HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ բոլորն էլ պատրաստվում են հերթական ընտրություններին

«Ժառանգությունը» մայիսի 21-ին կհրավիրի քաղաքացիական ժողովը, որը, ինչպես կուսակցության առաջնորդն է ասում, լինելու է հանգրվանային, քանզի կպարզվի, թե որոնք են հանրային ներկա մարտահրավերների լուծումները եւ ինչ քայլեր պետք է ձեռնարկի «Ժառանգությունը»՝ հասարակության հետ միասին:

Ո՞ր քաղաքական ուժերի հետ է «Ժառանգությունը» պատրաստվում համագործակցել: Այս առնչությամբ Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է, թե իրենց օրակարգում հիմա դաշինք ստեղծելու, բեւեռ ձեւավորելու խնդիր չկա. «Մենք հերթական խորհրդակցությունների կատարման ընթացքում ենք: Թե դրանից ինչ կծնվի, կերեւա առաջիկա ամիսների ընթացքում»:

Նույն կերպ նա նշում է, թե այսօր չի կարող ասել՝ ընտրություններին միասնաբար մասնակցելու առաջարկով «Ժառանգությունը» Հայ ազգային կոնգրեսին կդիմի՞, թե՞ ոչ:

«Բայց եթե մեր հետագիծն ուղեցույց է, կարող եմ ասել, որ մենք այդ առաջարկով կդիմենք բազմաթիվ ուժերի՝ հասկանալով, որ մեր միասնական աշխատանքի մեջ է միայն քաղաքական արդյունքը»,- ասում է Հովհաննիսյանը:

Լրագրողները «Ժառանգության» առաջնորդից հետաքրքրվեցին, թե իր կարծիքով Լեւոն տեր-Պետրոսյանն ինչու է փոխել մարտավարությունը եւ արդյոք Կոնգրեսը փորձո՞ւմ է գնալ արտահերթ ընտրությունների, ինչպես հայտարարում են, թե՞ ուղղակի պատրաստվում է հերթականին:

«Իրենք ասում են, որ փոփոխություն չի եղել, եղել է պահանջների բյուրեղացում կամ մարտավարական փոփոխություններ: Ես կարծում եմ, որ հանրային միջավայրը փոփոխվել է, միգուցե կան արտաքին գործոններ,- ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը,- ակնհայտ է, որ այն նույն դիպուկ բնութագրումները, որ կային մի քանի տարի առաջ, այլեւս բացակայում են: Գոնե դա, կարելի է ասել, որ փոփոխություն է»:

Թեեւ ՀԱԿ-ը հայտարարում է, որ արտահերթ ընտրությունների անցկացման պահանջը մնում է օրակարգում, ըստ Հովհաննիսյանի, բոլորն էլ հասկանում են, որ քաղաքական լուրջ դերակատարներն իրենց համարում են հերթական նախընտրական շրջանում: Ու ինչ էլ ասեն, միեւնույն է, նախապատրաստվում են հատկապես հերթական ընտրություններին:

«Ընտրությունների նախապատրաստման խնդիրը բոլորի օրակարգում կա՝ գոնե փակ հավաքներում: Եվ ես կարող եմ ինձ համար ասել, որ եթե խնդիրն այն է, թե պետք է մտնենք ԱԺ եւ մեր 7 տեղը դարձնենք 15 կամ արտախորհրդարանական կարգավիճակը՝ խորհրդարանական, եւ ակնկալենք, որ այդպիսով Հայաստանը կփոխվի, կունենանք օրենքի իշխանություն, սահմանադրական կարգ եւ այլն, ես կարծում եմ, որ դրանք անհիմն ակնկալիքներ են»,- ասում է «Ժառանգության» առաջնորդն ու ընգծում, թե պետք է շատ ավելի մեծ հարց լուծվի, ընդ որում՝ ոչ թե առանձին-առանձին, այլ «ամենաանհավանական բանաձեւերով եւ համատեղ դաշնային աշխատանքով»:

Իսկ մինչեւ ՀԱԿ-ի առաջիկա հանրահավաքը քաղբանտարկյալներն ազատ կարձակվե՞ն եւ եթե այո, ապա ինչի՞ դիմաց: Հարցին ի պատասխան էլ Ր. Հովհաննիսյանը նշում է, թե հուսով է, որ իրոք այդպես կլինի: Սակայն, ըստ նրա, քաղբանտարկյալները դեռ 3 տարի առաջ պետք է ազատ արձակած լինեին, քանի որ այս ընթացքում Հայաստանի հեղինակությունն արդեն իսկ տուժել է՝  այս հարցի լուծված չլինելու պատճառով, «եւ անհրաժեշտ է, որ այն, թեկուզ ուշացումով, լուծվի»:

Մեկնաբանություններ (1)

Hay_Axchik
Ed tvuma te bolory patrastvum en, es angam joxovurdy voch mi yntrutjan el chi gnalu... Inch anum eq areq!!! Arden zzvel enq.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter