HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դրամատուրգ Սամվել Խալաթյանը՝ Վանյանի մասին

ԲԱՑ ՆԱՄԱԿ

Ապրիլի 16-ին Վանաձորում կազմակերպված ցույցի մասին և Հայոց եղեռնի հիշատակման օրերը փառատոնի վերածողներին

Պարոնայք:

Ես հարկ չհամարեցի իրադարձություններից անմիջապես հետո ար­ձա­գանքել դրանց, քանզի  հայոց զոհերի սուրբ հիշատակի խնկարկման օրերի խորհուրդն անհամատե­ղելի էր որոշ սմսեղուկների վարքը քննարկելու հետ:

Ծանծաղամիտ պետք է լինել չընդունելու համար, որ ժողովուրդների միջև հավերժական թշնամանք ու հակամարտություն չի լինում:

Հայ-ադրբեջանական հակամարտությունը ևս, համոզված եմ, ուշ թե շուտ հասնելու է իր տրամաբանական ավարտին, և որքան շուտ, այնքան լավ` թե տարածաշրջանի և թե մեր երկու ժողովուրդների համար: Համոզված եմ նաև, որ երբ երկուստեք հաշտության եզրեր փնտրելու լինենք, թշնամական կրքերը մարելու, խաղաղ գոյակցության և փոխըմբռնման գործընթացի մեկնարկում լինելու են  մշակույթի գործիչները: Եվ եթե Աստված ինձ երկար կյանք տա, կամ՝ մոտեցնի այդ օրը, ինքս էլ եմ լինելու:

Սակայն այսօր, ցավոք, այդ օրից շատ ենք հեռու: Խոսքս մեր պետությունների ղեկավարների և օտարերկրյա համապատասխան կառույցների առայժմ անարդյունք հանդիպում-բանակցությունների մասին չէ, այլ այն ներհակ մթնոլորտի, որը կա թե' հայերի և թե’ ազերիների մեջ, և եթե դա 100 տոկոսով համատարած ու լիովին տիրապետող չէ, այնուամենայնիվ, ազդեցիկ դիրք է գրավում:

Սթափորեն դիտարկելով իրավիճակը, անհնար է չնկատել, որ ազերիների նկատմամբ հայերի հակակրանքը չի թուլանում հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում ազերիների կողմից հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտելու և դրա հետևանքով հայկական կողմում ոչ քիչ թվով զոհեր ունենալու, Ադրբեջանում օր-օրի ուժգնացող հակահայկական հիստերիայի և այդ երկրի ղեկավարների ու տարբեր գործիչների կողմից Հայաստանի հասցեին բացահայտ հնչող սպառնալիքների ու թունոտ որակումների, հայկական պատմական հուշարձանները այդ տարածքում բարբարոսաբար ոչնչացնելու, միով բանիվ, ահագնացող թշնամական վերաբերմունք և գործելաոճ որդեգրելու պատճառներով: Եվ եթե կառույցներ կան, որոնց գործիչներն այսօր՝ այս իրավիճակում, փորձում են մշակութային շփումներով մեղմել հակակիր մթնոլորտը, ապա դա պետք է անեն միաժամանակ` երկու թևում, հավասարա­կշռված, անկողմնակալ, անշահախնդիր, շրջահայաց ու կշռադատված կերպով:

Իսկ ի՞նչ ունենք մենք տխրահռչակ Վանյանի պարագայում. հանրության մեջ հեղինակազուրկ, բախտախնդիր մեկին, ով Խաղարարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի անունից հանդես գալով վարկաբեկում է թե այդ Կենտրոնի անունը, թե խաղարարարության իմաստը և շտապում է կուլ տալ գրանտները` սոսկ աղմկահարույց ցուցանք կազմակերպելով:

Դատելով նրա գործելաոճից` նպատակն ավելի շատ աղմուկ հանելն է: Որքան վատ, այնքան լավ` իր համար: Հակառակությո՞ւն կլինի՝ կհառնի պայքարող խաղաղասեր մարտիկի դիմակով, ձեռնարկումը խաղա՞ղ կընթանա` կզեկուցի, որ գրանտները զուր չեն մսխվել:

Ո՞վ գիտե, գուցե մենք գործ ունենք կազմակերպված հոգեբանական դիվերսիայի գործակալի՞, կամ հրահանգավորված շանտաժիստի՞ հետ, որի գործողությունների հետևանքները մանրակրկիտ ուսումնասիրվում ու վերլուծվում են հետախուզական ինչ-ինչ վարչություններում: Համենայն դեպս, նրա մասին ամեն ինչ կարելի է մտածել, բացի խաղաղասերից:

Խոսքերիս ապացույցը, նրա կողմից, արդեն որերորդ անգամ կազմակերպվող այս փառատոն կոչվածն է: Եթե դա ազնիվ նպատակներով է արվում, ապա չեմ կարծում, որ Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնում այնքան թուլամիտ են, որ չեն հասկացել, թե այսքան ձախողումներից հետո Վանյանն այն գործիչը չէ, ում կհաջողվի դա իրականացնել:

Այս տարի ևս, Վանյանը որոշել էր «խիզախել» և ադրբեջանական ֆիլմեր ցուցադրել ապրիլ ամսին: Արդյո՞ք պատահական էր ընտրված ժամանակը, երբ հանրահայտ էր, որ ապրիլի 10-ին լրանում է ադրբեջանական միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի կողմից Մարաղայում կազմակերպած հայերի ջարդերի 20րդ տարելիցը:

Երևանում, Գյումրիում ձախողվելուց հետո Վանյանը փորձեց կինոցուցադրումն իրականացնել Վանաձորում, որտեղ, սակայն, կինոցուցադրման հնարավորություն ունեցողները մերժեցին նրա մուտքը իրենց տարածքներ: Մինչդեռ, Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակը շտապեց իր հյուրընկալ դռները բացել Վանյանի առջև` թույլ տալով կինոցուցադրումն անցկացնել ապրիլի 17-ին:

Բա­րոյակա՞ն է, արդյոք, գրասենյակի քայլը, երբ որպե՜ս Հելսինկյան և որպե՜ս իրավապաշտպան կազմակերպություն, հազիվ թե տեղյակ չլիներ, որ Մարաղայում տեղի ունեցած եղեռնի տվյալները ժամանակին հաստատվել են հենց Հելսինկյա՜ն` Helsinki Watch միջազգային իրավապահ կազմակերպության կողմից: Բարոյակա՞ն է, արդյոք, որ այդ միջոցառումը փորձում էին անցկացնել Հայոց մեծ եղեռնի տարելիցից ընդամենը 7 օր առաջ… Մի՞թե դա ծաղրուծանակ չէ մեր ժողովրդի խնկարկելի հիշատակների ու ժամանակակիցներիս վրա:

Երևանցիներին, գյումրեցիներին և վանաձորցիներին Վանյանի ձեռնարկումների նկատմամբ հանդուրժողական լինելու, մարդկանց արտահայտման ազատության իրավունքը պաշտպանելու դասեր տվող գիտունիկները մտածե՞լ են արդյոք, թե` ինչո՞ւ, երբ Երևանում՝ «Ոսկե ծիրան» փառատոնում, ցուցադրվում են թուրքական ու ադրբեջանական ֆիլմեր և նույնիսկ մրցանակներ են շնորհվում, հանրության մեջ նմանօրինակ հուզումներ չեն առաջանում, իսկ երբ Վանյանն է փորձում «փառա­տոնվել»` սուր դիմադրության է հանդիպում:

Վանյանի (ով, ի դեպ, ժամանակին ինքն է խոստովանել, իր «գրանտակեր» լինելը) բախտախնդիր ու կասկածելի կերպարն ավելի  ամբողջացավ, երբ նրա «փառա­տոնային» օրերին համացանցում հայտնվեց Ադրբեջանի մշակույթի և զբոսա­շրջության նախարարության կինոար­տադրող­ների բաժնի ղեկավար Յուսիֆ Շեյխովի խոսքը՝ այդ «փառատոնի» մասին. «Ես չեմ հասկանում, թե ինչպես հայերը կստանան այդ ֆիլմերը: Չէ՞ որ դրանք բոլորը պահվում են մեր Ֆիլմերի պետական հիմնադրամում, և առանց պետության թույլտվության ոչ մի ֆիլմ չի կարող այստեղից վերցվել», - ասել է նա (տես`asekose.am, 10.04.2012թ.):

Մեկնաբանությունը թողնում եմ վանյանամոլներին:

Այժմ` աղմկահարույց միջադեպի մասին:

Սկզբից մինչև վերջ ես ականատեսն ու մասնակիցն եմ եղել այդ երթի, և ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Վանյանի ձեռնարկման դեմ ուղղված Կոչը ստորագրած հասարակական 29 և 7 քաղաքական կուսակցություններից երթին մասնակցող և ոչ մի ներկայացուցիչ հակահասարակական որևէ արարք կատարելու նախատրամադրվածություն կամ նպատակ չի ունեցել: Երթի նպատակը խաղաղ կերպով անհամաձայնություն հայտնելն էր Վանյանի նկրտումներին, «փառատոն» կոչեցյալի նկատմամբ վանաձորցիների մեծ մասի հասարակական կարծիքը բարձրաձայնելն էր, և Կոչի գրավոր տեքստը Վանյանին փոխանցելու համար ՀՔԱ Վանաձորի գրասենյակի պատասխանատուներին հանձնելը: Այդ տեքստը հրապարակվել է ԶԼՄ-ներում, ոմանց կողմից տեղ  գտել Ֆեյսբուքում և այնտեղ չեք գտնի ՀՔԱ ՎԳ-ի անունը, առավել ևս սպառնալիք` նրանց, կամ Վանյանի հասցեին, ինչպես դա ստահոդ կերպով ներկայացնում են որոշ ճամարտակողներ:

Ըստ երևույթին նրանց «ահաբեկել» է կոչի վերջին պարբերությունը, ուր ասվում է. «Հարկ ենք համարում նաև նախազգուշացնել միջոցառման կազմակերպիչներին և նրանց օժանդակողներին, որ հետևանքների համար ամբողջ պատասխանատվութ­յունը կրելու են միմիայն իրենք»: «Ահաբեկվել» են, որովհետև բարոյազուրկ լինելով հեռու են այն տրամաբանությունից, որ նկրտման հետևանքի պատասխանատվութ­յունը նաև (և առաջին հերթին) բարոյականն է լինում:

Այստեղ վիրավորակա՞ն հնչեց «բարոյազուրկ» բառը: Այդ դեպքում թող բացատրեն, թե բարոյականության ո՞ր սահմաններում է տեղավորվում այն, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարը փառատոնի մասին հայտարարություն հեռարձակելու համար այցելել է Վանաձորի «Լոռի» հեռուստաընկերություն և փորձել մոլորության մեջ գցել հեռուստաընկերությանն ու նրա լսարանին` իբրև թե… վրացական ֆիլմեր են ցուցադրվելու: Ի պատիվ «Լոռի» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Նարինե Ավետիսյանի, երբ նա պարզել է, որ դա հանրության աչքին թոզ փչել է և ստահոդություն, հրաժարվել է կեղծ հայտա­րարություն հեռարձակելուց: (Տես՝ «Լոռի» ՀՌԸ ապրիլի 17-ի «Մունետիկ» լրատվական ծրագրի «Ցույց Վանաձորում` ընդդեմ ադրբեջանական ֆիլմերի ցուցադրության» տեսանյութը` loritv.am կայքում):

Գանք տխրահռչակ ձվերի ու քարերի դեպքին, որի համար ես անկեղծորեն ցավում եմ և դատապարտում նմանօրինակ արարքները: Սա միայն իմ կարծիքն ու վերա­բերմունքը չէ, այլ նաև Կոչն ընդունած կազմակերպությունների ղեկավար­ներինը, որոնցից մի քանիսի հետ զրուցել եմ հարցի շուրջ: Մենք միակարծիք էինք, որ երթի վերջնագծում, ՀՔԱ գրասենյակի մոտ հավաքվելուց հետո միայն բազմության մեջ խցկված մի քանի տաքգլուխ-անպատասխանատուների դատապարտելի արարքները վերագրել երթի նպատակին ու էությանը և դրա բուն մասնակիցներին` անհեթե­թություն է: (Տեսանյութերից մի քանիսում երևում է, որ ձվերի նետելը անակնկալի է բերում ցուցարարներին, որոնցից ոմանք սաստող բացականչություններով աչք հածելով փորձում են բազմության մեջ նկատել ակցիան անվանա­րկողներին):

Ի վերջո, եթե ձվեր ու քարեր նետելը երթի 200 մասնակիցների նպատակը լիներ, ապա առնվազն 200 ձու ու քար պիտի շպրտվեր գրասենյակի ուղղությամբ և ոչ թե 5-6 հավկիթ ու երկու քար: Իրենք` ՀՔԱ Վանաձորի գրասենյակի պատասխանատուներն անգամ, ապրիլի 16-ին արած հայտարարությամբ ու ամսի 18-ին հրապարակած Բաց նամակում անուղղակիորեն փաստում են դա` հաջորդաբար ներկայացնելով իրադարձությունների ընթացքը:

Ահավասիկ. «Գրասենյակ մտած պատվիրա­կությունը բաղկացած է եղել 15 հոգուց, - գրում են նրանք, - սակայն  այլ ցուցարարներ նույնպես ներս են մտել: Նրանք սպառնացել են ջարդել սարքավո­րումները և գույքը, կոպտորեն վիրավորել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի անձնակազմին:Պատվիրակությունը փորձել է հանգստացնել իրենց աջակիցներին, սակայն ապարդյուն: Սաքունցը տեղեկացրել է պատվիրակությանը, որ փառատոնը հետաձգվել է: Պատվիրակությունը ծափահարել է  և խնդրել Սաքունցին դուրս գալ ու հայտնել ամբոխին այդ մասին: …Սաքունցը դուրս է եկել և տեղեկացրել է, որ Գեորգի Վանյանը հետաձգել է փառատոնը: Ամբոխը գոհունակությամբ բացականչել է, սակայն երբ Սաքունցը վերադարձել է գրասենյակամբոխն սկսել է ձվեր ու քարեր շպրտել գրասենյակի ուղղությամբ…» (ընդգծումներն իմն են. Ս.Խ.):

Այս մեջբերումն իսկ հաստատում է երթի մասնակիցների և նրանց պատվիրա­կության նորմալ պահվածքը, Սաքունցի պատասխանից հետո՝ գոհունակությունն ու ծափերը , նաև՝ անհամաձայնությունը  այդ «այլ ցուցարարներին» ովքեր, այնուամենայնիվ, կարգազանց վերաբերմունք ու գործողու­թ­յուններ են դրսևորել՝ Աստված գիտե, թե ում պատվերով: Այնպես որ, հարայ-հրոց դնել, թե երթի մասնակիցները նպատակա­դրված հարձակվել են գրասենյակի վրա՝ անհիմն է ու անտեղի:

Կարծես նամակս երկարեց, բայց չեմ կարող երկու խոսք չուղղել իմ վաղեմի բարեկամ Արթուր Սաքունցին:

Իմ լավ ընկեր, հիշո՞ւմ ես, 20 տարի առաջ մենք միասին էինք ելույթ ունենում «Ղարաբաղ» կոմիտեի հարթակից, կոչ անելով մեր քաղաքի մարդկանց` պահանջել Ղարաբաղի միացումը Հայաստանին:

Հիշո՞ւմ ես, Սումգաիթում հայերի ջարդերից հետո ինչպես էր սահմռկել ժողո­վուրդը` թևաթափ, ընկճված, շվարած… Եվ դու՞ չէիր, միթե, որ փութացիր խոսափողի մոտ ու կրակոտ, անկեղծ ելույթ ունեցար` դատապարտելով ազերի –մարդա­սպաններին: Դիմելով հավաքվածներին՝ ասացիր. «Ձեզ ո՞վ է իրավունք տվել ընկճվելու…»: Այս խոսքերդ դեռ արձագանքում են իմ ունկերում և հոգուս մեջ:

Հիշո՞ւմ ես, որ երբ գերեվարել էին մեր քաղաքի միլիցիոներներին, ու նրանց ԽՍՀՄ հանրությանը ներկայացնում էին իբրև ,,բոևիկներ,,, իմ խմբագրած քաղաքային թերթի ռուսերեն լեզվով նպատակային համարները դու էիր տարածում Մոսկվայում` դեսպանատներում ու ԳԿՉՊ-ի դեմ հանրահավաքի մասնակիցներին` հասարա­կական ճիշտ կարծիք ստեղծելու և գերիներին իրենց ընտանիքը վերադարձնելու համար:

Այդ տարիներին մենք իրավախախտնե՞ր էինք, թե՞ իրավապաշտպաններ: Հիշեցնեմ` իշխող վարչակազմը շտապեց մեզ և մեր նմաններին անվանել «էքստրեմիստներ»…

Արդ, այժմ ի՞նչ զգացմունքներ են առաջնորդում քեզ, որ քո ղեկավարած գրասենյակի խորհրդի Բաց նամակում  երթի մասնակից համաքաղաքացիներիդ` գրողներին, կերպարվեստի ու թատերարվեստի գործիչներին, ուսանողներին ու դասախոսներին, ազատամարտիկներին, զոհվածների կանանց ու մայրերին, հազարավոր մարդկանց միավորող ՀԿ-ների և կուսակցական կազմակերպութ­յունների ներկայացուցիչներին 14 անգամ ամբոխ ես անվանում:

Այդ ի՞նչ պատահեց քեզ, իրավապաշտպանիդ, որ անտեսում ես մարդկանց ազգային արժանապատվություն ունենալու, դա պաշտպանելու իրավունքը և զարտուղի ելքեր փնտրելով փորձում ես մոլորեցնել նրանց` համագործակցելով բախտախնդիր մեկի հետ:

Համոզված եմ, որ եթե չլիներ անգամ այդ չարաբաստիկ ձվերի ու քարերի միջադեպը, միևնույնն է, քո ղեկավարած գրասենյակի խորհուրդն ու ձեր բարձրացրած աղմուկին արձագանքած յուրայիններդ մի բան կգտնեիք թեժացնելու մթնոլորտը, սևացնելու ազգադավությունը դատապարտողներիս,  այնպես, ինչպես արվում է հիմա` սոփեստորեն խեղաթյուրելով իրական փաստերը, ինչպես որ «գտաք», թե այդ օրը ՀՀ ոստիկանության տոնն էր ու ցուցարարների կողմից նրանց շնորհավորանքի ու շնորհակալության խոսք է ուղղվել, քանի որ նրանք իրենց անգործությամբ սատարել էին ահաբեկողներին: Ես եմ բարձրախոսով շհորհավորել ոստիկաններին: Լավ եմ արել: Շնորհավորել եմ մեր խաղաղ երթի մասնակիցների անունից և ոչ թե՝ խուլիգանների: Եթե կուզես, քաղաքավարությունն ու իրավա­պաշտպանիդ դիրքը պետք է հուշեր, որ ինքդ էլ այդ օրը շհորհավորեիր նրանց` հույս հայտնելով, որ իրավապահները անաչառ և օբյեկտիվորեն կքննեն միջադեպը` կհայտնաբերեն կարգազանցներին: Մինչդեռ, դուք ձեր պահվածքով ու ասելիքի հարձակողական ոճով այնպես եք հառնում, ասես իշխանության թևերի բոլոր օղակներն ու անձինք և ազգային արժանապատվություն ունեցող մարդիկ ժողովրդի թշնամիներ են, իսկ դուք` փրկողները: Մի՞թե այդքան գնողունակ է 30 արծաթը:

Ես ինքս քաղծառայող եմ: Բայց առաջին հերթին հայ եմ, երկրորդ հերթին՝ քրիստոնյա, երրորդ՝ գրող, ապա և՝ պետական հիմնարկի աշխատող: Ահա և ձեզ՝ հաղթաթուղթ, շահարկեցեք, որ պետական պաշտոնյա է մասնակցել երթին:

Ես չեմ մեղադրում այն կառույցներին ու անհատներին, ովքեր դատապարտման խոսք հնչեցրին: Սակայն ցավում եմ, որ նրանց գցել եք թյուրիմացության մեջ. ով էլ որ լսի, թե 200 մարդ «խմբակային բռնությամբ» սպառնացել ու ահաբեկել է իրա­վա­պաշտպան գրասենյակի պատասխանատուներին՝ ունենալով պետական կառույցների հովանավորությունը, իհարկե պիտի դատապարտեր: Սակայն, այս խառնաշփոթի մեջ երևում են կեղծիքի ականջները. դուք, ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացմանն աջակցելու պատճառով վարկաբեկվելով, ձեր հեղինակությունը վերականգնելու համար չափազանցնում եք՝ «նկատել չտալով», անգամ այն հանգամանքը, որ Կոչի տակ ստորագրած քաղաքական կուսակցություններն այս օրերին անհաշտ մրցակցում են ՀՀ ԱԺ ընտրություններում հաղթելու համար, և իշխող կուսակցության կառույցների հետ նրանց համագործակցելը, առավել ևս՝ նրանց հրահանգները կատարելը, առնվազն ցնդաբանություն կլիներ:

Ես հպարտացել եմ քեզնով, քո գործունեությամբ, քանզի այն նպատակաուղղված է վեհ նպատակի` մարդու իրավունքների պաշտպանությանը:

Հույս ունեմ սթափորեն ու անկողմնակալ վերստին կքննես իրավիճակը, կմնաս արդարադատ, հայրենասեր և վաղեմի բարեկամ:

Սամվել Խալաթյան
Դրամատուրգ
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ
25.04.2012թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter