կարապետ եկեղեցիում անցկացվեց հոգեհանգստյան պատարագ:

Հիշատակի միջոցառումներ կազմակերպվեցին նաև Աստանայում, Կոստանայում, Օզկեմենում, Շիմկենտում և Ղազախստանի այլ քաղաքներում:

Հայկական համայնքների առանձին ղեկավարներ տեղական մամուլում հանդես են եկել Հայոց ցեղասպանությանն մասին հրապարակումներով:

Սգո միջոցառումներ Միացյալ Թագավորությունում

Միացյալ Թագավորությունում բրիտանահայ համայնքային և եկեղեցական խորհուրդը (ԲՀԵԽ) կազմակերպել էր մի շարք միջոցառումներ՝ նշելու Հայոց ցեղասպանության 97-ամյակը:

Բրիտանահայ համայնքի ներկայացուցիչները քայլարշավով անցան Լոնդոնի կենտրոնով՝ դատապարտելով Թուրքիայի ժխտողական քաղաքականությունն ու իրենց կոչը հղելով ՄԹ իշխանություններին՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:

Այս ամենամյա քայլարշավը՝ թվով 47-րդը, կազմակերպում է Հայոց ցեղասպանության ճանաչման կոմիտեն (CRAG): Քայլարշավը, որին մասնակցում էր 800-900 մարդ, գլխավորում էին Հայ առաքելական եկեղեցու Միացյալ Թագավորության և Իռլանդիայի թեմի առաջնորդ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը և ԲՀԵԽ ղեկավարությունը, ինչպես նաև ՄԹ-ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները:

Անցնելով Լոնդոնի Փիքադիլի և Թրաֆալգար հրապարակներով՝ քայլարշավն ավարտվեց Ուայթհոլ փողոցի կենտրոնում, որտեղ գտնվող, 1-ին և 2-րդ համաշխարհային պատերազմների զոհերի հուշարձանին դրվեցին ծաղկեպսակներ:

Այնուհետև ԲՀԵԽ ներկայացուցիչները ուղևորվեցին դեպի ՄԹ վարչապետի նստավայր և հայ համայնքի անունից հանձնեցին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խնդրագիրը:

Ապրիլի 22-ին Ցեղասպանության զոհերի հիշատակին Լոնդոնի Սբ. Եղիշե եկեղեցում տեղի ունեցան պատարագ և հոգեհանգստի արարողություն, որից հետո ԲՀԵԽ և ՀՀ դեսպանության ներկայացուցիչները ծաղկեպսակներ դրեցին եկեղեցու բակում գտնվող Հայոց մեծ եղեռնի հուշարձան-խաչքարին:

Սգո միջոցառումներ Չեխիայում

Ապրիլի 24-ի առավոտյան Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը և մի խումբ չեխահայեր ծաղիկներ դրեցին անվանի գրող, «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի հեղինակ Ֆրանց Վերֆելի կիսանդրուն, որը զետեղված է այն տան մոտ, ուր ծնվել է մեծանուն հումանիստը:

Այնուհետև հարգանքի տուրք մատուցվեց ԱՄՆ 28-րդ նախագահ, խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր և Հայկական հարցի արդարացի լուծման ջատագով Վուդրո Ուիլսոն հուշարձանին:

Ելույթ ունեցան դեսպան Տիգրան Սեյրանյանը, Չեխիայի, Սլովակիայի և Հունգարիայի հայ համայնքների հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանն ու «Արմենիա քլաբ» կազմակերպության նախագահ Տիգրան Աբրահամյանը:

Տիգրան Սեյրանյանը կարևորեց օտարազգի անվանի գործիչների հայանպաստ գործունեությունը, նշեց, որ Վերֆելի գիրքը ոչ միայն գեղարվեստական համաշխարհային մեծ արժեք է, այլև պարունակում է Հայոց ցեղասպանության անգնահատելի վկայություններ և փաստագրական նյութեր, արտահայտում է թուրք ջարդարարների դեմ հայ ժողովրդի հերոսական պայքարը:

Այսօր Պրահայի կենտրոնական հրապարակներում հարյուրավոր չեխահայերի և չեխ հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ ընթանում է Հայոց ցեղասպանության դատապարտմանը նվիրված հանրահավաք-երթը:

Սգո միջոցառումներ Հունաստանում

Ապրիլի 22-ին Հունաստանի Հանրապետության Աթենք, Սալոնիկ և Ալեքսանդրապոլիս քաղաքներում տեղի ունեցան 1915թ. Օսմանյան Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանության 97-ամյակի հիշատակի և ոգեկոչման միջոցառումներ` կազմակերպված հունահայ համայնքային կառույցների և Հունաստանում ՀՀ դեսպանության կողմից:

Աթենքում Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությունների հիմնական միջոցառումը, որը կազմակերպված էր ՀՅԴ Հունաստանի հայ դատի հանձնախմբի և ՌԱԿ հայ իրավանց խորհրդի կողմից, կայացավ Պատերազմի թանգարանի սրահում: Միջոցառմանը մասնակցեցին Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ ու կառավարության անդամներ, Հունաստանում հավատարմագրված դիվանագետներ, նահանգային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, հայ համայնքային կառույցների անդամներ, հույն հասարակական-քաղաքական գործիչներ:

Ողջույնի խոսքով հանդես եկան Հունաստանի մշակույթի և զբոսաշրջության նախարար Պաուլոս Երուլանոսը, Հունաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Գրիգորիոս Նիոտիսը, Ատտիկիի մարզպետի տեղակալ Աննա Պապադիմիտրիու-Ցացուն, Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը: Բանախոսությամբ հանդես եկավ հայտնի գիտնական, արվեստագետ և վերլուծաբան Նիկոս Լիղերոսը:

Ցուցադրվեցին երկու վավերագրական ֆիլմեր՝ Ցեղասպանությունը վերապրածների վկայություններով և պատմական լուսանկարներով:

Արարողությանը հաջորդեց քայլերթ դեպի Աթենքի կենտրոնական հրապարակ, որտեղ պատվո պահակախմբի ներկայությամբ Հունաստանի կառավարության, Հայաստանի Հանրապետության դեսպանության, Կիպրոսի Հանրապետության, Հունաստանի խորհրդարանի քաղաքական բոլոր կուսակցությունների և հունահայ համայնքի կողմից ծաղկեպսակներ դրվեցին Անհայտ զինվորի հուշարձանին, զինվորական նվագախմբի կատարմամբ հնչեցին Հունաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության օրհներգերը:

Ապրիլի 23-ին Աթենքում Նեա Զմիրնի թաղամասի «Զանգակ» հուշակոթողի մոտ տեղի ունեցավ ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն: Հունաստանի ցամաքային զորքերի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի հայ կուրսանտները պատվո պահակախումբ էին կազմել: Արարողության սկզբում ցեղասպանության 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին հոգեհանգստյան արարողություն կատարվեց Հունահայոց առաջնորդ Գերաշնորհ Խորեն եպս. Տողրամաջյանի գլխավորությամբ, ելույթներ ունեցան Հունաստանում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանը, հայ համայնքի ներկայացուցիչ Ալիս Ֆարաճյանը, Նեա Զմիրնիի քաղաքապետ Ս. Ցուլակիսը:

Արարողության ավարտին «Զանգակ» հուշակոթողին դրվեցին ծաղկեպսակներ ՀՀ դեսպանության, ՀՀ ռազմական կցորդի և հայ կուրսանտների, հունահայ համայնքային կառույցների և քաղաքական կուսակցությունների, Նեա Զմիրնիի քաղաքապետարանի կողմից:

Նույն օրը երեկոյան կայացավ հունահայ երիտասարդության ավանդական երթը դեպի Հունաստանում Թուրքիայի դեսպանություն:

Ապրիլի 22-ին Սալոնիկի նահանգային և քաղաքային իշխանությունների հետ հայ համայնքային կառույցների համագործակցությամբ Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառում տեղի ունեցավ Սալոնիկի «Վելիտիո» դահլիճում:

Հունահայոց ազգային վարչության անունից ելույթով հանդես եկավ Ակիս Դագազյանը, միջոցառմանը ողջույնի խոսք ուղղեցին Հունաստանի վարչապետի անունից՝ Հունաստանի ենթակառույցների, տրանսպորտի և կապի փոխնախարար Իոաննիս Մակրիոտիսը, Կենտրոնական Մակեդոնիայի Նահանգապետի պաշտոնակատար Դիոնիսիս Փսոնիադիսը, փոխնահանգապետ Ապոստոլու Ձիձիկոստան, Սալոնիկի քաղաքապետ Յանիս Բուտարիսը, հայ երիտասարդության ներկայացուցիչ Գրիգոր Մարուքյանը: Բանախոսեց դասախոս Իլիաս Կուսկուվելիսը:

Միջոցառմանը ելույթ ունեցավ Սալոնիկի մանկական երգչախումբը:

Այնուհետև տեղի ունեցավ քայլարշավ դեպի Անհայտ զինվորի հուշարձանը, որտեղ կայացավ Հայաստանի դեսպանության, համայնքային կազմակերպությունների եւ հունական իշխանությունների կողմից ծաղկեպսակների զետեղման արարողություն:

Նույն օրը Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառում տեղի ունեցավ նաև Ալեքսանդրապոլիս քաղաքում: Ողջույնի խոսքով հանդես եկան հայ համայնքի ներկայացուցիչները, տեղական ԶԼՄ-ների ներկայացուցիչը, քաղաքապետի ներկայացուցիչը: Բանախոսեց պատմաբան Վլասիս Ախձիդիսը՝ Հայոց ցեղասպանության պատմական և քաղաքական շրջագիծը թեմայով:

ՀՀ դեսպանի ուղերձը ներկայացրեց ՀՀ հյուպատոս Մարատ Մելիքյանը:

Ձեռնարկից հետո տեղի ունեցավ քայլարշավ դեպի Ալեքսանդրապոլիսի Սուրբ Կարապետ եկեղեցի, որտեղ տեղադրված խաչքարի առջև կատարվեց հոգեհանգստի արարողություն, որից հետո զետեղվեցին ծաղկեպսակներ:

Ապրիլի 24-ին և 25-ին նախատեսված են Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ նաև Հունաստանի Քսանթի և Կոմոթինի քաղաքներում:

Բոլոր միջոցառումներին ներկա էին Հունաստանի տարբեր պետական կառույցների ներկայացուցիչներ, պատգամավորներ, քաղաքական գործիչներ և հայկական կառույցների անդամներ: Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությունները լայնորեն լուսաբանվեցին հունական ԶԼՄ-ներում:

Սգո միջոցառումներ Բելառուսում

Ապրիլի 24-ին Բելառուսի Հանրապետության հայ համայնքային կազմակերպությունները և ՀՀ դեսպանությունն անցկացրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառում, որը տեղի ունեցավ Մինսկի Կենտրոնական զինվորական գերեզմանոցում տեղադրված խաչքարի մոտ:

Միջոցառմանը մասնակցեցին Բելառուսի տարբեր ազգային համայնքների ներկայացուցիչներ: Զոհերի հիշատակին ծաղկեպսակներ դրվեցին, այնուհետև ելույթ ունեցան ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը, Բելառուսի հայկական համայնքային կազմակերպությունների ղեկավարները: Միջոցառմանը առավել ակտիվ մասնակցեցին Բելառուսի հայկական երիտասարդական կազմակերպությունները: Ընդհանուր թվով շուրջ 150 հայ երիտասարդ ժամանել էին Բելառուսի բոլոր մարզերից միջոցառմանը մասնակցելու նպատակով:

Սգո միջոցառումներ Ռումինիայում

Ապրիլի 24-ին Ռումինիայում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներ, որին մասնակցեցին հարյուրավոր ռումինահայեր, ինչպես նաև ռումինական օրենսդիր և տեղական մարմինների ներկայացուցիչներ, մտավորականներ, արվեստագետներ և համալսարանականներ:

Բուխարեստի Սուրբ Հրեշակապետաց Հայոց Մայր եկեղեցում կատարվեց հիշատակի հոգեհանգիստ, որին ներկա էին հույն կաթոլիկ, ղպտի ուղղափառ և կալվին բողոքական եկեղեցիների ներկայացուցիչներ, այնուհետև Ռումինիայում ՀՀ դեսպանության, Հայ Առաքելական եկեղեցու Ռումինիայի թեմի և Ռումինիայի Հայոց միության կողմից ծաղկեպսակներ զետեղվեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանին:

Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի միջոցառմանը ելույթներով հանդես եկան Հայ Առաքելական եկեղեցու Ռումինիայի թեմի առաջնորդ Տաթև Եպս. Հակոբյանը և Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը: Մտահոգություն հայտնելով Թուրքիայի կողմից իր հակահայ քարոզչության մեջ Եվրոպայում բնակվող թուրք համայնքներին ներքաշելու կապակցությամբ, որոնք առանց հարցի էության մեջ խորանալու փաստացի պաշտպանում են ժամանակակից թուրք կառավարության որդեգրած ժխտողականության քաղաքականությունը, դեսպանը նշեց, որ այդ զանգվածները խաղալիք են դարձել թուրք կառավարական շրջանակների ձեռքին և եվրոպական տարածքների վրա բախումների վտանգավոր նախադեպ են ստեղծում:

«Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և նրա ժխտումը դատապարտելուն ուղղված միջազգային հասարակական-քաղաքական գործընթացների դեմ հանվում է ագրեսիվ զանգված: Թուրք կառավարական շրջանակների կողմից կրկին գործի են դրվում ուժային ճնշումների և շանտաժի միջոցները: Կրկին բաց է թողնվում հայատյացության հրեշը, որի թարմ դրսևորումներից են փետրվարյան հակահայկական ցուցերը Ստամբուլում: Սրանք շատ վտանգավոր և մտահոգիչ զարգացումներ են, որոնք ցույց են տալիս, որ իրականում Թուրքիան շարունակում է հայ ժողովրդին և Հայաստանը դիտել որպես սպառնալիք, դրանից բխող բոլոր հետևանքներով»,- ասաց դեսպան Համլետ Գասպարյանը:

Միաժամանակ Հայաստանի դեսպանը ողջունեց թուրք հասարակության մեջ օրեցօր ավելի բարձր հնչող կոչերը` շիտակորեն վերանայելու սեփական երկրի պատմությունը և շուռ տալու այդ սև էջը: «Մենք համարում ենք, որ դա է հաշտեցման միակ ճանապարհը, այլ ոչ թե ստի և կեղծիքի քաղաքականությունը, հակահայ քարոզչական բլոկների ստեղծումը, որի միակ հետևանքը կարող է լինել հայ և թուրք ժողովուրդների միջև անջրպետի խորացումը և մեր չափազանց զգայուն տարածաշրջանի ապագայի վտանգումը», ասաց դեսպան Համլետ Գասպարյանը:

Մինչ այդ, Հայոց մշակութային տան ողջ երկարությամբ, Կարոլ Ա-ի պողոտայի դիմահայաց մասում, պաստառի վրա ցուցադրվում էին Արմին Վեգների և այլոց վավերական լուսանկարները, որոնք պատկերում էին հայերի տեղահանության ժամանակ կրած տառապանքները:

Արարողությունից հետո ռումինահայերը Հայաստանի դրոշներով և ցեղասպանությունը դատապարտող պաստառներով ուղղվեցին դեպի Բուխարեստի Հռոմի հրապարակ, ուր հավաքվածներին և անցորդներին բաժանում էին ցեղասպանության մասին պատմող նյութեր:

Ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներ տեղի ունեցան նաև հայաբնակ Կոստանցա, Սուչավա, Յաշ, Պիտեշտ, Ֆոկշան, Կլուժ, Գեռլա, Գեորգեն և Դումբրավեն քաղաքներում: Կլուժում հայերին միացան տեղական մտավորականությունը և հրեական համայնքը, ընթերցվեցին բանաստեղծություններ, ներկայացվեց Աննա Ասլանի «Արտույտներ ագարակը» վեպը և դրա հիման վրա Տավիանի եղբայրների ֆիլմը:   

Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություններով Ռումինիայի Սենատում հանդես կգան սենատոր, Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, իսկ Պատգամավորների պալատում, պատգամավոր, Ռումինիայի Ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:

Սգո միջոցառումներ Ավստրիայում

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին սգո երթ է կազմակերպել Ավստրայի հայ ուսանողական և երիտասարդական կազմակերպությունը (ASV):

Երթը, որի ընթացքում հայ երիտասարդները Վիեննայի փողոցներում հնչեցրել են հայրենասիրական երգեր, սկսվել է քաղաքի Սուրբ Հռիփսիմե եկեղեցուց՝ ավարտվելով Վիեննայի ամենաբազմամարդ հատվածում՝ կենտրոնական հրապարակում գտնվող Շտեֆանսդոմ (Stephansdom) եկեղեցու մոտ:

Այստեղ հայ համայնքի երիտասարդները տարբեր լեզուներով տեղեկատու թերթիկներ են բաժանել անցորդներին՝ նրանց ներկայացնելով 1915 թ.-ին Օսմանյան Թուրքիայի սանձազերծված Հայող ցեղասպանության իրողությունը: Այս մասին հայտնում է Ավստրայի հայ ուսանողական և երիտասարդական կազմակերպությունը:

Լուսանկարում Սան Պաուլոյում անցկացված սգո միջոցառումն է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter